Փորձառության մասին
Պետրոսն իր փորձառությունների ընթացքում հարյուրավոր փորձությունների բախվեց։ Թեև այսօրվա մարդիկ տեղյակ են «փորձություն» տերմինի մասին, նրանք շփոթված են դրա ճշմարիտ իմաստի և հանգամանքների հարցում։ Աստված կոփում է մարդկանց վճռականությունը, զտում նրանց հավատն ու կատարելագործում նրանց ամեն մի մասը, և սա հիմնականում ձեռք է բերվում փորձությունների միջոցով, որոնք նաև Սուրբ Հոգու թաքնված գործն են։ Թվում է, թե Աստված լքել է մարդկանց, ուստի, եթե նրանք զգույշ չլինեն, այս փորձությունները կդիտարկեն որպես Սատանայի գայթակղություններ։ Իրականում շատ փորձություններ կարող են համարվել գայթակղություններ, և սա այն սկզբունքն ու կանոնն է, որով Աստված գործում է։ Եթե մարդիկ իսկապես ապրեն Աստծու ներկայության մեջ, նրանք նման բաները կհամարեն Աստծուց տրված փորձություններ և և թույլ չեն տա, որ դրանք աննկատ հեռանան։ Եթե մեկն ասում է՝ քանի որ Աստված իր հետ է, Սատանան անշուշտ չի մոտենա իրեն, դա լիովին ճիշտ չէ։ Եթե այդպես լիներ, ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ Հիսուսը բախվեց գայթակղությունների այն բանից հետո, երբ Նա քառասուն օր ծոմ պահեց անապատում։ Ուստի, եթե մարդիկ իսկապես ճիշտ ձևավորեն իրենց հայացքները Աստծու հանդեպ հավատքի վերաբերյալ, նրանք շատ բաներ շատ ավելի հստակ կտեսնեն, և նրանց հասկացողությունը չի խեղաթյուրվի։ Եթե մեկն իսկապես վճռականություն ունի, որ Աստված իրեն կատարյալ դարձնի, նա պետք է իրեն հանդիպող բոլոր հարցերին մոտենա շատ տարբեր անկյուններից՝ չթեքվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ։ Եթե Աստծու գործի մասին ճանաչողություն չունես, չես իմանա ինչպես համագործակցել Նրա հետ։ Եթե չգիտես Աստծու գործի սկզբունքները և տեղյակ չես, թե ինչպես է Սատանան գործում մարդու վրա, կիրարկման ուղի չես ունենա։ Միայն եռանդուն ձգտումը թույլ չի տա քեզ հասնել Աստծու կողմից պահանջվող արդյունքներին։ Փորձառաբար ապրելու այդպիսի միջոցը նման է Լոուրենսի միջոցին՝ բացարձակապես զանազանություն չունենալուն և միայն փորձառության վրա կենտրոնանալուն՝ լիովին անտեղյակ լինելով, թե որն է Սատանայի գործը, որն է Սուրբ Հոգու գործը, ինչ վիճակում է մարդն առանց Աստծու ներկայության, և ինչպիսի մարդկանց է Աստված ցանկանում կատարելագործել։ Թե ինչ սկզբունքներ է անհրաժեշտ որդեգրել տարբեր տեսակի մարդկանց հետ գործ ունենալիս, ինչպես ընկալել Աստծու մտադրությունները ներկայում, ինչպես ճանաչել Աստծու բնույթը, և թե որ մարդկանց, հանգամանքների ու դարաշրջանի վրա են ուղղված Աստծու ողորմությունը, մեծափառությունն ու արդարությունը, նա այս ամենի մեջ ոչ մի զանազանություն չունի։ Եթե մարդիկ չունեն բազմաթիվ տեսիլքներ՝ որպես հիմք իրենց փորձառությունների համար, ապա կյանքի մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ փորձառության մասին՝ առավել ևս։ Նրանք պարզապես հիմարաբար շարունակում են հնազանդվել և հանդուրժել ամեն ինչ։ Այսպիսի մարդկանց շատ դժվար է կատարյալ դարձնել։ Կարելի է ասել, որ եթե վերը նշված տեսիլքներից ոչինչ չունես, սա բավարար ապացույց է, որ բթամիտ մարդ ես, նման ես աղե սյանը, որը մշտապես կանգնած է Իսրայելում։ Այսպիսի մարդիկ անօգուտ են, ոչ մի բանի պիտանի չե՛ն։ Որոշ մարդիկ միայն կուրորեն են հնազանդվում․ նրանք միշտ ճանաչում են իրենք իրենց և նոր հարցեր լուծելիս միշտ օգտագործում են աշխարհի հետ գործ ունենալու իրենց սեփական եղանակները կամ օգտագործում են «իմաստություն» հիշատակման ոչ արժանի աննշան հարցեր լուծելու համար։ Այսպիսի մարդիկ զուրկ են զանազանությունից, և կարծես նրանց բնույթն է համակերպվել ճնշված լինելուն, և նրանք միշտ նույնն են. երբեք չեն փոխվում։ Այսպիսի մարդիկ բթամիտ են, որոնք զուրկ են անգամ նվազագույն զանազանությունից։ Նրանք չգիտեն ինչպես հանգամանքներին կամ տարբեր մարդկանց համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Այսպիսի մարդիկ փորձառություն չունեն։ Ես տեսել եմ որոշ մարդկանց, որոնք այն աստիճան են ճանաչում իրենք իրենց, որ երբ տեսնում են նրանց, ում մեջ չար ոգիներ են գործում, միևնույն է, խոնարհում են իրենց գլուխներն ու ընդունում մեղադրանքը՝ չհամարձակվելով ոտքի կանգնել և դատապարտել նրանց։ Իսկ երբ բախվում են Սուրբ Հոգու ակնհայտ գործին, չեն համարձակվում հնազանդվել։ Հավատում են, որ չար ոգիները նույնպես Աստծու ձեռքերում են, և չունեն անգամ նվազագույն քաջություն՝ ոտքի կանգնելու և դիմակայելու նրանց։ Այսպիսի մարդիկ ամոթ են բերում Աստծուն և լիովին անկարող են ծանր հոգս կրել Նրա համար։ Այսպիսի բթամիտ մարդիկ չեն դրսևորում անգամ նվազագույն զանազանություն։ Ուստի փորձառաբար ապրելու նման միջոցը պետք է հեռացվի, քանզի այն անընդունելի է Աստծու աչքերում։
Աստված իսկապես շատ գործ է անում մարդկանց վրա՝ երբեմն փորձելով նրանց, երբեմն միջավայրեր ստեղծելով նրանց կոփելու համար, և երբեմն խոսքեր ասելով՝ նրանց ուղղորդելու և թերությունները շտկելու համար։ Երբեմն Սուրբ Հոգին մարդկանց առաջնորդում է Աստծու կողմից նրանց համար պատրաստված միջավայրեր, և նրանք անգիտակցաբար հայտնաբերում են շատ բաներ, որոնք իրենց մեջ բացակայում են։ Մարդկանց ասածների ու արարքների, ինչպես նաև նրանց վարքագծի և վերբերմունքի միջոցով, առանց նրանց գիտակցելու, Սուրբ Հոգին լուսավորություն է բերում նրանց շատ հարցերում, որոնք նախկինում չէին հասկանում՝ թույլ տալով ավելի հստակ տեսնել շատ իրողություններ ու մարդկանց, և նրանք անգիտակցաբար թափանցում են շատ բաների մեջ, որոնցից նախկինում անտեղյակ էին։ Երբ գործ ես ունենում աշխարհի հետ, աստիճանաբար սկսում ես զանազանել աշխարհի իրողությունները, և նախքան վախճանիդ հասնելը, հանգում ես այս եզրակացության․ «Իսկապես դժվար է մարդ լինելը»։ Եթե որոշ ժամանակ անցկացնես՝ փորձառաբար ապրելով Աստծու առաջ, և հասկանաս Աստծու գործն ու Նրա բնույթը, անգիտակցաբար մեծ ներըմբռնում ձեռք կբերես, և հասակդ աստիճանաբար կաճի։ Ավելի հստակ կտեսնես շատ հոգևոր բաներ և հատկապես ավելի հստակ կհասկանաս Աստծու գործը։ Կընդունես Աստծու խոսքերը, Աստծու գործը, Աստծու յուրաքանչյուր արարքը, Աստծու բնույթը և այն, ինչ Աստված ունի և է՝ որպես սեփական կյանքդ։ Եթե արածդ ընդամենն աշխարհում թափառելն է, թևերդ ավելի ու ավելի կամրանան, և Աստծու հանդեպ դիմակայությունդ ավելի ու ավելի կմեծանա․ այդ դեպքում ինչպե՞ս կարող է Աստված օգտագործել քեզ։ Քանի որ մեջդ չափազանց շատ է «իմ կարծիքով»-ը, Աստված չի օգտագործում քեզ։ Որքան շատ լինես Աստծու ներկայությամբ, այնքան ավելի շատ փորձառություններ կունենաս։ Եթե դեռ ապրում ես աշխարհում գազանի պես՝ բերանովդ Աստծու հանդեպ հավատ դավանելով, բայց սիրտդ այլ տեղ է, և եթե դեռ ուսումնասիրում ես աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններ, ապա մի՞թե բոլոր նախկին ջանքերդ զուր չեն լինի։ Հետևաբար, որքան շատ են մարդիկ Աստծու առաջ, այնքան ավելի հեշտ են նրանք կատարելագործվում Աստծու կողմից։ Սա այն ուղին է, որով Սուրբ Հոգին կատարում է Իր գործը։ Եթե չհասկանաս սա, քեզ համար անհնար կլինի ոտք դնել ճիշտ ուղու վրա, և Աստծու կողմից կատարելագործվելը բացառված կլինի։ Չես կարողանա ունենալ բնականոն հոգևոր կյանք։ Դա կլինի այնպես, ասես հաշմանդամ ես, և կունենաս միայն սեփական տքնաջան աշխատանքդ և ոչինչ՝ Աստծու գործից։ Մի՞թե սա սխալ չէ փորձառաբար ապրելուդ մեջ։ Միայն աղոթելը դեռ պարտադիր չի նշանակում, որ Աստծու ներկայությամբ ես։ Երբեմն Աստծու մասին խորհելիս կամ Նրա գործի շուրջ խորհրդածելիս, երբեմն որևէ հարց լուծելիս, և երբեմն որևէ իրադարձության մեջ բացահայտվելու միջոցով է, որ գալիս ես Աստծու ներկայության մեջ։ Մարդկանց մեծ մասն ասում է․ «Մի՞թե ես Աստծու ներկայությամբ չեմ, քանի որ հաճախ եմ աղոթում»։ Շատ մարդիկ անվերջ աղոթում են «Աստծու ներկայությամբ»։ Թեև աղոթքները կարող են միշտ նրանց շուրթերին լինել, նրանք իրականում չեն ապրում Աստծու ներկայությամբ։ Սա միակ միջոցն է, որով նման մարդիկ կարող են պահպանել իրենց վիճակներն Աստծու առաջ․ նրանք լիովին անկարող են օգտագործել իրենց սրտերն Աստծու հետ մշտապես շփվելու համար, և ի վիճակի չեն գալու Աստծու առաջ՝ փորձառաբար ապրելու միջոցով, լինի դա խորհրդածելու, լուռ խորհելու, թե իրենց սրտերն օգտագործելու եղանակով՝ իրենց սրտերում եղած Աստծու հետ շփվելու համար՝ հաշվի առնելով Աստծու հոգսը։ Նրանք պարզապես իրենց բերաններով աղոթքներ են մատուցում երկնքում գտնվող Աստծուն։ Մարդկանց մեծ մասի սրտերը զուրկ են Աստծուց, և Աստված այնտեղ է միայն այն ժամանակ, երբ նրանք մոտենում են Նրան. ժամանակի մեծ մասն Աստված ընդհանրապես այնտեղ չէ։ Մի՞թե սա սրտում Աստված չունենալու դրսևորում չէ։ Եթե նրանք իսկապես Աստծուն ունենային իրենց սրտերում, կարո՞ղ էին անել այն բաները, որ անում են ավազակներն ու գազանները։ Եթե մարդն իսկապես երկյուղում է Աստծուց, նա իր ճշմարիտ սիրտը կբերի Աստծու հետ շփման, և նրա մտքերն ու գաղափարները միշտ զբաղված կլինեն Աստծու խոսքերով։ Նա սխալներ թույլ չի տա ո՛չ խոսքում, ո՛չ գործում, և չի անի որևէ բան, որն ակնհայտորեն դիմակայում է Աստծուն։ Այսպիսին է հավատացյալ լինելու չափանիշը։