Աստծու գործի քայլերի մասին
Արտաքուստ թվում է, թե Աստծու ներկայիս գործի քայլերն արդեն ավարտվել են, և մարդն արդեն փորձառաբար ապրել է Աստծու խոսքերի դատաստանը, պատիժը, հարվածն ու զտումը և անցել է այնպիսի փուլերով, ինչպիսիք են ծառայություն մատուցողների փորձությունը, պատժի ժամանակաշրջանի զտումը, մահվան փորձությունը, հակադրությունների փորձությունը և Աստծուն սիրելու ժամանակաշրջանը։ Սակայն, չնայած յուրաքանչյուր փուլում կրած բազում զրկանքներին, մարդիկ շարունակում են անտեղյակ մնալ Աստծու մտադրություններին։ Դիտարկենք, օրինակ, ծառայություն մատուցողների փորձությունը․ նրանց համար դեռևս անհասկանալի է, թե ինչ շահեցին, ինչ ճանաչեցին, և ինչ արդյունքի էր ցանկանում հասնել Աստված։ Նայելով Աստծու գործի արագությանը՝ մարդը բոլորովին անկարող է այսօրվա արագությանը համընթաց քայլել։ Սա ցույց է տալիս, որ Աստված նախ մարդուն բացահայտում է Իր գործի այս քայլերը, և որ Նա պարտավոր չէ քայլերից որևէ մեկում հասնել մարդու համար երևակայելի մակարդակի, այլ լույս է սփռում խնդրի վրա։ Որպեսզի Աստված կատարելագործի մեկին այնպես, որ նա իսկապես ձեռք բերվի Իր կողմից, Նա պետք է իրականացնի վերոնշյալ բոլոր քայլերը։ Այս գործն անելու նպատակն է ցույց տալ, թե ինչ քայլեր պետք է իրականացնի Աստված՝ մի խումբ մարդկանց կատարելագործելու համար։ Այսպիսով՝ արտաքուստ Աստծու գործի քայլերն ավարտվել են, բայց, ըստ էության, Նա նոր է պաշտոնապես սկսել մարդկանց կատարելագործելը։Մարդիկ պետք է հստակ գիտակցեն սա․ ավարտվել են Նրա գործի քայլերը, բայց բուն գործը չի հասել իր ավարտին։Սակայն իրենց պատկերացումներում մարդիկ կարծում են, թե Աստծու գործի բոլոր քայլերը բացահայտվել են մարդուն, ուստի կասկած լինել չի կարող, որ Աստծու գործն ավարտվել է։ Այս տեսակետը միանգամայն սխալ է։ Աստծու գործը հակասում է մարդու պատկերացումներին և ամեն առումով հակահարված է տալիս այդ պատկերացումներին. Աստծու գործի քայլերը հատկապես անհամատեղելի են մարդու պատկերացումների հետ։ Այս ամենը ցույց է տալիս Աստծու իմաստությունը։ Պարզ է, որ մարդու պատկերացումներն ամեն քայլափոխի բախվում են Աստծու գործին, և Աստված հակահարված է տալիս այն ամենին, ինչ մարդը երևակայում է։ Սա ներըմբռնում է, որը գալիս է իրական փորձառություններից։ Բոլորը մտածում են, որ Աստված չափազանց արագ է գործում, որ Աստծու գործն ավարտվում է, նախքան իրենք կհասցնեն գիտակցել, նախքան որևէ հասկացողություն ձեռք կբերեն, և մինչ իրենք դեռևս շփոթության մեջ են, և որ Նրա գործի յուրաքանչյուր քայլում հենց այդպես է։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե Աստված խաղում է մարդկանց հետ, բայց դա Նրա գործի մտադրությունը չէ։ Նրա գործելաոճը խորը մտորումների գործընթաց է․ սկզբում ասես ձիով սլանալիս հայացք է նետում ծաղիկներին, ապա խորանում է մանրուքների մեջ և լրջանում, ինչն անակնկալի է բերում մարդկանց։ Մարդիկ փորձում են անփութորեն վարվել Աստծու հետ՝ մտածելով, որ եթե պարզապես ձևականորեն ինչ-որ քայլեր անեն՝ որոշակի մակարդակի հասնելու համար, Աստված կգոհանա։ Իրականում,ինչպե՞ս կարող էր Աստված գոհանալ մարդկանց սոսկ ձևական գործողություններով։ Լավագույն արդյունքի հասնելու համար Աստված գործում է՝ մարդկանց անակնկալի բերելով, հարվածելով այն պահին, երբ նրանք պատրաստ չեն. սա նրանց ավելի խոր ճանաչողություն է տալիս Նրա իմաստության մասին և ավելի մեծ հասկացողություն՝ Նրա արդարության, մեծափառության և անվիրավորելի բնույթի մասին։
Այսօր Աստված պաշտոնապես սկսել է մարդու կատարելագործումը։Կատարելագործվելու համար մարդիկ պետք է ենթարկվեն Նրա խոսքերի բացահայտմանը, դատաստանին և պատժին, նրանք պետք է փորձառաբար ապրեն Նրա խոսքերի փորձություններն ու զտումը (ինչպես, օրինակ, ծառայություն մատուցողների փորձությունը) և պետք է կարողանան դիմակայել մահվան փորձությանը։ Սա նշանակում է, որ Աստծու դատաստանի, պատժի և փորձությունների մեջ նրանք, ովքեր ճշմարտապես հետևում են Աստծու կամքին, ի վիճակի են սրտանց փառաբանելու Աստծուն, լիովին հնազանդվելու և ապստամբելու սեփական անձի դեմ՝ այդպիսով սիրելով Աստծուն անկեղծ, անբաժան և մաքուր սրտով. այսպիսին է կատարյալ մարդը, և սա հենց այն գործն է, որն Աստված մտադիր է անել և որ անպայման կիրագործի։ Մարդիկ չպետք է հապճեպ եզրակացություններ անեն այն մեթոդի վերաբերյալ, որով Աստված գործում է։ Նրանք պետք է միայն ձգտեն կյանքի մուտքին։ Սա է ամենաէականը։ Անընդհատ մի՛ քննեք Աստծու աշխատանքի մեթոդը. սա միայն կխոչընդոտի ձեր ապագա հեռանկարները։ Որքա՞նով ես տեսել Աստծու գործելակերպը։ Որքա՞ն հնազանդ ես եղել։ Որքանո՞վ ես շահել Նրա գործի յուրաքանչյուր մեթոդից։ Պատրա՞ստ ես կատարելագործվել Աստծու կողմից։ Ցանկանո՞ւմ ես դառնալ կատարյալ մարդ։ Սա է այն ամենը, որ դուք պետք է հստակ հասկանաք և իրագործեք։