Կիրարկում (6)

Այսօր, էլ չեմ ասում Պետրոսի ունեցած ողջամտությանը հասնելու մասին. շատերը չեն կարողանում հասնել անգամ Պողոսի ունեցած ողջամտությանը։ Նրանք չունեն անգամ Պողոսի ինքնագիտակցությունը։ Թեև Տերը տապալեց Պողոսին, քանի որ հալածում էր Տեր Հիսուսին, հետագայում նա վճռականություն ունեցավ աշխատելու և տառապելու Տիրոջ համար։ Հիսուսը նրան հիվանդություն տվեց, և հետագայում, երբ Պողոսը սկսեց կատարել իր աշխատանքը, նա շարունակեց տառապել այդ հիվանդությամբ։ Ինչո՞ւ նա ասաց, որ իր մարմնի մեջ փուշ ունի։ Փուշն իրականում հիվանդությունն էր, և Պողոսի համար դա ճակատագրական թուլություն էր։ Անկախ նրանից, թե որքան աշխատանք էր անում կամ որքան մեծ էր նրա տառապելու վճռականությունը՝ նա չէր կարողանում ազատվել այդ փշից։ Սակայն Պողոսը շատ ավելի լավ որակ ուներ, քան դուք՝ այսօրվա մարդիկդ, նաև ինքնագիտակցություն ուներ ու օժտված էր ավելի շատ ողջամտությամբ, քան դուք։ Այն բանից հետո, երբ Հիսուսը տապալեց Պողոսին, նա դադարեց հալածել Հիսուսի աշակերտներին և սկսեց քարոզել ու տառապել Հիսուսի համար։ Իսկ ի՞նչը ոգեշնչեց նրան՝ դիմանալու տառապանքներին։ Պողոսը հավատում էր, որ քանի որ տեսել էր մեծ լույսը, պետք է վկայություն կրեր Տեր Հիսուսի համար, այլևս չպետք է հալածեր Հիսուսի աշակերտներին և այլևս չպետք է հակադրվեր Աստծու գործին։ Պողոսը կրոնի բարձրաստիճան դեմքերից մեկն էր։ Շատ բանիմաց էր և շնորհալի, արհամարհանքով էր նայում հասարակ մարդկանց և ուներ ավելի ուժեղ անհատականություն, քան շատերը։ Բայց այն բանից հետո, երբ «մեծ լույսը» շողաց նրա վրա, նա կարողացավ աշխատել Տեր Հիսուսի համար, վճռականություն դրսևորել՝ տառապելու Աստծու համար և մատուցելու իրեն Աստծուն, ինչն ապացուցեց, որ տիրապետում էր ողջամտությանը։ Այն ժամանակ, երբ նա հալածում և ձերբակալում էր Հիսուսի աշակերտներին, Հիսուսը հայտնվեց նրան և ասաց. «Պողո՛ս, ինչո՞ւ ես հալածում Ինձ»։ Պողոսն անմիջապես ընկավ գետնին և ասաց. «Ո՞վ ես Դու, Տե՛ր»։ Երկնքից մի ձայն ասաց՝ «Ես Հիսուսն եմ, որին հալածում ես»։ Պողոսը միանգամից արթնացավ, և միայն այդ ժամանակ իմացավ, որ Հիսուսը Քրիստոսն էր, որ Նա Աստված էր։ «Պետք է հնազանդվեմ։ Աստված ինձ այս շնորհն է տվել. այսպես հալածեցի Նրան, սակայն Նա չտապալեց ինձ, ոչ էլ անիծեց ինձ։ Պետք է տառապեմ Նրա համար»։ Պողոսը գիտակցեց, որ հալածել էր Տեր Հիսուս Քրիստոսին և այժմ սպանում էր Նրա աշակերտներին, որ Աստված չէր անիծել նրան, այլ Իր լույսն էր սփռել նրա վրա։ Սա ոգեշնչեց նրան, և նա ասաց. «Թեև ես չնայեցի Նրա դեմքին, լսեցի Նրա ձայնը և տեսա Նրա մեծ լույսը։ Միայն հիմա եմ իսկապես տեսնում, որ Աստված իրոք սիրում է ինձ, և որ Տեր Հիսուս Քրիստոսն իսկապես այն Աստվածն է, որ ողորմում է մարդուն և հավիտյան ներում մարդու մեղքերը։ Իսկապես տեսնում եմ, որ մեղավոր եմ»։ Թեև Աստված հետագայում օգտագործեց Պողոսի շնորհները՝ աշխատելու գործելու համար, եկեք առայժմ անտեսենք դա. զուտ Պողոսի ունեցած վճռականության, նրա բնականոն մարդկային ողջամտության և նրա ինքնագիտակցության առումով՝ այս բոլորը բաներ են, որոնք վեր են ձեզնից։ Մի՞թե այսօր բոլորդ շատ լույս չեք ստացել։ Մի՞թե շատերը չեն տեսել, որ Աստծու բնույթը մեծափառության, ցասման, դատաստանի և հանդիմանության բնույթ է։ Անեծքներ, փորձություններ և զտում բազմիցս հասել են մարդկանց, և ի՞նչ են սովորել։ Ի՞նչ ես ձեռք բերել կարգավարժվելուց և էտվելուց։ Խիստ խոսքեր, հարվածներ և դատաստան բազմիցս հասել են քեզ, սակայն ուշադրություն չես դարձնում դրանց։ Դու չունես անգամ այն փոքրիկ ողջամտությունը, որին Պողոսն էր տիրապետում. մի՞թե ծայրաստիճան հետամնաց չես։ Կային նաև շատ բաներ, որոնք Պողոսը հստակ չէր տեսնում։ Գիտեր միայն, որ լույսը սփռվել էր իր վրա, բայց անտեղյակ էր, որ իրեն տապալել էին. անձամբ հավատում էր, որ այն բանից հետո, երբ լույսը սփռվեց իր վրա, նա պետք է ծախսվեր Աստծու համար, տառապեր Աստծու համար, աներ ամեն ինչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի համար ճանապարհ հարթելու և ավելի շատ մեղավորների ձեռք բերելու նպատակով, որոնց Տերը ցանկանում էր փրկագնել։ Սա էր նրա վճռականությունը և նրա աշխատանքի միակ նպատակը, բայց երբ աշխատում էր, հիվանդությունը դեռ չէր լքում նրան՝ ընդհուպ մինչև նրա մահը։ Պողոսն աշխատեց ավելի քան քսան տարի։ Շատ տառապեց և փորձառաբար ապրեց մեծ հալածանք ու բազում նեղություններ, թեև, իհարկե, դրանք շատ ավելի քիչ էին, քան Պետրոսի փորձությունները։ Որքա՜ն ողորմելի է, եթե օժտված չեք անգամ այն ողջամտությամբ, որն ուներ Պողոսը։ Այս պարագայում ինչպե՞ս կարող էր Աստված է՛լ ավելի մեծ գործ սկսել ձեր վրա։

Ավետարանը քարոզելիս Պողոսը շատ էր տառապում։ Նրա կատարած աշխատանքը, այն ժամանակվա նրա վճռականությունը, հավատը, նվիրվածությունը, սերը, համբերությունն ու խոնարհությունը և շատ այլ արտաքին բաներ, որոնք նա կյանքով արտահայտեց, ավելի բարձր էին, քան ձերը՝ այսօրվա մարդկանցդ։ Ավելի լուրջ ասած՝ դուք չունեք որևէ բնականոն ողջամտություն, չունեք անգամ որևէ խիղճ կամ մարդկայնություն։ Ձեզ այնքա՜ն շատ բան է պակասում։ Ուստի շատ ժամանակ, այն ամենում, ինչ կյանքով արտահայտում եք, հնարավոր չէ գտնել բնականոն ողջամտություն և ինքնագիտակցության որևէ նշան։ Թեև Պողոսն այն ժամանակ տառապում էր մարմնական հիվանդությամբ, շարունակ աղոթում և փնտրում էր. «Իրականում ի՞նչ է այս հիվանդությունը։ Այսքան աշխատանք եմ կատարել Տիրոջ համար, ինչո՞ւ այս տառապանքը չի թողնում ինձ։ Գուցե Տեր Հիսուսը փորձո՞ւմ է ինձ։ Մի՞թե Նա տապալել է ինձ։ Եթե տապալած լիներ ինձ, այն ժամանակ կմեռնեի և անկարող կլինեի այսքան աշխատանք կատարել Նրա համար, ոչ էլ կկարողանայի այսքան լույս ստանալ։ Նա նաև գիտակցեց իմ վճռականությունը»։ Պողոսը միշտ զգում էր, որ այս հիվանդությունն Աստծու կողմից իրեն փորձելն էր, որ այն կոփում էր իր հավատն ու կամքի ուժը. այսպես էր Պողոսը տեսնում դա։ Իրականում նրա հիվանդությունն այն բանի հետևանքն էր, երբ Տեր Հիսուսը տապալեց նրան։ Դա նրա վրա զգացմունքային ճնշում գործադրեց և զսպեց նրա ապստամբությունը։ Եթե հայտնվեիք Պողոսի հանգամանքներում, ի՞նչ կանեիք։ Կարո՞ղ էին արդյոք ձեր վճռականությունն ու տառապելու ունակությունը համեմատվել Պողոսի ունեցածի հետ։ Այսօր, եթե որևէ հիվանդություն պատուհասի ձեզ, կամ մեծ փորձության միջով անցնեք, և ձեզ ստիպեն տառապել, ո՞վ գիտի, թե ինչպիսին կլինեք։ Եթե ձեզ փակեին թռչնավանդակում և մշտապես ապահովեին, լավ կլինեիք։ Հակառակ դեպքում պարզապես գայլերի պես կլինեիք՝ զուրկ որևէ մարդկայնությունից։ Ուստի, երբ մի փոքր զսպվածություն կամ նեղություն եք կրում, դա լավ է ձեզ համար. եթե ձեզ հանգիստ կյանք տրվեր, կկործանվեիք, և այն ժամանակ ինչպե՞ս կարող էիք պաշտպանված լինել։ Այսօր հենց այն պատճառով, որ դուք հանդիմանվում, դատվում և անիծվում եք, ձեզ պաշտպանություն է տրվում։ Հենց այն պատճառով է, որ շատ եք տառապել, դուք պաշտպանված եք։ Եթե ոչ, վաղուց ընկած կլինեիք անբարոյականության մեջ։ Սա միտումնավոր կերպով ձեզ համար դժվարություններ ստեղծել չէ. մարդու բնությունը դժվար է փոխել, և նրա խառնվածքը փոխելու համար պետք է այսպես լինի։ Այսօր դուք չունեք անգամ այն խիղճն ու ողջամտությունը, որն ուներ Պողոսը, ոչ էլ ունեք նրա ինքնագիտակցությունը։ Ձեզ միշտ պետք է վերահսկողության տակ պահել, և միշտ պետք է հանդիմանվեք ու դատվեք, որպեսզի ձեր հոգիներն արթնանան։ Հանդիմանությունն ու դատաստանը լավագույնն են ձեր կյանքի համար։ Եվ երբ անհրաժեշտ է, պետք է լինի նաև ձեզ հանդիպող փաստերի հանդիմանությունը. միայն այդ ժամանակ լիովին կենթարկվեք։ Ձեր բնությունն այնպիսին է, որ առանց հանդիմանության և անեծքի չէիք կամենա խոնարհել ձեր գլուխները, չէիք կամենա ենթարկվել։ Եթե փաստերը ձեր աչքի առաջ չլինեին, ոչ մի արդյունք չէր լինի։ Չափազա՜նց ստոր և անարժեք եք ձեր բնավորությամբ։ Առանց հանդիմանության և դատաստանի դժվար կլիներ ձեզ նվաճել և դժվար կլիներ հաղթահարել ձեր անարդարությունն ու անհնազանդությունը։ Ձեր հին բնությունն այնքան խորն է արմատավորված։ Եթե ձեզ գահի վրա նստեցնեին, դուք չէիք իմանա ձեր տեղը տիեզերքում, առավել ևս՝ թե ուր էիք գնում։ Դուք անգամ չգիտեք, թե որտեղից եք եկել, ուստի ինչպե՞ս կարող էիք ճանաչել Արարչին։ Առանց այսօրվա ժամանակին տրվող հանդիմանության և անեծքների՝ ձեր վերջին օրը վաղուց եկած կլիներ։ Էլ չեմ ասում ձեր ճակատագրի մասին. մի՞թե այն է՛լ ավելի վերահաս վտանգի տակ չէր լինի։ Առանց այս ժամանակին տրվող հանդիմանության և դատաստանի՝ ո՞վ գիտի, թե որքան ամբարտավան կամ որքան անբարոյական կդառնայիք։ Այս հանդմանությունն ու դատաստանն են ձեզ հասցրել մինչև այսօր, և դրանք են պահպանել ձեր գոյությունը։ Եթե ձեզ դեռևս «կրթեին» նույն մեթոդներով, ինչ ձեր «հոր» մեթոդներն էին, ո՜վ գիտի, թե ինչ ոլորտ մուտք կգործեիք։ Դուք բացարձակապես ունակ չեք վերահսկելու և խորհելու ինքներդ ձեր մասին։ Ձեզ պես մարդկանց համար, եթե պարզապես կարողանաք հետևել, հնազանդվել, չխաթարել և չանհանգստացնել, Իմ նպատակները կիրագործվեն։ Մի՞թե չպետք է ավելի լավ ընդունեք այսօրվա հանդիմանությունն ու դատաստանը։ Ուրիշ ի՞նչ ընտրություն ունեք։ Երբ Պողոսը տեսավ Տեր Հիսուսին խոսելիս և գործելիս, դեռ չէր հավատում։ Հետագայում, այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը խաչվեց և ապա հարություն առավ, նա գիտեր այս փաստը, սակայն շարունակեց հալածել և հակադրվել։ Հենց սա է նշանակում կանխամտածված մեղանչելը, և այսպես նա տապալվեց։ Սկզբում նա գիտեր, որ հրեաների մեջ կար մի Թագավոր, որին կոչում էին Հիսուս. նա լսել էր այդ մասին։ Հետագայում, երբ քարոզներ էր կարդում տաճարում և քարոզում ողջ երկրով մեկ, նա դուրս եկավ Հիսուսի դեմ՝ գերազանցություն դրսևորելով և հրաժարվելով ենթարկվել որևէ մարդու։ Այս բաներն այն ժամանակ հսկայական խոչընդոտ դարձան գործի համար։ Երբ Հիսուսը գործում էր, Պողոսն ուղղակիորեն չէր հալածում և ձերբակալում մարդկանց, այլ օգտագործում էր քարոզչությունն ու խոսքերը՝ Հիսուսի գործը քանդելու համար։ Հետագայում, այն բանից հետո, երբ Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց, նա սկսեց ձերբակալել աշակերտներին՝ շտապելով տեղից տեղ և անելով ամեն ինչ՝ նրանց հալածելու համար։ Միայն այն բանից հետո, երբ «լույսը» շողաց նրա վրա, նա արթնացավ և փորձառաբար խորը զղջում ապրեց։ Տապալվելուց հետո նրա հիվանդությունը երբեք չլքեց նրան։ Երբեմն զգում էր, որ իր տառապանքն ավելի է վատացել, և ի վիճակի չէր վեր կենալ անկողնուց։ Նա մտածում էր. «Ի՞նչ է կատարվում։ Մի՞թե ես իսկապես տապալվել եմ»։ Հիվանդությունը երբեք չլքեց նրան, և հենց այս հիվանդության պատճառով էր, որ շատ աշխատանք կատարեց։ Կարելի է ասել, որ Հիսուսն այս հիվանդությունը դրեց Պողոսի մեջ նրա ամբարտավանության և ինքնակամության պատճառով. Պողոսի համար դա պատիժ էր, բայց դա արվեց նաև Աստծու գործում Պողոսի շնորհներն օգտագործելու համար, որպեսզի Նրա գործը կարողանար տարածվել։ Իրականում, Աստծու մտադրությունը Պողոսին փրկելը չէր, այլ նրան օգտագործելը։ Սակայն Պողոսի խառնվածքը չափազանց գոռոզ և ինքնակամ էր, և ուստի նրա մեջ «փուշ» դրվեց։ Ի վերջո, երբ Պողոսն ավարտեց իր աշխատանքը, հիվանդությունն այլևս այդքան մեծ տանջանք չէր նրա համար, և երբ նրա աշխատանքը մոտենում էր ավարտին, նա կարողացավ ասել այս խոսքերը. «Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը», ինչն ասաց, որովհետև չգիտեր Աստծու գործը։ Ձեր մեջ շատերը կան Պողոսի պես, բայց եթե իսկապես ունեք վճռականություն՝ մինչև վերջ հետևելու ճանապարհին, ձեզ հետ վատ չեն վարվի։ Այստեղ չենք քննարկի այն ուղիները, որոնցով Պողոսն ապստամբ և դիմակայող էր։ Եկե՛ք կենտրոնանանք նրա այն մասի վրա, որը դրական էր և ցանկալի. նա խիղճ ուներ, և մեկ անգամ «լույսը» ստանալուց հետո կարողացավ իրեն նվիրել Աստծուն և տառապել Աստծու համար։ Սա նրա ուժեղ կողմն էր։ Սակայն, եթե կան մարդիկ, ովքեր հավատում են, որ քանի որ նա ուներ ուժեղ կողմ, օրհնված էր, եթե կարծում են, որ պարտադիր չէր, որ նա հանդիմանված լիներ, ապա սրանք բանականությունից զուրկ մարդկանց խոսքեր են։

Աստծու խոսքերն աղոթելիս և կարդալիս շատ մարդիկ ասում են, որ պատրաստ են հնազանդվել Աստծուն, բայց հետո առանձնության մեջ զեխ են դառնում և դա կարևոր չեն համարում։ Աստծու խոսքերը խոսվում են նորից ու նորից՝ մերկացնելով մարդկանց շերտ առ շերտ, և միայն այն ժամանակ, երբ մարդկանց ամենաստորին շերտն է մերկացվում, նրանք իսկապես «խաղաղություն են գտնում» և դառնում պակաս գոռոզ ու ինքնակամ, պակաս անտանելիորեն ամբարտավան։ Ձեր այսօրվա վիճակներով դեռ պետք է անխնա հարվածներ ստանաք և մերկացվեք ու դատվեք մաս առ մաս, որպեսզի շունչ քաշելու հնարավորություն չունենաք։ Ձեզ համար ավելի լավ է, որ խիստ հանդիմանությունն ու դատաստանը չլքեն ձեզ, և որ դատապարտումն ու անեծքները չհեռանան ձեզնից՝ թույլ տալով ձեզ տեսնել, որ Աստծու կառավարչական հրամանագրերի ձեռքը երբեք չի հեռանում ձեզնից։ Ճիշտ ինչպես Օրենքի դարաշրջանում, երբ Ահարոնը տեսավ, որ Եհովան երբեք չի լքում իրեն (այն, ինչ տեսավ, Եհովայի մշտական ուղղորդումն ու պաշտպանությունն էր. Աստծու ուղղորդումը, որ տեսնում եք այսօր, հանդիմանությունն է, անեծքները և դատաստանը), այսօր Եհովայի կառավարչական հրամանագրերի ձեռքը նույնպես չի լքում ձեզ։ Սակայն կա մի բան, որի համար կարող եք հանգիստ լինել. անկախ նրանից, թե որքան եք հակադրվում, ապստամբում և դատում, ձեր մսեղիին ոչ մի վնաս չի լինի։ Բայց եթե կան մարդիկ, ովքեր չափն անցնում են իրենց հակադրության մեջ և խոչընդոտում են գործը, սա անընդունելի է. գոյություն ունի սահման։ Մի՛ խաթարեք կամ անհանգստացրեք եկեղեցու կյանքը և մի՛ խաթարեք Սուրբ Հոգու գործը։ Մնացածի համար կարող ես անել այն, ինչ ուզում ես։ Եթե ասում ես, որ չես ուզում ձգտել կյանքի և ցանկանում ես վերադառնալ աշխարհ, ապա շտապի՛ր և գնա՛։ Կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանում եք, քանի դեռ դա չի խոչընդոտում Աստծու գործին։ Սակայն կա ևս մեկ բան, որ պետք է իմանաս. ի վերջո, նման կանխամտածված մեղավորները բոլորը դուրս կթողնվեն։ Այսօր քեզ գուցե չկշտամբեն, բայց ի վերջո մարդկանց միայն մի մասը կկարողանա վկայություն կրել, իսկ մնացած բոլորը վտանգի տակ կլինեն։ Եթե չես ցանկանում լինել այս հոսքի մեջ, դա նորմալ է։ Այսօրվա մարդկանց հետ մեղմ են վարվում. Ես չեմ սահմանափակում քեզ, պայմանով, որ չես վախենում վաղվա հանդիմանությունից։ Բայց եթե այս հոսքի մեջ ես, պետք է վկայություն կրես, և պետք է հանդիմանվես։ Եթե ուզում ես հրաժարվել դրանից և վերադառնալ աշխարհ, դա նորմալ է. ոչ ոք չի կանգնեցնում քեզ։ Բայց եթե աշխատանք ես կատարում, որը կործանարար է և անհանգստացնում է Աստծու գործը, բացարձակապես չես կարող ներվել դրա համար։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ են տեսնում քո աչքերը և լսում քո ականջներն այն մասին, թե որ մարդիկ են հանդիմանվում, և ում ընտանիքներն են անիծվում, այս ամենի համար կան սահմաններ և եզրագծեր։ Սուրբ Հոգին թեթևամտորեն չի անում բաները։ Հիմնվելով ձեր գործած մեղքերի վրա՝ եթե ձեզ հետ վարվեին և ձեզ լուրջ ընդունեին ձեր իսկ անարդարության համաձայն, ձեզնից ո՞վ կկարողանար ողջ մնալ։ Բոլորդ մեծ վշտի կհանդիպեիք, և ձեզնից ոչ ոք լավ ելք չէր ունենա։ Սակայն այսօր շատ մարդկանց հետ մեղմ են վարվում։ Թեև դատում եք, ապստամբում և հակադրվում, քանի դեռ չեք խաթարում, ժպիտով կնայեմ ձեզ։ Եթե իսկապես ձգտում եք կյանքի, ապա պետք է ենթարկվեք մի փոքր հանդիմանության և պետք է դիմանաք ձեր սիրած բաներից բաժանվելու ցավին՝ վիրահատական սեղանին պառկելու համար. պետք է դիմանաս ցավին, ճիշտ ինչպես Պետրոսն ընդունեց փորձություններն ու տառապանքը։ Այսօր դատաստանի աթոռի առաջ եք։ Ապագայում պետք է բարձրանաք «գիլյոտինի» վրա, ինչը կլինի այն ժամանակ, երբ «կզոհաբերեք» ինքներդ ձեզ։

Վերջին օրերի գործի այս վերջին փուլի ընթացքում գուցե հավատում ես, որ Աստված չի կործանի քո մսեղին, և կարելի է ասել, որ գուցե ոչ մի հիվանդություն չկրես, նույնիսկ եթե հակադրվես Նրան և դատես Նրան. բայց երբ Աստծու խիստ խոսքերը հասնեն քեզ, երբ քո ապստամբությունն ու հակադրությունը և քո տգեղ կերպարանքն ամբողջությամբ մերկացվեն, դու չես կարողանա թաքնվել և կհայտնվես շփոթության մեջ։ Այսօր դուք պետք է մի փոքր խիղճ ունենաք։ Մի՛ խաղացեք չարերի դերը, որոնք հակադրվում և ապստամբում են Աստծու դեմ։ Պետք է ապստամբես քո հին նախնու դեմ. սա է այն հասակը, որը պետք է ունենաս, և սա է այն մարդկայնությունը, որով պետք է օժտված լինես։ Միշտ անկարող ես մի կողմ դնել քո սեփական ապագա հեռանկարները կամ այսօրվա վայելքները։ Աստված ասում է. «Քանի դեռ անկեղծորեն հետևում եք Ինձ և ձգտում եք ճշմարտությանը, Ես անշուշտ կատարյալ կդարձնեմ ձեզ։ Երբ կատարյալ դարձվեք, կունենաք հրաշալի նշանակության վայր. կբերվեք Իմ թագավորություն՝ Ինձ հետ օրհնություններ վայելելու համար»։ Ձեզ հրաշալի նշանակության վայր է խոստացվել, սակայն ձեր հանդեպ պահանջները երբեք չեն կարող նվազել։ Կա նաև մի պայման։ Անկախ նրանից, թե կնվաճվեք կամ կատարյալ կդարձվեք, այսօր պետք է որոշակի հանդիմանություն կրեք և որոշակի տառապանք տանեք, պետք է ընդունեք հարվածվելն ու կարգավարժվելը, պետք է լսեք Իմ խոսքերը, հետևեք Իմ ճանապարհին և հետևեք Աստծու կամքին. սա է այն, ինչ դուք՝ մարդիկդ, պետք է անեք։ Անկախ նրանից, թե ինչպես ես ձգտում, դու պետք է հստակ լսես այս ճանապարհը։ Եթե իսկապես ունես ճշմարիտ ներըմբռնումներ, ապա կարող ես շարունակել հետևել։ Եթե հավատում ես, որ այստեղ չկան հեռանկարներ կամ հույսեր, ապա կարող ես գնալ։ Այս խոսքերը հստակ խոսվել են քեզ, բայց եթե դու ճշմարտորեն ցանկանում ես գնալ, սա ցույց է տալիս միայն, որ չունես անգամ չնչին խիղճ. քո այս գործողությունը բավական է ապացուցելու, որ դու դևից ես։ Թեև պնդում ես, թե լիովին անձնատուր ես եղել Աստծու տնօրինությանը, հիմնվելով քո մսեղիի և այն բանի վրա, ինչ կյանքով արտահայտում ես, դու դեռ ապրում ես Սատանայի իշխանության ներքո։ Թեև Սատանան նույնպես Աստծու ձեռքերում է, ինքդ դեռևս Սատանայից ես և դեռ պետք է իսկապես փրկվես Աստծու կողմից, քանի որ դեռ ապրում ես Սատանայի ազդեցության ներքո։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է ձգտես, որպեսզի փրկվես, ընտրությունը քոնն է. դու պետք է ընտրես այն ուղին, որով պետք է գնաս։ Ի վերջո, եթե կարողանաս ասել. «Ավելի լավ բան չունեմ, հատուցում եմ Աստծու սերն իմ խղճով և պետք է մի փոքր մարդկայնություն ունենամ։ Ես չեմ կարող հասնել ավելի մեծ բանի, ոչ էլ իմ որակն է այդքան բարձր. ես չեմ հասկանում տեսիլքները և Աստծու գործի նշանակությունը։ Պարզապես հատուցում եմ Աստծու սերը, անում եմ այն ամենը, ինչ Աստված խնդրում է, և անում եմ այն ամենը, ինչ կարող եմ, այսինքն՝ պատշաճ կերպով կատարում եմ իմ պարտավորությունը որպես արարած», ապա Ինձ գոհ կզգամ։ Սա ամենաբարձր վկայությունն է, որին ընդունակ ես։ Սա ամենաբարձր չափանիշն է, որ պահանջվում է մարդկանց մի մասից՝ կատարել արարածի պարտավորությունը։ Պարզապես արա այնքան, որքան կարող ես. քո հանդեպ պահանջները չափազանց բարձր չեն։ Քանի դեռ անում ես այն ամենը, ինչ կարող ես, ապա սա քո վկայությունն է։

Նախորդը.  Նվաճման գործի իրական պատմությունը (4)

Հաջորդը.  Կիրարկում (8)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger