Նրանք, ովքեր լիովին կարող են հնազանդվել Աստծու գործնականությանը, Աստծուն իսկապես սիրողներն են
Իրականության մասին ճանաչողություն ձեռք բերելը և Աստծու գործի խորը ըմբռնումը` այս երկուսն էլ տեսանելի են Աստծու խոսքերում, և միայն այս խոսքերի միջոցով է, որ կարող ես լուսավորություն ստանալ։ Հետևաբար, պետք է Աստծու խոսքերով ավելի շատ զինվես։ Հաղորդակցվի՛ր Աստծու խոսքերի քո հասկացողության մասին, որպեսզի քո հաղորդակցության միջոցով ուրիշների վրա ևս լուսավորություն գա, և առաջ շարժվելու ճանապարհ ունենան. սա է գործնական ուղին։ Նախքան Աստված քեզ համար միջավայր դասավորի, յուրաքանչյուրդ նախ պետք է զինվի Նրա խոսքերով։ Սա բոլորը պետք է անեն. սա հրատապ առաջնահերթություն է։ Նախ հասի՛ր այն կետին, երբ գիտես՝ ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը։ Այն ամենի համար, որ չգիտես, թե ինչպես անել, փնտրի՛ր Նրա խոսքերը կիրարկման ուղու համար․ այն հարցերի համար, որոնք չես հասկանում, կամ որևէ դժվարության դեպքում ապավինի՛րՆրա խոսքերին։ Դարձրո՛ւ Աստծու խոսքերը քո մատակարարումը և թույլ տուր, որ դրանք օգնեն քեզ լուծել քո իրական դժվարություններն ու խնդիրները, ինչպես նաև թո՛ւյլ տուր, որ Աստծու խոսքերը դառնան քո ապավենը կյանքում։ Այս ամենը քեզնից ջանքեր կպահանջի։ Աստծու խոսքերն ուտելով ու խմելով՝ պետք է հասնես արդյունքների, պետք է կարողանաս խաղաղեցնել սիրտդ Նրա առջև. Երբ խնդիրների հանդիպես, Նրա խոսքերի համաձայն կիրարկիր և երբ որևէ բանի չես բախվել, պարզապես կենտրոնացիր Նրա խոսքերն ուտելու ու խմելու վրա։ Երբեմն կարող ես աղոթել և խորհել Աստծու սիրո մասին, հաղորդակցվել Նրա խոսքերի քո հասկացողության մասին, հաղորդակցվել փորձառությամբ ապրած քո ներսի լուսավորության ու լուսավորման մասին, ինչպես նաև այն արձագանքների մասին, որոնք ունեցել ես այդ խոսքերը կարդալիս։ Ավելին՝ կարող ես մարդկանց առաջընթացի ճանապարհ ցույց տալ։ Միայն սա է գործնական։ Այսպես վարվելու նպատակն է թույլ տալ, որ Աստծու խոսքերը դառնան քո գործնական մատակարարումը։
Օրվա ընթացքում քանի՞ ժամ ես իրապես անցկացնում Աստծու առաջ։ Քո օրվա ինչքա՞ն մասն է իրականում հատկացված Աստծուն։ Ինչքա՞նը մսեղիինը։ Սիրտդ միշտ Աստծուն ուղղված պահելն առաջին քայլն է՝ Նրա կողմից կատարելագործվելու ճիշտ ճանապարհին լինելու համար։ Եթե կարողանաս սիրտդ, մարմինդ և ամբողջ անկեղծ սերդ նվիրել Աստծուն, դնել դրանք Նրա առաջ, բացարձակապես հնազանդվել Նրան և բացարձակապես հաշվի առնել Նրա մտադրությունները, չգործել մսեղիի, ընտանիքի կամ սեփական ցանկությունների համար, այլ Աստծու տան շահերի համար՝ Աստծու խոսքերը դարձնելով քո սկզբունքն ու հիմքն ամեն ինչում, ապա, այդպես