Հավելված. Գլուխ 2

Երբ մարդիկ տեսնում են գործնական Աստծուն, երբ անձամբ իրենց կյանքն ապրում, կողք կողքի քայլում և բնակվում են հենց Աստծու հետ, նրանք ազատվում են այն հետաքրքրասիրությունից, որն այնքան տարիներ եղել է իրենց սրտերում։ Աստծու մասին ճանաչողությունը, որի վերաբերյալ նախկինում խոսվել է, միայն առաջին քայլն է։ Թեև մարդիկ ունեն Աստծու մասին ճանաչողություն, նրանց սրտերում բազմաթիվ անլուծելի կասկածներ են մնում․ որտեղի՞ց է եկել Աստված։ Արդյոք Աստված ուտո՞ւմ է։ Արդյոք Աստված խիստ տարբերվո՞ւմ է սովորական մարդկանցից։ Աստծու համար բոլոր մարդկանց հետ գործ ունենալը հե՞շտ բան է՝ ընդամենը խաղուպա՞ր։ Արդյոք այն ամենը, ինչ դուրս է գալիս Աստծու բերանից, երկնքի խորհուրդնե՞րն են։ Արդյոք այն ամենը, ինչ Նա ասում է, ավելի բա՞րձր է բոլոր արարածների ասածներից։ Արդյոք Աստծու աչքերից լո՞ւյս է ճառագում։ Եվ այսպես շարունակ․ սա այն ամենն է, ինչին ընդունակ են մարդկանց պատկերացումները։ Այս բաներն են, որ պետք է հասկանաք ամենից առաջ և որոնց մեջ պետք է մտնեք։ Մարդկանց պատկերացումներում մարմնացած Աստված դեռևս մշուշոտ Աստված է։ Եթե ոչ գործնական ճանաչողության միջոցով, ապա մարդիկ երբեք ի վիճակի չէին լինի հասկանալու Ինձ և երբեք չէին տեսնի Իմ գործերն իրենց փորձառությունների մեջ։ Միայն այն պատճառով, որ մսեղի դարձա, մարդիկ անկարող են ընկալել Իմ մտադրությունները։ Եթե մսեղի դարձած չլինեի և դեռևս երկնքում՝ դեռևս հոգևոր ոլորտում լինեի, ապա մարդիկ «կճանաչեին» Ինձ։ Նրանք կխոնարհվեին ու կերկրպագեին Ինձ և կկարողանային իրենց փորձառությունների միջոցով խոսել Իմ մասին իրենց ունեցած «ճանաչողության» վերաբերյալ․ բայց ի՞նչ օգուտ կտար նման ճանաչողությունը։ Ո՞րը կլիներ դրա արժեքը որպես ելակետ։ Մի՞թե մարդկանց պատկերացումներից բխող ճանաչողությունը կարող է իրական լինել։ Չեմ ուզում մարդկանց ուղեղների ճանաչողությունը․ ուզում եմ գործնական ճանաչողություն։

Իմ մտադրությունները մշտապես հայտնի են դառնում ձեր մեջ, և մշտապես առկա են Իմ լուսավորումն ու լուսավորությունը։ Երբ գործում եմ անմիջապես աստվածայնության մեջ, այն չի զտվում ուղեղի միջով, և կարիք չկա «համեմունք» ավելացնելու. դա աստվածայնության անմիջական գործողություն է։ Ինչի՞ են ընդունակ մարդիկ։ Մի՞թե արարչագործության ժամանակներից մինչ օրս ամեն ինչ անձամբ չեմ իրականացրել։ Նախկինում խոսել եմ յոթնապատիկ զորացած Հոգու մասին, բայց ոչ ոք ի վիճակի չէր հասկանալու Նրա էությունը։ Նույնիսկ երբ տեղյակ էին դրանից, ունակ չէին լիովին հասկանալու։ Երբ գործում եմ աստվածայնությամբ ղեկավարվող մարդկայնության մեջ, քանի որ այս գործն իրականացվում է այնպիսի հանգամանքներում, որոնք մարդիկ համարում են ոչ թե գերբնական, այլ բնականոն, այն կոչվում է Սուրբ Հոգու գործ։ Երբ գործում եմ անմիջապես աստվածայնության մեջ, կաշկանդված չեմ մարդկանց պատկերացումներով, ենթակա չեմ այն «գերբնականի» սահմանափակումներին, որ գոյություն ունի նրանց պատկերացումներում, և այս գործն ունի անմիջական ազդեցություն, հասնում է բուն էությանը և ուղիղ թիրախին է հարվածում։ Որպես արդյունք՝ գործի այս քայլն ավելի մաքուր է։ Այն կրկնակի արագ է, մարդկանց հասկացողությունն արագանում է, իսկ Իմ խոսքերն ավելանում են՝ ստիպելով բոլոր մարդկանց շտապել՝ համընթաց քայլելու համար։ Քանի որ արդյունքը տարբեր է, քանի որ Իմ գործի միջոցները, բնույթը և բովանդակությունը նույնը չեն, և առավել ևս քանի որ պաշտոնապես սկսել եմ գործել մսեղիում, ելնելով վերոգրյալից՝ գործի այս քայլը կոչվում է «յոթնապատիկ զորացած Հոգու գործ»։ Դա ինչ-որ վերացական բան չէ։ Ձեզ վրա Իմ գործելու միջոցների փոփոխություններին և արքայության գալստյանը զուգընթաց՝ յոթնապատիկ զորացած Հոգին սկսում է գործել, և այս գործն անընդհատ ավելի է խորանում և ուժգնանում։ Երբ բոլոր մարդիկ տեսնում են Աստծուն, և բոլորը տեսնում են, որ Աստծու Հոգին մարդկանց մեջ է, Իմ մարմնացման ողջ նշանակությունը պարզ է դառնում։ Կարիք չկա ամփոփելու․ մարդիկ դա բնականաբար գիտեն։

Դիտարկելով բազմաթիվ առումներով՝ Իմ գործելու մեթոդները, Իմ գործի քայլերը, այսօրվա Իմ խոսքերի հնչերանգը և այլն, հենց այն, ինչ հիմա դուրս է գալիս Իմ բերանից, «յոթ Հոգիների արտահայտումների» ճշմարիտ իմաստ է։ Թեև նախկինում նույնպես խոսել եմ, դա եկեղեցու կառուցման փուլում էր։ Դա նման էր վեպի նախաբանին և բովանդակության ցանկին․ այն զուրկ էր էությունից։ Միայն այսօրվա արտահայտումներն իրենց էության առումով կարող են կոչվել յոթ Հոգիների արտահայտումներ։ «Յոթ Հոգիների արտահայտումներ» անվանումը վերաբերում է այն արտահայտումներին, որոնք գալիս են գահից, ինչը նշանակում է, որ դրանք արտաբերվում են անմիջապես աստվածայնության մեջ։ Այն պահը, երբ Իմ արտահայտումներն անցան երկնքի խորհուրդները բացահայտելուն, հենց այն պահն էր, երբ խոսեցի անմիջապես աստվածայնության մեջ։ Այլ կերպ ասած, կաշկանդված չլինելով մարդկայնությամբ, անմիջականորեն բացահայտեցի հոգևոր ոլորտի բոլոր խորհուրդներն ու հանգամանքները։ Ինչո՞ւ եմ ասում, որ նախկինում ենթակա էի մարդկայնության սահմանափակումներին։ Սա բացատրության կարիք ունի։ Մարդկանց աչքում ոչ ոք ի վիճակի չէ բացահայտելու երկնքի խորհուրդները։ Եթե ոչ հենց Ինքը՝ Աստված, երկրի վրա ոչ ոք չէր կարող իմանալ այս խորհուրդների մասին։ Ուստի անդրադառնում եմ մարդկանց պատկերացումներին և ասում, որ նախկինում որևէ խորհուրդ չբացահայտելուս պատճառն այն էր, որ ենթակա էի մարդկայնության սահմանափակումներին։ Սակայն, եթե ավելի ստույգ լինենք, դա այդպես չէ։ Իմ խոսքերի բովանդակությունը տարբերվում է, քանի որ Իմ գործն է տարբերվում, և ուստի, երբ սկսեցի կատարել Իմ սպասավորությունը աստվածայնության մեջ, խորհուրդներ բացահայտեցի։ Նախկինում ստիպված էի գործել այնպիսի հանգամանքներում, որոնք բոլոր մարդիկ համարում էին բնականոն, և այն խոսքերը, որ ասում էի, հասանելի էին մարդկանց պատկերացումներում։ Երբ սկսեցի բացահայտել խորհուրդներ, դրանցից ոչ մեկը հասանելի չէր մարդկանց պատկերացումներին․ դրանք նման չէին մարդկային մտածողությանը։ Ուստի պաշտոնապես սկսեցի անցնել աստվածայնության մեջ խոսելուն, և սա էր յոթ Հոգիների արտահայտումների ճշմարիտ իմաստը։ Թեև անցյալի խոսքերը գահից եկող արտահայտումներ էին, դրանք ասվում էին՝ հիմնվելով այն բանի վրա, ինչը հասանելի էր մարդկանց, և ուստի անմիջապես աստվածայնության մեջ չէին արտաբերվում․ որպես արդյունք՝ դրանք ճշմարիտ իմաստով յոթ Հոգիների արտահայտումները չէին։

Նախորդը.  Գլուխ 11

Հաջորդը.  Գլուխ 12

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger