Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (1)

Ինչու է անհրաժեշտ զանազանել կեղծ առաջնորդողներին

Այժմ, երբ ավարտել ենք հակաքրիստոսների տարբեր դրսևորումների մասին հաղորդակցվելը, այսօր կհաղորդակցվենք մի նոր թեմայի՝ կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումների մասին։ Աստծուն հավատալու այս տարիներին դուք հանդիպել եք կեղծ առաջնորդողների բոլոր տեսակի դրսևորումներին և կիրարկումներին։ Աստծու տան՝ բոլոր մակարդակներում կեղծ առաջնորդողներին հեռացնելու գործընթացում մարդկանց մեծամասնությունը քիչ թե շատ զանազանելու ունակություն է ձեռք բերում կեղծ առաջնորդողների վերաբերյալ, այսինքն՝ մարդկանց մեծամասնությունը փոքր-ինչ հասկացողություն ունի կեղծ առաջնորդողների որոշ առանձնահատուկ դրսևորումների մասին։ Բայց անկախ ձեր ըմբռնումից կամ այն բանից, թե որքան եք հասկանում, ի վերջո դա բավարար չափով կանոնավոր կամ առանձնահատուկ չէ։ Եկեղեցու ընտրությունների ժամանակ շատերը չեն հասկանում առաջնորդողներ ընտրելու սկզբունքները. թե ինչպիսի մարդու պետք է ընտրել որպես առաջնորդողի, և ինչպիսի մարդը որպես առաջնորդող կարող է եղբայրներին և քույրերին առաջնորդել դեպի Աստծու խոսքերի իրականությունը և արդյոք որպես առաջնորդող համապատասխանում է չափանիշին։ Նրանք այդքան էլ լավատեղյակ չեն կամ հստակ պատկերացում չունեն այս բաների մասին։ Նույնիսկ որոշ մոլորված և զանազանություն չունեցող մարդիկ կան, որոնք ընտրությունների ժամանակ բացահայտորեն ընտրում են կեղծ առաջնորդողների՝ ընտրելով նրան, ով նման է կեղծ առաջնորդողի, և կույր են նրա հանդեպ, ով իսկապես որակավորված է և ի վիճակի է առաջնորդող լինելու՝ ունենալով առաջնորդողի արժանիք և մարդկայնություն։ Նրանք, ովքեր հիմնովին չունեն առաջնորդողներ լինելու արժանիք և մարդկայնություն, ընտրվում են իրենց արտաքին խանդավառության կամ որոշ լավ վարքագծերի պատճառով, և այն պատճառով, որ համապատասխանում են մարդկանց՝ «լավը» լինելու պատկերացումներին, մինչդեռ նրանք, ովքեր իրականում առաջնորդելու բոլոր որակավորումներն ունեն, երբեք չեն ընտրվի։ Նրանք, ովքեր ձգտում են ուշադրության կենտրոնում լինելու և խանդավառությամբ ծախսվում են, սակայն աշխատունակություն ամենևին չունեն, միշտ կհայտնվեն ամեն տեսակ միջավայրերում՝ առանձնապես ակտիվ երևալով, և մարդկանց մեծամասնությունը կմտածի, որ նմանատիպ մարդը որակավորված է և պետք է ընտրվի։ Արդյունքն այն է, որ նման մարդիկ ընտրվելուց հետո չեն կարողանում որևէ աշխատանք ստանձնել։ Նրանք նույնիսկ ի վիճակի չեն իրականացնելու Բարձրյալի աշխատանքային կարգավորումները, ոչ էլ գիտեն, թե ինչպես դա անել։ Թեև նրանք միշտ զբաղված են այդքան խանդավառությամբ, որոշ ժամանակ առաջնորդելուց հետո եկեղեցու որևէ աշխատանքում բարելավում և աննշան առաջընթաց չի լինում, և հաճախ ստեղծվում են իրավիճակներ, երբ եկեղեցու գործը խառնաշփոթի մեջ է հայտնվում, կամ մարդիկ պառակտվում են՝ չար մարդկանց առաջացրած խափանումների կամ իշխանության յուրացման պատճառով։ Սրանք են այն հետևանքները, որոնք առաջացնում է կեղծ առաջնորդողների աշխատանքը։ Կեղծ առաջնորդողի ընտրվելուց հետո ոչ միայն եղբայրների ու քույրերի կյանքի մուտքը ներգործության կենթարկվի և կտուժի, այլև միաժամանակ եկեղեցական տարբեր աշխատանքներ բացասական ազդեցություն կկրեն, այնպես որ ավետարանը տարածելու գործը չի կարողանա սահուն կամ արդյունավետ կերպով ընթանալ։ Սա մասամբ խնդիր է, որն առաջացել է հենց կեղծ առաջնորդողի պատճառով, բայց այն նաև մասամբ կապված է նրան ընտրողների հետ։ Եթե չես հասկանում ճշմարտության սկզբունքները, չունես զանազանելու ունակություն և կույր ես ու չես կարողանում թափանցել մարդկանց էության մեջ, ուստի արդյունքում կեղծ առաջնորդող ես ընտրում, ապա ոչ միայն ինքդ քեզ և ուրիշներին ես վնասում, այլև տուժում է եկեղեցու գործըը։ Սրանք են այն ազդեցությունն ու վնասը, որ կեղծ առաջնորդողները հասցնում են Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին և եկեղեցու գործին։ Հետևաբար, մենք պետք է զանազանենք և թվարկենք կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումները, և դրա հիման վրա Ես հնարավորություն կտամ ձեզ հասկանալու, թե ինչպիսի վարքագիծ պետք է ցուցաբերի չափանիշին համապատասխանող առաջնորդողը, ինչ աշխատանք պետք է կատարի, և ճշգրտորեն որն է նրա պարտականությունների շրջանակը։ Կեղծ առաջնորդողներին զանազանելու թեման մեծ նշանակություն ունի, քանի որ այն առնչվում է եկեղեցու գործին, Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրի կյանքի մուտքին և, մասնավորապես, թե ինչպես է ընթանում յուրաքանչյուր պարտականություն։ Ոմանք գուցե ասեն. «Ես մտադիր չեմ մասնակցել ընտրություններին, ոչ էլ որևէ փափագ կամ ցանկություն ունեմ՝ առաջնորդող կամ մշակ լինելու։ Ես ինքնագիտակից եմ, և դա բավական է սովորական հավատացյալ լինելու համար, ուստի ճշմարտության սկզբունքների այս տեսանկյունն ինձ հետ որևէ կապ չունի։ Եթե ուզենամ լսել, ինչ-որ բան կլսեմ իմ սեփական կյանքի մուտքի և փրկության վերաբերյալ։ Կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումները և դրանցում ներառված ճշմարտություններն առնչություն չունեն իմ սեփական կյանքի մուտքի հետ, ուստի ես պարտավոր չեմ լսել, կամ կարող եմ լսել անուշադիր կերպով ու անտարբերությամբ և պարզապես անցնել այդ գործընթացի միջով՝ առանց այն սրտիս մոտ ընդունելու»։ Արդյո՞ք սա լավ վերաբերմունք է։ (Ո՛չ, այդպես չէ։) Մյուսներն ասում են. «Ես փառասեր չեմ և չեմ ուզում առաջադրվել որպես առաջնորդող։ Մանկուց ի վեր երբեք պաշտոնյա դառնալու կամ մյուսներից առանձնանալու մտադրություն չեմ ունեցել, ես պարզապես սիրում եմ լինել հասարակ, սովորական մարդ։ Ես ուզում էի հետևորդ լինել այն պահից, երբ սկսեցի հավատալ Աստծուն։ Ես սիրում եմ հետևել ուրիշների կարգադրություններին և անում եմ այն ամենը, ինչ ինձ խնդրում են։ Որքա՜ն պարզ է նման մարդ լինելը։ Ես պարզապես հասարակ մարդ եմ, որը չի ուզում անհանգստանալ կամ ծանրաբեռնվել, ուստի այս բաները լսելու կարիք չունեմ, ոչ էլ ցանկանում եմ»։ Այս տեսակետը ճի՞շտ է, թե՞ ոչ։ (Ճիշտ չէ։) Ի՞նչը ճիշտ չէ դրանում։ (Թեև նրանք չեն ուզում առաջնորդող լինել, եթե չեն հասկանում ճշմարտության այս տեսանկյունը և չեն կարողանում զանազանել կեղծ առաջնորդողներին, ապա ընտրությունների ժամանակ շատ հավանական է, որ նրանք կընտրեն կեղծ առաջնորդողի, ինչը կազդի եկեղեցու գործի և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա։) Սա մի տեսանկյունն է։ Ուրիշ բան կա՞։ (Կեղծ առաջնորդողների խնդիրը գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի մեջ, և մենք պետք է ստուգենք, խորհենք և հասկանանք ինքներս մեզ։) (Եթե չկարողանանք զանազանել կեղծ առաջնորդողներին, ապա նույնիսկ չենք իմանա, թե երբ ենք մոլորեցվել նրանցից մեկի կողմից, և մեր սեփական կյանքը կտուժի։) (Այսպիսի տեսակետը ճշմարտությանը չձգտելու դրսևորում է։ Աստծու տան մեջ առաջնորդող լինելը նույնը չէ, ինչ աշխարհում հավակնոտ լինելն ու պաշտոնյա դառնալ ցանկանալը։ Առաջնորդող լինելը նշանակում է ավելի լավ ձգտել ճշմարտությանը, հոգս կրել եկեղեցու գործի համար և հաշվի առնել Աստծու մտադրությունները։ Սա է ճշմարտությանը ձգտելը։) (Որպես Աստծու ընտրյալ մարդկանցից մեկը՝ մենք պարտավորություն և պատասխանատվություն ունենք հայտնելու կեղծ առաջնորդողների մասին։ Եթե չկարողանանք զանազանել կեղծ առաջնորդողներին, ապա կարող ենք թույլ տալ, որ նրանցից մեկը վերցնի իշխանությունը և ազդի եկեղեցու գործի վրա։) Քանի՞ տեսանկյուն է դա։ (Հինգ տեսանկյուն։) Այս հինգ տեսանկյունից յուրաքանչյուրը ճիշտ է և բավականին ճշգրիտ։ Վերլուծելով այս խնդրի էությունը այն տեսակի մարդու տեսակետի հիման վրա, որին հենց նոր հիշատակեցի, հիմնականում գոյություն ունի այս հինգ տեսանկյունը։ Անկախ այն բանից՝ ուզում ես առաջնորդող լինել, թե ոչ, որպես Աստծու ընտրյալ մարդկանցից մեկը՝ պետք է վերահսկողական դեր ստանձնես առաջնորդողների և մշակների նկատմամբ։ Աստծու տունը նաև քո տունն է, իսկ առաջնորդը նման է փոքրիկ տնտեսվարի։ Եթե նրանք լավ չեն կառավարում գործերը, դու նույնպես ներգործության կենթարկվես ու կներքաշվես, ուստի պարտականություն և պատասխանատվություն ունես վերահսկելու նրանց ողջ աշխատանքը։

Առաջնորդողների և մշակների տասնհինգ պարտականությունների ընդհանուր տեսություն

Կեղծ առաջնորդողներին զանազանելը դժվար չէ, քանի որ այս տեսակի մարդիկ եկեղեցու ներսում հազվադեպ չեն. նրանք գոյություն են ունեցել այն ժամանակից ի վեր, երբ գոյություն են ունեցել եկեղեցու առաջնորդողները և եկեղեցու գործը։ Նրանց արժանիքն ու ըմբռնման ունակությունը, բնավորությունը և ընտրած ուղին բազմաթիվ հստակ դրսևորումներ ունեն։ Նախքան այս հստակ դրսևորումները վերլուծելը, մենք նախ պետք է հասկանանք, թե որոնք են առաջնորդողների և մշակների պարտականությունները, և ինչ առանձնահատուկ աշխատանք է հիմնականում ներառված։ Միայն նրանք, ովքեր ի վիճակի են լավ կատարելու այս առանձնահատուկ աշխատանքը, որակավորված են որպես առաջնորդողներ և մշակներ. նրանք, ովքեր չեն կարողանում կատարել այս աշխատանքը, կեղծ առաջնորդողներ են։ Գուցե մարդկանց մեծամասնությունը դեռևս կեղծ առաջնորդողներին զանազանելու միջոց չունի, չի կարողանում ընկալել հիմնական սկզբունքները և չգիտի, թե զանազանելու համար որ տեսանկյուններն են ամենակարևորը ։ Այսօր եկեք նախ համակարգված կերպով հաղորդակցվենք այն մասին, թե որոշակիորեն որոնք են առաջնորդողների և մշակների պարտականությունները՝ թվարկելով դրանք մեկ առ մեկ, որպեսզի բոլորի համար դրանք պարզ լինեն։ Այս սկզբունքները հասկանալուց հետո, երբ նորից առաջնորդող կամ մշակ ընտրեք, կունենաք ստույգ չափանիշ, որով կչափեք, թե որոշակիորեն ինչպես պետք է ընտրել նրանց, և որոշակիորեն ով է այն համապատասխան անձը, ում պետք է ընտրել։ Ուստի, եկեք նախ թվարկենք առաջնորդողների և մշակների պարտականությունները։

Առաջնորդողների և մշակների պարտականությունները

1. Առաջնորդել մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, հասկանալու դրանք և մտնելու Աստծու խոսքերի իրականությունը

2. Ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին և լուծել նրանց իրական կյանքում հանդիպող կյանքի մուտքի հետ կապված տարբեր դժվարությունները

3. Հաղորդակցվել ճշմարտության սկզբունքներով, որոնք պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր պարտականություն պատշաճ կերպով կատարելու համար

4. Տեղյակ լինել տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներին և ժամանակին կարգավորել նրանց պարտականությունների բաշխումը կամ անհրաժեշտության դեպքում ազատել նրանց, որպեսզի կանխվեն կամ մեղմացվեն անհամապատասխան մարդկանց օգտագործումից առաջացած վնասները և երաշխավորվի աշխատանքի արդյունավետությունն ու սահուն առաջընթացը

5. Ապահովել արդի ըմբռնում և հասկացողություն յուրաքանչյուր աշխատանքի վիճակի և առաջընթացի վերաբերյալ, կարողանալ ժամանակին լուծել աշխատանքի խնդիրները, ուղղել շեղումները և վերացնել թերությունները, որպեսզի այն սահուն կերպով առաջ ընթանա

6. Խթանել ու զարգացնել բոլոր տեսակի որակյալ տաղանդները, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, որքան հնարավոր է շուտ հնարավորություն ունենան ուսուցանվելու և մուտք գործելու ճշմարտության իրականությունը

7. Խելամիտ կերպով բաշխել և օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի

8. ժամանակին հաղորդել և փնտրել աշխատանքի ընթացքում հանդիպող խառնաշփոթի և դժվարությունների լուծումները

9. Ճշգրիտ կերպով հաղորդել, հրապարակել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ ըստ դրա պահանջների՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և խթանում, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման վիճակին

10. Պատշաճ կերպով պահպանել ու խելամիտ կերպով բաշխել Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները (գրքեր, տարատեսակ սարքավորումներ, հացահատիկ և այլն) և իրականացնել կանոնավոր ստուգում, սպասարկում և նորոգում՝ վնասը և վատնումը նվազեցնելու համար, ինչպես նաև կանխել չար մարդկանց՝ դրանց տիրանալը

11. Ընտրել վստահելի մարդկանց, որոնց մարդկայնությունը համապատասխանում է չափորոշիչներին, հատկապես ընծաների համակարգված գրանցման, հաշվառման ու պահպանման համար. պարբերաբար ստուգել մուտքերն ու ելքերը, որպեսզի վատնումը կամ շռայլությունը, ինչպես նաև անհիմն ծախսերը ժամանակին բացահայտվեն. կանգնեցնել դրանք և պահանջել խելամիտ փոխհատուցում. նաև՝ ամեն կերպ կանխել, որ ընծաները չընկնեն չար մարդկանց ձեռքը և չվերցվեն նրանց տիրապետության տակ

12. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, դեպքերն ու բաները, որոնք խանգարում և խափանում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալները զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից

13. Պաշտպանել Աստծու ընտրյալներին հակաքրիստոսների կողմից անհանգստացվելուց, մոլորվելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց և նրանց հնարավորություն տալ զանազանելու հակաքրիստոսներին ու դուրս թողնելու նրանց իրենց սրտերից

14. ժամանակին զանազանել և ապա մաքրել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին

15. Պաշտպանել բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը՝ նրանց պահպանելով արտաքին աշխարհի միջամտությունից և ապահով պահելով, որպեսզի կարևոր աշխատանքներն առաջ ընթանան կարգավորված կերպով

Առաջնորդողների և մշակների պարտականություններն ամփոփված են ընդհանուր առմամբ տասնհինգ կետերում, և մենք կհաղորդակցվենք դրանց հիման վրա։ Եկեք նախ նայենք այս տասնհինգ կետերի յուրաքանչյուր առաջադրանքին։ Առաջին երեքը վերաբերում են ճշմարտությունը հասկանալուն և կյանքի մուտքին։ Սա ամենահիմնական աշխատանքն է, որ առաջնորդողներն ու մշակները պետք է կատարեն, և խոշորագույն բաժիններից մեկն է։ Որպես առաջնորդող կամ մշակ՝ ամենահիմնական բանն այն է, որ պետք է ի վիճակի լինես կատարելու այս առաջադրանքները, ունենաս այսպիսի արժանիք, կրես այսպիսի հոգս և կարողանաս ստանձնել այս պարտականությունը։ Սրանք ամենահիմնական բաներն են, որոնք պետք է ունենաս։ Առաջնորդողներն ու մշակները պետք է կարողանան հաղորդակցվել Աստծու խոսքերի շուրջ, դրանցից գտնել կիրարկման ուղի, մարդկանց առաջնորդել հասկանալու Աստծու խոսքերը, մարդկանց առաջնորդել փորձառաբար ապրելու և մտնելու Աստծու խոսքերի մեջ իրական կյանքում և կարողանալ դրանք բերել իրական կյանքի մեջ՝ դրանք օգտագործելով լուծելու իրական կյանքում և պարտականությունը կատարելու ընթացքում հանդիպող տարբեր խնդիրներ կամ դժվարություններ։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծի առաջնորդողը կամ մշակը, բայց առաջնորդողը կամ մշակը չի կարողանում օգտագործել ճշմարտությունը՝ լուծելու այդ խնդիրները, ապա այդ առաջնորդողը կամ մշակն անօգուտ է, անընդունակ անգամ ամենահիմնական աշխատանքը կատարելու։ Այս տեսակի առաջնորդողը կամ մշակը չափանիշին համապատասխան չէ։ Չորրորդ և հինգերորդ կետերը վերաբերում են եկեղեցու գործի տարբեր ուղղություններին և այդ աշխատանքների ղեկավարներին։ Եթե առաջնորդողներն ու մշակները պատշաճ կերպով չեն վերահսկում ղեկավարներին, ապա եկեղեցու գործը կարող է անկարգության մատնվել կամ խափանվել չար մարդկանց կողմից, դա կազդի աշխատանքի արդյունավետության և առաջընթացի վրա, և աշխատանքն ինքնին անգամ կարող է կաթվածահար լինել։ Ուստի չորրորդ և հինգերորդ առաջադրանքները նույնպես այն գործերն են, որոնք չափանիշին համապատասխանող առաջնորդողը պետք է լավ կատարի։ Վեցերորդ և յոթերորդ կետերը վերաբերում են բոլոր տեսակի մարդկանց խթանմանը, զարգացմանը և օգտագործմանը։ Մարդկանց օգտագործելու սկզբունքն այն է, որ լավագույնս օգտագործվի յուրաքանչյուրը, և բոլոր տեսակի մարդիկ կարող են կատարել իրենց պարտականությունը, քանի դեռ նրանց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, և նրանք կարող են բավարարել Աստծու տան համար պահանջվող չափանիշները։ Այսինքն՝ թույլ տալ բոլոր տեսակի մարդկանց կատարել համապատասխան պարտականություններ. կարիք չկա ստիպելու ձկներին ապրել ցամաքում կամ խոզերին թռչել, բավական է, որ մարդը համապատասխան լինի առաջադրանքին, կարողանա այն լավ կատարել և իրավասու լինի։ Ավելին՝ որոշ առաջադրանքներ ներառում են տեխնիկական, մասնագիտական տեսանկյուններ, և ոմանք կարող են լավ տիրապետել դրանց, բայց իրականում երբևէ աշխատանք չեն կատարել այդ ոլորտում, ոչ էլ հասկանում են համապատասխան սկզբունքները։ Այս մարդկանց դեպքում, եթե նրանք համապատասխանում են Աստծու տանը խթանման և զարգացման չափանիշին, ապա պետք է հնարավորություն տրվի, որ խթանվեն ու զարգանան, որպեսզի կարողանան սովորել։ Այսպիսով՝ Աստծու տան տարբեր առաջադրանքների համար կլինեն էլ ավելի համապատասխան մարդիկ, որոնք կստանձնեն դրանք, և երբեք թափուր տեղեր չեն լինի, երբ եկեղեցուն տարբեր առաջադրանքների համար մարդիկ անհրաժեշտ լինեն։ Սրանք վերաբերում են մարդկանց խթանման ու զարգացման և օգտագործման երկու տեսանկյունների հարցերին։ Եկեք ուշադրություն դարձնենք ութերորդ և իններորդ կետերին. այս երկու կետերն առնչվում են այն վերաբերմունքին, որով առաջնորդողներն ու մշակները վերաբերում են աշխատանքին, այսինքն՝ արդյոք նրանք կարող են կատարել իրենց պարտականությունները, ունենալ հավատարմություն և կարողություն՝ լավ աշխատանք կատարելու Աստծու պահանջների և Աստծու տան կարգավորումների նկատմամբ իրենց վերաբերմունքի մեջ և աշխատանքում դժվարությունների հանդիպելիս։ Տասներորդ և տասնմեկերորդ կետերն առնչվում են Աստծու տան ընծաների և բոլոր տեսակի ունեցվածքի նկատմամբ վերաբերմունքի սկզբունքներին։ Մի կողմից՝ այս երկու կետերը վերաբերում են մարդկանց արժանիքին և աշխատունակությանը, մյուս կողմից՝ դրանք շոշափում են մարդկայնության հարցեր, թե արդյոք մարդն ունի հավատարմություն, և արդյոք կարող է կատարել իր պարտականությունները։ Այնուհետև եկեք ուշադրություն դարձնենք տասներկուերորդ, տասներեքերորդ և տասնչորսերորդ կետերին, որոնք վերաբերում են եկեղեցում տեղի ունեցող որոշ բացառիկ հանգամանքների, օրինակ՝ եթե ինչ-որ մեկը խանգարում և խափանում է և շրջում է եկեղեցու բնականոն կյանքը։ Իհարկե, ամենալուրջը հակաքրիստոսների կամ այլ տեսակի մարդկանց ի հայտ գալն է, որոնք պետք է մաքրվեն կամ վտարվեն։ Թե ինչպես պետք է վարվել նման մարդկանց հետ, և ինչ սկզբունքներով, նույնպես աշխատանք է, որը մտնում է առաջնորդողների և մշակների պարտականությունների շրջանակի մեջ։ Կարողանալ Ժամանակին հայտնաբերել խնդիրները, և երբ պարզում ես, որ որևէ մեկը խանգարումներ և խափանումներ է առաջացնում, կարողանալ ժամանակին կանգնեցնել, զբաղվել դրանով, լուծել այն և երաշխավորել, որ եկեղեցու գործն ու եկեղեցական կյանքը չխափանվեն. սրանք այն հարցերն են որոնց առնչվում են այս երեք կետերը։ Վերջին կետը վերաբերում է բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերի անձնական անվտանգության հարցին, ինչպես նաև այն հարցին, թե արդյոք բոլոր տեսակի կարևոր աշխատանքները կարող են երաշխավորվել։ Աշխատանքը կարող է առաջընթաց ունենալ, երբ աշխատակազմն ապահով է, բայց եթե աշխատակազմի անվտանգության հետ կապված խնդիրներ կամ թաքնված վտանգներ ի հայտ գան, ապա հարց է դառնում, թե արդյոք աշխատանքը կարող է շարունակվել, թե ոչ։ Եկեք հետ նայենք և տեսնենք, թե ընդհանուր առմամբ քանի հիմնական կարգ կա։ Առաջին, երկրորդ և երրորդ կետերը պատկանում են առաջին կարգին՝ մարդկային կյանքի մուտք։ Չորրորդ և հինգերորդ կետերը պատկանում են երկրորդ կարգին եկեղեցու տարբեր գործերը և այդ գործերի ղեկավարները։ Վեցերորդ և յոթերորդ կետերը պատկանում են երրորդ կարգին բոլոր տեսակի մարդկանց օգտագործումը, զարգացումը և խթանումը։ Ութերորդ և իններորդ կետերը պատկանում են չորրորդ կարգին Աստծու տան աշխատանքային կարգավորումները և աշխատանքային դժվարությունները։ Տասներորդ և տասնմեկերորդ կետերը պատկանում են հինգերորդ կարգին Աստծու տան ընծաները և ունեցվածքը։ Տասներկուերորդ, տասներեքերորդ և տասնչորսերորդ կետերը պատկանում են վեցերորդ կարգին եկեղեցում տեղի ունեցող բացառիկ հանգամանքները։ Տասնհինգերորդ կետը պատկանում է յոթերորդին՝ եկեղեցու կարևոր գործը և աշխատակազմի անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ կա յոթ կարգ, որոնք ներառում են տասնհինգ կետեր։ Այս յոթ կարգերը գտնվում են առաջնորդողների և մշակների պարտականությունների շրջանակում և նրանց գործի մի մասն են։ Որպես առաջնորդող կամ մշակ՝ քո աշխատանքի ամենահիմնական առաջադրանքներն այս յոթ կարգեր են, և այս յոթ կարգերը ներկայացնում են Աստծու տան պահանջների շրջանակն առաջնորդողի կամ մշակի համար։ Եթե ուզում ենք չափել, թե արդյոք առաջնորդողը կարող է լավ աշխատանք կատարել, արդյոք ունի աշխատունակություն, արդյոք ունի առաջնորդող լինելու արժանիք, և արդյոք որպես առաջնորդող համապատասխանում է չափանիշին, մենք պետք է օգտագործենք այս յոթ կարգերը։ Սա հասկանալով, այս յոթ հիմնական կարգերի հիման վրա մենք կհաղորդակցվենք և մեկ առ մեկ կվերլուծենք կեղծ առաջնորդողների դրսևորումներն ու հատուկ կիրարկումները, ինչպես նաև այն, թե ինչ են նրանք արել որպես առաջնորդող իրենց պաշտոնավարման ընթացքում, որն ապացուցում է, որ նրանք կեղծ առաջնորդողներ են և ոչ թե չափանիշին համապատասխանողներ։ Երբ դա չափվում է այս յոթ կարգերի համաձայն, կան անհերքելի ապացույցներ, և դա համեմատաբար արդար և խելամիտ է։ Ասե՛ք Ինձ, մենք պետք է մեկ առ մեկ հաղորդակցվենք այս յոթ կարգերի շո՞ւրջ, թե՞ տասնհինգ կետերի շուրջ։ Ո՞ր ճանապարհն է ավելի լավը։ (Մեկ առ մեկ հաղորդակցվելը տասնհինգ կետերի շուրջ։) Դա համապատասխանում է ձեր նախասիրություններին. որքան մանրամասն, այնքան լավ, ճի՞շտ է։ Այնուհետև, մենք պաշտոնապես կսկսենք մեր հաղորդակցությունը կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումների վերաբերյալ։

Առաջին կետ. առաջնորդել մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, հասկանալու դրանք և մտնելու Աստծու խոսքերի իրականությունը

Կեղծ առաջնորդողները չունեն Աստծու խոսքերն ընկալելու արժանիք և ընդունակություն

Ի՞նչ է կեղծ առաջնորդողը։ Անշուշտ, դա մեկն է, ով չի կարողանում իրական աշխատանք կատարել, մեկը, ով չի զբաղվում որպես առաջնորդող իր պարտականություններով։ Նրանք որևէ իրական կամ կարևոր աշխատանք չեն կատարում. նրանք պարզապես զբաղվում են որոշ ընդհանուր գործերով և մակերեսային առաջադրանքներով, բաներով, որոնք ոչ մի կապ չունեն կյանքի մուտքի կամ ճշմարտության հետ։ Որքան էլ նրանք կատարեն այս աշխատանքը, դրա կատարումը ոչ մի նշանակություն չունի։ Ահա թե ինչու են նման առաջնորդողները բնութագրվում որպես կեղծ։ Ուրեմն որոշակիորեն ինչպե՞ս պետք է զանազանել կեղծ առաջնորդողին։ Եկեք հիմա սկսենք մեր վերլուծությունը։ Նախ պետք է հստակեցվի, որ առաջնորդողի կամ մշակի առաջին պարտականությունն ուրիշներին Աստծու խոսքերն ուտելու և խմելու առաջնորդելն է, և ճշմարտության շուրջ հաղորդակցվելն այնպես, որ մյուսները կարողանան հասկանալ այն և մտնել ճշմարտության իրականությունը։ Սա ամենակարևոր չափանիշն է, որով ստուգվում է՝ առաջնորդողը ճշմարիտ է, թե կեղծ։ Տեսեք, թե արդյոք նրանք կարո՞ղ են ուրիշներին առաջնորդել Աստծու խոսքերն ուտելու ու խմելու և ճշմարտությունը հասկանալու, և արդյոք կարո՞ղ են օգտագործել ճշմարտությունը՝ խնդիրներ լուծելու համար։ Դա միակ չափանիշն է, որով կարելի է ստուգել, թե ինչպիսի արժանիք և Աստծու խոսքերը ընկալելու ընդունակություն ունի առաջնորդողը կամ մշակը և արդյոք նրանք կարող են Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդել՝ մտնելու ճշմարտության իրականությունը։ Եթե առաջնորդողը կամ մշակն ունակ է մաքուր կերպով ընկալելու Աստծու խոսքերը և հասկանալու ճշմարտությունը, նա պետք է լուծի Աստծուն հավատալու վերաբերյալ մարդկանց ունեցած պատկերացումներն ու երևակայությունները՝ Աստծու խոսքերի համաձայն, և օգնի մարդկանց հասկանալու Աստծու աշխատանքի գործնականությունը։ Նրանք պետք է նաև ըստ Նրա խոսքերի լուծեն այն իրական դժվարությունները, որոնց հանդիպում են Աստծու ընտրյալ մարդիկ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իրենց հավատքի մեջ ունեցած սխալ տեսակետներին կամ պարտականություն կատարելու վերաբերյալ նրանց ունեցած թյուրըմբռնումներին։ Նրանք պետք է նաև կիրառեն Աստծու խոսքերը՝ լուծելու այն խնդիրները, որոնք դրսևորվում են, երբ մարդիկ բախվում են տարբեր փորձությունների և նեղությունների, և ի վիճակի լինեն առաջնորդելու Աստծու ընտրյալ մարդկանց՝ հասկանալու և կիրարկելու ճշմարտությունը և մտնելու Նրա խոսքերի իրականությունը։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է վերլուծեն մարդկանց ապականված տարբեր խառնվածքները՝ հիմնվելով Աստծու խոսքերում բացահայտված ապականված վիճակների վրա, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան տեսնել, թե դրանցից որոնք են վերաբերում իրենց, ինքնաճանաչողության հասնեն, ատեն և ապստամբեն Սատանայի դեմ՝ դրանով իսկ հնարավորություն տալով Աստծու ընտրյալ մարդկանց հաստատուն կանգնելու վկայության մեջ, պարտության մատնելու Սատանային և փառք տալու Աստծուն ամեն տեսակ փորձությունների մեջ։ Սա այն աշխատանքն է, որը պետք է անեն առաջնորդողներն ու մշակները։ Դա եկեղեցու ամենահիմնական, բեկումնային և էական աշխատանքն է։ Եթե որպես առաջնորդող ծառայող մարդիկ ունենան Աստծու խոսքերն ընկալելու ընդունակություն և ճշմարտությունը հասկանալու արժանիք, ապա նրանք ոչ միայն կկարողանան հասկանալ Աստծու խոսքերը և մտնել դրանց իրականությունը, այլև կկարողանան ուղղորդել, առաջնորդել և օգնել նրանց, ում իրենք են առաջնորդում, որպեսզի վերջիններս հասկանան Աստծու խոսքերն ու մտնեն դրանց իրականությունը։ Բայց Աստծու խոսքերն ընկալելու և ճշմարտությունը հասկանալու արժանիքը հենց այն է, ինչ պակասում է կեղծ առաջնորդողներին։ Նրանք չեն հասկանում Աստծու խոսքերը, նրանք չգիտեն ապականված խառնվածքները, որ մարդիկ բացահայտում են տարբեր հանգամանքներում, որոնք մերկացվում են Նրա խոսքերում, կամ թե որ վիճակներն են առաջացնում դիմադրություն, տրտունջ և դավաճանություն Աստծու հանդեպ, և այլն։ Կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն խորհելու իրենց մասին կամ Աստծու խոսքերը կապելու իրենց հետ, նրանք միայն հասկանում են փոքր-ինչ վարդապետություն և մի քանի կանոններ Աստծու խոսքերի տառացի իմաստից։ Ուրիշների հետ հաղորդակցվելիս նրանք պարզապես արտասանում են Նրա խոսքերից մի քանիսը, ապա բացատրում են դրանց տառացի իմաստը։ Եվ դրանով նրանք կարծում են, թե հաղորդակցվում են ճշմարտության շուրջ և իրական աշխատանք են կատարում։ Եթե որևէ մեկը կարողանա իրենց պես կարդալ և արտասանել Աստծու խոսքերը, նրանք նրան կհամարեն մեկը, ով սիրում և հասկանում է ճշմարտությունը։ Կեղծ առաջնորդողը հասկանում է միայն Աստծու խոսքերի տառացի իմաստը. նրանք հիմնավորապես չեն հասկանում Աստծու խոսքերի ճշմարտությունը, ուստի անկարող են խոսելու դրանց վերաբերյալ իրենց փորձառական գիտելիքի մասին։ Կեղծ առաջնորդողները չունեն Աստծու խոսքերն ընկալելու ընդունակություն. նրանք կարող են միայն հասկանալ դրանց մակերեսային իմաստը, սակայն հավատում են, որ դա Նրա խոսքերն ընկալելն է և ճշմարտությունը հասկանալը։ Առօրյա կյանքում նրանք միշտ մեկնաբանում են Աստծու խոսքերի տառացի իմաստը՝ ուրիշներին խորհուրդ տալու և օգնելու համար՝ հավատալով, որ դա անելն աշխատանք կատարել է, և որ իրենք մարդկանց առաջնորդում են ուտելու և խմելու Աստծու խոսքերն ու մտնելու դրանց իրականությունը։ Փաստն այն է, որ թեև կեղծ առաջնորդողները հաճախ են այսկերպ հաղորդակցվում ուրիշների հետ Աստծու խոսքերի շուրջ, նրանք չեն կարողանում լուծել անգամ ամենաչնչին իրական խնդիրը, և Աստծու ընտրյալ մարդիկ անկարող են լինում կիրարկելու կամ փորձառաբար ապրելու Նրա խոսքերը։ Որքան էլ նրանք հավաքույթների հաճախեն կամ ուտեն և խմեն Աստծու խոսքերը, նրանք դեռևս չեն հասկանում ճշմարտությունը, ոչ էլ կյանքի մուտք ունեն, և նրանցից ոչ ոք ի վիճակի չէ խոսելու իր փորձառական գիտելիքի մասին։ Նույնիսկ եթե չար մարդիկ են և անհավատներ, որոնք խառնաշփոթ են առաջացնում եկեղեցում, ոչ ոք ի վիճակի չէ զանազանելու նրանց։ Երբ կեղծ առաջնորդողը տեսնում է, որ անհավատը կամ չար մարդը խափանում է առաջացնում, նա զանազանություն չի կիրարկում, այլ իր սերն ու հորդորներն է ուղղում նրանց՝ խնդրելով մյուսներին հանդուրժող և համբերատար լինել նրանց հանդեպ՝ տրվելով այս մարդկանց, մինչ նրանք շարունակում են խափանում առաջացնել եկեղեցում։ Սա հանգեցնում է նրան, որ եկեղեցու գործի յուրաքանչյուր կետ բավականին անարդյունք է լինում։ Սա կեղծ առաջնորդողի կողմից իրական աշխատանք չկատարելու հետևանքն է։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում ճշմարտությունն օգտագործել խնդիրներ լուծելու համար, ինչը բավարար է ցույց տալու համար, որ նրանք չունեն ճշմարտության իրականությունը։ Խոսելիս նրանք պարզապես բառեր և վարդապետություններ են դուրս նետում, և այն ամենը, ինչ նրանք ուրիշներին պատվիրում են կիրարկել, վարդապետություններ ու կանոններ են։ Օրինակ, երբ ինչ-որ մեկը Աստծու նկատմամբ թյուրըմբռնում է զարգացնում, կեղծ առաջնորդողները նրան կասեն. «Աստծու խոսքերն արդեն ծածկել են այս ամենը. ինչ էլ որ Աստված անում է, մարդու փրկությունն է, սեր է։ Նայիր, թե որքան պարզ, որքան հստակ են Նրա խոսքերը։ Ինչպե՞ս կարող ես դեռևս սխալ հասկանալ Նրան»։ Այսպիսին է այն հրահանգը, որը կեղծ առաջնորդողները տալիս են մարդկանց։ Նրանք բառեր և վարդապետություններ են դուրս նետում մարդկանց հորդորելու, նրանց ստիպելու և կանոններին հնազանդեցնելու համար։ Սա ամենևին արդյունավետ չէ և չի կարող լուծել որևէ խնդիր։ Կեղծ առաջնորդողները կարող են միայն բառեր և վարդապետություններ խոսել՝ մարդկանց ուղղորդելու համար, ինչը ստիպում է այդ մարդկանց կարծել, թե վարդապետություններ խոսել կարողանալը նշանակում է, որ իրենք մտել են ճշմարտության իրականությունը։ Սակայն երբ նրանք բախվում են դժվարության, չգիտեն՝ ինչպես կիրարկել, նրանք ուղի չունեն, և բոլոր բառերն ու վարդապետությունները, որոնք նրանք հասկացել էին, մի կողմ են ընկնում։ Ի՞նչ է սա ցույց տալիս։ Սա ցույց է տալիս, որ վարդապետություններ հասկանալը ամենևին օգտակար կամ արժեքավոր չէ։ Միակ բանը, որ կեղծ առաջնորդողները հասկանում են, վարդապետությունն է։ Նրանք չեն կարողանում հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ խնդիրներ լուծելու համար. նրանց գործողություններում սկզբունքներ չկան, և իրենց կյանքերում նրանք պարզապես հետևում են որոշ կանոնների, որոնք լավ են համարում։ Նման մարդիկ չունեն ճշմարտության իրականությունները։ Ահա թե ինչու, երբ կեղծ առաջնորդողները մարդկանց առաջնորդում են ուտելու և խմելու Աստծու խոսքերը, ճիշտ արդյունք չի լինում։ Նրանք ի վիճակի են միայն մարդկանց հասկանալ տալու Աստծու խոսքերի տառացի իմաստը, և չեն կարող օգնել նրանց լուսավորում ստանալու Աստծու խոսքերից կամ հասկանալու, թե ինչպիսի ապականված խառնվածքներ ունեն։ Կեղծ առաջնորդողները չեն հասկանում, թե ինչպիսին են մարդկանց վիճակները կամ ինչպիսի խառնվածքի էություն են դրսևորում մարդիկ՝ այս կամ այն իրավիճակին բախվելիս, Աստծու որ խոսքերը պետք է օգտագործվեն այդ սխալ վիճակներն ու ապականված խառնվածքները լուծելու համար, ինչ է ասվում դրանց մասին Աստծու խոսքերում, որոնք են Աստծու խոսքերի պահանջներն ու սկզբունքները, կամ դրանցում առկա ճշմարտությունները։ Կեղծ առաջնորդողները ոչինչ չեն հասկանում այս ճշմարտության իրականություններից։ Նրանք պարզապես խորհուրդ են տալիս մարդկանց՝ ասելով. «Ավելի շատ կերեք ու խմեք Աստծու խոսքերը։ Դրանց մեջ ճշմարտություն կա։ Կհասկանաք, երբ ավելի շատ կարդաք Նրա խոսքերը։ Եթե որոշ բաներ չեք հասկանում, ապա պետք է ավելի շատ աղոթեք, փնտրեք և խորհեք դրանց շուրջ»։ Այսպես են նրանք խրատում մարդկանց, և այդկերպ նրանք չեն կարողանում լուծել խնդիրները։ Անկախ նրանից, թե ով է որևէ խնդրի բախվում և գալիս նրանցից հարցնելու, նրանք նույն բանն են ասում։ Հետագայում այդ մարդը դեռևս չի ճանաչում իրեն և դեռևս չի հասկանում ճշմարտությունը։ Նա չի կարողանա լուծել իր սեփական իրական խնդիրը և չի հասկանա, թե ինչպես պետք է կիրարկի Աստծու խոսքերը, այլ պարզապես կհետևի Աստծու խոսքերի բառացի իմաստին և կանոնակարգերին։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու խոսքերը կիրարկելու ճշմարտության սկզբունքներին կամ թե որ իրականությունները իրենք պետք է մուտք գործեն, նրանք նախկինի պես չեն հասկանում։ Ահա թե ինչ է բխում կեղծ առաջնորդողների աշխատանքից՝ ոչ մի իրական արդյունք։

Աստված մարդկանցից պահանջում է հագնվել համեստ ու պարկեշտ կերպով՝ սրբին վայել պատշաճությամբ։ «Համեստ ու պարկեշտ կերպով՝ սրբին վայել պատշաճությամբ»՝ ընդհանուր առմամբ յոթ բառ, բայց հասկանո՞ւմ եք, թե ինչ են դրանք նշանակում։ (Բոլորս գիտենք, որ վարդապետորեն Աստված մարդկանցից պահանջում է հագնվել համեստ ու պարկեշտ կերպով՝ սրբին վայել պատշաճությամբ, բայց հագնվելիս չգիտենք՝ ինչպես գնահատել, թե ինչն է համեստ կամ պարկեշտ։) Սա շոշափում է այն խնդիրը, թե արդյոք ճշմարտությունը հասկացված է, թե ոչ։ Եթե չես կարող գնահատել սա, ապա դա ապացուցում է, որ չես հասկանում Աստծու խոսքերը։ Ուստի ի՞նչ է նշանակում Աստծու խոսքերը հասկանալը։ Դա նշանակում է հասկանալ համեստության և պարկեշտության չափանիշները, որոնց մասին խոսում է Աստված, կամ ավելի որոշակիորեն՝ հագուստի գույնն ու ոճը։ Ո՞ր գույներն ու ոճերն են համեստ և պարկեշտ։ Նրանք, ովքեր ունեն ճշմարտությունն ընկալելու նդունակություն, գիտեն, թե ինչն է համեստ և պարկեշտ, և ինչն է տարօրինակ։ Թեև որոշ հագուստներ համեստ և պարկեշտ են, դրանք հնաոճ են։ Աստված չի սիրում հնաոճ բաներ, և Նա մարդկանց չի խնդրում ընդօրինակել անցյալի ոճերը կամ դառնալ կեղծավոր փարիսեցիներ։ Այն, ինչ Աստված նկատի ունի «համեստ ու պարկեշտ» ասելով, բնականոն մարդու նմանություն ունենալն է, ազնվական, նրբագեղ և դասական երևալը։ Աստված չի խնդրում մարդկանց կրել տարօրինակ հագուստ, ոչ էլ ցնցոտիներ հագնել չքավորի պես, բայց Նա մարդկանց խնդրում է հագնվել համեստ ու պարկեշտ կերպով՝ սրբին վայել պատշաճությամբ։ Սա բնականոն մարդկանց ըմբռնումն է։ Սակայն սա լսելուց հետո մի կեղծ առաջնորդող բարկացավ՝ ասելով. «Աստծու խոսքերը մեզ տալիս են հագնվելու սահմանը։ «Համեստ ու պարկեշտ կերպով՝ սրբին վայել պատշաճությամբ»՝ եթե պահենք այս յոթ բառերը, ապա կփառավորենք Աստծուն, անպատվություն չենք բերի Նրա վրա և բարձր գնահատված մարդիկ կլինենք անհավատների շրջանում։ Ուստի, ի՞նչ է համեստ և պարկեշտը։ Այն է, որ պետք է խոսես և գործես մարդու նմանությամբ և պետք է ունենաս սրբին վայել պատշաճություն։ Խոսելով սրբերի մասին՝ ընդհանուր առմամբ նկատի ունենք հնադարյան սրբերին։ Եթե ուզում ենք ունենալ սրբին վայել պատշաճություն, ապա պետք է ընդօրինակենք հնադարյան սրբերի ոճը, բայց եթե հին հագուստ հագած շրջես, մարդիկ կկարծեն, թե խենթ ես։ Սա չի համապատասխանում Աստծուն պատվելու սկզբունքին, սակայն պետք է լինեն որոշակի ապացույցներ այն հագուստների վերաբերյալ, որոնք սրբերը կրել են վերջին ժամանակներում, որոնք կարող ենք գտնել։ Մի քանի տասնամյակ առաջ սոցիալական միջավայրն ավելի լավն էր։ Մարդիկ ավելի պարզ էին և հագնվում էին ավելի պահպանողական ու պատշաճ կերպով։ Եթե հագնվեիր այս չափանիշի համաձայն, կլինեիր համեստ ու պարկեշտ և կունենայիր սրբին վայել պատշաճություն։ Սա է կիրարկման ուղին»։ Պարզելով, որ 1970-ականներին և 1980-ականներին մարդիկ կրում էին սպիտակ վերնաշապիկներ և կապույտ տաբատներ՝ նա եղբայրներին և քույրերին ասաց. «Ես տեսել եմ Աստծու խոսքերի լույսը։ 70-ական և 80-ական թվականներին մարդիկ հագնվում էին բավականին պատշաճ և պարզ։ Նրանց չէր կարելի անվանել արժանապատիվ, բայց սա կարծես ավելի շատ է համապատասխանում Աստծու խոսքի պահանջներին, ուստի կհագնվենք այս չափանիշի համաձայն»։ Առաջնորդողն առաջինը հագավ, և բոլորը մտածեցին, որ այն լավ տեսք ունի, բավականին պարկեշտ և պարզ է։ Առաջնորդողն ասաց. «Աստված ասել է՝ տարօրինակ հագուստ մի՛ հագեք։ Նախ և առաջ վերնաշապիկի կոճակները պետք է կոճկված լինեն մինչև վիզը, և թևածալերի բոլոր կոճակները նույնպես պետք է կոճկված լինեն։ Դաստակները չպետք է երևան, վերնաշապիկը պետք է դրված լինի տաբատի մեջ, և ամեն ինչ պետք է ամուր կերպով փակված լինի՝ առանց բաց կրծքավանդակի կամ մեջքի։ Տեսե՛ք, թե որքան համեստ ու պարկեշտ է դա։ Մի՞թե սա համեստ ու պարկեշտ չէ, և մի՞թե չի համապատասխանում սրբին վայել պատշաճությանը, ինչպես պահանջում է Աստված»։ Առաջնորդողին հատկապես դուր էր գալիս այն հագուստը, որն այդ պահին ինքը հագել էր, և միևնույն ժամանակ պահանջում էր մյուսներից. «Ձեր հագուստները չափազանց ժամանակակից են, չափազանց նորաձև։ Դրանք անպատվություն են բերում Աստծու վրա, և Նա չի սիրում դրանք։ Բոլորդ արագ հագե՛ք այն, ինչ ես եմ հագնում, եղե՛ք ճիշտ ինձ պես»։ Զանազանության ունակություն չունեցող մարդիկ հետևեցին նրա օրինակին՝ գտնելով ու հագնելով մի այսպես կոչված համեստ ու պարկեշտ հագուստ, որը համապատասխանում էր սրբին վայել պատշաճությանը, և մարդկանց մեծ մասն անգամ մտածեց, որ դա լավ է։ Սակայն որոշ մարդիկ իրենց սրտերում մերժում էին այս հնաոճ բաները, և նրանք զգում էին, որ այսպես վարվելն անտեղի է, և Աստծու խոսքերի այս ըմբռնումը խեղաթյուրված է։ Այս մարդիկ, թեև չկարողանալով հստակ ասել՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ առաջնորդողին լսելը և չհամարձակվելով հետևություններ անել, կողմ էին ամբոխին կուրորեն չհետևելուն։ Նրանք հավատում էին, որ առաջնորդողի ասածն ամբողջովին ճիշտ չէ, և չհետևեցին դրան։ Միայն այդ բթամիտները՝ այն մարդիկ, որոնք չունեն Աստծու խոսքերն ընկալելու ընդունակություն, ինքնուրույն չէին կարդում Աստծու խոսքերը, համաձայնում էին կեղծ առաջնորդողի ասած ամեն ինչին և անում էին այն, ինչ իրենց ասվում էր, ինչպես որ ասվում էր։ Նրանք հետևում էին կեղծ առաջնորդողին և ընդօրինակում նրան՝ հագնվելով նույն կերպ, երբ դուրս էին գալիս։ Ամեն անգամ, երբ դուրս էին գալիս ամբոխի մեջ, իրենց բավականին երջանիկ էին զգում՝ մտածելով. «Մենք հավատում ենք Ամենակարող Աստծուն, և իմ հագուստի մեջ սրբին վայել այնքան շատ պատշաճություն կա։ Դուք ի՞նչ եք հագնում։ Որքա՜ն ճչացող է, որքա՜ն ժամանակակից, որքա՜ն անբարոյական։ Նայե՛ք մեզ, մենք ոչինչ բաց չենք թողնում»։ Նրանք կարծում էին, թե հրաշալի են։ Կեղծ առաջնորդողը ոչ միայն չգիտակցեց, որ սա Աստծու խոսքերի սխալ մեկնաբանություն է, այլև իրականում կարծում էր, թե կիրարկում է Աստծու խոսքերը և մտնում դրանց իրականությունը։ Ահա թե ինչ են անում կեղծ առաջնորդողները։ Քանզի մարդկանց նկատմամբ Աստծու անգամ ամենապարզ և ամենահեշտ հասկանալի պահանջների դեպքում կեղծ առաջնորդողները չեն կարողանում ճշմարտապես հասկանալ, թե ինչին են վերաբերում Աստծու խոսքերը, դրանց պահանջվող չափանիշները կամ սկզբունքները։ Կարո՞ղ են արդյոք նրանք հասկանալ, թե ինչ է ասում Աստված մարդկության ապականված խառնվածքի կամ բոլոր տեսակի մարդկային վիճակների մասին։ Կարո՞ղ են արդյոք նրանք ճշգրտորեն իմանալ, թե այստեղ որն է ճշմարտությունը։ Իհարկե, ոչ։

