Իմացե՛ք Աստծու նորագույն գործը և հետևե՛ք Նրա հետքերին
Այժմ դուք պետք է ձգտեք դառնալու Աստծու մարդիկ և պետք է սկսեք մուտքը դեպի ճշմարիտ ուղի բոլոր բաներում։ Լինել Աստծու մարդիկ նշանակում է մուտք գործել Թագավորության դարաշրջան։ Այսօր դուք պաշտոնապես սկսում եք մուտք գործել թագավորության կրթման մեջ, և ձեր ապագա կյանքն այլևս չպետք է լինի այնքան թուլացած ու անհոգ, որքան նախկինում էր. նման կերպ ապրելով՝ անհնար է բավարարել Աստծու պահանջած չափանիշները։ Եթե որևէ հրատապություն չես զգում, ապա դա ցույց է տալիս, որ առաջընթաց ունենալու ոչ մի ցանկություն չունես, որ քո ձգտումը խառնված է ու խճճված և ընդունակ չէ բավարարելու Աստծու մտադրությունները։ Թագավորության կրթություն մուտք գործելը նշանակում է սկսել Աստծու ժողովրդի կյանքը. պատրա՞ստ ես ընդունելու այդպիսի կրթությունը։ Պատրա՞ստ ես ունենալու հրատապության զգացումը։ Պատրա՞ստ ես ապրելու Աստծու կարգապահության ներքո։ Պատրա՞ստ ես ապրելու Աստծու խրատի ներքո։ Երբ Աստծու խոսքերն իջնեն քեզ վրա ու փորձության ենթարկեն քեզ, ինչպե՞ս կգործես։ Եվ ի՞նչ կանես, երբ առերեսվես տարբեր իրողությունների հետ։ Նախկինում քո ուշադրությունը կյանքի վրա չէր. այսօր դու պետք է կենտրոնանաս կյանքի իրականություն մուտք գործելու վրա և ձգտես քո կյանքի փոփոխությանը։ Սա այն է, ինչին պետք է հասնեն թագավորության մարդիկ։ Բոլոր նրանք, ովքեր Աստծու ժողովուրդն են, պետք է կյանքին տիրանան, ընդունեն թագավորության կրթությունը և ձգտեն իրենց կյանքի փոփոխությանը։
Թագավորության մարդկանց ներկայացվող՝ Աստծու պահանջները հետևյալն են.
1. Նրանք պետք է ընդունեն Աստծու հանձնարարությունները։ Այսինքն՝ նրանք պետք է ընդունեն բոլոր այն խոսքերը, որոնք ասվել են Աստծու` վերջին օրերի աշխատանքում։
2. Նրանք պետք է մուտք գործեն Թագավորության կրթություն։
3. Նրանք պետք է ձգտեն, որ Աստված դիպչի իրենց սրտերին։ Երբ քո սիրտն ամբողջությամբ դառնա դեպի Աստված, և դու ունենաս բնականոն հոգևոր կյանք, դու կապրես ազատության տիրույթում, ինչը նշանակում է, որ կապրես Աստծու սիրո խնամքի և պաշտպանության ներքո։ Դու կլինես Աստծու ընտրյալներից մեկը, միայն եթե ապրես Աստծու խնամքի և պաշտպանության ներքո։
4. Նրանք պետք է ձեռք բերվեն Աստծու կողմից։
5. Նրանք պետք է դառնան Աստծու փառքի դրսևորումը երկրի վրա։
Այս հինգ կետն Իմ հանձնառություններն են ձեզ։ Իմ խոսքերն ուղղված են Աստծու մարդկանց, և եթե դու չես կամենում ընդունել այս հանձնարարությունները, Ես չեմ ստիպի քեզ, բայց եթե դու իսկապես ընդունես, ապա կկարողանաս հետևել Աստծու կամքին։ Այսօր դուք սկսում եք ընդունել Աստծու հանձնարարությունները և ձգտել դառնալու Թագավորության մարդիկ՝ համապատասխանելով դրա համար պահանջվող չափանիշներին։ Սա մուտք գործելու առաջին քայլն է։ Եթե ցանկանում ես լիովին հետևել Աստծու կամքին, ապա պետք է ընդունես այս հինգ հանձնարարությունը, և եթե կարողանաս իրագործել դրանք, դու Աստծու մտադրությունների համաձայն կլինես, և Աստված անշուշտ մեծ արդյունավետությամբ կօգտագործի քեզ։ Այսօր չափազանց կարևոր է թագավորության կրթություն մուտք գործելը։ Թագավորության կրթություն մուտքը ներառում է հոգևոր կյանքը։ Նախկինում հոգևոր կյանքի մասին խոսք չկար, բայց այսօր, երբ դու սկսում ես մուտք գործել թագավորության կրթություն, դու պաշտոնապես մուտք ես գործում հոգևոր կյանք։
Ինչպիսի՞ն է հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքն այն է, երբ քո սիրտն ամբողջությամբ դարձած է դեպի Աստված և կարող է խորհել Աստծու սիրո մասին։ Դա այն է, որում դու ապրում ես Աստծու խոսքերի մեջ, և քո սիրտը ոչ մի այլ բան չի զբաղեցնում, դու կարողանում ես ընկալել Աստծու ներկայիս մտադրությունները և առաջնորդվում ես Սուրբ Հոգու ներկայիս լույսով՝ քո պարտականությունը կատարելու համար։ Աստծու և մարդու միջև այսպիսի կյանքն է կոչվում հոգևոր կյանք։ Եթե չես կարողանում հետևել ներկա լույսին, ապա քո հարաբերություններն Աստծու հետ կօտարանան, նույնիսկ կարող են ավարտվել, և դու առանց բնականոն հոգևոր կյանքի կլինես։ Աստծու հետ ճիշտ հարաբերությունը հիմնված է Աստծու ներկայիս խոսքն ընդունելու վրա։ Դու պատշաճ հոգևոր կյանքո՞վ ես ապրում։ Դու պատշաճ հարաբերություն ունե՞ս Աստծու հետ։ Դու հետևու՞մ ես Սուրբ Հոգու ընթացքին։ Եթե կարողանում ես հետևել Սուրբ Հոգու ներկայիս լույսին, ընկալել Աստծու մտադրությունները Նրա խոսքի մեջ և ապրել Նրա խոսքով, ապա դու այն մարդն ես, ով հետևում է Սուրբ Հոգու ընթացքին։ Եթե չես հետևում Սուրբ Հոգու ընթացքին, ապա կասկածից վեր է, որ դու ճշմարտություն չես փնտրում։ Սուրբ Հոգին ոչ մի հնարավորություն չունի գործելու նրանց մեջ, ովքեր առաջընթացի ցանկություն չունեն, և դրա հետևանքով նրանք երբեք չեն կարողանում ուժ հավաքել ու միշտ բացասական վիճակի մեջ են։ Այսօր դու հետևու՞մ ես Սուրբ Հոգու ընթացքին։ Դու Սուրբ Հոգու ընթացքի մե՞ջ ես։ Դու դուրս եկե՞լ ես քո բացասական վիճակից։ Աստծու խոսքերին հավատացող, Նրա աշխատանքը հիմք ընդունող և Սուրբ Հոգու ներկայիս լույսին հետևող բոլոր մարդիկ Սուրբ Հոգու ընթացքի մեջ են։ Եթե դու հավատում ես, որ Աստծու խոսքերը անվիճելիորեն ճշմարիտ ու ստույգ են, և ինչ էլ Նա ասի՝ դու հավատում ես Նրա խոսքին, ապա դու այն մարդն ես, ով ձգտում է ներգրավվելու Աստծու գործի մեջ, և այդ կերպ բավարարում ես Աստծու մտադրությունը։
Սուրբ Հոգու ընթացքի մեջ մտնելու համար պետք է Աստծու հետ պատշաճ հարաբերություններ ունենալ, և, նախ և առաջ, ազատվել բացասական վիճակից։ Որոշ մարդիկ միշտ ամբոխի հետևից են գնում, և նրանց սրտերը չափազանց հեռացել են Աստծուց։ Այդպիսի մարդիկ առաջընթացի ցանկություն չունեն, և նրանց հետապնդած չափանիշները չափազանց ցածր են։ Միայն Աստծուն սիրելու և Աստծուն պատկանելու ձգտումն է Աստծու մտադրությունը։ Կան մարդիկ, ովքեր միայն իրենց խղճով են հատուցում Աստծու սերը, սակայն դա չի կարող բավարարել Աստծու մտադրությունները. որքան բարձր չափանիշների ես ձգտում, այնքան ավելի համահունչ են դրանք Աստծու մտադրություններին։ Որպես սովորական մարդիկ և որպես Աստծուն սիրել ձգտողներ՝ թագավորություն մուտք գործելն ու Աստծու ժողովուրդ դառնալը ձեր իրական ապագան է և մի կյանք, որն ունի ամենաբարձր արժեքն ու նշանակությունը. ոչ ոք ավելի օրհնված չէ, քան դուք։ Ինչո՞ւ եմ Ես սա ասում։ Որովհետև նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, ապրում են մսեղիի համար և ապրում են սատանայի համար, բայց այսօր դուք ապրում եք Աստծու համար և ապրում եք Աստծու կամքին հետևելու համար։ Ահա թե ինչու եմ Ես ասում, որ ձեր կյանքն ունի գերագույն նշանակություն։ Միայն մարդկանց այս խումբը, որն ընտրվել է Աստծու կողմից, ունակ է ապրելու գերագույն նշանակություն ունեցող կյանքով։ Երկրի վրա ոչ ոք ի զորու չէ ապրելու այնպիսի արժեքավոր ու իմաստալից կյանքով, ինչպիսին ձերն է։ Քանի որ դուք ընտրվել եք Աստծու կողմից և բարձրացվել եք Աստծու կողմից և առավել ևս Աստծու սիրո շնորհիվ ըմբռնել եք իսկական կյանքը և գիտեք, թե ինչպես ապրել գերագույն արժեք ունեցող կյանքով։ Սա ոչ թե ձեր ջանասիրության պատճառով է, այլ Աստծու շնորհով։ Աստված էր, որ բացեց ձեր հոգևոր աչքերը, և Աստծու Հոգին էր, որ դիպավ ձեր սրտերին՝ տալով ձեզ Նրան ներկայանալու բարեբախտությունը։ Եթե Աստծու Հոգին չլուսավորեր ձեզ, ապա դուք անկարող կլինեիք տեսնելու այն ամենը, ինչ սքանչելի է Աստծու մեջ, և ոչ էլ հնարավոր կլիներ սիրել Աստծուն։ Միայն ու միայն այն պատճառով է, որ Աստծու Հոգին դիպել է մարդկանց սրտերին, որ նրանց սրտերը դարձի են եկել դեպի Աստված։ Երբեմն, երբ վայելում ես Աստծու խոսքերը, դրանք դիպչում են հոգուդ, և դու զգում ես, որ պետք է անպայման սիրես Աստծուն, որ քո մեջ մեծ ուժ կա, և չկա մի բան, որը չկարողանաս մերժել։ Եթե նման զգացողություն ունես, ուրեմն Աստծու Հոգին դիպել է քեզ, և սիրտդ ամբողջովին դարձել է դեպի Աստված, ու դու կաղոթես Աստծուն և կասես. «Աստվա՛ծ, մենք իրապես կանխորոշված և ընտրված ենք Քո կողմից։ Քո փառքն ինձ հպարտություն է պարգևում, և ես զգում եմ, որ ինձ համար պատիվ է Քո մարդկանցից մեկը լինելը։ Ես ամեն ինչ կծախսեմ ու ամեն ինչ կզոհաբերեմ Քո կամքին հետևելու համար և Քեզ կնվիրաբերեմ իմ բոլոր տարիներն ու ողջ եռանդը, որ ունեմ այս կյանքում»։ Երբ այսպես աղոթես, սրտումդ անսահման սեր և ճշմարիտ հնազանդություն կլինի Աստծու հանդեպ։ Երբևէ ունեցե՞լ ես նման փորձառություն։ Եթե մարդիկ հաճախ են զգում Աստծու Հոգու դիպչելը, ապա նրանք Աստծուն հատուկ նվիրումի աղոթքներ կմատուցեն. «Աստվա՛ծ, ես ցանկանում եմ տեսնել այն օրը, երբ Դու փառք ձեռք կբերես, և ցանկանում եմ ապրել Քեզ համար։ Չկա ավելի արժանավայել կամ իմաստալից բան, քան Քեզ համար ապրելը, և ես սատանայի և մսեղիի համար ապրելու նույնիսկ չնչին ցանկություն չունեմ։ Դու բարձրացնում ես ինձ՝ հնարավորություն տալով այսօր ապրել Քեզ համար»։ Երբ այս կերպ աղոթես, կզգաս, որ սիրտդ պետք է լիովին տաս Աստծուն, որ դու պետք է ձեռք բերես Աստծուն և քեզ համար ատելի կլինի մեռնելն առանց Աստծուն ձեռք բերելու, քանի դեռ ողջ ես։ Այդպիսի աղոթք ասելուց հետո քո մեջ անսպառ ուժ կլինի, և դու չես իմանա, թե որտեղից է այն գալիս. սրտումդ անսահման զորություն կլինի, և դու կզգաս, որ Աստված այնքա՜ն սիրելի է և արժանի է սիրվելու։ Այդժամ դու կզգաս Աստծու հպումը։ Բոլոր նրանք, ովքեր ունեցել են նման փորձառություն, զգացել են Աստծու հպումը։ Ովքեր հաճախ են զգում Աստծու հպումը, նրանց կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, նրանք կարողանում են վճռականորեն ձեռք բերել Աստծուն ամբողջությամբ. նրանց աստվածասեր սրտերը համեմատաբար հաստատուն են լինում և ամբողջովին շրջվում են դեպի Աստված։ Նրանք ամբողջությամբ մերժում են իրենց ընտանիքներին, աշխարհը, խճճվածությունները և իրենց մտքերից իրենց հեռանկարներն ամբողջությամբ և պատրաստ են իրենց ողջ եռանդը, որ կյանքում ունեն, նվիրելու Աստծուն։ Բոլոր նրանք, ում դիպել է Աստծո Հոգին, ճշմարտությանն են ձգտում և հույս ունեն Աստծու կողմից կատարելագործվելու։
Արդյոք դու քո սիրտը դարձրե՞լ ես առ Աստված։ Արդյո՞ք Աստծու Հոգին դիպել է քո սրտին։ Եթե դու երբևէ նման փորձառություն չես ունեցել և եթե երբեք այդ կերպ չես աղոթել, ապա դա ցույց է տալիս, որ Աստված տեղ չունի քո սրտում։ Բոլոր նրանք, ովքեր ուղղորդվում են Աստծու Հոգով, և ում դիպչում է Աստծու Հոգին, կրում են Աստծու գործը, ինչը ցույց է տալիս, որ Աստծու խոսքերն ու Աստծու սերը արմատավորվել են նրանց մեջ։ Ոմանք ասում են. «Ես այնքան սրտաբուխ չեմ իմ աղոթքներում՝ որքան դու, և Աստծուց այդքան չեմ ազդվում. երբեմն, երբ խորհրդածում ու աղոթում եմ, զգում եմ, որ Աստված սքանչելի է, և սիրտս զգում է Աստծու հպումը»։ Ոչինչ ավելի կարևոր չէ, քան մարդու սիրտը։ Երբ քո սիրտը դառնա առ Աստված, քո ամբողջ էությունը կդառնա առ Աստված, և այդ ժամանակ քո սրտին կդիպչի Աստծու Հոգու հպումը։ Ձեզանից շատերն են ունեցել նման փորձառություն, պարզապես ձեր փորձառությունների խորությունն է տարբեր։ Ոմանք ասում են. «Ես աղոթքի շատ խոսքեր չեմ ասում, պարզապես լսում եմ ուրիշների հաղորդակցությունը, և իմ ներսում ուժ է արթնանում»։ Սա նշանակում է, որ քո ներսում Աստծու հպումն ես զգացել։ Այն մարդիկ, որոնց Աստված ներքուստ դիպչում է, ոգեշնչվում են, երբ լսում են ուրիշների հաղորդակցությունը. եթե մարդու սիրտը միանգամայն անտարբեր է մնում ոգեշնչող խոսքեր լսելիս, ապա դա ապացուցում է, որ Սուրբ Հոգու գործը նրա ներսում չէ։ Նրանց ներսում չկա փափագ, ինչն ապացուցում է, որ նրանք չունեն վճռականություն, և հետևաբար՝ զուրկ են Սուրբ Հոգու գործից։ Եթե Աստված դիպչում է մարդուն, նա կարձագանքի Աստծու խոսքերը լսելիս։ Եթե Աստված չի դիպչում մարդուն, ապա նա չի կարողանա խորամուխ լինել Աստծու խոսքերի մեջ. Աստծու խոսքերը ոչ մի կապ չեն ունենա նրա հետ, և նա ոչ մի լուսավորություն չի ստանա։ Նրանք, ովքեր լսել են Աստծու խոսքերը և որևէ արձագանք չեն ունեցել, այն մարդիկ են, որոնց Աստված չի դիպչում. նրանք մարդիկ են, ովքեր զուրկ են Սուրբ Հոգու գործից։ Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են ընդունելու նոր լույսը, զգացել են հպումը և կրում են Սուրբ Հոգու գործը։
Գնահատիր քեզ.
1. Դու Սուրբ Հոգու ներկա գործի մե՞ջ ես։
2. Քո սիրտը դարձե՞լ է առ Աստված։ Աստված հպվե՞լ է քեզ։
3. Աստծու խոսքերն արմատ գցե՞լ են քո ներսում։
4. Քո կիրարկումն Աստծու պահանջների հիման վրա՞ է կառուցված։
5. Դու Սուրբ Հոգու ներկա լույսի առաջնորդության ներքո՞ ես ապրում։
6. Քո սիրտը կառավարվու՞մ է հին պատկերացումներով, թե՞ Աստծու այսօրվա խոսքերով։
Լսելով այս խոսքերը՝ ի՞նչ արձագանք է առաջանում ձեր ներսում։ Այսքան տարի հավատալով՝ Աստծու խոսքերը դարձե՞լ են քո կյանքը։ Քո նախկին, ապականված խառնվածքի մեջ փոփոխություն տեղի ունեցե՞լ է։ Համաձայն Աստծու այսօրվա խոսքերի, գիտե՞ս, թե ինչ է նշանակում կյանք ունենալ, և ինչ է նշանակում լինել առանց կյանքի։ Սա ձեզ պա՞րզ է։ Աստծուն հետևելու հարցում սկզբունքային կարևորություն ունի այն, որ ամեն ինչ լինի համաձայն Աստծու այսօրվա խոսքերի. լինի դա կյանքի մուտքի քո ձգտումը, թե Աստծու մտադրությունները գոհացնելը՝ ամեն ինչ պետք է կենտրոնացած լինի Աստծու այսօրվա խոսքերի շուրջ։ Եթե այն ամենը, ինչի մասին հաղորդակցվում ես և ինչին ձգտում ես մտնելու, կենտրոնացած չէ Աստծու այսօրվա խոսքերի շուրջ, ուրեմն դու մարդ ես, որն Աստծու խոսքերից դուրս է, և բացարձակապես չունես Սուրբ Հոգու գործը։ Աստծուն պետք են մարդիկ, ովքեր հետևում են Նրա հետքերին։ Որքան էլ հիանալի ու մաքուր լինի այն ամենը, ինչ դու նախկինում հասկացել ես, Աստված դա չի ուզում. և եթե դու ի վիճակի չես մի կողմ դնելու նման բաները, ապա դրանք ահռելի խոչընդոտ կլինեն քո հետագա մուտքի համար։ Երանելի են բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են հետևելու Սուրբ Հոգու այսօրվա լույսին։ Անցյալ դարաշրջանների և սերունդների մարդիկ նույնպես հետևում էին Աստծու հետքերին, սակայն նրանք չկարողացան շարունակել հետևել մինչ այսօր. սա վերջին օրերի մարդկանց օրհնությունն է։ Նրանք, ովքեր կարող են հետևել Սուրբ Հոգու ներկա գործին և ի վիճակի են հետևել Աստծու հետքերին՝ հետևելով Աստծուն, ուր էլ որ Նա տանի իրենց, հենց այն մարդիկ են, ովքեր օրհնված են Աստծու կողմից։ Նրանք, ովքեր չեն հետևում Սուրբ Հոգու ներկա գործին, չեն մտել Աստծու խոսքերի գործի մեջ. և որքան էլ նրանք աշխատեն, որքան էլ մեծ լինի նրանց տառապանքը կամ որքան էլ նրանք իրարանցման մեջ լինեն, Աստծու համար այդ ամենը ոչինչ չի նշանակում, և Նա հավանություն չի տա նրանց։ Այսօր բոլոր նրանք, ովքեր հետևում են Աստծու այսօրվա խոսքերին, Սուրբ Հոգու ընթացքի մեջ են. նրանք, ովքեր դուրս են Աստծու այսօրվա խոսքերից, դուրս են Սուրբ Հոգու ընթացքից, և նման մարդիկ հավանության չեն արժանանում Աստծո կողմից։ Ծառայությունը, որը դուրս է Սուրբ Հոգու այսօրվա խոսքերից, մսեղիից է և հիմնված է պատկերացումների վրա, և անհնար է, որ այն համապատասխանի Աստծու մտադրություններին։ Եթե մարդիկ ապրեն կրոնական պատկերացումների մեջ, ապա նրանք ի վիճակի չեն լինի Աստծու մտադրություններին համապատասխան որևէ բան անելու. և եթե նրանք ծառայում են Աստծուն, սակայն ծառայում են իրենց իսկ երևակայության ու պատկերացումների մեջ, ուստի բոլորովին անկարող են ծառայել Աստծու մտադրություններին համապատասխան։ Նրանք, ովքեր ի վիճակի չեն հետևելու Սուրբ Հոգու գործին, չեն հասկանում Աստծու մտադրությունները, իսկ նրանք, ովքեր չեն հասկանում Աստծու մտադրությունները, չեն կարող ծառայել Աստծուն։ Աստված ուզում է ծառայություն, որն Իր մտադրությունների համաձայն է. Նա չի ուզում ծառայություն, որը բխում է պատկերացումներից և մսեղիին է պատկանում։ Եթե մարդիկ անկարող են հետևել Սուրբ Հոգու գործի քայլերին, ապա նրանք ապրում են պատկերացումների մեջ։ Նման մարդկանց ծառայությունը խաթարում ու անհանգստացնում է, և այդպիսի ծառայությունը հակասում է Աստծուն։ Ուստի նրանք, ովքեր անկարող են հետևել Աստծու հետքերին, ի վիճակի չեն ծառայելու Աստծուն. նրանք, ովքեր անկարող են հետևել Աստծու հետքերին, անկասկած հակառակվում են Աստծուն և, իհարկե, ընդունակ չեն համատեղելի լինելու Աստծու հետ։ «Հետևել Սուրբ Հոգու գործին» նշանակում է հասկանալ Աստծու ներկա մտադրությունները և ի վիճակի լինել գործելու Աստծու ներկա պահանջներին համապատասխան, հնազանդվելու ու հետևելու այսօրվա Աստծուն և մուտք գործելու Աստծու նորագույն խոսքերի համաձայն։ Միայն նման մարդն է հետևում Սուրբ Հոգու գործին և գտնվում Սուրբ Հոգու ընթացքի մեջ։ Նման մարդիկ ոչ միայն ի վիճակի են արժանանալու Աստծու հավանությանն ու տեսնելու Աստծուն, այլև կարող են ճանաչել Աստծու բնույթը Նրա նորագույն գործից և կարող են ճանաչել մարդկային պատկերացումներն ու ապստամբությունը, մարդու բնությունն ու էությունը հենց Նրա նորագույն գործի միջոցով. ավելին՝ նրանք կարող են իրենց ծառայության ընթացքում աստիճանաբար հասնել սեփական խառնվածքի փոփոխության։ Միայն նման մարդիկ են ի վիճակի ձեռք բերելու Աստծուն և նրանք են, որ ճշմարտապես գտել են իրական ուղին։ Նրանք, ովքեր դուրս են թողնվում Սուրբ Հոգու գործի միջոցով, այն մարդիկ են, որոնք անկարող են հետևել Աստծու նորագույն գործին և շրջվում են Աստծու նորագույն գործի դեմ։ Նման մարդիկ բացահայտորեն հակառակվում են Աստծուն, որովհետև Աստված նոր գործ է արել, և որովհետև Աստծու կերպարը նույնը չէ, ինչ իրենց պատկերացումների մեջ․ ուստի նրանք բացահայտորեն հակառակվում են Աստծուն և դատում Նրան, ինչի արդյունքում Աստված մերժում է նրանց։ Աստծու նորագույն գործի մասին գիտելիք ունենալը հեշտ բան չէ, սակայն եթե մարդիկ կարողանան նպատակասլաց կերպով հնազանդվել Աստծու գործին և փնտրեն այն, ապա նրանք Աստծուն տեսնելու և Սուրբ Հոգու նորագույն առաջնորդությունը ձեռք բերելու հնարավորություն կունենան։ Նրանք, ովքեր միտումնավոր հակառակվում են Աստծու գործին, չեն կարող ստանալ Սուրբ Հոգու լուսավորությունը կամ Աստծու առաջնորդությունը։ Ուստի այն, թե արդյոք մարդիկ կարող են ստանալ Աստծու նորագույն գործը, կախված է Աստծու շնորհքից, ինչպես նաև իրենց ձգտումից և մտադրություններից։
Երանելի են բոլոր նրանք, ովքեր կարող են հնազանդվել Սուրբ Հոգու ընթացիկ խոսքերին։ Կարևոր չէ, թե ինչպիսին են եղել մարդիկ, կամ ինչպես է Սուրբ Հոգին գործել նրանց մեջ. ամենաերանելին են բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել Աստծու նորագույն գործը, իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր անկարող են հետևել նորագույն գործին, դուրս կթողնվեն։ Աստված ուզում է նրանց, ովքեր ի վիճակի են ընդունելու նոր լույսը, և Նա ցանկանում է նրանց, ովքեր ընդունում և ճանաչում են Իր նորագույն գործը։ Ինչո՞ւ է ասվում, որ դուք պետք է անարատ կույսեր լինեք։ Անարատ կույսն ի վիճակի է փնտրելու Սուրբ Հոգու գործը և հասկանալու նորը, և ավելին՝ նա ընդունակ է մի կողմ դնելու հին պատկերացումները և հնազանդվելու Աստծու այսօրվա գործին։ Մարդկանց այս խումբը, որն ընդունում է այսօրվա նորագույն գործը, դեռ դարեր առաջ նախասահմանվել է Աստծու կողմից և մարդկանց մեջ ամենաերանելին է։ Դուք անմիջականորեն լսում եք Աստծու ձայնը և տեսնում եք Աստծու հայտնությունը. ուստի, ողջ երկնքում ու երկրի վրա և բոլոր դարաշրջանների և սերունդների ընթացքում ոչ ոք չի եղել ավելի երանելի, քան դուք՝ մարդկանց այս խումբը։ Այս ամենն Աստծու գործի, Աստծու նախասահմանման ու ընտրության և Աստծու շնորհի շնորհիվ է. եթե Աստված չխոսեր և չհայտներ Իր խոսքը, մի՞թե ձեր վիճակը կլիներ այնպիսին, ինչպիսին այսօր է։ Ուստի, թող ամբողջ փառքն ու գովաբանությունը լինեն Աստծունը, քանզի այս ամենն Աստծու բարձրացումն է։ Այս ամենն իմանալով՝ մի՞թե դու դեռ կարող ես վատը լինել։ Մի՞թե քո ուժը դեռ չի կարող արթնանալ։
Այն, որ այսօր դու ի վիճակի ես ընդունելու Աստծու խոսքերի դատաստանը, պատիժը, հարվածն ու մաքրագործումը և առավել ևս՝ ընդունելու Աստծու հանձնարարականները, դեռ դարեր առաջ նախասահմանվել է Աստծու կողմից. ուստի դու չպետք է չափազանց տրտմես, երբ պատժվում ես։ Ոչ ոք չի կարող խլել այն գործը, որն արվել է ձեզ վրա, և այն օրհնությունները, որոնք շնորհվել են ձեզ, և ոչ ոք չի կարող խլել այն ամենը, ինչ տրվել է ձեզ։ Կրոնավոր մարդիկ չեն կարող նույնիսկ համեմատվել ձեզ հետ։ Դուք Աստվածաշնչի այնքան մեծ գիտելիքներ չունեք, որքան նրանք, և չունեք այն կրոնական վարդապետությունները, որ նրանք ունեն, բայց քանի որ Աստված գործել է ձեզ վրա, դուք ստացել եք ավելին, քան որևէ մեկը բոլոր դարերի ընթացքում. և հենց սա է ձեր մեծագույն օրհնությունը։ Դրա համար դուք պետք է ավելի շատ ձեզ նվիրաբերեք Աստծուն և հավատարիմ լինեք Նրան։ Աստծու բարձրացման պատճառով դու պետք է կրկնապատկես ջանքերդ և պատրաստես քո հոգևոր հասունությունը՝ Աստծու հանձնարարականներն ընդունելու համար։ Ամուր կանգնել այն տեղում, որն Աստված տվել է քեզ, ձգտել դառնալու Աստծու մարդկանցից մեկը, ընդունել թագավորության կրթումը, ձեռք բերվել Աստծու կողմից և ի վերջո դառնալ Աստծու փառավոր վկայությունը՝ մի՞թե օժտված ես նման վճռականությամբ։ Եթե օժտված ես նման վճռականությամբ, ապա ի վերջո անկասկած ձեռք կբերվես Աստծու կողմից և կդառնաս Աստծու փառահեղ վկայությունը։ Պետք է հասկանաս, որ գլխավոր հանձնարարականն Աստծու կողմից ձեռք բերվելն ու Աստծու համար փառահեղ վկայություն դառնալն է։ Սա է Աստծու մտադրությունը։
Սուրբ Հոգու ներկա խոսքերը Սուրբ Հոգու գործի շարժիչ ուժն են, իսկ այս ժամանակաշրջանում մարդու շարունակական լուսավորումը Սուրբ Հոգու կողմից՝ Սուրբ Հոգու գործի միտումն է։ Իսկ ո՞րն է Սուրբ Հոգու գործի միտումն այսօր։ Դա Աստծու ժողովրդի առաջնորդումն է դեպի Աստծու ներկա աշխատանքը և դեպի բնականոն հոգևոր կյանք։ Բնականոն հոգևոր կյանք մտնելու համար կա մի քանի քայլ.
1. Նախ՝ դու պետք է քո սիրտը լցնես Աստծու խոսքերի մեջ։ Դու չպետք է ձգտես խոսքերին, որ Աստված անցյալում խոսել է, և չպետք է սովորես դրանք, առավել ևս համեմատես այսօրվա խոսքերի հետ։ Փոխարենը՝ դու պետք է քո սիրտն ամբողջությամբ լցնես Աստծու ներկա խոսքերի մեջ։ Եթե կան մարդիկ, որոնք դեռ ցանկանում են կարդալ Աստծու՝ անցյալի խոսքերը, հոգևոր գրքեր կամ այլ քարոզներ և չեն հետևում Սուրբ Հոգու ներկա խոսքերին, ապա նրանք մարդկանցից ամենահիմարն են. Աստված նողկում է նման մարդկանցից։ Եթե հոժար ես ընդունելու Սուրբ Հոգու ներկա լույսը, ապա քո սիրտն ամբողջությամբ լցրու Աստծու ներկա խոսքերով։ Սա առաջին բանն է, որին պետք է հասնես։
2. Պետք է աղոթես Աստծու կողմից ասված ներկա խոսքերի հիման վրա, մտնես Աստծու խոսքերի մեջ ու հաղորդակցվես Աստծու հետ և քո որոշումներն ընդունես Աստծու առջև՝ սահմանելով, թե ինչ չափանիշների ես ցանկանում հասնել քո ձգտման մեջ։
3. Դու պետք է ձգտես ճշմարտության մեջ ավելի խոր մուտք գործելուն՝ Սուրբ Հոգու ներկա գործի հիման վրա։ Մի՛ կառչիր անցյալի հնացած ասույթներին ու վարդապետություններին։
4. Դու պետք է ձգտես հպվել Սուրբ Հոգու կողմից և մուտք ունենալ Աստծու խոսքերի մեջ։
5. Դու պետք է ձգտես մուտք գործել այն ուղու մեջ, որով ներկայումս քայլում է Սուրբ Հոգին։
Իսկ ինչպե՞ս ես ձգտում Սուրբ Հոգու կողմից հպվելուն։ Վճռորոշն Աստծու ներկա խոսքերով ապրելն է և Աստծու պահանջների հիման վրա աղոթելը։ Եթե այս կերպ աղոթես, Սուրբ Հոգին անպայման կհպվի քեզ։ Եթե դու փորձես առանց հիմքի փնտրել Աստծու ասած ներկայիս խոսքերում, ապա դա անպտուղ կլինի։ Դու պետք է աղոթես և ասես. «Աստվա՛ծ, ես հակառակվում եմ Քեզ և այնքան շատ եմ պարտական Քեզ. ես այնքա՜ն ըմբոստ եմ և երբեք չեմ կարողանում գոհացնել Քեզ։ Աստվա՛ծ, ես փափագում եմ, որ Դու փրկես ինձ, ես փափագում եմ ծառայություն մատուցել Քեզ մինչև վերջ, ես փափագում եմ մեռնել Քեզ համար։ Դու դատում ես ինձ և խրատում, և ես դժգոհություն չունեմ. ես հակառակվում եմ Քեզ և արժանի եմ մահվան, որպեսզի բոլոր մարդիկ իմ մահվան մեջ տեսնեն Քո արդար խառնվածքը»։ Երբ դու քո սրտի խորքից այս կերպ աղոթես, Աստված կլսի քեզ և կառաջնորդի քեզ. եթե դու չաղոթես Սուրբ Հոգու ներկա խոսքերի հիմքի վրա, ապա անհնար կլինի, որ Սուրբ Հոգին հպվի քեզ։ Ենթադրենք՝ դու աղոթում ես Աստծու մտադրությունների համաձայն և այն ամենի համաձայն, ինչ Աստված կամենում է անել այսօր։ Դու ասում ես. «Աստվա՛ծ, ես փափագում եմ ընդունել Քո հանձնարարությունները և նվիրված լինել Քո հանձնարարություններին, և ես հոժար եմ իմ ողջ կյանքը նվիրելու Քո փառքին, որպեսզի այն ամենն, ինչ անում եմ, կարողանա հասնել Աստծու մարդկանց չափանիշներին, և որպեսզի Դու դիպչես իմ սրտին։ Ես փափագում եմ, որ Քո Հոգին հարատև լուսավորի ինձ, որպեսզի այն ամենը, ինչ անում եմ, խայտառակություն բերի Սատանային, և ես ի վերջո կարողանամ ձեռք բերվել Քո կողմից»։ Եթե դու աղոթես այս կերպ՝ կենտրոնացած Աստծու մտադրությունների շուրջ, ապա Սուրբ Հոգին անխուսափելիորեն կգործի քո մեջ։ Կարևոր չէ, թե որքան շատ են քո աղոթքի բառերը. առանցքայինն այն է՝ թե արդյո՞ք դու ըմբռնում ես Աստծու մտադրությունները, թե՞ ոչ։ Դուք բոլորդ գուցե ունեցել եք հետևյալ փորձառությունը. երբեմն՝ հավաքույթին միասնաբար աղոթելիս, Սուրբ Հոգու գործի ուժը հասնում է իր գագաթնակետին՝ պատճառ դառնալով, որ բոլորի զորությունն արթնանա։ Ոմանք աղոթելիս դառնագին լաց են լինում և արցունքներ թափում՝ Աստծու առջև զղջումով համակված, իսկ ոմանք ցույց են տալիս իրենց վճռականությունը և ուխտեր անում։ Այսպիսին է արդյունքը, որին հասնել է Սուրբ Հոգու գործի միջոցով։ Այսօր չափազանց կարևոր է, որ բոլոր մարդիկ իրենց սրտերն ամբողջությամբ լցնեն Աստծու խոսքերի մեջ։ Մի՛ կենտրոնացիր նախկինում ասված խոսքերի վրա, որոնք. եթե դու դեռ կառչած ես նրանից, ինչ եղել է առաջ, ապա Սուրբ Հոգին չի գործի քո մեջ։ Տեսնո՞ւմ ես, թե որքան կարևոր է դա։
Դուք գիտե՞ք այն ուղին, որով ներկայում քայլում է Սուրբ Հոգին։ Վերոհիշյալ մի քանի կետն այն է, ինչ պետք է Սուրբ Հոգին իրագործի կողմից այսօր և ապագայում. դրանք այն ուղին են, որով ընթանում է Սուրբ Հոգին, և այն մուտքը, որին մարդը պետք է ձգտի մտնելու։ Քո կյանք մուտք գործելիս դու առնվազն պետք է քո սիրտը լցնես Աստծու խոսքերի մեջ և կարողանաս ընդունել Աստծու խոսքերի դատաստանն ու պատիժը. քո սիրտը պետք է տենչա Աստծուն, դու պետք է ձգտես ավելի խոր մուտքի ճշմարտության և Աստծու կողմից պահանջվող նպատակների մեջ։ Երբ դու տիրապետես այս ուժին, դա կնշանակի, որ Աստված հպվել է քեզ, և քո սիրտը սկսել է դառնալ դեպի Աստված։
Կյանք մուտք գործելու առաջին քայլը քո սիրտն ամբողջությամբ Աստծու խոսքերի մեջ լցնելն է, իսկ երկրորդ քայլը՝ ընդունելը, որ Սուրբ Հոգին հպվել է քեզ։ Ո՞րն է այն արդյունքը, որին պետք է հասնել՝ ընդունելով Սուրբ Հոգու հպումը։ Այն է՝ կարողանալ տենչալ, փնտրել ու հետազոտել ավելի խոր ճշմարտություններ և ունակ լինել դրական կողմից համագործակցելու Աստծու հետ։ Այսօր Աստծու հետ համագործակցելը նշանակում է, որ քո ձգտումը, քո աղոթքները և Աստծու խոսքերի շուրջ քո հաղորդակցությունն ունեն նպատակ, և դու անում ես քո պարտավորությունը՝ համաձայն Աստծու պահանջների. միայն սա է Աստծու հետ համագործակցելը։ Եթե դու միայն խոսում ես Աստծուն գործել թույլ տալու մասին, բայց որևէ քայլ չես ձեռնարկում՝ ոչ աղոթում ես, ոչ էլ փնտրում, ապա կարելի՞ է սա համագործակցություն կոչել։ Եթե քո մեջ համագործակցության հետք չկա, և դու զուրկ ես նպատակաուղղված մուտքի ուսուցումից, ապա դու չես համագործակցում։ Ոմանք ասում են. «Ամեն ինչ կախված է Աստծու կարգադրությունից, ամեն ինչ արվում է հենց Իր՝ Աստծու կողմից. եթե Աստված չարեց դա, ապա մարդն ինչպե՞ս կարող էր»։ Աստծու գործը բնականոն է և ոչ մի կաթիլ գերբնական չէ. Սուրբ Հոգին գործում է միայն քո ակտիվ որոնումների միջոցով, քանի որ Աստված չի ստիպում մարդուն. դու պետք է Աստծուն գործելու հնարավորություն տաս, և եթե դու չձգտես կամ մուտք չգործես, և եթե քո սրտում չլինի նվազագույն տենչանք, ապա Աստված գործելու ոչ մի հնարավորություն չի ունենա։ Ո՞ր ուղով կարող ես դու ձգտել Աստծու հպմանը։ Աղոթքի և Աստծուն մոտենալու միջոցով։ Բայց ամենակարևորը՝ հիշի՛ր, դա պետք է լինի Աստծու ասած խոսքերի հիման վրա։ Երբ Աստված հաճախ է քեզ հպվի, դու այլևս կաշկանդված չես լինի մսեղիով. ամուսինը, կինը, երեխաները և փողը՝ նրանք բոլորն անկարող կլինեն կաշկանդել քեզ, և դու միայն կցանկանաս ձգտել ճշմարտությանն ու ապրել Աստծու առաջ։ Այդժամ դու կլինես մեկը, ով ապրում է ազատության տիրույթում։