Ներածություն
1991 թվականի փետրվարի 11-ին Աստված եկեղեցում արեց Իր առաջին արտահայտումը, և այս արտահայտումն արտասովոր ազդեցություն ունեցավ ամեն մի մարդու վրա, որ այդ ժամանակ ապրում էր Սուրբ Հոգու հոսքի մեջ։ Այս արտահայտման մեջ նշվում էր, որ «Աստծու բնակավայրը հայտնվել է», և որ «Տիեզերքի Գլուխը, վերջին օրերի Քրիստոսը. Նա է շողշողացող Արեգակը»։ Այս խորապես նշանակալից խոսքերով բոլոր մարդկանց բերեցին նոր տիրույթ։ Բոլոր նրանք, ովքեր կարդացին այս արտահայտումը, կանխազգացին այն նոր գործը, այն մեծ գործը, որն Աստված պատրաստվում էր սկսելու։ Հենց այս գեղեցիկ, մեղրածոր և հակիրճ արտահայտումն էր, որ բոլոր մարդկանց մտցրեց Աստծու նոր գործի և նոր դարաշրջանի մեջ, և որը հիմք դրեց ու հող նախապատրաստեց այս մարմնացման մեջ Աստծու գործի համար։ Կարելի է ասել՝ այն արտահայտումը, որ Աստված արեց այս անգամ, դարակազմիկ արտահայտում է, որ դա Շնորհքի դարաշրջանից ի վեր մարդկային ցեղին ուղղված Աստծու առաջին հանրային արտահայտումն է, որ առաջին անգամ է, երբ Նա խոսել է երկու հազար տարի թաքնված մնալուց հետո, և որ դա առավել ևս նախերգանք է՝ վճռորոշ մեկնարկային կետ այն գործի համար, որն Աստված պատրաստվում է իրականացնելու Թագավորության դարաշրջանում։
Առաջին անգամ, երբ Աստված արտահայտում արեց, Նա դա արեց երրորդ անձի տեսանկյունից՝ գովաբանության ձևով, մի լեզվով, որը միաժամանակ և՛ նրբաոճ էր, և՛ պարզ, ինչպես նաև կյանքի ապահովմամբ, որը հեշտությամբ և արագ էր ընկալվում։ Սրանով Նա վերցրեց մարդկանց այս փոքրիկ խմբին, որ գիտեին միայն վայելել Իր շնորհը՝ անհամբերությամբ սպասելով Տեր Հիսուսի վերադարձին, և լուռ կերպով մտցրեց նրանց Աստծու տնօրինման ծրագրի գործի մեկ այլ փուլի մեջ։ Այս հանգամանքներում մարդիկ չգիտեին և առավել ևս չէին համարձակվում պատկերացնել, թե ի վերջո ինչպիսի գործ է անելու Աստված, կամ թե ինչ է սպասվում առջևում ընկած ճանապարհին։ Դրանից հետո Աստված շարունակեց մեկը մյուսին հաջորդող ավելի շատ արտահայտումներ անել՝ մարդկանց քայլ առ քայլ նոր դարաշրջան բերելու համար։ Աստծու յուրաքանչյուր արտահայտում զարմանալիորեն ունի տարբեր ներքին իմաստ և, ավելին, օգտագործում է գովաբանության տարբեր ձևեր ու տարբեր արտահայտչամիջոցներ։ Այս արտահայտումները, որոնք նման են տոնայնությամբ, բայց բազմազան են բովանդակությամբ, անփոփոխ կերպով լի են մարդու հանդեպ Աստծու հոգատարության և մտահոգության զգացումներով, և գրեթե յուրաքանչյուրը պարունակում է տարբեր բովանդակությամբ կյանքի ապահովում, ինչպես նաև Աստծուց մարդուն ուղղված հիշեցման, հորդորի և սփոփանքի խոսքեր։ Այս արտահայտումներում բազմիցս հայտնվում են այսպիսի խոսքեր. «Միակ ճշմարիտ Աստված մարմնացել է, և Նա է տիեզերքի Գլուխը, որն իշխում է ամեն ինչին», «Հաղթական Թագավորը նստած է Իր փառավոր գահին», «Նա պահում է բոլոր բաներն Իր ձեռքերում» և այլն։ Այս խոսքերում մի ուղերձ է փոխանցվում, կամ կարելի է ասել, որ այս խոսքերը մի ուղերձ են հաղորդում մարդկային ցեղին. Աստված արդեն եկել է մարդկային աշխարհ, Աստված պատրաստվում է էլ ավելի մեծ գործ սկսելու, Աստծու թագավորությունն արդեն իջել է մարդկանց որոշակի խմբի մեջ, և Աստված արդեն փառք է ձեռք բերել ու պարտության մատնել Իր բազմաթիվ թշնամիներին։ Աստծու յուրաքանչյուր արտահայտում գրավում է յուրաքանչյուր մարդու սիրտը։ Նրանք բոլորն անհամբերությամբ սպասում են, որ Աստված էլ ավելի շատ նոր խոսքեր հնչեցնի, որովհետև ամեն անգամ, երբ Աստված խոսում է, Նա արմատապես ցնցում է մարդու սիրտը, և որ ավելին՝ կառավարում ու պահպանում է մարդու յուրաքանչյուր շարժումն ու յուրաքանչյուր զգացմունքը, այնպես որ մարդիկ սկսում են ապավինել և, առավել ևս, հիանալ Աստծու խոսքերով… Այսպիսով, անկախ իրենց կամքից, շատ մարդիկ գրեթե մոռացել էին Աստվածաշունչը և առավել ևս, այլևս հետաքրքրություն չունեին հնաոճ քարոզներին և հոգևոր մարդկանց գրվածքներին ուշադրություն դարձնելու համար։ Դրա պատճառն այն էր, որ նրանք ի վիճակի չէին անցյալի գրվածքներում որևէ հիմք գտնելու Աստծու այս խոսքերի համար, ուր մնաց թե որևէ տեղ բացահայտեին Աստծու նպատակն այս արտահայտումներն անելիս. էլ չասած, որ նրանք ստիպված էին խոստովանել, որ այս արտահայտումներն Աստծու ձայնն են, որը ո՛չ տեսել են, ո՛չ լսել անհիշելի ժամանակներից ի վեր, որ դրանք հասանելիությունից դուրս են Աստծուն հավատացող ցանկացած մարդու համար, և որ դրանք գերազանցում են անցյալ դարաշրջաններում որևէ հոգևոր մարդու ասած որևէ բան կամ Աստծու անցյալի արտահայտումները։ Այս արտահայտումներից յուրաքանչյուրով ոգեշնչված՝ մարդիկ անտեղյակ կերպով մտան Սուրբ Հոգու գործի մթնոլորտի մեջ, նոր դարաշրջանի առաջնագծում գտնվող կյանքի մեջ։ Աստծու խոսքերով ոգեշնչված՝ նրանք լցվեցին ակնկալումով և ճաշակեցին անձամբ Աստծու խոսքերով առաջնորդվելու քաղցրությունը։ Այս մարդկանցից յուրաքանչյուրի համար այս անցողիկ ժամանակահատվածն անկասկած անմոռանալի կլինի և քաղցր հետհամ կթողնի, մինչդեռ իրականում այն, ինչ մարդիկ վայելեցին այս ժամանակահատվածում, ոչ այլ ինչ էր, քան Սուրբ Հոգու գործի մթնոլորտ, կամ դա կարելի է անվանել դեղահաբը պատող շաքարի քաղցր համ։ Դրա պատճառն այն է, որ, այս պահից սկսած, դեռևս Աստծու խոսքերի ուղղորդման ներքո, դեռևս Սուրբ Հոգու գործի մթնոլորտում, նրանք անգիտակցաբար առաջնորդվեցին դեպի Աստծու խոսքերի մեկ այլ փուլ, որը Թագավորության դարաշրջանում Աստծու գործի և արտահայտումների առաջին քայլն էր՝ ծառայություն մատուցողների փորձությունը։
Ծառայություն մատուցողների փորձությունից առաջ արտահայտված խոսքերը հիմնականում հրահանգի, հորդորի, կշտամբանքի և կարգավարժանքի ձևով էին, ու որոշ տեղերում դրանք օգտվում էին Շնորհքի դարաշրջանում կիրառվող հին դիմելաձևից՝ Աստծուն հետևողների համար օգտագործելով «Իմ որդիներ»-ը, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ լինի մոտենալ Աստծուն, կամ որպեսզի մարդիկ Աստծու հետ իրենց հարաբերությունները մտերիմ համարեն։ Այսպիսով, ինչ դատաստան էլ որ Աստված իրականացներ մարդկության ինքնարդարության, ամբարտավանության և այլ ապականված խառնվածքների նկատմամբ, մարդն ի վիճակի կլիներ առերեսվելու և ընդունելու այն իր՝ «որդու» ինքնությամբ՝ առանց թշնամանք տածելու «Հայր Աստծու» արտահայտումների հանդեպ, և դրան գումարած՝ այն խոստումը, որ «Հայր Աստված» տվել էր Իր «որդիներին», երբեք կասկածի չէր ենթարկվում։ Այս ժամանակահատվածում բոլոր մարդիկ վայելում էին նորածնի պես ազատ գոյություն, և սա իրագործեց Աստծու նպատակը, այն է՝ երբ նրանք մտնեին «չափահասություն», Նա կսկսեր դատաստան տեսնել նրանց նկատմամբ։ Սա նաև հիմք դրեց մարդկային ցեղը դատելու գործի համար, որն Աստված պաշտոնապես սկսում է Թագավորության դարաշրջանում։ Քանի որ այս մարմնացման մեջ Աստծու գործը գլխավորապես ողջ մարդկային ցեղը դատելն ու նվաճելն է, հենց որ մարդն ամուր կանգնեց հողի վրա, Աստված անմիջապես անցավ Իր գործի ռեժիմին՝ այն գործին, որում Նա դատում է մարդուն և հանդիմանում նրան։ Ակնհայտորեն բոլոր արտահայտումները, որ արվել էին ծառայություն մատուցողների փորձությունից առաջ, անցումային փուլը հաղթահարելու համար էին, իսկ իրական նպատակն այլ էր, քան թվում էր արտաքուստ։ Աստծու բուռն մտադրությունն այն էր, որ կարողանա հնարավորինս շուտ պաշտոնապես սկսել Իր գործը Թագավորության դարաշրջանում։ Նա բնավ չէր ցանկանում շարունակել սիրաշահել մարդկանց, որ առաջ գնան՝ կերակրելով նրանց շաքարապատ դեղահաբերով. փոխարենը՝ փափագում էր տեսնել յուրաքանչյուր մարդու ճշմարիտ դեմքն Իր դատաստանի աթոռի առջև և էլ ավելի մեծ փափագով ցանկանում էր տեսնել այն իրական վերաբերմունքը, որ բոլոր մարդիկ կունենային Իր հանդեպ Իր շնորհը կորցնելուց հետո։ Նա ցանկանում էր տեսնել միայն արդյունքները, ոչ թե գործընթացը։ Բայց այն ժամանակ չկար մեկը, ով կհասկանար Աստծու բուռն մտադրությունը, որովհետև մարդկային սիրտը մտահոգված էր միայն իր նշանակության վայրով և ապագա հեռանկարներով։ Զարմանալի չէ, որ Աստծու դատաստանը նորից ու նորից ուղղվում է ողջ մարդկային ցեղին։ Միայն այն ժամանակ, երբ մարդկությունն Աստծու ուղղորդման ներքո սկսում է ապրել մարդկային էակների բնականոն կյանքով, Աստծու վերաբերմունքը մարդկության հանդեպ փոխվում է։
1991 թվականն անսովոր տարի էր. մենք այս տարին անվանում ենք «ոսկե տարի»։ Աստված սկսեց Թագավորության դարաշրջանի նոր գործը և Իր արտահայտումն ուղղեց ողջ մարդկային ցեղին։ Միևնույն ժամանակ, մարդիկ վայելեցին աննախադեպ ջերմություն և, առավել ևս, փորձառաբար ապրեցին այն ցավը, որը հաջորդում է մարդու նկատմամբ Աստծու աննախադեպ դատաստանին։ Մարդկային ցեղը ճաշակեց մինչ այդ անհայտ մի քաղցրություն և զգաց մինչ այդ նույնպես անհայտ դատաստան ու «լքում»․ կարծես ձեռք էր բերել Աստծուն, սակայն նաև կարծես կորցրել էր Աստծուն։ Ձեռքբերման և կորստի միջև տատանվելու այս զգացումը հայտնի է միայն նրանց, ովքեր անձամբ են այն փորձառաբար ապրել, սակայն դա մի բան է, որը նկարագրելու համար մարդը ո՛չ կարողություն ունի, ո՛չ միջոցներ։ Այս տեսակի վերքերն այն են, ինչ Աստված շնորհեց յուրաքանչյուր մարդկային էակի՝ որպես անշոշափելի փորձառության և արժանիքի մի ձև։ Այս տարվա ընթացքում Աստծու արած արտահայտումների բովանդակությունն իրականում բաժանվում է երկու հիմնական մասի։ Առաջինն այն է, երբ Աստված իջավ մարդկանց աշխարհ՝ հրավիրելու մարդկանց գալ Իր գահի առաջ որպես հյուրեր։ Երկրորդն այն է, երբ մարդիկ, կուշտ ուտելով և խմելով, Աստծու կողմից գործի դրվեցին որպես ծառայություն մատուցողներ։ Իհարկե, ինքնին հասկանալի է, որ առաջին մասը բոլորի ամենանվիրական և լրջագույն ցանկությունն է, առավել ևս, քանի որ նրանք վաղուց սովորել են Աստծու ամեն ինչի վայելքը վերածել Նրան հավատալու իրենց նպատակի։ Ահա թե ինչու, հենց որ Աստված սկսեց բարձրաձայնել Իր արտահայտումները, մարդիկ բոլորը պատրաստ էին մտնելու թագավորություն և այնտեղ սպասելու, որ Աստված տարբեր պարգևներ շնորհի իրենց։ Այս հանգամանքներում մարդիկ պարզապես պատշաճ գին չվճարեցին իրենց խառնվածքները փոխակերպելու, Աստծուն բավարարելուն ձգտելու, Աստծու մտադրությունները հաշվի առնելու և այլ բաների համար։ Արտաքուստ թվում էր` մարդիկ անընդհատ վազվզում էին, երբ ծախսվում էին և աշխատում Աստծու համար, մինչդեռ այդ ընթացքում նրանք իրականում իրենց սրտերի ամենախորին, թաքուն անկյուններում հաշվարկում էին այն հաջորդ քայլը, որը պետք է անեին՝ օրհնություններ ստանալու կամ որպես թագավորներ իշխանություն ունենալու համար։ Կարելի է ասել, որ մինչ մարդկային սիրտը վայելում էր Աստծուն, այն միևնույն ժամանակ հաշվարկներ էր անում Աստծու վերաբերյալ։ Հենց մարդկային այսպիսի վիճակն է, որ բախվում է Աստծու ամենախոր ատելությանն ու գարշանքին․ Աստծու բնույթը չի հանդուրժում, որ որևէ մարդկային էակ խաբի կամ օգտագործի Իրեն։ Բայց Աստծու իմաստությունն անհասանելի է որևէ մարդկային էակի համար։ Հենց այս բոլոր տառապանքները կրելու մեջ էր, որ Նա ասաց Իր արտահայտումների առաջին մասը։ Թե որքան տառապանք կրեց Աստված, և որքան հոգատարություն ու միտք Նա ներդրեց այդ ժամանակ, ոչ մի մարդկային էակ ի վիճակի չէ պատկերացնելու։ Այս արտահայտումների առաջին մասի նպատակն է բացահայտել տգեղության բոլոր այն տարբեր ձևերը, որ մարդը ցուցաբերում է դիրքի և շահի բախվելիս, ինչպես նաև բացահայտել մարդու ագահությունն ու արհամարհելիությունը։ Թեև խոսելիս Աստված Իր խոսքերը ձևակերպում է սիրող մոր անկեղծ և լուրջ հնչերանգով, Նրա սրտի խորքում զայրույթն այրվում է կեսօրվա արևի պես՝ կարծես ուղղված լինելով Իր թշնամիների դեմ։ Աստված ոչ մի հանգամանքում չի կամենում խոսել մի խումբ մարդկանց հետ, որոնք զուրկ են մարդկային ցեղի բնականոն նմանությունից, և ուստի, երբ էլ որ Նա խոսում է, զսպում է Իր սրտի զայրույթը՝ միևնույն ժամանակ ստիպելով Իրեն անել Իր արտահայտումները։ Ավելին, Նա խոսում է մի մարդկային ցեղի հետ, որը զուրկ է բնականոն մարդկայնությունից, զրկված է ողջամտությունից, ծայրաստիճան ապականված է, որի համար ագահությունը դարձել է երկրորդ բնություն, և որը ծայրահեղորեն դիմակայող և ըմբոստ է Աստծու դեմ։ Այն, թե որքան խորն է ընկել մարդկությունը, և մարդկության հանդեպ Աստծու ատելության ու զզվանքի չափը կարելի է հեշտությամբ պատկերացնել․ այն, ինչ դժվար է պատկերացնել մարդկային ցեղի համար, ցավն է, որ նրանք պատճառել են Աստծուն․ դա անհնար է նկարագրել բառերով։ Բայց հենց այս համատեքստում ոչ ոք չնկատեց, որ Աստծու սիրտը տառապում է, առավել ևս, որ մարդկայնությունն անխոհեմ էր և անուղղելի, և յուրաքանչյուր մարդ, առանց ամոթի նշույլի կամ դույզն-ինչ քաշվելու, որպես անառարկելի բան էր ընդունում, որ իրենք՝ որպես Աստծու որդիներ, իրավունք ունեն ստանալու բոլոր այն պարգևները, որոնք Նա պատրաստել էր մարդու համար, ընդհուպ մինչև միմյանց հետ մրցելը, երբ ոչ ոք չէր ցանկանում հետ մնալ, և բոլորը խորապես վախենում էին հնարավորությունը բաց թողնելուց։ Դու հիմա արդեն պետք է իմանաս, թե այն ժամանակ մարդիկ ինչպիսի դիրք էին զբաղեցնում Աստծու աչքերում։ Ինչպե՞ս կարող է այսպիսի մարդկությունն արժանանալ Աստծու պարգևներին։ Բայց այն, ինչ մարդն ստանում է Աստծուց, բոլոր ժամանակներում ամենաթանկ գանձն է, և հակառակը՝ այն, ինչ Աստված ստանում է մարդուց, գերագույն ցավ է։ Աստծու և մարդու միջև փոխազդեցության հենց սկզբից ի վեր սա է այն, ինչ մարդը միշտ ստացել է Աստծուց, և սա է այն, ինչ նա միշտ տվել է Աստծուն որպես հատուցում։
Որքան էլ Աստված այրվում էր անհանգստությունից, երբ տեսավ մարդկությանը՝ մինչև ուղնուծուծն ապականված, Նա այլ ելք չուներ, քան նետել այն կրակի լիճը, որպեսզի զտվի։ Սա Աստծու արտահայտումների երկրորդ մասն է, որտեղ Աստված մարդկությանը գործի դրեց որպես Իր ծառայություն մատուցողներ։ Այս մասում Աստված մեղմից անցավ խստի և քչից շատի թե՛ մեթոդի, թե՛ տևողության առումով՝ օգտագործելով «Աստծու անձ»-ի դիրքը որպես խայծ՝ մարդու ապականված բնությունը բացահայտելու համար, միևնույն ժամանակ առաջ քաշելով ծառայություն մատուցողների, Աստծու ժողովրդի և Աստծու որդիների տարբեր կատեգորիաներ,[ա] որպեսզի մարդիկ ընտրեն նրանցից։ Ինչպես և սպասվում էր, ճիշտ այնպես, ինչպես Աստված կանխատեսել էր, ոչ ոք չընտրեց դառնալ Աստծու համար ծառայություն մատուցող, փոխարենը՝ նրանք կռվում էին իրար հետ՝ Աստծու անձը դառնալու համար։ Թեև այս ժամանակահատվածում այն խստությունը, որով Աստված խոսում էր, մի բան էր, որը մարդկային էակները երբեք չէին ակնկալել, և առավել ևս երբեք չէին լսել դրա մասին, այնուամենայնիվ, չափազանց մտահոգված լինելով կարգավիճակով և, ի հավելումն դրան, հուսահատորեն օրհնություններ ստանալու ցանկությամբ՝ նրանք այլևս չէին կամենում պատկերացում կազմել Աստծու խոսելու հնչերանգի և Նրա խոսելաոճի մասին, այլ փոխարենը՝ նրանց սեփական կարգավիճակն ու հեռանկարները միշտ ծանրացած էին նրանց մտքերում։ Այսպիսով, մարդիկ անգիտակցաբար Աստծու արտահայտումներով բերվեցին այն «լաբիրինթոսի» մեջ, որը Նա պատրաստել էր նրանց համար։ Իրենց հեռանկարներով և ճակատագրով կամա թե ակամա հրապուրված՝ մարդիկ գիտեին, որ իրենք անհամապատասխան են Աստծու անձը դառնալու համար, և այնուամենայնիվ, դժկամությամբ էին գործում որպես Նրա ծառայություն մատուցողներ։ Այս հակասական մտայնությունների միջև տատանվելով՝ նրանք անգիտակցաբար ընդունեցին մի աննախադեպ դատաստան և հանդիմանություն, որն Աստված տվել էր մարդկությանը։ Բնականաբար, դատաստանի և զտման այս ձևը մի բան էր, որը ողջ մարդկությունը չէր կամենում ընդունել։ Այնուամենայնիվ, միայն Աստված ունի իմաստություն, և միայն Նա ունի զորություն՝ այս ապականված մարդկությունից հեզ հնազանդություն պահանջելու համար, այնպես որ, կամա թե ակամա, նրանք բոլորն ի վերջո տեղի տվեցին։ Մարդկությունն այլընտրանք չուներ։ Միայն Աստծունն է վերջնական խոսքը, և միայն Աստված է ի վիճակի օգտագործելու նման մեթոդ՝ մարդուն ճշմարտությունն ու կյանքը շնորհելու և նրան ուղղություն ցույց տալու համար։ Այս մեթոդը մարդու վրա Աստծու գործի անխուսափելիությունն է, և, լինելով անպարսավելի, բացարձակ անհրաժեշտություն է մարդկության համար։ Աստված խոսում և գործում է նման մեթոդով՝ մարդկությանն այս փաստը փոխանցելու համար. մարդկությանը փրկելիս Աստված դա անում է Իր սիրուց և ողորմությունից դրդված և հանուն Իր տնօրինման։ Աստծու փրկությունն ընդունելիս մարդկային ցեղը դա անում է, որովհետև ընկել է այն աստիճան, որ Աստված չի կարող անձամբ չխոսել, և երբ մարդն ստանում Աստծու փրկությունը, դա մեծագույն շնորհն է, և դա նաև հատուկ բարեհաճություն է. այլ կերպ ասած, եթե Աստված անձամբ չբարձրաձայներ Իր արտահայտումները, մարդկային ցեղի ճակատագիրը կլիներ կործանումը։ Միևնույն ժամանակ, երբ Նա գարշում է մարդկային ցեղից, Աստված դեռևս պատրաստ է և կամենում է ցանկացած գին վճարել մարդու փրկության համար։ Մինչդեռ, երբ մարդն անընդհատ կրկնում է Աստծու հանդեպ իր սիրո և այն մասին, թե ինչպես է նա ամեն ինչ նվիրաբերում Աստծուն, ըմբոստանում է Աստծու դեմ և կորզում է ամեն տեսակ շնորհ Աստծուց՝ նաև միաժամանակ նույնիսկ ցավ պատճառելով Աստծուն և անասելի ցավ պատճառելով Նրա սրտին։ Այսպիսին է Աստծու և մարդու միջև անձնուրացության և եսասիրության սուր հակադրությունը։
Գործելիս և խոսելիս Աստված կաշկանդված չէ հետևելու որևէ որոշակի ձևի, այլ արդյունքների հասնելը դարձնում է Իր նպատակը։ Այս պատճառով Իր արտահայտումների այս մասում Աստված հստակորեն չբացահայտեց Իր սեփական ինքնությունը, այլ միայն բացահայտեց մի քանի եզրույթներ, ինչպիսիք են «վերջին օրերի Քրիստոսը», «տիեզերքի Գլուխը» և այլն։ Սա բնավ չի ազդում ո՛չ Քրիստոսի սպասավորության, ո՛չ էլ Աստծու մասին մարդկության ճանաչողության վրա, հատկապես քանի որ այն վաղ օրերին մարդիկ լիովին անտեղյակ էին «Քրիստոսի» և «մարմնացման» հասկացություններին, այնպես որ Աստված ստիպված էր խոնարհեցնել Իրեն՝ լինելու «հատուկ գործառույթով» մարդ՝ Իր արտահայտումներն անելու համար, և սա նույնպես արտացոլում է Աստծու մանրակրկիտ մտադրությունը, որովհետև այն ժամանակ մարդիկ կարող էին ընդունել միայն այս դիմելաձևը։ Ինչ դիմելաձև էլ որ Աստված օգտագործի, Նրա գործի արդյունքները չեն տուժում, որովհետև այն ամենում, ինչ Նա անում է, Աստված նպատակ ունի հնարավորություն տալ մարդուն փոխվելու, հնարավորություն տալ մարդուն հասնելու Աստծու փրկությանը։ Անկախ նրանից՝ ինչ է անում Աստված, դա միշտ հանուն մարդու կարիքների է։ Սա է Աստծու գործելու և խոսելու հիմքում ընկած մտադրությունը։ Թեև Աստված այնքան մանրակրկիտ ուշադիր է մարդկայնության բոլոր կողմերը հաշվի առնելիս և այնքան կատարելապես իմաստուն է այն ամենում, ինչ անում է, ես կարող եմ ասել սա. եթե Աստված չվկայեր Ինքն Իր մասին, արարված մարդկային էակների մեջ չէր լինի մեկը, ով ի վիճակի կլիներ ճանաչելու Իրեն՝ Աստծուն, կամ ոտքի կանգնելու՝ վկայելու Իրեն՝ Աստծուն։ Եթե Աստված շարունակեր Իր գործում օգտագործել «հատուկ գործառույթով մարդ»-ը՝ որպես դիմելաձև, չէր լինի ոչ մի մարդկային էակ, որ կկարողանար Աստծուն որպես Աստված վերաբերվել. սա մարդկության ողբերգությունն է։ Այսինքն՝ արարված մարդկային էակների մեջ չկա ոչ ոք, ով ի վիճակի է ճանաչելու Աստծուն, առավել ևս չկա որևէ մեկը, ով կսիրի Աստծուն, հոգ կտանի Աստծու մասին և կմոտենա Աստծուն։ Մարդու հավատքը բացառապես օրհնություններ ստանալու համար է։ Աստծու ինքնությունը՝ որպես հատուկ գործառույթով մարդու, ակնարկ է տվել յուրաքանչյուր մարդու. մարդկության համար հեշտ է