Կեղծ առաջնորդողները չունեն Աստծու խոսքերն ընկալելու ընդունակություն. նրանք պարզապես Աստծու խոսքերի բառացի իմաստից գիտեն, թե ինչ է ասել Աստված, բայց չեն հասկանում` ինչ ճշմարտություններ են արտահայտում Աստծու խոսքերը, ինչ է Աստված պահանջում մարդկանցից, կամ ճշմարտության ինչ սկզբունքներ պետք է հասկանան մարդիկ։ Հետևաբար, երբ նրանք հաղորդակցվում են Աստծու խոսքերի շուրջ, պարզապես դրանց բառացի մեկնաբանություններն են անում և մարդկանց տալիս են որոշակի կանոնակարգեր, հետևելու որոշակի կանոններ՝ դրանք օգտագործելով ապացուցելու, որ իրենք նույնպես հասկանում են Աստծու խոսքերը և աշխատանք են կատարել։ Որոշ կեղծ առաջնորդողներ նույնիսկ կարծում են, թե Աստծու խոսքերն արդեն պարզ են, պարզապես մարդիկ միշտ չեն կարողանում ուտել և խմել դրանք կամ ջանք չեն գործադրում։ Տեսնելով, որ բոլորի ձեռքին Աստծու խոսքերի գրքեր կան, նրանք ավելորդ են համարում Աստծու խոսքերն ուտելու և խմելու համար մարդկանց առաջնորդելը։ Ուստի, երբ նրանք հավաքույթների ժամանակ կամ իրենց պարտականությունները կատարելիս խնդիրներ են հայտնաբերում, մարդկանց ուղարկում են միայն Աստծու խոսքերից ընտրված որոշ հատվածներ՝ նրանց նման բաներ ասելով. «Կարդա՛ Աստծու խոսքերի այս հատվածը», «Կարդա՛ Աստծու խոսքերի այդ հատվածը» կամ «Այս տեսանկյան վերաբերյալ Աստծու խոսքերը սա են ասում, իսկ այն տեսանկյան վերաբերյալ՝ դա»։ Նրանք մարդկանց ուղարկում են միայն Աստծու խոսքերից ընտրված հատվածներ՝ համոզիչ կերպով քաջալերելով մարդկանց կարդալ Աստծու խոսքերը՝ հավատալով, որ հենց այսպես պետք է առաջնորդել մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, և որ իրենք կատարում են առաջնորդողի պարտականությունը։ Այս խոսքերը տեսնելուց հետո մարդիկ ասում են. «Ես նույնպես կարդացել եմ Աստծու այս խոսքերը. մի՞թե ավելորդ չէ, որ հավաքում ես այս խոսքերն ինձ համար»։ Սակայն կեղծ առաջնորդողները մտածում են. «Եթե ես դրանք չուղարկեմ քեզ, չես կարողանա գտնել, թե որ գլխում կամ որ էջում են այս խոսքերը։ Դու նույնիսկ չգիտես, թե ինչ համատեքստում է Աստված ասել այս խոսքերը։ Որպես առաջնորդող՝ ես պետք է ստանձնեմ ցանկացած պահի և ցանկացած վայրում Աստծու խոսքերը քեզ ուղարկելու այս պարտականությունը»։ Որոշ կեղծ առաջնորդողներ սիրո պոռթկումով ինչ-որ մեկին նույնիսկ օրական տասից քսան հատված են ուղարկում Աստծու խոսքերից՝ ցույց տալու համար իրենց հավատարմությունն իրենց աշխատանքին և իրենց վճռականությունը՝ մարդկանց դեպի Աստծու խոսքերի իրականությունն առաջնորդելուն։ Աստծու այս խոսքերն ուղարկվում են մարդկանց, բայց մի՞թե նրանց խնդիրները լուծվում են։ Մի՞թե նրանք կատարում են այն դերը, որը պետք է կատարի առաջնորդողը։ Հաճախ նրանք չեն կատարում այս դերը, որովհետև եթե մարդիկ կարողանային ինքնուրույն հասկանալ այս խոսքերը, նրանք առաջնորդողի կարիք չէին ունենա։ Կեղծ առաջնորդողների կողմից ուղարկված Աստծու խոսքերի հատվածներն իրականում քաջ հայտնի են նրանց, ովքեր հաճախ են կարդում Աստծու խոսքերը, բայց ի՞նչ է պակասում մարդկանց։ Որո՞նք են նրանց դժվարություններն ու խնդիրները։ Բանն այն է, որ երբ հերթը հասնում է այս ճշմարտություններին առնչվող խնդիրներին, երբ բախվում են դժվարությունների, մարդիկ չեն կարողանում խորամուխ լինել այս խնդիրների էության մեջ, չգիտեն, թե որտեղից սկսեն լուծել դրանք, նաև չգիտեն, թե ինչպես մտնեն այս ճշմարտությունների մեջ, և կեղծ առաջնորդողները նույնպես չգիտեն։ Այդ դեպքում մի՞թե նրանք կատարել են իրենց պարտականությունն այս հարցում։ Մի՞թե նրանք իրավասու են առաջնորդության աշխատանքում։ Ակնհայտ է, որ նրանք չեն կատարել այս պարտականությունը։ Օրինակ, երբ մարդիկ կարդում են Աստծու խոսքերում ազնիվ մարդ լինելու մասին, կեղծ առաջնորդողը, քանի որ չգիտի՝ ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը և չունի ճշմարտությունն ընկալելու և հասկանալու որակ, կասի. «Աստծու պահանջները բարձր չեն։ Աստված պահանջում է ազնիվ մարդիկ լինել, իսկ ազնիվ լինել նշանակում է ճշմարտացիորեն խոսել։ Մի՞թե Աստծու խոսքերն ամեն ինչ չեն ասել. «Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ» (ՄԱՏԹԵՈՍ 5:37)։ Որքա՜ն պարզ են Աստծու խոսքերը։ Պարզապես ասա այն, ինչ մտածում ես քո սրտում. որքա՜ն պարզ է դա։ Ինչո՞ւ չես կարող դա անել։ Աստծու խոսքը ճշմարտությունն է, մենք պետք է կիրարկենք այն։ Չկիրարկելն ապստամբություն է, և մի՞թե Աստված փրկում է նրանց, ովքեր ապստամբում են Իր դեմ։ Չի փրկում»։ Սա լսելով՝ մարդիկ արձագանքում են. «Այն ամենը, ինչ ասում ես, ճիշտ է, բայց մենք դեռ չգիտենք, թե ինչպես լինել ազնիվ մարդիկ։ Որովհետև ստելը շատ անգամ ակամա է լինում, կամ մի բան է, որը մարդն անում է, երբ այլ ելք չունի, և դրա հետևում պատճառ կա։ Ինչպե՞ս պետք է սա լուծվի»։ Ի՞նչ կասեր կեղծ առաջնորդողը։ «Մի՞թե սա հեշտ չէ լուծել։ Մի՞թե Աստծու խոսքերը պարզ չեն դարձրել դա։ Ազնիվ մարդ լինելը պարզապես երեխայի պես լինելն է. որքա՜ն պարզ է դա։ Անկախ նրանից, թե քանի տարեկան ես, մի՞թե չես կարող պարզապես երեխայի պես լինել։ Պարզապես նայիր, թե ինչպես են վարվում երեխաները»։ Ունկնդիրն այնուհետև խորհում է. «Երեխայի հիմնական վարքագծերն են միամիտ և աշխույժ լինելը, ցատկոտելը, ոչ հասուն լինելը և շատ բաներ չհասկանալը։ Քանի որ առաջնորդողն այդպես է ասել, ուրեմն, ես այսպես կանեմ»։ Հաջորդ օրը երեսուն կամ քառասուն տարեկան այս մարդն իր մազերը երկու փոքրիկ հյուսք է անում, վարդագույն ժապավեն ու մազակալներ է կապում, հագնում է վարդագույն վերնաշապիկ, կոշիկներ և գուլպաներ` ամբողջովին վարդագույն։ Սա տեսնելով՝ առաջնորդողն ասում է. «Ճիշտ է։ Երեխայի պես ավելի շատ քայլիր՝ ցատկոտելով։ Երեխայի պես ավելի անմեղ խոսիր՝ չարությունից զերծ աչքերով և ժպիտը դեմքիդ. մի՞թե սա երեխայի վարվելակերպին վերադառնալ չէ։ Սա ազնիվ մարդու կեցվածքն է»։ Առաջնորդողը բավականին գոհ է, մինչդեռ մյուսները սա համարում են հիմար, ոչ բնականոն վարքագիծ։ Այս կեղծ առաջնորդողը ոչ միայն չկարողացավ լուծել խնդիրը, այլև ընդհանրապես չգիտեր՝ ինչպես փնտրել ճշմարտության սկզբունքները՝ մարդկանց տանելով անհեթեթության ճանապարհով։ Նույնիսկ ազնիվ մարդ լինելու ամենապարզ ճշմարտության դեպքում կեղծ առաջնորդողը չգիտի, թե ինչպես այն ընկալել ճիշտ և մաքուր կերպով՝ դիմելով կանոնները կուրորեն կիրառելուն, ընկալելով այնքան խեղաթյուրված կերպով, որ զզվանք է առաջացնում լսողների մոտ։ Ահա թե ինչ են անում կեղծ առաջնորդողները։

Կեղծ առաջնորդողներն Աստծու խոսքերն ամենատարբեր ձևերով են ընկալում՝ հանդես գալով զանազան տարօրինակ և արտառոց տեսակետներով։ Նրանք նաև ծածանում են Աստծու խոսքերը կիրարկելու և դրանց հետևելու դրոշը՝ ուրիշներից պահանջելով ընդունել իրենց ընկալումը և հավատարիմ մնալ դրան։ Մի խոսքով, այս կեղծ առաջնորդողների պես մարդիկ հաճախ Աստծու խոսքերի մակերեսային և խեղաթյուրված ընկալում են ունենում։ Այն սահմանելու համար հոգևոր եզրույթ օգտագործելով՝ մենք կասեինք, որ նրանք «հոգևոր հասկացողություն չունեն»։ Նրանք ոչ միայն խեղաթյուրված կերպով են ընկալում Աստծու խոսքերը, այլև հաճախ պահանջում են, որ ուրիշներն էլ իրենց պես հետևեն այդ խեղաթյուրված վարդապետություններին և կանոնակարգերին։ Միևնույն ժամանակ նրանք օգտագործում են իրենց խեղաթյուրված ընկալումը՝ դատապարտելու նրանց, ովքեր ճշմարտության մաքուր ընկալում ունեն։ Այս կեղծ առաջնորդողները, հոգևոր հասկացողություն չունենալով, Աստծու խոսքերը չեն զննում և վերլուծում այնպես, ինչպես հակաքրիստոսներն են անում։ Արտաքուստ թվում է, թե նրանք Աստծու խոսքերին մոտենում են ուտելու, խմելու և ընդունելու ենթարկվող վերաբերմունքով։ Սակայն իրենց ցածր որակի և Աստծու խոսքերն ընկալելու անկարողության պատճառով նրանք Աստծու խոսքերին վերաբերվում են այնպես, ասես դրանք դասագիրք լինեն՝ հավատալով, որ Աստծու խոսքերը հետևում են «մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, երկուսին գումարած երկու հավասար է չորսի» տրամաբանությանը։ Նրանք չգիտեն, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և Աստծու խոսքերի իրականության մեջ մտնելու համար պետք է հասկանալ, թե ինչին են վերաբերում Աստծու խոսքերում ասված ճշմարտությունները, և որոնք են այն տարբեր վիճակներն ու բովանդակությունը, որոնք այդ ճշմարտությունները ներառում են։ Երբ ուրիշներն Աստծու խոսքերը շատ կոնկրետ և գործնական կերպով են ընկալում, նրանք դա համարում են մակերեսային և լսելու ոչ արժանի՝ ասելով. «Ես հասկանում եմ այդ ամենը, ես ամեն ինչ գիտեմ։ Այն, ինչի մասին դու խոսում ես, արդեն հստակորեն բացատրված է Աստծու խոսքերում, ինչո՞ւ պետք է դա ասես»։ Իրականում նրանք անտեղյակ են, որ այն, ինչ ուրիշները քննարկում են, Աստծու խոսքերում առկա ճշմարտություններին առնչվող կոնկրետ բովանդակություն է պարունակում։ Քանի որ այս կեղծ առաջնորդողները հոգևոր հասկացողություն և Աստծու խոսքերն ընկալելու կարողություն չունեն, նրանք կարծում են, թե բոլոր ճշմարտությունները քիչ թե շատ նույնն են, և ճշմարտությունների շոշափած հարցերի միջև որոշակի տարբերություններ չկան. նրանք հավատում են, որ, չնայած այս բաների մասին անվերջ խոսելուն, դրանք բոլորն, ըստ էության, նույն հարցն են։ Այս համոզմունքը լուրջ խնդիր է մատնանշում և դատապարտում է նման անհատներին երբեք չհասկանալու ճշմարտությունը։

Կեղծ առաջնորդողները չեն կարող մարդկանց առաջնորդել դեպի ճշմարտության իրականությունը

Այժմ կան լավ որակ և ընկալման կարողություն ունեցող անհատներ, որոնք արդեն որոշակի փորձառություն են ձեռք բերել և մտել են Աստծու հիմնական խոսքերի մեջ և որոշ չափով ճշմարտության իրականություն ունեն, բայց նրանք ավելի որոշակի ուղղորդման և առաջնորդության կարիք ունեն, որպեսզի իրենց մուտքը լինի ավելի խոր և ավելի մանրամասն կերպով։ Միայն կեղծ առաջնորդողներն են, որ չեն հասկանում, թե այդ ճշմարտության որոշակի մանրամասներն ինչին են վերաբերում կամ ինչու է այդպես ասվում՝ կարծելով, որ դա անհարկի բարդացում կամ բառախաղ է։ Նրանք չեն հասկանում կամ չգիտեն՝ ինչպես ընկալել կամ փորձառաբար ապրել ճշմարտության մեջ պարունակված տարբեր տեսանկյունները։ Հետևաբար, այն, ինչ նրանք կարող են անել առաջնորդողներ դառնալուց հետո, պարզապես մարդկանց առաջնորդելն է՝ ուտելու և խմելու Աստծու այն խոսքերը, որոնց շուրջ սովորաբար հաղորդակցվում են, ապա՝ որոշ վարդապետությունների մասին խոսելը և կանոնակարգեր պահելու որոշ կիրարկման մեթոդների հանգելը, և այն, ինչ մարդիկ ստանում են նրանցից, պարզապես որոշ մակերեսային հոգևոր եզրույթներ են և սովորաբար ասվող խոսքեր ու վարդապետություններ, կանոնակարգեր և կարգախոսներ։ Նոր հավատացյալների համար կեղծ առաջնորդողների քարոզները գուցե հազիվ բավարարեն մեկ կամ երկու տարի, բայց մեկ կամ երկու տարի անց որոշակի ճշմարտություններ հասկացածները կսկսեն զանազանել կեղծ առաջնորդողների այդ ամբողջ պնդումներն ու մոտեցումները։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հիմնովին ընկալման կարողություն չունեն, անկախ նրանից, թե ինչպես են կեղծ առաջնորդողները քարոզում, նրանք ոչինչ չեն զգում, ոչ մի գիտակցում չունեն և չեն հասկանում, որ այն, ինչ այս առաջնորդողները քարոզում են, պարզապես բառեր և վարդապետություններ են, և որ այն, ինչ նրանք հասկանում են, պարզապես որոշ դատարկ տեսություններ, կարգախոսներ և կանոնակարգեր են, որոնք բնավ ճշմարտությունը չեն։ Հիմնվելով այս դրսևորումների վրա՝ կեղծ առաջնորդողները կարո՞ղ են կատարել հետևյալ պարտականությունը՝ «առաջնորդել մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, հասկանալու դրանք և մտնելու Աստծու խոսքերի իրականությունը»: Կարո՞ղ են արդյոք կատարել այս դերը։ Կարո՞ղ են արդյոք կատարել իրենց պարտականությունները։ (Ո՛չ։) Ինչո՞ւ չեն կարող։ Ո՞րն է հիմնական խնդիրը։ (Նման մարդիկ հոգևոր հասկացողություն չունեն և չեն կարող ընկալել ճշմարտությունը։) Նրանք հոգևոր հասկացողություն չունեն և չեն կարող ընկալել ճշմարտությունը, սակայն, միևնույն է, ցանկանում են առաջնորդել ուրիշներին. սա բացարձակապես անհնար է։ Ակնկալել, որ կեղծ առաջնորդողները կառաջնորդեն մարդկանց՝ հասկանալու Աստծու խոսքերը և մտնելու Աստծու խոսքերի իրականությունը, նույնն է, ինչ փորձել դոնդողը պատին մեխել. դա անհնար է։ Վերցնենք, օրինակ, ազնիվ մարդ լինելը. Աստծու խոսքերն այս հարցում բավականին պարզ են, դրանք ընդամենը մի քանի ոչ բարդ նախադասություններ են: Ցանկացած ոք, ով փոքր-ինչ կրթություն ունի, գիտի, թե ինչ են նշանակում այս խոսքերը։ Բայց կեղծ առաջնորդողները, ապացուցելու համար, որ իրենք ունակ են կատարելու աշխատանքը և կարող են առաջնորդել մարդկանց, Աստծու խոսքերի հիման վրա մանրամասնում են. «Ո՞րն է մարդկանց ազնիվ լինելու Աստծու պահանջի նշանակությունը։ Նշանակում է, որ ազնիվ մարդ լինելն այն է, ինչ Աստված սիրում է։ Անհավատներն ազնիվ չեն, նրանք ճշմարտությունը չեն ասում, և այն ամենն, ինչ նրանք ասում են, ստեր և խաբուսիկ խոսքեր են. ամբողջ աշխարհը ստության մեծ երկիր է։ Հետևաբար, առաջին բանը, որ Աստված պահանջում է, երբ Նա գալիս է այսօր, այն է, որ մարդիկ ազնիվ լինեն։ Եթե դու ազնիվ մարդ չես, Աստված չի սիրի քեզ. եթե դու ազնիվ մարդ չես, չես կարող փրկվել, ոչ էլ կարող ես մտնել թագավորությունը. եթե դու ազնիվ մարդ չես, չես կարող կիրարկել ճշմարտությունը, և քեզ, անկասկած, կդասեն նենգ մարդկանց շարքին. եթե դու ազնիվ մարդ չես, դու՝ որպես ստեղծված էակ, չափանիշին համապատասխան չես»։ Դուք հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպես ազնիվ մարդ լինել։ (Ո՛չ։) Այդ ամենից հետո դեռ պարզ չէ։ Նոր հավատացյալները, սա լսելով, զգում են, որ այս խոսքերը հիանալի են, մի բան, որ նրանք չեն լսել կրոնում եղած իրենց քսան կամ երեսուն տարիների ընթացքում։ Ոմանք նույնիսկ ասում են. «Այս խոսքերը զորավոր են, յուրաքանչյուր նախադասություն արժանի է «Ամեն»-ի։ Այս քարոզն իսկապես լավն է, այն իսկապես Թագավորության դարաշրջանի քարոզ է»։ Այնուհետև կեղծ առաջնորդողները շարունակում են. «Աստված մեզնից պահանջում է ազնիվ մարդիկ լինել, արդյո՞ք մենք ազնիվ մարդիկ ենք»։ Ոմանք խորհում են սրա շուրջ. «Քանի որ Աստված մեզնից պահանջում է ազնիվ մարդիկ լինել, նշանակում է, որ մենք դեռ ազնիվ մարդիկ չենք»։ Ոմանք լռում են՝ մտածելով. «Ես ինձ բավականին անկեղծ եմ համարում։ Ես երբեք չեմ կռվում ուրիշների հետ, և առևտուր անելիս չեմ համարձակվում խաբել որևէ մեկին։ Երբեմն, եթե փոքրիկ օգուտ եմ քաղում, նույնիսկ գիշերը չեմ կարողանում քնել։ Ես ազնի՞վ մարդ եմ։ Կարծում եմ՝ ես պարզամիտ մարդ եմ, և մի՞թե դա նույնը չի նշանակում, ինչ ազնիվ մարդ լինելը»։ Մյուսներն ասում են. «Ես բնականից չեմ կարողանում ստել։ Դեմքս կարմրում է, երբ որևէ ոչ ճշմարիտ բան եմ ասում, ուստի ես պետք է որ ազնիվ մարդ լինեմ, այնպես չէ՞»։ Այնուհետև կեղծ առաջնորդողները հավելում են. «Անկախ նրանից, ազնիվ մարդ ես, թե ոչ, քանի որ Աստծու խոսքը մեզնից պահանջում է ազնիվ լինել, ստիպված ես ազնիվ մարդ լինել։ Եթե գործում ես Աստծու խոսքերի համաձայն, ազնիվ մարդ ես։ Այդժամ դու ազատվում ես նենգությունից, Սատանայի խավարի ազդեցության կապանքներից։ Երբ ազնիվ մարդ ես դառնում, մտնում ես ճշմարտության իրականության մեջ, կարող ես կատարել քո պարտավորությունները և կարող ես հնազանդվել Աստծուն»։ Դուք հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպես լինել ազնիվ մարդ։ (Ո՛չ։) Սակայն ոմանք հիացած են. «Այս խոսքերը զորավոր են։ Ամե՛ն։ Յուրաքանչյուր նախադասություն ճիշտ է։ Դրանցից ոչ մեկն ուղղակիորեն Աստծու խոսքերից չէ, բայց բոլորն Աստծու խոսքերից են ընկալված։ Այս ընկալումը հիանալի է։ Ինչո՞ւ ես չեմ կարողանում այսպես ընկալել։ Կարծես թե այս առաջնորդողն իսկապես արժանի է այդ կոչմանը, նա իսկապես ստեղծված է առաջնորդության համար»։ Որակ և խորաթափանցություն ունեցող մարդիկ սա լսելուց հետո խորհում են. «Դու չես բացատրել, թե ինչ է ազնիվ մարդը։ Որոշակիորեն ինչպե՞ս ազնիվ մարդ լինել»։ Կեղծ առաջնորդողները շարունակում են. «Ազնիվ մարդ լինել նշանակում է չստել։ Օրինակ, եթե դու նախկինում պոռնկություն ես գործել, ապա աղոթում ես Աստծուն և խոստովանում, թե քանի անգամ ես դա արել և ում հետ։ Եթե զգում ես, որ չես կարող տեսնել կամ դիպչել Աստծուն, ապա պետք է խոստովանես առաջնորդողին՝ ամեն ինչ պարզաբանելով։ Անկեղծ խոստովանությունն ազնիվ մարդ լինելու ամենահիմնական պահանջն է։ Բացի դրանից՝ դա նշանակում է խոսել սրտիցդ բխածը, ոչ մի բանի մեջ կեղծիք չխառնել։ Այն, թե ինչպես ես մտածում որևէ բանի մասին, ինչ մտադրություններ ունես, ինչ ապականություն ես բացահայտում, ում ես ատում կամ անիծում քո սրտում, ում ես ուզում վնասել կամ ում դեմ դավ նյութել. այս ամենը պետք է խոստովանել այդ անհատներին։ Այդպես վարվելով՝ դու դառնում ես բաց և անկեղծ՝ ապրելով լույսի մեջ։ Ահա թե ինչ է նշանակում ազնիվ մարդ լինել։ Ազնիվ մարդը պետք է հրաժարվի իր «ես»-ից. նա պետք է կարողանա ցուցադրել և վերլուծել իր սրտի ամենաչար և ամենամութ մասերը»։ Սա լսելով՝ դուք հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպես ազնիվ մարդ լինել։ (Դեռ ոչ։) Նույնիսկ լսելուց հետո մարդը միայն վարդապետություններ է հասկանում, ոչ թե կոնկրետ կիրարկումներ։ Աստծու խոսքերի նման ընկալմամբ կեղծ առաջնորդողներն այսպես են մարդկանց առաջնորդում ուտելու և խմելու Աստծու խոսքերը, և նրանք նաև այսպես են հաղորդակցվում՝ կարծելով, թե իրենք ամենաշատն են հասկանում Աստծու խոսքերը, ունեն Աստծու խոսքերն ընկալելու կարողություն և կարող են մարդկանց առաջնորդել դեպի Աստծու խոսքերի իրականությունը։ Իրականում այն, ինչ նրանք ըմբռնում են և ինչի շուրջ հաղորդակցվում են, պարզապես վարդապետություններ և կարգախոսներ են, որոնք որևէ օգնություն չեն ցուցաբերում նրանց, ովքեր ցանկանում են փնտրել ճշմարտության իրականությունը և հասկանալ ճշմարտության սկզբունքները։ Սակայն կեղծ առաջնորդողները դեռ հավատում են, որ իրենք ունեն ընկալման մեծ ընդունակություն, եզակի խորաթափանցություն Աստծու խոսքերի վերաբերյալ և գերազանցում են սովորական մարդկանց։ Նրանք շրջում են՝ քարոզելով այս վարդապետություններն ու կարգախոսները, նույնիսկ համեմատվելով ուրիշների հետ, հաճախ օգտագործելով այս վարդապետություններն ու կարգախոսները՝ բանավեճերի մեջ մտնելու համար, և նույնիսկ հաճախ օգտագործելով դրանք՝ մարդկանց խրատելու, էտելու, դատելու և դատապարտելու համար։ Նրանք կարծում են, թե այդպես վարվելով՝ իրենք աշխատանք են կատարում, Աստծու խոսքերը բերում են իրական կյանք և կիրառում են Աստծու խոսքերը։ Մի՞թե սա խնդրահարույց հարց չէ։ Կեղծ առաջնորդողները չեն կարող հասկանալ Աստծու խոսքերը, նրանք չեն կարող մարդկանց առաջնորդել դեպի Աստծու խոսքերի իրականությունը։ Աստծու խոսքերը կարդալուց հետո նրանք կարող են միայն հաղորդակցվել որոշ բառերի և վարդապետությունների շուրջ, և այդուհանդերձ շրջում են՝ քարոզելով և ի ցույց դնելով դրանք։ Իրականում, սակայն, նրանք չեն հասկանում Աստծու խոսքերի ոչ մի ճշմարտություն։ Օրինակ՝ նրանք չեն հասկանում որոշ նման հոգևոր եզրույթներ կամ նման արտահայտություններ, ոչ էլ գիտեն դրանց միջև եղած տարբերությունները կամ այն, թե ինչպես դրանք հարմարեցնել իրական իրավիճակներին։ Կանոններին հավատարիմ մնալուց և բառեր և վարդապետություններ արտաբերելուց բացի՝ նրանք չունեն Աստծու խոսքերի իսկական հասկացողություն և իսկապես չեն կիրարկում դրանք։ Հետևաբար, պարզ է, որ կեղծ առաջնորդողներն իրենք էլ չեն հասկանում ճշմարտությունը, ոչ էլ ի վիճակի են մարդկանց առաջնորդելու հասկանալու Աստծու խոսքերը և մտնելու ճշմարտության իրականությունը։ Մենք սա լուսաբանեցինք ազնիվ մարդ լինելու օրինակով։ Կեղծ առաջնորդողները, չիմանալով՝ ինչպես ընկալել ազնիվ մարդ լինելու ճշմարտությունը, դիմում են բառեր և վարդապետություններ արտասանելուն և կարգախոսներ քարոզելուն՝ մոլորեցնելով այն հիմարներին և բթամիտներին, որոնք չունեն հոգևոր հասկացողություն՝ թողնելով նրանց ապակողմնորոշված։ Այս բառերն ու վարդապետությունները լսելուց հետո նրանք առանձնապես կուռք են դարձնում կեղծ առաջնորդողներին և մի քանի տարի նրանց հետևելուց հետո ի վերջո չեն հասկանում նույնիսկ ամենահիմնական ճշմարտությունները՝ բացարձակապես մուտք չունենալով դրանց մեջ։ Այստեղ մենք կավարտենք մեր հաղորդակցությունն այս կետի շուրջ։

Երկրորդ կետ. ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին և լուծել նրանց իրական կյանքում հանդիպող կյանքի մուտքի հետ կապված տարբեր դժվարությունները (առաջին մաս)

Կեղծ առաջնորդողները չեն կարող թափանցել յուրաքանչյուրտեսակի մարդու վիճակների մեջ

Առաջնորդողների և աշխատողների երկրորդ պարտականությունն է ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին և լուծել նրանց իրական կյանքում հանդիպող կյանքի մուտքի հետ կապված տարբեր դժվարությունները։ Ինչպե՞ս են կեղծ առաջնորդողներն իրականացնում այս աշխատանքը։ Նրանք գիտա՞կ են այս առաջադրանքի համար։ Եկեք վերլուծենք այս կետը։ Ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին. ինչի՞ հիման վրա է սա իրագործվում։ Սա իրագործվում է Աստծու այն խոսքերը հասկանալու հիման վրա, որոնք մերկացնում են տարբեր մարդկանց ապականված խառնվածքներն ու էությունները։ Տարբեր մարդկանց վիճակներն ըմբռնելու համար նախ պետք է հասկանալ Աստծու այն խոսքերը, որոնք մերկացնում են մարդկանց տարբեր վիճակները, ապականված խառնվածքները և ապականված էությունները, և կարողանալ դրանք համապատասխանեցնել իրենց հետ։ Աստծու մերկացրած խառնվածքների տեսակը վերաբերում է նրան, թե ինչ տեսակի մարդկանց մասին է խոսքը, ինչպիսին է նրանց մարդկայնությունը, ինչպիսի դրսևորումներ և բացահայտումներ ունեն նրանք, և որն է նրանց վերաբերմունքն Աստծու, Աստծու խոսքերի և իրենց պարտավորության նկատմամբ. այս վիճակները պետք է համապատասխանեցվեն Աստծու խոսքերին, և այդպես վարվելով՝ կարելի է ըմբռնել տարբեր անհատների վիճակները։ Հետևաբար, տարբեր մարդկանց վիճակներին ծանոթ լինելը նախևառաջ Աստծու խոսքերը հասկանալու և Աստծու խոսքերն ընկալելու կարողություն ունենալու հիման վրա է ձեռք բերվում։ Կեղծ առաջնորդողներն Աստծու խոսքերն ընկալելու կարողություն չունեն, ուստի կարո՞ղ են նրանք հասկանալ տարբեր տեսակի մարդկանց վերաբերյալ բարդ ճշմարտությունները՝ մերկացված Աստծու խոսքերով, ինչպես նաև այն տարբեր վիճակներն ու ապականված էությունները, որոնք մերկացվում են։ (Ո՛չ։) Նրանք չեն հասկանում, չգիտեն այստեղ ներառված հարաբերությունները և չգիտեն ներառված ճշմարտությունները։ Քանի որ նրանք չունեն Աստծու խոսքերն ընկալելու կարողություն, տարբեր մարդկանց վիճակներն ըմբռնելը՝ այս շատ վճռորոշ և կարևոր հարցը, շատ խնդրահարույց և դժվար առաջադրանք է կեղծ առաջնորդողների համար։

Ինչպե՞ս են կեղծ առաջնորդողներն ըմբռնում տարբեր մարդկանց վիճակները։ Նրանք մտածում են. «Այս մարդը խանդավառ է, այն մեկը՝ մանրախնդիր, սա սիրում է պճնվել, այն մեկը քիչ հավատք ունի...»։ Նրանք նայում են միայն այս մակերեսային երևույթներին, բայց թե իրականում ինչպիսին է ինչ-որ մեկի վերաբերմունքն Աստծու խոսքերի և ճշմարտության նկատմամբ, և թե իրականում ինչպիսին է նրա բնական էությունը, նրանք չգիտեն։ Օրինակ՝ ինչ-որ մեկն իսկական հավատք ունի և եռանդուն է՝ իր պարտավորությունը կատարելիս, բայց նրա ընտանեկան դժվարություններն ու խառը իրավիճակներն ազդում են նրա պարտավորությունների արդյունքների վրա. կեղծ առաջնորդողները, տեսնելով սա, սխալ պիտակ կկպցնեն նրան՝ ասելով. «Այս մարդը չհավատացող է։ Նա չի կարողանում կտրվել իր ընտանիքից։ Նա միշտ մտածում է իր երեխաների մասին։ Նա տանը խնայողություններ ունի, բայց չի զոհաբերում դրանք։ Ուստի այս մարդը շատ խնդրահարույց է, և ապագայում չի կարող օգտագործվել կարևոր առաջադրանքների համար»։ Իրականում այդ մարդու խնդիրը լուրջ չէ. պարզապես նա կարճ ժամանակ է, ինչ հավատում է Աստծուն և ճշմարտության մակերեսային հասկացողություն ունի, ուստի չի կարողանում թափանցել շատ բաների էության մեջ։ Նա չգիտի՝ ինչպես վերաբերվել իր ընտանիքին և երեխաներին, կամ ինչպես տնօրինել իր ունեցվածքը։ Նա դեռևս աղոթելու և փնտրելու շրջանում է և կիրարկման ճշգրիտ սկզբունքներն ու մեթոդները դեռ չի գտել։ Նա ունի ճշմարտությունը կիրարկելու վճռականություն, բայց երբ բախվում է ընտանեկան խառը իրավիճակների և դժվարությունների, ժամանակավորապես փոքր-ինչ թուլանում է և այնքան էլ ակտիվ չէ՝ իր պարտավորությունը կատարելիս։ Այնուամենայնիվ նա կարող է ջանասիրաբար ավարտել եկեղեցու կողմից իրեն հանձնարարված աշխատանքը, մի բան, որ մարդկանց մեծամասնությունը չի կարող անել։ Դատելով ըստ նրա որակի, մարդկայնության և ճշմարտության նկատմամբ նրա վերաբերմունքի՝ նա լավ մարդ է։ Բայց կեղծ առաջնորդողները այդպես չեն տեսնում, որովհետև նրանք չեն հասկանում Աստծու խոսքերը և չգիտեն՝ ինչպես որպես չափանիշ օգտագործել Աստծու խոսքերը՝ չափելու համար, թե ինչպիսին է ինչ-որ մեկի բնական էությունը, կամ այն վիճակը, որում մարդը գտնվում է, նրա բնական էության կամ ժամանակավոր թուլությա՞ն պատճառով է, թե՞ հասակի խնդիր է. նրանք չեն կարող չափել այս բաները։ Դժվարությունները, որոնց բախվում է այսպիսի մարդը, այն դժվարություններն են, որոնք տեղի են ունենում իրական կյանքում և վերաբերում են կյանքի մուտքին. կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողները զբաղվել նմանատիպ խնդիրներով։ Կարո՞ղ են նրանք լուծել այս մարդկանց դժվարությունները։ (Ո՛չ։) Քանի որ կեղծ առաջնորդողները չեն կարող ճշգրտորեն ըմբռնել տարբեր մարդկանց վիճակները և չեն կարող ճշգրտորեն զանազանել տարբեր մարդկանց բնական էության լավն ու վատը, նրանք նաև չեն կարող ճշգրտորեն լուծել տարբեր մարդկանց դժվարություններն ու խնդիրները։ Ընդհակառակը, նրանք որպես մշակման հիմնական թիրախներ են դիտարկում նրանց, ովքեր, հենվելով միայն խանդավառության վրա, կարող են այսուայնկողմ վազել՝ ծախսվելով, դիմանալ դժվարություններին և գին վճարել, բայց ունեն ցածր որակ և չունեն ընկալման կարողություն, և նրանք հաղորդակցվում են՝ լուծելու նրանց դժվարությունները, երբ այս մարդիկ բախվում են դրանց։ Բայց իսկապես որակ և լավ մարդկայնություն ունեցողների դեպքում, երբ նրանք բախվում են դժվարությունների և փոքր-ինչ թույլ են, ինչպե՞ս են կեղծ առաջնորդողները լուծում դրանք և անդրադառնում դրանց։ Երբ այս մարդիկ բախվում են դժվարությունների, և նրանք իրականում պարզապես փոքր-ինչ թույլ են, ըստ իրավիճակի, նրանց պետք է աջակցել և օգնել. պետք է հաղորդակցվել նրանց հետ Աստծու մտադրությունների շուրջ. նրանց չպետք է ամբողջովին դուրս գրել, առավել ևս՝ պիտակավորել։ Բայց ինչպե՞ս են կեղծ առաջնորդողները լուծում նման մարդկանց դժվարությունները։ Նրանք ասում են. «Աստծու գործն արդեն հասել է այսպիսի փուլի, սակայն դու դեռ կառչած ես քո ամուսնուն, քո երեխաներին. դու նույնիսկ ստիպում ես քո երեխաներին հաճախել համալսարան և հետամուտ լինել իրենց հեռանկարներին։ Քանի որ աղետները գնալով ավելի ծանր են դառնում, այս աշխարհում դեռ կա՞ որևէ հեռանկար։ Դու նույնիսկ չես կարող հոգ տանել քո սեփական կյանքի մասին, ինչպե՞ս կարող ես հոգ տանել այդ բաների մասին։ Աստծու գործը գրեթե ավարտված է, որքա՜ն սուղ է ժամանակը։ Եթե դու ամբողջովին չնվիրվես, կարո՞ղ ես արդյոք դեռ ստեղծված էակ կոչվել։ Դու դեռ մա՞րդ ես»։ Այս մարդկանց դժվարություններն իսկապե՞ս սրա մասին են։ (Ո՛չ։) Պատճառը, որ այս մարդիկ փոքր-ինչ թույլ են, երբ բախվում են դժվարությունների, պարզապես նրանց քիչ հասունությունն է, ոչ թե այն, որ նրանք չեն սիրում ճշմարտությունը կամ չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունը։ Հետևաբար, կեղծ առաջնորդողների ասածը չի համապատասխանում նրանց վիճակին. դա ակնհայտորեն սխալ պիտակավորման դեպք է, նրանց վիճակի բուն էությունը կամ հիմնական տեսանկյունը չըմբռնելը, չըմբռնելը, թե իրականում ինչ են նրանք մտածում, ինչպիսի մարդիկ են նրանք, և ինչպես պետք է նրանց առաջնորդել և օգնել՝ լուծելու իրենց դժվարությունները։ Կեղծ առաջնորդողները չգիտեն՝ ինչպես լուծել այս խնդիրները։ Ուստի ինչպե՞ս պետք է լուծել նման հարցերը, երբ դրանք ծագում են։ Դու կարող ես ասել. «Խնդրին, որին դու բախվել ես, շատ մարդիկ են բախվում։ Նրանք, ովքեր իսկապես կարող են թողնել իրենց ընտանիքները և ամբողջ սրտով ծախսվել Աստծու համար, չեն գործում հույզերի ազդեցությամբ, այլ երկար ժամանակ պատրաստվել են։ Նախևառաջ, նրանք բավականաչափ հասկացել են ճշմարտությունը և իսկապես իրենց ընտանիքից կտրվելու, ամբողջ սրտով Աստծու տանը ծախսվելու վճռականություն ունեն և կարող են երաշխավորել, որ հետագայում չեն զղջա. նրանք մտածել են այդ ամենի մասին։ Ավելին՝ այս ընթացքում նրանք նաև աղոթում են Աստծուն՝ պատրաստելու և առաջընթացի ուղի բացելու համար, միաժամանակ շարունակելով իրենց զինել ճշմարտությամբ՝ թույլ տալով իրենց ավելի շատ ճշմարտություններ հասկանալ և ավելի շատ հավատք ունենալ, որպեսզի մի կողմ դնեն ամեն ինչ՝ ամբողջ սրտով Աստծու համար ծախսվելու նպատակով։ Սա պահանջում է ժամանակ, աղոթք և, իհարկե, Աստծու առաջնորդությունն ու կարգավորումները։ Եթե դու ունես այս վճռականությունը, մի՛ անհանգստացիր։ Աղոթի՛ր Աստծուն և հանգիստ սպասի՛ր, և Աստված կարգավորումներ կանի քեզ համար։ Եթե քո աղոթքներն ու վճռականությունը համահունչ են Աստծու մտադրություններին և ստանում են Աստծու հավանությունը, եթե դու պատրաստ ես և կհնազանդվես՝ անկախ նրանից, թե ինչ է անում Աստված, և չես զղջա, Աստված անպայման ճանապարհ կբացի քեզ համար։ Այս ընթացքում այն, ինչ մարդիկ պետք է անեն, պատրաստվելն ու սպասելն է. միակ բանը, որ նրանք կարող են անել, ճշմարտությամբ զինվելն է, Աստծու մտադրությունները հասկանալը և թույլ տալը, որ իրենց հասակն աստիճանաբար աճի։ Երբ Աստված տարբեր միջավայրեր է ստեղծում, եթե դու կարող ես ընտրել Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին հնազանդվելը՝ առանց որևէ դժգոհության, նշանակում է հասակ ունես. անկախ նրանից, թե ինչ է անում Աստված կամ ինչպես է Նա կարգավորում, դու կկարողանաս հնազանդվել»։ Ի՞նչ եք մտածում այսպիսի առաջնորդության մասին։ (Այն լավն է։) Մի կողմից՝ դու կատարում ես քո պարտականությունը՝ օգնելով մարդկանց՝ հասկանալու Աստծու մտադրությունները. միևնույն ժամանակ, դու չես ստիպում նրանց իրենց կարողությունից վեր բաներ անել, այլ նրանց իրենց իրական իրավիճակի համաձայն ես վերաբերվում։ Մի՞թե սա խնդիրներն Աստծու խոսքերով լուծելը չէ։ Մի՞թե սա իրական կյանքում մարդկանց հանդիպող դժվարությունները նրանց վիճակի հիման վրա լուծելը չէ։ (Այո։)

Որոշ մարդիկ իրենց պարտավորությունները կատարելիս միշտ ձևական են և պատասխանատվություն չեն ցուցաբերում, նրանք միշտ պաշտոնական դիրք են ընդունում, ամբարտավան են, ինքնարդար և անկարող են համագործակցել ուրիշների հետ ու վնաս են հասցնում եկեղեցու գործին՝ առանց մեղքի նշույլ անգամ զգալու։ Կեղծ առաջնորդողը, նման իրավիճակ տեսնելով, նպատակ է դնում այս խնդրով զբաղվելու և այն լուծելու՝ ասելով. «Այս մարդը շատ կարևոր դեր է խաղում այս աշխատանքում։ Կարծես թե լիովին հարմար մեկը չկա՝ նրան փոխարինելու համար, ուստի մենք պետք է հաղորդակցվենք նրա հետ՝ նրա դժվարությունները լուծելու համար»։ Հաղորդակցության ժամանակ կեղծ առաջնորդողը հայտնաբերում է, որ այս մարդն ընդհանրապես չի ցանկանում կատարել իր պարտավորությունը։ Նա ցանկանում է աշխարհիկ բաներին ձգտել, գումար վաստակել իր կարիերայից և լավ կյանք ապրել և համարում է, որ իրեն ստիպելը, որ իր պարտավորությունը կատարի, չափազանց մեծ պահանջ է։ Նա կարծում է, թե Աստծու տանն իր պարտավորությունը կատարելը նշանակում է ամեն օր զբաղված լինել, ոչ միայն կործանել իր անձնական ընտանեկան կյանքը, այլև անհնար դարձնել ընտանիքի անդամների հետ հարաբերությունների պահպանումը, և որ եթե իր պարտավորությունը կատարելիս խախտի սկզբունքները, ստիպված կլինի հանդուրժել էտումը։ Այդպիսի կյանքը նա չափազանց դառն է համարում և չի ցանկանում այդպես ապրել։ Խնդիրը պարզ է. նրա վարքագիծը ցույց է տալիս, որ նա չհավատացող է։ Բայց ինչպե՞ս է կեղծ առաջնորդողը վարվում։ Կեղծ առաջնորդողը մտածում է. «Այս մարդը տաղանդավոր է անհավատների մեջ. հեշտ չէ նրա նման մեկին գտնել։ Նրա վիճակը դժվարին է դարձել. ես պետք է արագ մի կողմ դնեմ ձեռքիս ամենածանրաբեռնված գործը, որպեսզի հաղորդակցվեմ նրա հետ և օգնեմ՝ լուծելու այն։ Ինչպե՞ս լուծել։ Աստծու խոսքերն ամենազորավորն են. նախ նրա համար Աստծու խոսքերից մի քանի հատված կկարդամ՝ լուծելու իր պարտավորությունը կատարելու նրա դժկամության հարցը»։ Կեղծ առաջնորդողը նրան ասում է. «Հիմա, երբ աղետները եկել են, մարդիկ այլևս չեն կարող լավ կյանք ապրել։ Դու դեռ ուզում ես գումար վաստակել կարիերայի միջոցով և հասարակ ընտանեկան կյանք ապրել, բայց շուտով ամբողջ աշխարհը քաոսի մեջ կլինի, և այլևս հասարակ ընտանիքներ չեն լինի։ Չե՞ս կարողանում հասկանալ այս բաները։ Դու պետք է ավելի շատ աղոթես Աստծուն։ Աստծուն աղոթելը քեզ հավատք կտա։ Նաև պետք է ավելի շատ ուտես և խմես Աստծու խոսքերը։ Մի քանի անգամ Աստծու խոսքերն ուտելուց և խմելուց հետո քո խնդիրը կլուծվի»։ Այնուհետև նա Աստծու խոսքերից հինգ կամ տասը հատված է գտնում, որպեսզի կարդա և հաղորդակցվի նրա հետ։ Այդ մարդը պատասխանում է. «Բավակա՛ն է հաղորդակցվես։ Ես հասկանում եմ Աստծու այս բոլոր խոսքերը. ես ավելի կրթված եմ, քան դու։ Մի՛ ցուցադրիր քեզ»։ Մի ամբողջ օրվա հաղորդակցություն, և ոչ մի հարց չլուծվեց։ Կեղծ առաջնորդողն ինքն իրեն մտածում է. «Ես այսքան տարի եկեղեցու գործն եմ անում. չեմ հավատում, որ չեմ կարող լուծել քո խնդիրը»։ Երեկոյան նա շտապում է շարունակել հաղորդակցությունը. «Դու պետք է սիրես և երկրպագես Աստծուն։ Դու ունես չափանիշին համապատասխանող արարած դառնալու հույսը։ Այս պարտավորությունը հեշտությամբ չի գալիս. պետք է փայփայես այս հնարավորությունը, որովհետև եթե բաց թողնես, այլևս երբեք չի լինի ուրիշը։ Այդքան լավ որակ և պայմաններ ունենալով՝ մի՞թե ափսոս չէր լինի, որ չկատարեիր քո պարտավորությունը։ Քո տաղանդներն ունեցողը պետք է առաջխաղացում ունենա և օգտագործվի Աստծու տանը. դու այստեղ մեծ հեռանկարներ ունես»։ Այդ մարդն ասում է. «Դադարի՛ր խոսելուց։ Եթե ինձ ստիպես կատարել իմ պարտավորությունը, իմ դիրքորոշումը կմնա նույնը։ Եթե ինձ թույլ չտան դա անել, ես անմիջապես կհեռանամ։ Այնպես չէ, որ աղաչում եմ այստեղ մնալ»։ Կեղծ առաջնորդողը սպառում է իր բոլոր խոսքերը, բայց չի կարողանում համոզել այդ մարդուն կամ լուծել նրա խնդիրը։ Ինչո՞ւ է այդպես։ Պատճառն այն է, որ նա չի կարողանում հասկանալ, թե որն է այդ մարդու հիմնական խնդիրը։ Այդ մարդն իր պարտավորությունը կատարելիս երբ ցանկանում է, ձևական է, երբ ցանկանում է, խաբում է, և պարզապես ձևականություններ է անում, եթե այդպես է ցանկանում. Ինչ աշխատանք էլ անի, նա անպատասխանատու է։ Նա չի ցանկանում փոքր-ինչ լրացուցիչ ջանք գործադրել կամ մի քանի խոսք ավելի ասել՝ որոշ խնդիրներ լուծելու համար՝ համարելով դա անհանգստացնող և ձանձրալի։ Նա հստակորեն գիտի, թե ինչպես կատարի իր պարտականությունն այնպես, որ այն համապատասխանի չափանիշին, և ինչպես վարվի պատշաճ կերպով, բայց չի ցանկանում կիրարկել այդ կերպ։ Բայց և այնպես շարունակում է կատարել իր պարտականությունն Աստծու տանը։ Ո՞րն է այս իրավիճակի բնույթը։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ (Նա եկել է օրհնություններ ստանալու և գործարքներ կնքելու մտադրությամբ։) Նա եկել է նման հույսով. այսպիսի մարդիկ հայտնի են որպես օպորտունիստներ։ Նրանք ասում են. «Ես լսել եմ, որ աշխարհի վերջը մոտ է, ապոկալիպսիսը մոտ է, ուստի ես այլևս աշխատանքի գնալու կարիք չունեմ. արդեն բավականաչափ գումար եմ վաստակել։ Կարող եմ նաև գալ Աստծու տուն՝ անվճար սնվելու և ինձ համար տեղ ապահովելու համար, որպեսզի հետագայում օրհնություններ ստանալու հույս ունենամ»։ Նրանց վերաբերմունքից և իրենց պարտականությունը կատարելու մտադրությունից դատելով՝ Աստծու հանդեպ նրանց հավատը շահադիտական է. նրանք եկել են Աստծու տուն՝ ձրիակերության, այլ ոչ թե ճշմարիտ հավատքից դրդված։ Նրանց վերաբերմունքն իրենց պարտականությունը կատարելիս հատկապես արհամարհական է։ Նրանց օգտագործելու համար եկեղեցին պետք է համոզի և բանակցի նրանց հետ, և միևնույն է, նրանք լավ չեն կատարում։ Կարո՞ղ է արդյոք այն մարդը, որը նույնիսկ խիղճ չունի, ճշմարտապես կատարել իր պարտականությունը։ Նրանք պարզապես զբաղվում են օպորտունիզմով և ձրիակերությամբ, նրանք չհավատացող են։ Դիտարկելով այս խնդրի երկու տեսանկյունների բնույթը՝ արդյոք կեղծ առաջնորդողն ըմբռնե՞ց դրա էությունը՝ այն լուծել փորձելիս։ (Ո՛չ։) Չկարողանալով հասկանալ խնդրի էությունը՝ նա այս մարդուն դեռևս համարում է ճշմարիտ հավատացյալ, պարզապես՝ ճշմարտությունը չհասկացող, քիչ հասունություն ունեցող, ժամանակավորապես թույլ և աջակցության կարիք ունեցող։ Նա փորձեց հաղորդակցվել և օգնել այս տեսանկյուններից, բայց նրան ասվեց. «Դադարի՛ր խոսելուց։ Այդ վարդապետությունները, որոնց մասին դու խոսում ես, անօգուտ են։ Ես գիտեմ այդ ամենը, ես ավելին եմ հասկանում, քան դու։ Իրականում քանի՞ վարդապետություն ես հասկանում։ Որքա՞ն ես կրթված։ Ես ավելի շատ գրքեր եմ կարդացել, քան դու կերակուր ես կերել»։ Նրա բնությունը բացահայտել է ինքն իրեն, այնպես չէ՞։ Կեղծ առաջնորդողը դեռ հավատում է, որ ինքն աշխատանք է կատարում՝ չգիտակցելով, որ այս մարդն իրականում չհավատացող է։ Երբ չհավատացողներն իրենց պարտականությունն են կատարում Աստծու տանը, նույնիսկ նրանց տքնությունը չափանիշին չի համապատասխանում։ Արդյո՞ք նման մարդկանց պետք է պահել։ (Ո՛չ։) Հետևաբար, սա է Աստծու տանն այսպիսի մարդու հետ վարվելու սկզբունքը. եթե նրանք կարող են և ցանկանում են տքնել, պահե՛ք նրանց. եթե նրանք չեն ցանկանում, արագորեն մաքրեք-հեռացրեք նրանց՝ առանց հորդորելու, որ մնան կամ համոզելու։ Արդյո՞ք կեղծ առաջնորդողը գիտի այս սկզբունքը։ Չգիտի։ Նա մեռածներին վերաբերվում է այնպես, ասես նրանք ողջ լինեն՝ կերակրելով և ջուր տալով. մի՞թե դա հիմարություն չէ։ Կեղծ առաջնորդողները հենց նման հիմար բաներ են անում։

Կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն լուծելու այն դժվարություններն ու խնդիրները, որոնց մարդիկ բախվում են կյանքի մուտքի ժամանակ

Տարբեր իրավիճակներում, երբ տարբեր մարդիկ տարբեր վիճակներ և դրսևորումներ են բացահայտում, կեղծ առաջնորդողները մշտապես չեն կարողանում ըմբռնել այս բացահայտումների էությունը և չեն կարողանում լուծել դրանցից ծագող խնդիրները։ Քանի որ նրանք չեն հասկանում ճշմարտությունը, սխալմամբ պիտակավորում են և անխոհեմ վարքագիծ դրսևորում՝ ժամանակավորապես թույլերին կամ երբեմն բացասական տրամադրվածություն ունեցողներին շփոթելով չհավատացողների և Աստծուն դավաճանող մարդկանց հետ։ Մինչդեռ այն չհավատացողները, որոնք մակերեսորեն որոշ շնորհներ ունեն, որոնք կարող են պարզ աշխատանք կատարել և որոշակի ջանք գործադրել, համարվում են աջակցման ենթակա հիմնական թիրախներ։ Այս մարդիկ ամաչում են ուղղակիորեն իրենց պարտականությունը կատարելու դժկամություն հայտնելուց, սակայն կեղծ առաջնորդողները չեն հասկանում դա և համառորեն փորձում են նրանց համոզել, որ մնան։ Կեղծ առաջնորդողները, հիմար արարքներ գործելուց բացի, ոչինչ չեն անում. չար մարդիկ խանգարում են եկեղեցուն, սակայն նրանք կույր են մնում դրա հանդեպ և չեն զբաղվում խնդրով։ Մի՞թե սա անխոհեմ վարքագիծ դրսևորել չէ։ Ինչպե՞ս է առաջանում կեղծ առաջնորդողների անխոհեմ վարքագիծը։ Նրանք չունեն Աստծու խոսքերն ըմբռնելու կարողություն և չեն հասկանում ճշմարտությունը, ուստի տարբեր իրավիճակների բախվելիս իրենց հասկացած ամենամակերեսային վարդապետություններին են դիմում՝ բազմիցս կիրառելով դրանք այնպես, որ միայն խանգարող և անհանգստացնող բաներ են առաջացնում։ Հաճախ նրանք ոչ միայն չեն կարողանում լուծել այն դժվարությունները, որոնց մարդիկ բախվում են կյանքի մուտքի ժամանակ, և ոչ միայն չեն կարողանում աջակցել մարդկանց, որ թուլությունից զորանան, այլև մարդկանց ստիպում են պատկերացումներ և թյուրըմբռնումներ տածել Աստծու վերաբերյալ՝ ստիպելով մտածել, թե եկեղեցին փորձում է նրանց հավաքագրել, որպեսզի օգտվի նրանց ծառայությունից, ասես Աստծու տունը տաղանդավոր անհատների պակաս ունի և չի կարողանում համապատասխան մարդկանց գտնել։ Սա է այն բացասական ազդեցությունը, որն առաջանում է կեղծ առաջնորդողների աշխատանքից։ Ինչպե՞ս է սա տեղի ունենում։ (Կեղծ առաջնորդողները չեն կարողանում ընկալել ճշմարտությունը, չեն հասկանում ճշմարտությունը և երբ բախվում են իրավիճակների, պարզապես կանոնակարգեր են կիրառում։) Նրանք չեն կարողանում ընկալել ճշմարտությունը, նրանք ի վիճակի են միայն մտապահելու որոշ կարծր խոսքեր և ասույթներ։ Նրանք չունեն ճշմարտության իրական փորձառական հասկացողություն և գնահատում։ Այսպիսով, երբ ի վերջո խնդիրներ են ծագում, նրանք կարող են միայն մի քանի չոր արտահայտություն ասել. «Սիրի՛ր Աստծուն»։ «Եղի՛ր ազնիվ»։ «Եղի՛ր հնազանդվող և ենթարկվող՝ իրավիճակների բախվելիս»։ «Լա՛վ կատարիր քո պարտավորությունը»։ «Դու պետք է հավատարիմ լինես»։ «Դու պետք է ապստամբես մսեղիի դեմ»։ «Դու պետք է ծախսվես Աստծու համար»։ Նրանք այս դատարկ վարդապետությունները, կարգախոսներն ու ասույթներն օգտագործում են՝ իրենց զարդարելու համար, և նաև դրանք ուրիշներին են սովորեցնում՝ հույս ունենալով ներգործելու և դրական ազդեցություն ունենալու նրանց վրա, բայց դա ոչ մի արդյունքի չի հասնում, և ոչինչ չի փոխում։ Հետևաբար, կեղծ առաջնորդողներն անկարող են որևէ աշխատանք իրականացնել։ Քանի որ նրանք նույնիսկ ի վիճակի չեն լուծելու այն դժվարությունները, որոնց Աստծու ընտրյալ մարդիկ բախվում են կյանքի մուտքի ժամանակ, ինչպե՞ս կարող են լավ աշխատանք կատարել՝ առաջնորդելով եկեղեցին։

Երբ մարդիկ իրական կյանքում բախվում են տարբեր դժվարությունների և չգիտեն, թե ինչպես առերեսվել դրանց, ոչ էլ, թե ինչպես կիրարկել ճշմարտությունը, նրանք պետք է Աստծու խոսքերում փնտրեն ճշմարտությունը՝ այս խնդիրները լուծելու համար։ Եթե քիչ հասունություն ունեցողը չգիտի, թե ինչպես Աստծու խոսքերում փնտրել ճշմարտությունը, ոչ էլ, թե ինչպես գտնել Աստծու համապատասխան խոսքերը, ապա նա պետք է ճշմարտությունը հասկացողների փնտրի՝ հաղորդակցվելու և խնդիրը լուծելու համար՝ միաժամանակ սովորելով, թե ինչպես գտնել Աստծու՝ համապատասխան խոսքերը և ինչպես ընկալել ճշմարտությունը։ Սա նշանակում է Աստծու խոսքերում գտնել, թե որոնք են սկզբունքները և Աստծու պահանջած չափանիշները, ինչպես է Աստված սահմանում այս հարցը և ինչ է Նա պահանջում դրա վերաբերյալ, և արդյոք կա՞ն որևէ կոնկրետ մանրամասներ, որոնք բացատրված են։ Եթե այս թեմայի վերաբերյալ Աստծու խոսքերը որոշ չափով պարզ են, և միայն ուրվագծում են սկզբունքները՝ առանց մանրամասն օրինակներ տրամադրելու, ապա դու պետք է սովորես խորհել։ Եթե խորհելու միջոցով չես կարողանում հասկանալ, փնտրիր ավելի շատ մարդկանց, որպեսզի հաղորդակցվես, հաղորդակցվիր հավաքույթներում և խարխափիր ու փնտրիր քո պարտավորությունը կատարելու գործընթացում՝ լուսավորում և պայծառացում ստանալով, և այդպիսով աստիճանաբար հասկանալով, թե որն է առկա խնդրի էությունը։ Ի վերջո, մուտք գործիր Աստծու խոսքերի սկզբունքների համաձայն՝ այս դժվարությունների լուծմանը հասնելու համար։ Օրինակ՝ որոշ մարդիկ ծույլ են և երբեք չեն կարողանում ուժ հավաքել՝ իրենց պարտավորությունը կատարելու համար, բայց հենց նշվում է ուտելու, խմելու և զվարճանալու մասին, նրանք պայծառանում են և լցվում եռանդով, ասես հանկարծակի կենդանացած լինեն։ Ինչպե՞ս են կեղծ առաջնորդողները լուծում նման խնդիրները։ Նրանք նույնպես միջոց ունեն. ավելի շատ առաջադրանքներ հանձնարարել այս մարդկանց՝ նրանց պարապ մնալու ժամանակ չթողնելով։ Կարո՞ղ է արդյոք այս մոտեցումը լուծել խնդիրը։ Որոշ մարդիկ դժկամությամբ են կատարում իրենց հանձնարարված նույնիսկ փոքր ծավալի աշխատանքը. նրանք պարզապես ուզում են ձրիակերությամբ զբաղվել՝ մտածելով, որ լավագույն բանը ընդհանրապես ոչ մի աշխատանք չանելն է։ Ո՞րն է չափազանց ծույլ մարդկանց խնդիրը։ Այն կապված է նրանց բնական էության հետ, այն բանի հետ, թե արդյոք նրանք սիրում են դրական բաներ, ինչպես նաև նրանց նախասիրությունների և ձգտումների հետ։ Կան որոշ մարդիկ, որոնք որոշակի աստիճանի որակ ունեն. եթե նրանք պարզապես սովորական հետևորդներ են՝ առանց իրենց վրա դրված որևէ հոգսի, էներգիա չունեն իրենց աշխատանքն անելու համար և դրանում ոչ մի հետաքրքրություն չեն գտնում։ Սակայն, եթե իրենց որակի և այն պարտավորության համաձայն, որը նրանք կարող են կատարել, նրանց տրվում է վերակացու լինելու հոգսը, թույլ է տրվում ունենալ որոշակի կոչում և ստանձնել որոշակի պարտավորություններ, աշխատանքի նկատմամբ նրանց հետաքրքրությունն արթնանում է։ Երբեմն, երբ նրանք անպատասխանատու են դառնում իրենց աշխատանքում կամ ծուլանում են, նրանց կարելի է էտել. այլ դեպքերում նրանց կարելի է որոշակի քաջալերանք և գովասանք տալ։ Այսպիսով, այս մարդիկ, որոնք հոգ են տանում իրենց հեղինակության մասին, սիրում են կարգավիճակ և հաճույք են ստանում շողոքորթվելուց, էներգիա են ստանում՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Երբ նրանք մտածում են ծուլանալու մասին, նրանք խորհում են. «Հանուն կարգավիճակի, հանուն այն հոգսի, որը ես կրում եմ՝ ես պետք է լավ կատարեմ այն»։ Այսկերպ նման մարդկանց ծուլությունը կարող է մասամբ լուծվել։ Երբ կեղծ առաջնորդողները բախվում են մարդկայնության հետ կապված այսպիսի խնդիրների կամ կյանքի մուտքի հետ կապված վիճակների, որոնք ծագում են պարտավորությունը կատարելու գործընթացում, դրանք շատ դժվար և բարդ են համարում լուծելու համար։ Նրանք չգիտեն՝ ինչպես լուծել այս վիճակներն ու խնդիրները, կամ Աստծու որ խոսքերն օգտագործել՝ նպատակային լուծման համար։ Մեծ մասամբ նրանց մոտեցումը մարդկանց համոզելն է կամ հորդորելը, որ լավ աշխատեն. եթե համոզելն ու հորդորելը չեն օգնում, նրանք դիմում են բարկանալուն և նրանց էտելուն։ Եթե նրանց էտելը չի օգնում, նրանք Աստծու խիստ խոսքերից մի քանի հատված են կարդում՝ որպես նախազգուշացում՝ մարդկանց տեղեկացնելու համար, որ նրանք պետք է ուղղվեն։ Եթե դա էլ ազդեցություն չի ունենում, նրանց վերջին միջոցը ինչ-որ մեկին նշանակելն է՝ նրանց վերահսկելու և կառավարելու համար։ Նրանք իրենց տրամադրության տակ միայն այս մի քանի միջոցներն ունեն, և եթե դրանք չեն օգնում, նրանք այլ ընտրություն չունեն։

Կարճ ասած՝ անկախ այն խնդրից, որին կեղծ առաջնորդողները բախվում են իրենց աշխատանքում, նրանք անկարող են թափանցել խնդրի էության մեջ, դժվարանում են ընկալել տարբեր մարդկանց ստույգ վիճակներն ու նախապատմությունները, և առավել ևս չեն կարողանում հասկանալ, թե որտեղ է խնդրի արմատը կամ որտեղից սկսել՝ առավելագույնս պատշաճ կերպով այն լուծելու համար։ Նրանք չունեն խնդիրները լուծելու այս սկզբունքներն ու մեթոդները, ուստի կեղծ առաջնորդողների աշխատանքը չի կարող լուծել տարբեր իրական խնդիրներ։ Նրանք ի վիճակի են միայն քարոզելու որոշ վարդապետություններ, բղավելու որոշ կարգախոսներ, հետևելու որոշ կանոնակարգերի և ձևականություններ անելու։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ իրավասու լինել եկեղեցու առաջնորդողների աշխատանքում։ Որքան էլ նրանք ուսուցանվեն և քանի տարի էլ հավատան, նրանք իրավասու չեն լինի եկեղեցու առաջնորդողների աշխատանքում։ Դուք նման օրինակների հանդիպե՞լ եք։ (Մեր եկեղեցում կար մեկը, ով հյուրընկալելու պարտականություն էր կատարում և միշտ դատապարտող ու քննադատող դիտողություններ էր անում՝ ազդելով մեր պարտականության կատարման վրա և առաջացնելով խանգարող և անհանգստացնող բաներ։ Այն բանից հետո, երբ մենք այդ մասին հայտնեցինք առաջնորդողին, նա պարզապես պնդեց, որ մենք ճանաչենք ինքներս մեզ և ենթարկվենք Աստծու կողմից դասավորված միջավայրին՝ առանց լուծելու իրական խնդիրը, ինչն ազդեց եկեղեցու գործի վրա։ Խնդիրը լուծվեց միայն ղեկավարության փոփոխությունից հետո։) Սա կեղծ առաջնորդողների տիպիկ դրսևորում է։ Սա կեղծ առաջնորդողի տարածված տեսակ է՝ նրանց, ովքեր չեն կարողանում ճանաչել չար մարդուն կամ հակաքրիստոսին, երբ հանդիպում են նրան, և ուրիշներին պատվիրում են համբերատար հանդուրժող լինել, փորձառությունից սովորել և հնազանդվել չար մարդուն կամ հակաքրիստոսին։ Նրանք չեն զանազանում հակաքրիստոսներին կամ չար մարդկանց, ոչ էլ որևէ բան են անում նրանց դեմ։ Հակաքրիստոսների դրսևորման եղանակների մասին այդքան հաղորդակցվելուց հետո յուրաքանչյուր ոք, ով հասկանում է ճշմարտությունը, այժմ պետք է կարողանա ճանաչել նրանցից մի քանիսին։ Բայց արդյո՞ք կեղծ առաջնորդողների պես մարդիկ ի վիճակի են փնտրելու, թե ինչպես է այդ հաղորդակցությունը համապատասխանում հակաքրիստոսի դրսևորումներին։ Կարո՞ղ են արդյոք նրանք զանազանել հակաքրիստոսներին։ (Ո՛չ։) Եվ ի՞նչի է հանգեցնում հակաքրիստոսներին զանազանելու նրանց անկարողությունը։ Հնարավոր է, որ հակաքրիստոսը խլի նրանցից իրենց զորությունը, որ նրանք թույլ տան հակաքրիստոսին վերահսկել եկեղեցին և, ի վերջո, ոչինչ չանեն, երբ հակաքրիստոսը անկախ թագավորություն հիմնի։ Եթե նրանք չեն կարողանում զանազանել հակաքրիստոսին, նրանք ոչ մի կերպ չեն կարող հակաքրիստոսին որպես իրենց թշնամու վերաբերվել և մերկացնել, զանազանել ու մերժել նրան. եթե նրանք չեն կարողանում զանազանել հակաքրիստոսին, շատ հավանական է, որ հակաքրիստոսին վերաբերվեն որպես եղբոր կամ քրոջ՝ համբերությամբ և հանդուրժողականությամբ, ինչը հանգեցնում է նրան, որ հակաքրիստոսն իշխանության է գալիս եկեղեցում և վերահսկում է այն։ Ուստի հակաքրիստոսներին զանազանել չկարողանալու հետևանքները լուրջ են, աներևակայելիորեն աղետալի։ Կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտությունը. նրանք չեն կարողանում զանազանել տարբեր տեսակի մարդկանց էությունները։ Այն ամենը, ինչ նրանք անում են, բառեր և վարդապետություններ քարոզելն է և կանոնակարգեր կիրառելը՝ սեր տածելով յուրաքանչյուրի հանդեպ, թույլ տալով յուրաքանչյուրին ապաշխարել և հնարավորություն տալով յուրաքանչյուրին, ով էլ որ լինի։ Մի՞թե սա կրոնական հոգևորականության գործելակերպը չէ։ Մի՞թե սա փարիսեցիների գործելակերպը չէ։ Կեղծ առաջնորդողները, երբ հակաքրիստոսների են հանդիպում, սովորաբար ընտրում են փոխզիջման գնալը և զիջելը, նույնիսկ արդարացում կամ պատճառ են գտնում՝ պնդելու, թե սա ուրիշներին սիրով վերաբերվելն է։ Իմանալով, որ ինչ-որ մեկը խնդրահարույց է և հակաքրիստոս՝ նրանք ոչ համարձակվում են առերեսվել, ոչ էլ քաջություն ունեն զանազանելու և մերկացնելու նրան. սա հենց այն է, ինչ կեղծ առաջնորդողներն անում են։ Նույնիսկ երբ որոշ եղբայրներ և քույրեր արդեն զանազանել են, որ այդ մարդը չար է կամ հակաքրիստոս, կեղծ առաջնորդողները դեռ կասեն. «Մենք չենք կարող մարդկանց դատել կամ թեթևամտորեն դատապարտել։ Այդ մարդն այնքան եռանդուն է իրեն ծախսում և այնքան պատրաստակամ է գին վճարելու. նա հակաքրիստոս կամ չար մարդ չէ։ Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը մի քանի կոպիտ խոսք է ասում, նրան չար չի դարձնում, այնպես չէ՞»։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում տեսնել մարդկանց էությունը, ոչ էլ կարող են տեսնել հակաքրիստոսների գործողությունների հետևանքները՝ շարունակելով սեր, հանդուրժողականություն և համբերություն ցուցաբերել հակաքրիստոսների հանդեպ, նույնիսկ քաջալերելով հակաքրիստոսներին խորհել, ճանաչել իրենց և ճշմարտապես ապաշխարել։ Անկախ նրանից, թե ինչպես է հակաքրիստոսը փորձում ճանաչել ինքն իրեն, կարո՞ղ է արդյոք նրա բնությունը փոխվել։ Կարո՞ղ է նա ճշմարտապես ճանաչել ինքն իրեն։ Բացարձակապես ո՛չ։ Թեև կարող է թվալ, թե հակաքրիստոսները թողնում են որոշ բաներ և մակերեսորեն փոքր-ինչ ծախսվում են, ներքուստ նրանք փառասիրություններ են տածում և մեծ ծրագրեր կազմում։ Պատճառը, որ կեղծ առաջնորդողները չեն կարողանում հասկանալ այնպիսի մարդկանց, ինչպիսիք հակաքրիստոսներն են, այն է, որ կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտությունը, ոչ էլ կարող են զանազանել տարբեր տեսակի մարդկանց։ Նրանք չեն կարողանում հասկանալ տարբեր մարդկանց բնական էությունը, ոչ էլ գիտեն՝ ինչպես վերաբերվել տարբեր տեսակի մարդկանց կամ վարվել նրանց հետ։ Երբ նրանք տեսնում են, որ ուրիշները մերկացնում են հակաքրիստոսներին, չեն համարձակվում միանալ և առավել ևս չեն համարձակվում գործողություններ ձեռնարկել հակաքրիստոսների դեմ՝ վախենալով վրեժխնդրությունից, եթե վիրավորեն հակաքրիստոսներին։ Նրանց մոտեցումը հակաքրիստոսների նկատմամբ սահմանափակվում է վարդապետություններ և հորդորներ քարոզելով։ Բացի չար մարդկանց և հակաքրիստոսներին զանազանել չկարողանալուց, կեղծ առաջնորդողները նաև չեն կարողանում լուծել այն տարբեր խնդիրները, որոնք գոյություն ունեն Աստծու ընտրյալ մարդկանց շրջանում։ Սա ապացուցում է, որ կեղծ առաջնորդողներն ընդհանրապես չունեն ճշմարտության հասկացողություն. նրանք անկարող են լուծել իրական խնդիրները և չեն կարող Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդել դեպի ճշմարտության իրականությունը։ Ինչ էլ որ կեղծ առաջնորդողները ասեն կամ անեն, Սուրբ Հոգու լուսավորումից մղված լույսի որևէ խոսք չես լսի, առավել ևս չես տեսնի, որ նրանք որևէ ճշմարտության իրականություն ունեն։ Հետևաբար, կեղծ առաջնորդողները մարդկանց կյանքի մուտքի առումով ոչ մի օգուտ կամ օգնություն չեն տալիս. այն չնչին աշխատանքը, որ նրանք անում են, ներառում է բառեր և վարդապետություններ քարոզել, կարգախոսներ բղավել և ձևականություններ կատարել։ Նրանք բացարձակապես չեն կարողանում կատարել այն դերը, որը պետք է խաղա առաջնորդողը։

Այսքանը մեր այսօրվա հաղորդակցության համար։ Ցտեսությո՛ւն։

Հունվարի 9, 2021 թ.

Նախորդը.  Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (2)

Հաջորդը.  Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (3)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger