Գլուխ 12

Երբ բյուրավոր մարդիկ ուշադրություն են դարձնում, երբ բոլոր բաները նորոգվում և վերակենդանանում են, երբ յուրաքանչյուր մարդ առանց վարանելու հնազանդվում է Աստծուն և պատրաստակամ է ստանձնելու Աստծու հոգսի ծանր պատասխանատվությունը, հենց այդ ժամանակ է արևելյան կայծակը փայլատակում՝ լուսավորելով ամենքին Արևելքից մինչև Արևմուտք և այս լույսի գալստյամբ սարսափեցնելով ողջ երկիրը. և այս պահին Աստված կրկին նոր կյանք է սկսում։ Այսինքն՝ հենց այս պահին Աստված սկսում է նոր գործը երկրի վրա՝ հռչակելով ողջ տիեզերքի մարդկանց. «Երբ կայծակը փայլատակում է Արևելքից, ինչը նաև ճիշտ այն պահն է, երբ Ես սկսում եմ արտաբերել Իմ խոսքերը, երբ կայծակը փայլատակում է, ողջ երկնակամարը լուսավորվում է, և բոլոր աստղերի մեջ կերպարանափոխություն է տեղի ունենում»։ Ուրեմն, ե՞րբ է այն պահը, երբ կայծակը փայլատակում է Արևելքից։ Երբ երկինքը մթնում է, և երկիրը` խավարում, դա այն ժամանակն է, երբ Աստված թաքցնում է Իր երեսն աշխարհից, և դա հենց այն պահն է, երբ երկնքի տակ գտնվող ամեն բան ահա պիտի համակի մոլեգին փոթորիկը։ Սակայն հենց այս ժամանակ բոլոր մարդիկ խուճապի են մատնվում, երկյուղում որոտից, վախենում կայծակի փայլից և է՛լ ավելի են սարսափում տեղատարափի կատաղի գրոհից, այնպես, որ նրանց մեծ մասը փակում է աչքերը և սպասում, որ Աստված թափի Իր զայրույթն ու տապալի իրենց։ Եվ երբ այս տարբեր վիճակներն ի հայտ են գալիս, արևելյան կայծակն անմիջապես փայլատակում է։ Սա նշանակում է, որ աշխարհի Արևելքում այն պահից, երբ սկսվում է Իր՝ Աստծու համար վկայությունը, մինչև այն պահը, երբ Նա սկսում է գործել, մինչև այն պահը, երբ աստվածայնությունը սկսում է գերիշխանություն բանեցնել ողջ երկրով մեկ, սա արևելյան կայծակի շողարձակող լուսե սյունն է, որը մշտապես լուսավորել է ողջ տիեզերքը։ Երբ աշխարհի երկրները դառնում են Քրիստոսի թագավորությունը, դա այն ժամանակն է, երբ ողջ տիեզերքը լուսավորվում է։ Այժմ արևելյան կայծակի փայլատակելու ժամանակն է։ Մարմնացած Աստված սկսում է գործել և ավելին՝ խոսում է անմիջապես աստվածայնությամբ։ Կարելի է ասել, որ երբ Աստված սկսում է խոսել երկրի վրա, դա այն ժամանակն է, երբ արևելյան կայծակը փայլատակում է։ Ավելի ճշգրիտ՝ երբ կենդանի ջուրը հոսում է գահից, երբ սկսվում են գահից եկող արտահայտումները, դա հենց այն ժամանակն է, երբ պաշտոնապես սկսվում են յոթ Հոգիների արտահայտումները։ Այդ ժամանակ արևելյան կայծակը սկսում է փայլատակել, և դրա տևողության պատճառով լուսավորման աստիճանը նույնպես տարբերվում է, և ճառագայթման շրջանակն էլ սահմանափակ է։ Սակայն Աստծու գործի տեղափոխման, Նրա ծրագրի փոփոխությունների՝ Աստծու որդիների և ժողովրդի վրա կատարվող գործի տարբերակների հետ մեկտեղ կայծակն ավելի ու ավելի շատ է կատարում իր ներհատուկ գործառույթը, այնպես որ ողջ տիեզերքը լուսավորվում է, և ոչ մի մնացուկ կամ խարամ չի մնում։ Սա Աստծու 6000-ամյա կառավարման ծրագրի բյուրեղացումն է և հենց այն պտուղը, որ Աստված վայելում է։ «Աստղերը» բառը չի վերաբերում երկնքի աստղերին, այլ Աստծու բոլոր որդիներին և ժողովրդին, որ գործում են Նրա համար։ Քանի որ նրանք վկայություն են տալիս Աստծու համար Աստծու թագավորության մեջ և ներկայացնում են Նրան Իր թագավորության մեջ, և քանի որ արարածներ են, կոչվում են «աստղեր»։ «Կերպարանափոխությունը» վերաբերում է ինքնության և կարգավիճակի փոփոխությանը. մարդիկ երկրի վրայի մարդկանցից վերածվում են թագավորության մարդկանց, և ավելին` Աստված նրանց հետ է, և Աստծու փառքը նրանց մեջ է։ Արդյունքում նրանք ինքնիշխան զորություն են բանեցնում Աստծու փոխարեն, և նրանց միջի թույնն ու անմաքրությունները մաքրվում են Աստծու գործով՝ ի վերջո նրանց դարձնելով Աստծու համար պիտանի և Աստծու մտադրություններին համապատասխան. սա այս խոսքերի իմաստի մի կողմն է։ Երբ Աստծուց եկող լուսե սյունը լուսավորի ողջ ցամաքը, երկնքում և երկրի վրա գտնվող բոլոր բաները տարբեր աստիճաններով կփոխվեն, և երկնքի աստղերը նույնպես կփոխվեն, արևն ու լուսինը կնորոգվեն, և ապա երկրի վրայի մարդիկ կնորոգվեն. սա Աստծու գործն է երկնքի և երկրի միջև, և դա զարմանալի չէ։

Երբ Աստված փրկում է մարդկանց, ինչը, իհարկե, չի վերաբերում նրանց, ովքեր ընտրված չեն, դա հենց այն ժամանակն է, երբ Աստված մաքրագործում և դատում է մարդկանց, և բոլորը դառնորեն լաց են լինում կամ անզորությունից ընկնում են իրենց անկողիններին կամ տապալվում են և ընկղմվում մահվան դժոխքը՝ Աստծու խոսքերի պատճառով։ Միայն Աստծու արտահայտումների շնորհիվ են մարդիկ սկսում ճանաչել իրենք իրենց։ Եթե այդպես չլիներ, նրանց աչքերը դոդոշի աչքեր կլինեին՝ վեր նայող, ոչ ոք չէր ենթարկվի, նրանցից ոչ ոք չէր ճանաչի ինքն իրեն՝ անտեղյակ լինելով, թե իրականում քանի կշռաքար է կշռում։ Մարդիկ իսկապես ծայրաստիճան ապականված են Սատանայի կողմից։ Հենց Աստծու ամենակարողության շնորհիվ է, որ մարդու տգեղ դեմքը պատկերվում է այդպիսի վառ մանրամասնությամբ՝ ստիպելով մարդուն այն կարդալուց հետո համեմատել այն սեփական ճշմարիտ դեմքի հետ։ Բոլոր մարդիկ գիտեն, որ Աստված ասես կատարյալ հստակությամբ գիտի, թե ուղեղի քանի բջիջ ունեն իրենց գլխում, էլ չասած իրենց տգեղ դեմքերի կամ ներքին մտքերի մասին Նրա ունեցած գիտելիքի մասին։ «Ողջ մարդկային ցեղն ասես մաքրման միջով անցած լինի։ Արևելքից եկող լույսի այս շողի ներքո ողջ մարդկությունը բացահայտվում է իր իսկական կերպարանքով՝ շլացած աչքերով, չիմանալով՝ ինչ անել» խոսքերում կարելի է տեսնել, որ մի օր, երբ Աստծու գործն ավարտվի, ողջ մարդկությունը կդատվի Աստծու կողմից։ Ոչ ոք չի կարողանա խուսափել. Աստված մեկ առ մեկ գործ կունենա ողջ մարդկության մարդկանց հետ՝ առանց անտեսելու նրանցից և ոչ մեկին, և միայն այսպես Աստծու սիրտը կբավարարվի։ Եվ այսպես, Աստված ասում է. «Նրանք նաև կենդանիների են նմանվում՝ փախչելով Իմ լույսից և ապաստանելով լեռնային քարանձավներում, սակայն Իմ լույսի միջից ոչինչ չի կարող ջնջվել»։ Մարդիկ նվաստ և ստոր կենդանիներ են։ Ապրելով Սատանայի ձեռքում՝ նրանք ասես ապաստան են գտել լեռների խորքում գտնվող հինավուրց անտառներում, բայց քանի որ ոչինչ չի կարող խուսափել Աստծու բոցերում մոխրացվելուց՝ նույնիսկ գտնվելով Սատանայի ուժերի «պաշտպանության» տակ, ինչպե՞ս կարող էին նրանք մոռացվել Աստծու կողմից։ Երբ մարդիկ ընդունում են Աստծու խոսքերի գալուստը, բոլոր մարդկանց զանազան տարօրինակ կերպարանքներն ու այլանդակ վիճակները պատկերվում են Աստծու գրչով. Աստված խոսում է մարդու կարիքներին և հոգեբանությանը համապատասխան։ Ուստի մարդկանց թվում է, թե Աստված քաջատեղյակ է հոգեբանությունից։ Կարծես Աստված հոգեբան լինի, բայց նաև Աստված կարծես ներքին հիվանդությունների մասնագետ լինի. զարմանալի չէ, որ Նա այդպիսի հասկացողություն ունի «բարդ» մարդու մասին։ Որքան շատ են մարդիկ այսպես մտածում, այնքան ավելի է մեծանում Աստծու արժեքավորության նրանց զգացումը, և այնքան ավելի են նրանք զգում, որ Աստված խորն է ու անըմբռնելի։ Ասես մարդու և Աստծու միջև մի անանցանելի երկնային սահման լինի, բայց նաև ասես երկուսն էլ միմյանց նայելիս լինեն Չու գետի հակադիր ափերից[ա] և դրանից ավելին անել չեն կարող։ Այսինքն՝ երկրի վրայի մարդիկ միայն իրենց աչքերով են նայում Աստծուն. նրանք երբեք հնարավորություն չեն ունեցել մոտիկից ուսումնասիրելու Նրան, և այն ամենը, ինչ տածում են Նրա հանդեպ, կապվածության զգացում է։ Նրանց սրտերում միշտ կա այն զգացումը, որ Աստված հաճելի է, բայց քանի որ Աստված այդքան «անսիրտ ու անգութ» է, նրանք երբեք հնարավորություն չեն ունեցել Նրա առաջ խոսելու իրենց սրտի տառապանքի մասին։ Նրանք նման են իր ամուսնու առջև կանգնած գեղեցիկ երիտասարդ կնոջ, որն ամուսնու ազնվության պատճառով երբեք հնարավորություն չի ունեցել բացահայտելու իր ճշմարիտ զգացմունքները։ Մարդիկ թշվառականներ են՝ առանց իրենց հանդեպ որևէ սիրո, և ուստի նրանց փխրունության պատճառով, ինքնահարգանքի բացակայության պատճառով մարդու հանդեպ Իմ ատելությունն ինքնըստինքյան որոշ չափով ավելի է սաստկանում, և Իմ սրտի զայրույթը պոռթկում է։ Կարծես Ես Իմ մտքում վնասվածք եմ ստացել և վաղուց հույսս կտրել եմ մարդուց, բայց քանի որ «Իմ օրը կրկին վրա է հասնում ողջ մարդկությանը՝ կրկին արթնացնելով մարդկային ցեղին, մարդկությանը պարգևելով ևս մեկ նոր սկիզբ», Ես կրկին քաջություն եմ հավաքում՝ նվաճելու ողջ մարդկությանը, գերեվարելու և պարտության մատնելու մեծ կարմիր վիշապին։ Աստծու սկզբնական մտադրությունը հետևյալն էր. անել ոչ ավելին, քան Չինաստանում նվաճել մեծ կարմիր վիշապի սերնդին. միայն սա կարող էր համարվել մեծ կարմիր վիշապի պարտությունը, մեծ կարմիր վիշապի հաղթահարումը։ Միայն սա բավարար կլիներ՝ ապացուցելու, որ Աստված իշխում է որպես Թագավոր ողջ երկրով մեկ, ապացուցելու Աստծու մեծ ձեռնարկման իրագործումը, որ Աստված նոր սկիզբ ունի երկրի վրա և փառք է ձեռք բերել երկրի վրա։ Վերջնական գեղեցիկ տեսարանի պատճառով Աստված չի կարողանում չարտահայտել Իր սրտի կիրքը. «Սիրտս լցվում է, և լեռները ցատկոտում են ռիթմիկ, ուրախ նվագակցությամբ, ջրերը պարում են բերկրանքից, իսկ ալիքները զարկվում են ժայռոտ խութերին։ Դժվար է արտահայտել այն, ինչ Իմ սրտում է»։ Այսքանից կարելի է տեսնել, որ այն, ինչ Աստված ծրագրել էր, արդեն իրագործել է. դա նախասահմանված էր Աստծու կողմից և հենց այն է, ինչ Աստված ստիպում է մարդկանց փորձառաբար ապրել և տեսնել։ Թագավորության հեռանկարը գեղեցիկ է. թագավորության Թագավորը հաղթողն է, որ ոտքից գլուխ երբևէ չի ունեցել մսեղիի կամ արյան որևէ հետք և ամբողջությամբ կազմված է աստվածային տարրերից։ Նրա ողջ մարմինը շողում է սրբազան փառքով՝ առհասարակ չաղարտված մարդկային գաղափարներով. Նրա ողջ մարմինը՝ վերից վար, լի է արդարությամբ ու երկնքի շնչով և հրապուրիչ բուրմունք է արձակում։ Ինչպես «Երգ Երգոցի» սիրելին, Նա բոլոր սրբերից էլ գեղեցիկ է, հնագույն սրբերից էլ բարձր. Նա օրինակ է բոլոր մարդկանց մեջ և անհամեմատելի է մարդու հետ. մարդիկ արժանի չեն անմիջականորեն նայելու Նրան։ Ոչ ոք չի կարող հասնել Աստծու փառավոր դեմքին, Աստծու արտաքինին կամ Աստծու պատկերին. ոչ ոք չի կարող մրցել դրանց հետ, և ոչ ոք չի կարող իր բերանով հեշտությամբ գովաբանել դրանք։

Աստծու խոսքերն անսպառ են. աղբյուրից ցայտող ջրի պես դրանք երբեք չեն ցամաքում, և ուստի ոչ ոք չի կարող ըմբռնել Աստծու կառավարման ծրագրի խորհուրդները։ Աստծու համար, սակայն, չկա վերջ նրան, ինչ Նա կարող էր ասել այս բաների մասին։ Աստված տարբեր միջոցներով և լեզվով բազմիցս խոսել է ողջ տիեզերքի Իր նորոգման և լիակատար փոխակերպման մասին, ամեն անգամ ավելի խորությամբ, քան նախորդը. «Իմ հայացքի ներքո Ես մոխիր կդարձնեմ բոլոր անմաքուր բաները. այնպես կանեմ, որ ըմբոստության բոլոր որդիները չքվեն Իմ աչքի առջևից, որպեսզի նրանք այլևս երբեք գոյություն չունենան»։ Ինչո՞ւ է Աստված կրկին ու կրկին ասում նման բաներ։ Մի՞թե Նա չի վախենում, որ մարդիկ կհոգնեն դրանցից։ Մարդիկ պարզապես խարխափում են Աստծու խոսքերի մեջ՝ ցանկանալով այս կերպ ճանաչել Աստծուն, բայց երբեք չհիշելով, որ քննեն իրենք իրենց։ Ուստի Աստված կիրառում է այս մեթոդը՝ հիշեցնելու նրանց, ստիպելու նրանց բոլորին, որ ճանաչեն իրենք իրենց, որպեսզի իրենց միջոցով նրանք կարողանան ճանաչել մարդու ըմբոստությունը և այդպիսով արմատախիլ անեն իրենց ըմբոստությունն Աստծու առաջ։ Կարդալով, որ Աստված «կմաքրի մարդկանց», մարդիկ անմիջապես անհանգստանում են, և նրանց մկանները նույնպես կարծես դադարում են շարժվել։ Նրանք անմիջապես վերադառնում են Աստծու առաջ՝ քննադատելու իրենք իրենց, և այսպիսով ճանաչում են Աստծուն։ Սրանից հետո, երբ նրանք որոշում են կայացնում, Աստված հարվածում է, քանի դեռ երկաթը տաք է, նրանց ցույց տալով մեծ կարմիր վիշապի բուն էությունը. այսպիսով, մարդիկ անմիջականորեն առնչվում են հոգևոր ոլորտի հետ, և նրանց վճռականության խաղացած դերի պատճառով նրանց ներքին մղումը նույնպես սկսում է դեր խաղալ, ինչը մեծացնում է մարդու և Աստծու միջև զգացմունքը, որն ավելի մեծ օգուտ է բերում մսեղիում կատարվող Աստծու գործին։ Այս կերպ մարդիկ անգիտակցաբար համակվում են անցած ժամանակներին հետադարձ հայացք նետելու տրամադրությամբ։ Անցյալում մարդիկ տարիներ շարունակ հավատում էին մշուշոտ Աստծու. տարիներ շարունակ իրենց սրտերում երբեք ազատություն չէին զգում՝ անկարող լինելով վայելելու մեծ բավականություն, և թեև հավատում էին Աստծուն, նրանց կյանքում կարգուկանոն չկար։ Կարծես նույնն էր, ինչ հավատքի գալուց առաջ. նրանց կյանքը դեռևս դատարկ ու անհույս էր թվում, և նրանց հավատն այն ժամանակ թվում էր մի տեսակ խճճվածություն, այնպես, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չհավատային։ Քանի որ նրանք տեսել են հենց Իրեն՝ այսօրվա գործնական Աստծուն, ասես երկինքն ու երկիրը նորոգվել են. նրանց կյանքը պայծառ է դարձել, նրանք այլևս անհույս չեն և գործնական Աստծու գալստյան շնորհիվ հաստատակամ են զգում իրենց սրտերում և խաղաղ՝ իրենց հոգիներում։ Նրանք այլևս քամու հետևից չեն ընկնում և ստվերներից չեն կառչում այն ամենում, ինչ անում են. նրանց ձգտումն այլևս աննպատակ չէ, և նրանք այլևս չեն գործում առանց հստակ ուղղության։ Այսօրվա կյանքն է՛լ ավելի գեղեցիկ է, և մարդիկ անսպասելիորեն մուտք են գործել թագավորություն ու դարձել Աստծու ժողովուրդը, իսկ հետո… Մարդկանց սրտերում, որքան ավելի շատ են նրանք մտածում այս մասին, այնքան ավելի մեծ քաղցրություն են զգում, և որքան ավելի շատ են մտածում այս մասին, այնքան ավելի երջանիկ են։ Սա նրանց ավելի է ոգեշնչում սիրելու Աստծուն։ Այսպիսով, առանց նրանց գիտակցելու, Աստծու և մարդու միջև բարեկամությունն ամրապնդվում է։ Մարդիկ ավելի շատ են սիրում Աստծուն և ավելի շատ են ճանաչում Աստծուն, և Աստծու գործը մարդու վրա դառնում է ավելի ու ավելի հեշտ։ Այն այլևս չի «ստիպում կամ հարկադրում» մարդկանց, այլ ընթանում է իր բնական հունով, և մարդը կատարում է իր սեփական, եզակի գործառույթը. միայն այս կերպ մարդիկ աստիճանաբար ի վիճակի կլինեն ճանաչելու Աստծուն։ Միայն սա է Աստծու իմաստությունը. Նա անգամ չնչին ջանք չի գործադրում և օգտագործում է մարդու բնությունը՝ Իր գործն անելու համար։ Այսպիսով, այս պահին Աստված ասում է. «Մարդկային աշխարհում Իմ մարմնացման ընթացքում մարդկությունն Իմ ուղղորդմամբ ակամա հասել է մինչև այսօր և ակամա սկսել է ճանաչել Ինձ։ Բայց թե ինչպես քայլել առջևում ընկած ուղիով, ոչ ոք գաղափար չունի, ոչ ոք տեղյակ չէ, և առավել ևս ոչ ոք պատկերացում չունի, թե որ ուղղությամբ կտանի իրեն այդ ուղին։ Միայն Ամենակարողի հսկողության ներքո որևէ մեկը կկարողանա մինչև վերջ անցնել այդ ճանապարհը. միայն Արևելքի կայծակի ուղղորդմամբ մարդը կկարողանա անցնել այն շեմը, որը տանում է դեպի Իմ թագավորություն»։ Մի՞թե սա հենց այն բանի ամփոփումը չէ, ինչ Ես վերևում նկարագրեցի մարդու սրտի մասին։ Ահա այստեղ է Աստծու խոսքերի գաղտնիքը։ Այն, ինչ մարդը մտածում է իր սրտում, հենց այն է, ինչ Աստված խոսում է Իր բերանով, և այն, ինչ Նա խոսում է Իր բերանով, հենց այն է, ինչ մարդը տենչում է։ Հենց այստեղ է Աստված առավել հմուտ մարդու սիրտը մերկացնելու հարցում. եթե այդպես չլիներ, ինչպե՞ս կարող էին բոլորն այդպես միանգամայն համոզված լինել։ Մի՞թե սա այն արդյունքը չէ, որին Աստված ցանկանում է հասնել՝ մեծ կարմիր վիշապին նվաճելով։

Իրականում Աստծու արտաբերած շատ խոսքերի դեպքում Նրա մտադրությունն այն չէ, ինչ մատնանշվում է բառացի իմաստով։ Իր խոսքերից շատերում Աստված պարզապես մտադիր է միտումնավոր կերպով փոխել մարդկանց պատկերացումները և շեղել նրանց ուշադրությունը։ Աստված որևէ կարևորություն չի տալիս այս խոսքերին, և ուստի շատ խոսքեր արժանի չեն բացատրության։ Երբ մարդը նվաճված է լինում Աստծու խոսքերով այն աստիճան, որքան այսօր, մարդկանց ուժը հասնում է որոշակի կետի, ուստի Աստված հաջորդիվ արտաբերում է նախազգուշացման ավելի շատ խոսքեր՝ այն սահմանադրությունը, որը Նա հրապարակում է Աստծու ժողովրդի համար. «Թեև երկրի վրա բնակվող մարդիկ աստղերի պես անհամար են, Ես նրանց բոլորին ճանաչում եմ այնպես հստակորեն, ինչպես Իմ սեփական ձեռքի ափը։ Եվ թեև Ինձ «սիրող» մարդիկ նույնպես անթիվ են, ինչպես ծովի ավազահատիկները, միայն քչերն են Իմ կողմից ընտրվածները՝ միայն նրանք, ովքեր ձգտում են պայծառ լույսին, ովքեր առանձնանում են Ինձ «սիրողներից»։ Անշուշտ, շատերն են ասում, թե սիրում են Աստծուն. սակայն քչերն են սիրում Նրան իրենց սրտերում, և թվում է, թե սա կարելի է հստակորեն զանազանել նույնիսկ փակ աչքերով։ Այսպիսին է իրականում Աստծուն հավատացողների ողջ աշխարհը։ Այսպես մենք տեսնում ենք, որ Աստված այժմ անցել է «մարդկանց մաքրելու» գործին, ինչը ցույց է տալիս, որ այն, ինչ Աստված ցանկանում է, և ինչը բավարարում է Աստծուն, ոչ թե այսօրվա եկեղեցին է, այլ այն թագավորությունը, որը կլինի մարդկանց մաքրվելուց հետո։ Այս պահին Նա լրացուցիչ նախազգուշացում է տալիս բոլոր «վտանգավորներին». միայն եթե Աստված չգործի, նրանք կմնան, իսկ հենց որ Աստված սկսի գործել, այս մարդիկ կջնջվեն թագավորությունից։ Աստված երբեք ոչինչ անփութորեն չի անում։ Նա միշտ գործում է «մեկը մեկ է, երկուսը՝ երկու» սկզբունքի համաձայն, և եթե կան այնպիսիք, որոնց Նա չի ցանկանում նայել, անում է հնարավոր ամեն բան՝ նրանց մաքրելու համար, որպեսզի նրանց թույլ չտա ապագայում խնդիրներ առաջացնել։ Սա կոչվում է «աղբը դուրս հանել և հիմնովին մաքրել»։ Հենց այն պահին, երբ Աստված մարդուն հաղորդում է կառավարչական հրամանագրերը, Նա նաև ի ցույց է դնում Իր զարմանահրաշ գործերը և այն ամենը, ինչ Իր ներսում է, և այսպիսով Նա հաջորդիվ ասում է. «Լեռներում անթիվ վայրի գազաններ կան, բայց դրանք բոլորը ոչխարի պես հնազանդ են Իմ առջև։ Ալիքների տակ անըմբռնելի առեղծվածներ են թաքնված, բայց դրանք ներկայանում են Ինձ նույնքան պարզորեն, որքան երկրի երեսի բոլոր բաները։ Վերևում՝ երկնքում, կան ոլորտներ, որոնց մարդը երբեք չի կարող հասնել, սակայն Ես ազատորեն շրջում եմ այդ անհասանելի ոլորտներում»։ Աստծու մտադրությունը սա է. թեև մարդու սիրտն ամեն բանից ավելի նենգ է և թվում է նույնքան անվերջորեն խորհրդավոր, որքան դժոխքը մարդկանց պատկերացումներում, Աստված գիտի մարդու իրական վիճակներն Իր ձեռքի ափի պես։ Բոլոր արարածների մեջ մարդը վայրի գազանից ավելի կատաղի և դաժան կենդանի է, սակայն Աստված մարդուն այն աստիճան է նվաճել, որ ոչ ոք չի համարձակվում ոտքի կանգնել և դիմակայել։ Իրականում, ըստ Աստծու մտադրության, այն, ինչ մարդիկ մտածում են իրենց սրտերում, ավելի բարդ է, քան բոլոր բաների մեջ եղած ամեն բան. այն անըմբռնելի է։ Սակայն Աստված հաշվի չի առնում մարդու սիրտը։ Նա պարզապես մարդուն վերաբերվում է որպես Իր աչքերի առաջ եղած մի փոքրիկ որդի։ Իր բերանից հնչած մեկ խոսքով Նա նվաճում է մարդուն. երբ ցանկանա, տապալում է մարդուն, Իր ձեռքի աննշան շարժումով պատժում է մարդուն, երբ կամենա, դատապարտում է մարդուն։

Այսօր բոլոր մարդիկ գոյատևում են խավարի մեջ, սակայն Աստծու գալստյան շնորհիվ, տեսնելով Նրան, նրանք ի վերջո ճանաչում են լույսի էությունը։ Ողջ աշխարհում ասես մի մեծ սև կաթսա շրջված լինի երկրի վրա, և ոչ ոք չի կարողանում շունչ քաշել. բոլորը ցանկանում են հետ շրջել իրավիճակը, սակայն ոչ ոք երբեք չի բարձրացրել կաթսան։ Միայն Աստծու մարմնացման շնորհիվ են մարդկանց աչքերը հանկարծ բացվել, և նրանք տեսել են գործնական Աստծուն։ Այսպիսով, Աստված հարցնում է նրանց հարցական տոնով. «Մարդը երբեք չի ճանաչել Ինձ լույսի ներքո, այլ միայն խավարի աշխարհում է տեսել Ինձ։ Մի՞թե այսօր դուք ճիշտ նույն իրավիճակում չեք։ Մեծ կարմիր վիշապի խելագարության և բռնակալության գագաթնակետին էր, որ Ես սկսեցի պաշտոնապես Իմ գործն անել մսեղիում»։ Աստված չի թաքցնում հոգևոր ոլորտի իրական հանգամանքները, ինչպես նաև չի թաքցնում մարդու սրտի իրական վիճակը, և այդ պատճառով Նա բազմիցս հիշեցնում է մարդկանց. «Ես Իմ ժողովրդին ոչ միայն հնարավորություն եմ տալիս ճանաչելու մարմնացած Աստծուն, այլև մաքրագործում եմ նրան։ Իմ կառավարչական հրամանագրերի խստության պատճառով մարդկանց ճնշող մեծամասնությունը դեռևս Իմ կողմից դուրս թողնվելու վտանգի տակ է։ Եթե նրանք ամեն ջանք չգործադրեն՝ իրենց էտելու, իրենց սեփական մարմինները հնազանդեցնելու համար, եթե նրանք դա չանեն, ապա հաստատապես կդառնան առարկաներ, որոնց Ես արհամարհանքով մերժում եմ, որ նետվեն դժոխք, ճիշտ այնպես, ինչպես Պողոսն անմիջապես Իմ ձեռքից ստացավ պատիժ, որից փրկություն չկար»։ Որքան ավելի շատ է Աստված ասում նման բաներ, այնքան ավելի են մարդիկ զգուշանում իրենց քայլերում և ավելի են երկյուղում Աստծու կառավարչական հրամանագրերից. միայն այս կերպ կարող է գործադրվել Աստծու իշխանությունը, և Նրա մեծափառությունը՝ ակնհայտ դառնալ։ Այստեղ կրկին հիշատակվում է Պողոսը, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ Աստծու մտադրությունները. նրանք չպետք է լինեն Աստծու կողմից հանդիմանվողները, այլ նրանք, ովքեր հաշվի են առնում Աստծու մտադրությունները։ Միայն սա կարող է ստիպել մարդկանց, երկյուղով լցված, հետադարձ հայացք նետել Աստծու առաջ իրենց անցյալի վճռականության անկարողությանը՝ Նրան լիովին գոհացնելու հարցում, ինչը ստիպում է նրանց է՛լ ավելի զղջալ և տալիս է գործնական Աստծու ավելի խոր ճանաչողություն։ Ուստի միայն այդ ժամանակ նրանք կարող են կասկածներ չունենալ Աստծու խոսքերի վերաբերյալ։

«Մարդը ոչ միայն չի ճանաչում Ինձ Իմ մսեղիում, այլ ավելին՝ նա չի կարողացել հասկանալ իր սեփական «ես»-ը, որը բնակվում է մսեղեն մարմնում։ Այսքան տարիներ մարդիկ խաբել են Ինձ և վերաբերվել են Ինձ որպես դրսից եկած հյուրի։ Այնքան շատ անգամներ…»։ Այս «այնքան շատ անգամները» թվարկում են մարդու՝ Աստծուն հակադրվելու իրական դրսևորումները՝ մարդկանց ցույց տալով հանդիմանության իրական օրինակներ. սա մեղքի ապացույցն է, և ոչ ոք չի կարող փորձել կրկին արդարացնել իրեն դրա համար։ Բոլոր մարդիկ Աստծուն օգտագործում են որպես առօրյա մի իր, ասես Նա կենցաղային անհրաժեշտ ինչ-որ առարկա լինի, որը կարող են օգտագործել, ինչպես կամենում են։ Ոչ ոք չի փայփայում Աստծուն. ոչ ոք չի փորձել ճանաչել Աստծու գեղեցկությունը, ոչ էլ Նրա փառավոր դեմքը, առավել ևս որևէ մեկը մտադիր չէ հնազանդվել Աստծուն։ Ոչ էլ որևէ մեկը երբևէ Աստծուն նայել է որպես իր սրտում սիրելի մի բանի. նրանք բոլորը դուրս են բերում Նրան, երբ Նրա կարիքն ունեն, և մի կողմ են նետում ու անտեսում Նրան, երբ այլևս կարիք չունեն։ Մարդու համար Աստված ասես մի խամաճիկ լինի, որին մարդը կարող է մանիպուլացնել ըստ ցանկության և պահանջներ ներկայացնել, ինչպես ինքն է կամենում կամ ցանկանում։ Բայց Աստված ասում է. «Եթե Իմ մարմնացման ժամանակաշրջանում Ես չկարեկցեի մարդու թուլությանը, ապա ողջ մարդկությունն Իմ մարմնացման պատճառով մահու չափ կվախենար և արդյունքում կընկներ Հադես», ինչը ցույց է տալիս, թե որքան մեծ է Աստծու մարմնացման նշանակությունը։ Նա եկել է նվաճելու մարդկությանը մսեղիում՝ հոգևոր ոլորտից ողջ մարդկությանը ոչնչացնելու փոխարեն։ Ուստի, երբ Խոսքը մարմնացավ, ոչ ոք չիմացավ այդ մասին։ Եթե Աստված հոգ չտաներ մարդու թուլության մասին, եթե երկինքն ու երկիրը տակնուվրա լինեին, երբ Նա մարմնացավ, ապա բոլոր մարդիկ կոչնչացվեին։ Քանի որ մարդկանց բնությունն այնպիսին է, որ սիրում են նորը և հոգնում են հնից ու հաճախ մոռանում են վատ ժամանակները, երբ գործերը լավ են ընթանում, և նրանցից ոչ ոք չգիտի, թե որքան օրհնված է, Աստված բազմիցս հիշեցնում է նրանց, որ պետք է գնահատեն, թե ինչ դժվարությամբ է ձեռք բերվել այսօրը, որ հանուն վաղվա պետք է է՛լ ավելի գնահատեն այսօրը, որ բարձրանալուց հետո չպետք է, ինչպես անասունները, մոռանան, թե ով է իրենց տերը, և որ չպետք է անտեղյակ լինեն այն օրհնություններից, որոնց մեջ ապրում են։ Ուստի մարդիկ դառնում են բարեկիրթ, այլևս չեն լինում պարծենկոտ կամ ամբարտավան և սկսում են գիտակցել, որ այնպես չէ, որ մարդու բնությունը բարի է, այլ որ Աստծու ողորմությունն ու գթասրտությունն են իջել մարդու վրա. նրանք բոլորը երկյուղում են հանդիմանությունից և ուստի այլևս չեն համարձակվում ոչինչ անել։

Ծանոթություն

ա. «Չու գետը» փոխաբերաբար վերաբերում է հակառակորդ ուժերի միջև սահմանին։

Նախորդը.  Գլուխ 10

Հաջորդը.  Գլուխ 16

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger