Գլուխ 120
Սիո՛ն, ցնծա՛։ Սիո՛ն, երգի՛ր։ Ես վերադարձել եմ հաղթանակած, Ես վերադարձել եմ հաղթական։ Բյուրավո՛ր ժողովուրդներ, շտապե՛ք շարվել ըստ կարգի։ Արարված ամեն բան, այժմ կա՛նգ առ, քանզի Իմ անձը կանգնած է ողջ տիեզերքի առջև և հայտնվում է աշխարհի Արևելքում։ Ո՞վ կհամարձակվի ծնկի չգալ ու չերկրպագել։ Ո՞վ կհամարձակվի Ինձ ճշմարիտ Աստված չկոչել։ Ո՞վ կհամարձակվի վեր չնայել երկյուղած սրտով։ Ո՞վ կհամարձակվի չփառաբանել։ Ո՞վ կհամարձակվի չցնծալ։ Իմ ժողովուրդն անկասկած կլսի Իմ ձայնը, և Իմ որդիներն անկասկած կլինեն Իմ թագավորության մեջ։ Լեռները, գետերն ու բոլոր բաներն անվերջ կցնծան ու անդադար կխայտան։ Այսժամ ոչ ոք չի համարձակվի նահանջել, և ոչ ոք չի համարձակվի ոտքի կանգնել՝ դիմակայելու համար։ Սա Իմ հրաշալի գործն է, և ավելին, սա Իմ մեծ զորությունն է։ Ես ամեն ինչի մեջ Իմ հանդեպ երկյուղ կարթնացնեմ, և ավելին, այնպես կանեմ, որ ամեն ինչ փառաբանի Ինձ։ Սա Իմ վեցհազարամյա կառավարման ծրագրի վերջնական նպատակն է, և սա այն է, ինչ Ես հաստատել եմ։ Ոչ մի մարդ, իրադարձություն կամ բան չի համարձակվում ոտքի կանգնել՝ Ինձ դիմակայելու կամ Ինձ հակառակվելու համար։ Իմ ողջ ժողովուրդը կհոսի դեպի Իմ լեռը (այլ կերպ ասած՝ այն աշխարհը, որը Ես կստեղծեմ հետագայում), ու նրանք անկասկած կենթարկվեն Ինձ, քանզի Ես կրում եմ մեծափառություն և դատաստան, ինչպես նաև իշխանություն։ (Սա այն ժամանակ, երբ Ես մարմնի մեջ եմ։ Ես իշխանություն ունեմ նաև մսեղիում, բայց քանզի մսեղիում ժամանակի ու տարածության սահմանափակումները հնարավոր չէ հաղթահարել, չի կարելի ասել, թե Ես լիակատար փառքի եմ հասել։ Թեև Ես մսեղիում եմ ձեռք բերում անդրանիկ որդիներին, միևնույն է, չի կարելի ասել, որ Ես փառքի եմ հասել։ Միայն այն ժամանակ, երբ Ես վերադառնամ Սիոն ու փոխեմ կերպարանքս, կարելի է ասել, որ Ես իշխանություն ունեմ, այսինքն, որ Ես փառքի եմ հասել։) Ինձ համար ոչինչ դժվար չի լինի։ Իմ բերանից ելած խոսքերով ամեն ինչ կկործանվի, և Իմ բերանից ելած խոսքերով ամեն ինչ կհաստատվի ու կիրագործվի։ Այսպիսին է Իմ մեծ զորությունը, և այսպիսին է Իմ իշխանությունը։ Քանզի Ես լցված եմ զորությամբ ու իշխանությամբ, ոչ ոք չի համարձակվի խոչընդոտել Ինձ։ Ես վաղուց հաղթել եմ ամեն ինչ և հաղթանակ եմ տարել ապստամբության բոլոր որդիների նկատմամբ։ Ես Իմ անդրանիկ որդիներին հետ կվերադառնամ Սիոն։ Ես մենակ Սիոն չեմ վերադառնա։ Հետևաբար, երբ բոլորը տեսնեն Իմ անդրանիկ որդիներին, նրանք երկյուղած սիրտ կունենան Իմ հանդեպ։ Սա է Իմ նպատակն անդրանիկ որդիներին ձեռք բերելու գործում, և սա է եղել Իմ ծրագիրն աշխարհի արարումից ի վեր։
Երբ ամեն ինչ պատրաստ լինի, դա կլինի Իմ Սիոն վերադարձի օրը, և այս օրը կհիշվի բյուրավոր մարդկանց կողմից։ Երբ Ես վերադառնամ Սիոն, երկրի վրայի բոլոր բաները կլռեն, և երկրի վրա ամեն ինչ կհանդարտվի։ Երբ Ես վերադառնամ Սիոն, ամեն ինչ կստանա իր սկզբնական տեսքը։ Այդժամ Ես կսկսեմ Իմ գործը Սիոնում։ Ես կպատժեմ չարերին և կպարգևատրեմ բարիներին, Ես կգործադրեմ Իմ արդարությունը, կիրագործեմ Իմ դատաստանը և կօգտագործեմ Իմ խոսքերը՝ ամեն ինչ ի կատար ածելու համար՝ ստիպելով բոլոր մարդկանց և բոլոր բաներին զգալ Իմ պատժող ձեռքը։ Ես անկասկած կստիպեմ բոլոր մարդկանց տեսնել Իմ լիակատար փառքը, Իմ ամբողջ իմաստությունն ու լիակատարությունը։ Ոչ մի մարդ չի համարձակվի ոտքի կանգնել դատելու, քանզի Ինձնով ամեն ինչ իրագործված է. և այստեղ թող ամեն մարդ տեսնի Իմ լիակատար պատիվը և ճաշակի Իմ լիակատար հաղթանակը, քանզի Ինձնով է ամեն ինչ դրսևորվում։ Սա բավարար է՝ ցույց տալու Իմ մեծ զորությունը և Իմ իշխանությունը։ Ոչ ոք չի համարձակվի վիրավորել Ինձ, և ոչ ոք չի համարձակվի խոչընդոտել Ինձ։ Ինձնով ամեն ինչ բացահայտված է. ո՞վ կհամարձակվի որևէ բան թաքցնել։ Ես անկասկած չէի խնայի նրանց։ Նման թշվառականները պետք է ստանան Իմ խիստ պատիժը, և նման տականքը պետք է մաքրվի Իմ տեսադաշտից։ Ես կկառավարեմ նրանց երկաթե գավազանով և կօգտագործեմ Իմ իշխանությունը՝ նրանց դատելու համար՝ առանց նվազագույն ողորմության և բնավ չխնայելով նրանց զգացմունքները, քանզի Ես եմ Աստվածն Ինքը, Ով զուրկ է մսեղավոր զգացմունքներից, մեծափառ է և վիրավորանք չի հանդուրժում։ Բոլորը պետք է հասկանան ու տեսնեն սա, որպեսզի չտապալվեն ու չկործանվեն Իմ կողմից «առանց պատճառի կամ հիմքի», քանզի Իմ գավազանը կտապալի բոլոր նրանց, ովքեր վիրավորում են Ինձ։ Ինձ չի հետաքրքրում՝ արդյոք նրանք գիտեն Իմ կառավարչական հրամանագրերը. Սրա մասին չեմ մտահոգվում, քանզի ոչ ոք չի կարող վիրավորել Իմ անձը։ Սա է պատճառը, որ ասվում է, թե Ես առյուծ եմ. ում հանդիպում եմ, տապալում եմ։ Այդ պատճառով է ասվում, թե հիմա հայհոյանք է ասել, թե Ես ողորմության ու սիրառատ բարության Աստված եմ։ Ըստ էության, Ես ոչ թե գառ եմ, այլ առյուծ։ Ոչ ոք չի համարձակվում վիրավորել Ինձ. ով անի դա, Ես անմիջապես մահով կպատժեմ նրան՝ բնավ չխնայելով նրա զգացմունքները։ Սա բավարար է՝ ցույց տալու համար Իմ բնույթը։ Ուստի վերջին դարաշրջանում մեծաթիվ մարդիկ կնահանջեն, և մարդկանց համար դա դժվար կլինի տանել, իսկ Ինձ համար դա հեշտ ու հաճելի է և ամենևին դժվար չէ։ Այսպիսին է Իմ բնույթը։
Ես հուսով եմ, որ ամեն մարդ հնազանդ սրտով կենթարկվի այն ամենին, ինչ Ինձնից է բխում։ Եթե նրանք անեն դա, անկասկած մեծապես կօրհնեմ մարդկությունը, քանզի, ինչպես ասել եմ, ովքեր համատեղելի են Ինձ հետ, կպահպանվեն, մինչդեռ Իմ հանդեպ թշնամացողները կանիծվեն։ Ես սա հաստատել եմ, ու ոչ ոք չի կարող փոխել այն։ Այն ինչ Ես որոշել եմ, արդեն իրագործել եմ, և ով հակառակվի դրանց, անմիջապես կպատժվի։ Սիոնում կա այն ամենը, ինչ Ինձ անհրաժեշտ է, ու ինչ ցանկանում եմ։ Սիոնում աշխարհի նշույլ անգամ չկա, և աշխարհի համեմատ այն մի պալատ է՝ հարուստ ու վեհաշուք, բայց ոչ ոք երբևէ չի մտել այնտեղ, և ուստի, մարդու երևակայության մեջ այն ընդհանրապես գոյություն չունի։ Կյանքը Սիոնում նման չէ երկրային կյանքին։ Երկրի վրա կյանքը ուտելն է, հագնվելը, խաղալն ու հաճույք փնտրելը, մինչդեռ Սիոնում այն մեծապես տարբերվում է։ Դա Հոր և որդիների կյանքն է՝ ընկղմված ուրախության մեջ՝ միշտ լցնելով տիեզերքի ողջ տարածությունը, բայց նաև միշտ միավորվելով ներդաշնակության մեջ։ Այժմ, երբ բանը հասել է սրան, Ես ձեզ կասեմ, թե որտեղ է գտնվում Սիոնը։ Սիոնն Իմ բնակավայրն է։ Դա Իմ անձի գտնվելու վայրն է։ Հետևաբար, Սիոնը պետք է սուրբ վայր լինի, և այն պետք է հեռու լինի երկրից։ Այդ պատճառով Ես ասում եմ, որ ատում եմ երկրի մարդկանց, իրադարձություններն ու բաները, և արհամարհանքով մերժում եմ մսեղիի ուտելը, խմելը, խաղալն ու հաճույք փնտրելը, քանզի որքան էլ հաճելի լինեն երկրային վայելքները, դրանք չեն կարող համեմատվել Սիոնի կյանքի հետ։ Դա է երկնքի ու երկրի տարբերությունը, և այդ երկուսը համեմատելու ոչ մի ձև չկա։ Պատճառը, որ երկրի վրա բազմաթիվ հանելուկներ կան, որոնք մարդը չի կարող լուծել, այն է, որ մարդիկ ոչինչ չեն լսել Սիոնի մասին։ Լավ, իսկ իրականում որտե՞ղ է Սիոնը։ Արդյո՞ք այն մեկ այլ մոլորակի վրա է, ինչպես մարդիկ են պատկերացնում։ Ո՛չ։ Դա պարզապես մարդու երևակայության արդյունքն է։ Ես հիշատակել եմ երրորդ երկինքը։ Մարդկանց պատկերացումներում այն նախապատկերային իմաստ ունի, բայց այն, ինչ մարդը հասկանում է իր պատկերացումներում, Իմ ասածի ճիշտ հակառակն է։ Այստեղ նշված երրորդ երկինքը բնավ կեղծ չէ։ Այդ պատճառով եմ ասում, որ չեմ կործանի արևը, լուսինն ու աստղերը, և չեմ վերացնի երկինքն ու երկիրը։ Մի՞թե Ես կկործանեի Իմ բնակավայրը։ Մի՞թե Ես կվերացնեի Սիոն լեռը։ Մի՞թե սա ծիծաղելի չէ։ Երրորդ երկինքն Իմ բնակավայրն է։ Դա Սիոն լեռն է, և սա բացարձակ է։ (Ինչո՞ւ եմ ասում, որ դա բացարձակ է։ Քանզի այն, ինչ Ես ասում եմ հիմա, մարդն ընդհանրապես չի կարող հասկանալ. նա կարող է միայն լսել դա։ Մարդու մտածողության շրջանակը պարզապես չի կարող ընդգրկել այն, ուստի Ես հիմա այլևս ոչինչ չեմ ասի Սիոնի մասին, որպեսզի մարդիկ այն հորինվածք չհամարեն)։
Իմ՝ Սիոն վերադառնալուց հետո երկրի վրա Իմ փառաբանումը անդադար կշարունակվի։ Այդ հավատարիմ ծառայություն մատուցողներն ինչպես միշտ կսպասեն, որպեսզի ծառայություն մատուցեն Ինձ, բայց նրանց գործառույթն իր ավարտին մոտեցած կլինի։ Միակ բանը, որ նրանք կարող են անել, երկրի վրա Իմ օրերը հիշելն է։ Այդժամ Ես կսկսեմ աղետ բերել նրանց վրա, ովքեր պետք է պատուհասի գան։ Սակայն բոլորը հավատում են, որ Ես արդար Աստված եմ։ Անկասկած չեմ պատժի այդ հավատարիմ ծառայություն մատուցողներին, այլ միայն թույլ կտամ նրանց ստանալ Իմ շնորհքը։ Քանզի Ես ասել եմ, որ կպատժեմ բոլոր չարագործներին, և որ բարի գործեր անողները կստանան Իմ շնորհած նյութական վայելքը։ Միայն սա ցույց կտա, որ Ես Ինքը արդարության ու հավատարմության Աստվածն եմ։ Սիոն վերադառնալուն պես Ես կսկսեմ զբաղվել աշխարհի բոլոր ազգերով։ Ես կփրկեմ իսրայելացիներին ու կպատժեմ եգիպտացիներին։ Սա Իմ գործի հաջորդ քայլն է։ Իմ գործն այն ժամանակ նույնը չի լինի, ինչ ներկա օրերում է։ Դա մսեղիում կատարվող գործ չի լինի, այլ լիովին վեր կլինի մսեղիից և ինչպես Ես ասում եմ, այնպես էլ կարվի, և ինչպես Ես հրամայում եմ, այնպես էլ կհաստատվի։ Հենց Իմ բերանից խոսքերս հնչեն, դրանք անմիջապես իրականություն կդառնան։ Սա է Իմ խոսքերի և փաստերի միաժամանակ տեղի ունենալու ճշմարիտ իմաստը, քանզի Իմ խոսքերն ինքնին իշխանություն են։ Այժմ խոսում եմ որոշ ընդհանուր բաների մասին՝ որպեսզի երկրի վրայի մարդկանց մի քանի հուշումներ տամ ու նրանք կուրորեն չխարխափեն։ Երբ այդ ժամանակը գա, ամեն ինչ կկարգավորվի Իմ կողմից, և ոչ ոք չպետք է կամայականորեն գործի, այլապես կտապալվի Իմ ձեռքով։ Մարդու երևակայություններում այն ամենը, ինչի մասին Ես խոսում եմ, մշուշոտ է, քանզի, ի վերջո, մարդու մտածելակերպը սահմանափակ է, և մարդու միտքն այնքան հեռու է Իմ ասածներից, որքան երկիրը՝ երկնքից։ Հետևաբար, ոչ ոք չի կարող ըմբռնել սա։ Միակ բանը, որ պետք է անել, Իմ ասածներին համապատասխանելն է։ Սա է անխուսափելի ընթացքը։ Ասել եմ. «Վերջին օրերին գազանը դուրս կգա հալածելու Իմ ժողովրդին, և մահից վախեցողները կնիքով կնշվեն՝ գազանի կողմից հափշտակվելու համար։ Նրանք, ովքեր տեսել են Ինձ, կսպանվեն գազանի կողմից»։ Այս խոսքերում «գազանն» անկասկած վերաբերում է Սատանային՝ մարդկությանը մոլորեցնողին։ Սա նշանակում է, որ երբ Ես վերադառնամ Սիոն, մեծաքանակ ծառայություն մատուցողներ կնահանջեն․ այսինքն՝ նրանք կհափշտակվեն գազանի կողմից։ Այս արարածները բոլորը կգնան անհատակ անդունդ՝ Իմ հավիտենական պատիժը ստանալու։ «Նրանք, ովքեր տեսել են Ինձ» արտահայտությունը վերաբերում է այն հավատարիմ ծառայություն մատուցողներին, որոնք նվաճվել են Իմ կողմից։ «Ինձ տեսած լինելը» վերաբերում է նրան, որ նրանք նվաճվել են Իմ կողմից։ «Գազանի կողմից սպանվելը» վերաբերում է նրան, որ Սատանան, նվաճված լինելով Իմ կողմից, չի համարձակվում ոտքի կանգնել՝ Ինձ դիմակայելու համար։ Այլ կերպ ասած՝ Սատանան չի համարձակվի որևէ գործ անել այս ծառայություն մատուցողների վրա, և ուստի, այս մարդկանց հոգիները փրկված կլինեն։ Սա ասվում է նրանց մասին, ովքեր կարող են հավատարիմ լինել Ինձ, և դա նշանակում է, որ այդ հավատարիմ ծառայություն մատուցողները կկարողանան ստանալ Իմ շնորհքն ու օրհնությունը։ Ուստի, Ես ասում եմ, որ նրանց հոգիները փրկված կլինեն։ (Սա չի վերաբերում երրորդ երկինք համբարձվելուն, ինչը միայն մարդու պատկերացումն է)։ Բայց այդ չար ծառաները կրկին կկապվեն Սատանայի կողմից և ապա կնետվեն անհատակ անդունդ։ Սա Իմ պատիժն է նրանց նկատմամբ։ Սա նրանց հատուցումն է, և նրանց մեղքերի վարձն է։
Քանզի Իմ գործի տեմպն արագանում է, երկրի վրա Իմ ժամանակն աստիճանաբար նվազում է։ Իմ Սիոն վերադարձի օրը մոտենում է։ Երբ երկրի վրա Իմ գործը մոտենա իր ավարտին, կգա Սիոն վերադարձի ժամանակը։ Ես բնավ չեմ ցանկանում ապրել երկրի վրա, բայց հանուն Իմ տնօրինման, հանուն Իմ ծրագրի, Ես հանդուրժել եմ բոլոր տառապանքները։ Այսօր ժամանակն արդեն եկել է։ Ես կարագացնեմ Իմ քայլերը, ու ոչ ոք չի կարողանա Ինձ հասնել։ Անկախ նրանից՝ մարդը կարող է հասկանալ, թե ոչ, բոլոր այն բաները, որոնք մարդն ի վիճակի չէ հասկանալու, բայց երկրի վրա պետք է իմանաք, մեկ առ մեկ կասեմ ձեզ։ Ուստի, ասում եմ, որ Ես Ինքը Աստված եմ, Ով գերազանցում է ժամանակն ու տարածությունը։ Եթե չլիներ անդրանիկ որդիներին ձեռք բերելու և դրանով իսկ Սատանային պարտության մատնելու Իմ նպատակը, Ես արդեն վերադարձած կլինեի Սիոն։ Հակառակ դեպքում Ես պարզապես երբեք չէի ստեղծի մարդկությունը։ Ես գարշում եմ մարդու աշխարհից, և արհամարհանքով մերժում եմ այն մարդկանց, ովքեր Ինձնից դուրս են, այն աստիճան, որ մտածում եմ ողջ մարդկությունը մի հարվածով կործանելու մասին։ Սակայն Իմ գործողությունների մեջ կարգ ու կանոն, չափ ու սահման ու չափավորություն կա և դրանք կամայական չեն։ Այն ամենը, ինչ անում եմ, նպատակ ունի պարտության մատնել Սատանային, և ավելին, որպեսզի Ես որքան հնարավոր է շուտ միավորվեմ Իմ անդրանիկ որդիների հետ։ Սա է Իմ նպատակը։