Աստծուն ընդունել որպես արարված մարդկային էակներից մեկը. մեծագույն ցավն ու նվաստացումը, որ մարդկությունը պատճառում է Աստծուն, հենց այն է, որ երբ Նա բացահայտորեն հայտնվում է կամ գործում, Աստված, միևնույն է, մերժվում է և նույնիսկ մոռացվում մարդու կողմից։ Աստված ահռելի նվաստացում է կրում մարդկային ցեղը փրկելու համար. այս ամենը տալով՝ Նրա նպատակն է փրկել մարդկությանը, ստանալ մարդկության ճանաչումը։ Աստծու վճարած այս գինը մի բան է, որը խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է ի վիճակի լինի գնահատելու։ Մարդկային ցեղը ձեռք է բերել Աստծու արտահայտումներն ու գործը և ձեռք է բերել Աստծու փրկությունը։ Միևնույն ժամանակ, արդյո՞ք որևէ մեկը երբևէ մտածել է այսպիսի հարցի շուրջ. ի՞նչ է Աստված ձեռք բերել մարդկությունից։ Աստծու ամեն մի արտահայտումից մարդկությունը ձեռք է բերել ճշմարտությունը, հաջողել է փոխվել, գտել է ուղղությունը կյանքում, բայց այն, ինչ Աստված ստացել է, ոչ այլ ինչ է, քան այն խոսքերը, որոնք մարդկությունն օգտագործում է Աստծու հանդեպ իր պարտքն արտահայտելու համար, և գովաբանության մի քանի թույլ շշուկներ։ Անշուշտ, սա այն փոխհատուցումը չէ՞, որն Աստված պահանջում է մարդուց։
Թեև այժմ Աստծու արտահայտումներից շատերն են արվել, մարդկանց ճնշող մեծամասնությունն Աստծու մասին իր ճանաչողության և հասկացողության մեջ դեռևս կանգ է առել այն փուլում, որը ներկայացված է սկզբում Աստծու խոսքերով, որից նրանք առաջ չեն գնացել. սա իսկապես ցավալի թեմա է։ «Քրիստոսի արտահայտումները սկզբում»-ը լոկ բանալի է մարդկային սիրտը բացելու համար. այստեղ կանգ առնելը նշանակում է խստորեն չհամապատասխանել Աստծու մտադրությունները բավարարելուն։ Իր արտահայտումների այս մասն անելիս Աստծու նպատակը միայն մարդկությանը Շնորհքի դարաշրջանից Թագավորության դարաշրջան բերելն է. Նա բնավ չի ցանկանում, որ մարդկությունը կանգ առնի Իր արտահայտումների այս մասի վրա կամ նույնիսկ Իր արտահայտումների այս մասը պարզապես ընդունի որպես ուղեցույց, այլապես Աստծու ապագա արտահայտումները ո՛չ անհրաժեշտ կլինեին, ո՛չ իմաստալից։ Եթե կա որևէ մեկը, ով դեռևս ի վիճակի չէ մտնելու այն ամենի մեջ, ինչ Աստված պահանջում է, որ մարդը ձեռք բերի Իր արտահայտումների այս մասում, ապա այդ մարդու մուտքը մնում է անհայտ։ Աստծու արտահայտումների այս մասը կազմում է այն ամենահիմնական պահանջը, որն Աստված ներկայացնում է մարդուն Թագավորության դարաշրջանում, և դա այն ճանապարհն է, որին մարդկությունը պետք է հետևի՝ ճիշտ ուղու վրա մտնելու համար։ Եթե դու մի մարդ ես, որ ոչինչ չի հասկանում, ապա ավելի լավ կլիներ՝ սկսեիր՝ կարդալով այս մասի խոսքերը։
Ծանոթագրություններ.
ա. Բնագիր տեքստում «տարբեր կատեգորիաներ» արտահայտությունը բացակայում է։