վարվելով, քո դրդապատճառներն ու տեսակետները ճիշտ սահմանված կլինեն, և դու կլինես մեկը, որը կստանա Աստծու հավանությունը Նրա ներկայությամբ։ Աստված սիրում է նրանց, ովքեր անմնացորդ են Իր հանդեպ. Նա սիրում է նրանց, ովքեր կարող են հավատարիմ լինել միայն Իրեն։ Աստված ատում է նրանց, ում սիրտը կիսով չափ է նվիրված Իրեն, և ովքեր ապստամբում են Նրա դեմ։ Նա ատում է նրանց, ովքեր հավատում են Իրեն և միշտ ուզում են վայելել Նրան, մինչդեռ չեն կարողանում ամբողջությամբ ծախսվել հանուն Նրա։ Նա ատում է նրանց, ովքեր ասում են` սիրում են Իրեն, բայց իրենց սրտերում ապստամբում են Նրա դեմ։ Նա ատում է նրանց, ովքեր օգտագործում են պերճախոս, գունագեղ խոսքեր՝ խաբելու համար։ Նրանք, ովքեր անկեղծորեն նվիրված չեն Աստծուն կամ անկեղծորեն չեն հնազանդվել Նրան, բնությամբ սարսափելի ըմբոստ են ու չափազանց ամբարտավան։ Մասնավորապես նրանք, ովքեր չեն կարող անկեղծորեն հնազանդվել բնականոն, գործնական Աստծու առջև, էլ ավելի ամբարտավան են և հատկապես նրանք են հրեշտակապետի հնազանդ հետնորդները։ Մարդիկ, որոնք իսկապես ծախսվում են Աստծու համար, իրենց ամբողջ էությամբ նվիրված են Նրան և մատուցում են իրենց Նրան. նրանք կարող են հնազանդվել Նրա բոլոր խոսքերին և գործին, կիրարկել Նրա խոսքերը և ընդունել դրանք որպես իրենց գոյության հիմք և անկեղծորեն փնտրել Նրա խոսքերում՝ պարզելու համար, թե որ մասերը պետք է կիրարկեն։ Այդպիսին են այն մարդիկ, որոնք իսկապես ապրում են Աստծու առաջ։ Եթե այսպես կիրարկես, օգտակար կլինի քո կյանքի համար։ Նրա խոսքերն ուտելով և խմելով՝ կարող ես ձեռք բերել ճանաչողություն քո իսկ ապականված խառնվածքների մասին, ինչպես նաև բավարարել քո կյանքի կարիքները և լրացնել քո պակասությունները, որպեսզի քո կյանքի բնույթը փոխվի։ Սա կբավարարի Աստծու մտադրությունները։ Եթե գործես Աստծու պահանջների համաձայն և չբավարարես մսեղիին, այլ փոխարենը բավարարես Նրա մտադրությունները, ապա այսպիսով մուտք գործած կլինես Նրա խոսքերի իրականություն։ Աստծու խոսքերի իրականության մեջ մտնելը նշանակում է, որ կարող ես կատարել քո պարտավորությունը և բավարարել Աստծու գործի կարիքները։ Միայն այսպիսի գործնական քայլերը կարող են կոչվել մուտք Նրա խոսքերի իրականություն։ Եթե կարողանաս մտնել այս իրականություն, ապա կունենաս ճշմարտությունը։ Սա իրականություն մտնելու սկիզբն է. նախ պետք է անցնես այս կրթումը և միայն դրանից հետո կկարողանաս մտնել ավելի խոր իրականություններ։ Մտածի՛ր, թե ինչպես պահել պատվիրանները և ինչպես նվիրվել Աստծուն. մի մտածի՛ր անընդհատ այն մասին, թե երբ կկարողանաս մտնել թագավորություն։ Եթե քո բնավորությունը չփոխվի, ապա ինչ էլ մտածես, անօգուտ կլինի։ Աստծու խոսքերի իրականության մեջ մտնելու համար նախ պետք է հասնես այն կետին, որտեղ քո բոլոր մտքերն ու գաղափարներն ուղղված են Աստծուն. սա նվազագույն պահանջն է։
Ներկայում շատ մարդիկ փորձությունների մեջ են և չեն հասկանում Աստծու գործը, բայց ես ասում եմ քեզ. Եթե չես հասկանում դա, ապա ավելի լավ է դրա մասին դատողություններ չանես։ Գուցե, գա մի օր, երբ ճշմարտությունն ամբողջությամբ լույս աշխարհ կգա, և այդ ժամանակ կհասկանաս։ Դատողություններ չանելը քեզ օգտակար կլինի, բայց չես կարող պարզապես պասիվ սպասել։ Պետք է ակտիվորեն ձգտես մուտք գործել․ միայն այդ ժամանակ կլինես մեկը, որն իրական մուտք ունի։ Իրենց ըմբոստության պատճառով մարդիկ մշտապես ձևավորում են պատկերացումներ գործնական Աստծու մասին։ Սա անհրաժեշտ է դարձնում, որ բոլոր մարդիկ սովորեն՝ ինչպես հնազանդ լինել, որովհետև գործնական Աստված հսկայական փորձություն է մարդկության համար։ Եթե չկարողանաս կանգնել անսասան, ամեն ինչ կորսված է․ եթե չունես գործնական Աստծու գործնականության մասին հասկացողություն, ապա չես կարողանա կատարելագործվել Աստծու կողմից։ Կատարելագործվելու ընթացքում մարդկանց կարողանալու կամ չկարողանալու կարևոր քայլը Աստծու գործնականության մասին նրանց հասկացողությունն է։ Մարմնացած Աստծու երկիր գալու գործնականությունը յուրաքանչյուր մարդու համար փորձություն է։ Եթե կարողանաս այս հարցում անսասան մնալ, ապա կլինես մեկը, որ ճանաչում է Աստծուն, և կլինես մեկը, որ իսկապես սիրում է Նրան։ Եթե չկարողանաս այս հարցում անսասան մնալ և միայն հավատաս Հոգուն ու անկարող լինես հավատալ Աստծու գործնականությանը, ապա որքան էլ լավ աշխատես Աստծուն հավատալու հարցում, այն անօգուտ կլինի։ Եթե չես կարող հավատալ տեսանելի Աստծուն, ապա մի՞թե կարող ես հավատալ Աստծու Հոգուն։ Մի՞թե պարզապես չես փորձում հիմարացնել Աստծուն։ Դու հնազանդ չես տեսանելի և շոշափելի Աստծու առջև, ուրեմն, ունա՞կ ես հնազանդվելու Հոգուն։ Հոգին անտեսանելի ու անշոշափելի է, ուստի, երբ ասում ես, որ հնազանդվում ես Աստծու Հոգուն, մի՞թե պարզապես անհեթեթություն չես ասում։ Պատվիրանները պահելու բանալին գործնական Աստծու մասին հասկացողությունն է։ Երբ հասկանաս գործնական Աստծուն, կկարողանաս պահել պատվիրանները։ Դրանք պահելու երկու կողմ կա. մեկը Նրա Հոգու էությանն ամուր կառչելն է և Հոգու առաջ Հոգու կողմից զննում ընդունել կարողանալը, մյուսը՝ մարմնացյալ մսեղիի մասին իրական հասկացողությունն ունենալն ու իրական հնազանդության հասնելը։ Անկախ մսեղիի կամ Հոգու առաջ լինելուց՝ մարդը պետք է միշտ ունենա Աստծուն հնազանդվող և Նրանից երկյուղող սիրտ։ Միայն այսպիսի մարդն է արժանի կատարելագործվելու։ Եթե ունես գործնական Աստծու գործնականության մասին հասկացողություն, այսինքն՝ եթե այս փորձության մեջ անսասան ես մնացել, ապա քեզ համար ոչինչ չափազանց դժվար չի լինի։
Ոմանք ասում են. «Հեշտ է պահել պատվիրանները ․ պարզապես պետք է Աստծու առաջ խոսես ճշմարտացիորեն ու բարեպաշտորեն, այլ ոչ թե ժեստիկուլյացիաներ անես․ սա է պատվիրանները պահելը»։ Արդյոք սա ճի՞շտ է։ Այդ դեպքում, եթե Աստծու մեջքի ետևում ես ինչ-որ բաներ անում, որոնք հակառակվում են Նրան, արդյոք դա համարվու՞մ է պատվիրանները պահել։ Պետք է խորապես հասկանաք, թե ինչ է նշանակում պատվիրանները պահել։ Սա կապված է նրա հետ, թե արդյոք իրականում հասկանում ես Աստծու գործնականությունը։ Եթե ունես այդ գործնականության մասին հասկացողությունը և այս փորձության մեջ չես սայթաքում ու չես ընկնում, ապա կարելի է ասել, որ ունես հզոր վկայություն։ Աստծու մասին հնչեղ վկայություն կրելը գլխավորապես կապված է նրա հետ, թե արդյոք հասկանում ես գործնական Աստծուն և արդյոք կարողանում ես հնազանդվել այս մարդու առաջ, որ ոչ միայն սովորական է, այլև նորմալ, հնազանդվել նույնիսկ մինչև մահ։ Եթե այս հնազանդությամբ իսկապես կրում ես վկայություն Աստծու մասին, դա նշանակում է, որ ձեռք ես բերվել Աստծու կողմից։ Եթե կարողանաս հնազանդվել մինչև մահ և Նրա առջև լինես առանց որևէ բողոքի, դատողություններ չանես, չզրպարտես, պատկերացումներ չունենաս և որևէ թաքուն մտադրություններ չունենաս, ապա այսկերպ Աստված կստանա փառք։ Սովորական մի անձի առաջ հնազանդվելը, որին մարդը վերևից է նայում, և հնազանդվել կարողանալը մինչև մահ՝ առանց որևէ պատկերացման՝ սա է իրական վկայությունը։ Իրականությունը, որն Աստված պահանջում է մարդկանցից մտնել, այն է, որ կարողանաս հնազանդվել Նրա խոսքերին, կիրարկել դրանք, խոնարհվել գործնական Աստծու առջև ու ճանաչել քո սեփական ապականությունը, բացել քո սիրտը Նրա առջև և, ի վերջո, ձեռք բերվել այդ խոսքերի միջոցով Նրա կողմից։ Երբ այս խոսքերը նվաճում են քեզ և դարձնում լիովին հնազանդ Նրա առջև, Աստված փառք է ձեռք բերում․ այդպիսով Նա ամոթահար է անում Սատանային և ավարտում Իր գործը։ Երբ չունես որևէ պատկերացում մարմնացյալ Աստծու գործնականության մասին, այսինքն, երբ անսասան ես մնացել այս փորձության մեջ, ապա այս վկայությունը լավ ես կրել։ Եթե գա մի օր, երբ ունենաս լիարժեք հասկացողություն գործնական Աստծու մասին և կարողանաս հնազանդվել մինչև մահ, ինչպես Պետրոսը, ապա ձեռք կբերվես ու կկատարելագործվես Աստծու կողմից։ Աստծու ցանկացած գործողություն, որը չի համապատասխանում քո պատկերացումներին, փորձություն է քեզ համար։ Եթե Աստծու գործը համապատասխաներ քո պատկերացումներին, այն չէր պահանջի, որ տառապեիր կամ զտվեիր։ Հենց այն պատճառով, որ Նրա գործն այդքան գործնական է և չի համապատասխանում քո պատկերացումներին, հարկավոր է, որ հրաժարվես նման պատկերացումներից։ Ահա թե ինչու է դա փորձություն քեզ համար։ Աստծու գործնականության պատճառով է, որ բոլոր մարդիկ փորձությունների մեջ են․ Նրա աշխատանքը գործնական է, ոչ թե գերբնական։ Լիովին հասկանալով Նրա գործնական խոսքերն ու գործնական արտահայտումները՝ առանց որևէ պատկերացման, և կարողանալով անկեղծորեն այնքան ավելի սիրել Նրան, որքան ավելի գործնական է Նրա աշխատանքը, դու ձեռք կբերվես Նրա կողմից։ Աստված ձեռք կբերի այն մարդկանց խմբին, որոնք ճանաչում են Աստծուն, այսինքն՝ նրանց, ովքեր ճանաչում են Նրա գործնականությունը։ Նույնիսկ ավելին՝ նրանց, ովքեր ունակ են հնազանդվելու Աստծու գործնական աշխատանքին։
Մինչ Աստված մսեղիում է, մարդկանցից պահանջվող հնազանդությունը չի ենթադրում դատողություններ անելուց կամ դիմադրելուց զերծ մնալ, ինչպես մարդիկ են պատկերացնում․ այլ Նա պահանջում է, որ մարդիկ Իր խոսքերն օգտագործեն որպես իրենց ապրելու սկզբունք և իրենց գոյատևման հիմք, որ նրանք բացարձակապես կիրարկեն Նրա խոսքերի էությունը և որ բացարձակապես բավարարեն Նրա մտադրությունները։ Մարդկանցից՝ մարմնացյալ Աստծուն հնազանդվելու պահանջի մի կողմը վերաբերում է Նրա խոսքերը կիրարկելուն, իսկ մյուս կողմը՝ Նրա բնականոնությանն ու գործնականությանը հնազանդվել կարողանալուն։ Այս երկուսն էլ պետք է լինեն բացարձակ։ Նրանք, ովքեր կարողանում են հասնել այս երկու կողմերին, բոլորն ունեն իսկական աստվածասեր սրտեր։ Նրանք բոլորը ձեռք են բերվել Աստծու կողմից, և սիրում են Աստծուն այնպես, ինչպես իրենց սեփական կյանքերը։ Մարմնացյալ Աստված Իր գործում կրում է նորմալ և գործնական մարդկայնություն։ Այսպիսով՝ Նրա նորմալ և գործնական մարդկայնության արտաքին պատյանը մարդկանց համար դառնում է հսկայական փորձություն, դառնում է նրանց ամենամեծ դժվարությունը։ Սակայն Աստծու բնականոնությունից ու գործնականությունից հնարավոր չէ խուսափել։ Նա ամեն ինչ փորձեց՝ լուծում գտնելու համար, բայց վերջում չկարողացավ ազատվել Իր բնականոն մարդկայնության արտաքին պատյանից։ Սրա պատճառն այն է, որ Նա ի վերջո մարմնացած Աստված է, ոչ թե երկնքի Հոգու ոլորտի Աստված։ Նա այն Աստված չէ, որին մարդիկ չեն կարող տեսնել, այլ այն Աստված, որ կրում է արարածի պատյանը։ Հետևաբար Իր բնականոն մարդկայնության պատյանից ազատվելը բոլորովին հեշտ չէր լինի։ Այդ պատճառով, անկախ ամեն ինչից, Նա դեռ անում է այն գործը մսեղիի տեսանկյունից։ Այս աշխատանքը գործնական և նորմալ Աստծու արտահայտությունն է, ուստի ինչպե՞ս կարող է ընդունելի լինել, որ մարդիկ չհնազանդվեն։ Ի՞նչ կարող են մարդիկ անել Աստծու գործերի առջև։ Նա անում է այն, ինչ կամենում է․ ինչից Նա գոհ է, հենց այդպես էլ լինում է։ Եթե մարդիկ չեն հնազանդվում, ապա էլ ի՞նչ ողջամիտ ծրագրեր կարող են ունենալ։ Մինչ այժմ միայն հնազանդությունն է կարողացել փրկել մարդկանց․ ուրիշ փայլուն ռազմավարություն չկա։ Եթե Աստված ցանկանում է փորձել մարդկանց, ի՞նչ կարող են նրանք անել։ Սակայն սրանցից ոչ մեկը երկնքում եղող Աստծու ցանկությունը չէ. դա մարմնացած Աստծու ցանկությունն է։ Նա ցանկանում է անել սա, ուստի ոչ մի մարդ չի կարող փոխել այն։ Երկնքում եղող Աստված չի միջամտում այն ամենին, ինչ անում է մարմնացած Աստված, ուրեմն չպե՞տք է մարդիկ առավել ևս ենթարկվեն Նրան։ Թեև Նա և՛ գործնական է, և՛ բնականոն, Նա հենց մսեղի դարձած Աստված է։ Նա հետևում է Իր ցանկություններին՝ անելու այն ամենը, ինչ ցանկանում է։ Երկնքի Աստված բոլոր առաջադրանքները հանձնել է Նրան․ պետք է հնազանդվես այն ամենին, ինչ Նա անում է։ Թեև Նա մարդկայնություն ունի և շատ բնականոն է, Նա դիտավորյալ է կազմակերպել այս ամենը, հետևաբար, ինչպե՞ս կարող են մարդիկ լայն բացած աչքերով դժգոհությամբ նայել Նրան։ Նա ցանկանում է բնականոն լինել, ուստի բնականոն է։ Նա ցանկանում է ապրել մարդկայնության մեջ, ուստի ապրում է մարդկայնության մեջ։ Նա ցանկանում է ապրել աստվածայնության մեջ, ուստի ապրում է աստվածայնության մեջ։ Մարդիկ կարող են սա տեսնել այնպես, ինչպես ցանկանում են, սակայն Աստված միշտ Աստված կլինի, իսկ մարդիկ՝ միշտ մարդիկ։ Նրա էությունը չի կարող ժխտվել որևէ աննշան մանրուքի պատճառով, և ոչ էլ կարելի է Նրան դուրս մղել Աստծու «անձից» որևէ փոքր բանի պատճառով։ Մարդիկ ունեն մարդկային էակների ազատությունը, իսկ Աստված ունի Աստծու արժանապատվությունը․ սրանք միմյանց չեն խանգարում։ Մի՞թե մարդիկ չեն կարող Աստծուն մի փոքր ազատություն տալ։ Մի՞թե չեն կարող հանդուրժել, որ Աստված Ինքը մի փոքր ավելի անհոգ լինի։ Այդքան խիստ մի՛ եղեք Աստծու հանդեպ։ Յուրաքանչյուրը պետք է հանդուրժողականություն ունենա մյուսի հանդեպ․ այդ դեպքում մի՞թե ամեն ինչ կարգավորված չի լինի։ Մի՞թե այդ դեպքում դեռ որևէ օտարացում կմնար։ Եթե մարդը չի կարող հանդուրժել այդպիսի չնչին մի բան, ապա ինչպե՞ս կարող է նույնիսկ ասել այնպիսի բան, ինչպիսին է. «Վարչապետի սիրտն այնքան մեծ է, որ այնտեղ նավ կարող է լողալ»։ Ինչպե՞ս կարող է նա լինել ճշմարիտ մարդ։ Աստված չէ, որ դժվարություն է պատճառում մարդկանց, այլ մարդկությունն է դժվարություն պատճառում Աստծուն։ Նրանք միշտ ամեն ինչ չափազանցնում են՝ լվից ուղտ սարքելով։ Նրանք իսկապես ոչնչից ինչ-որ բան են ստեղծում, և դա մի բան է, որը նրանք բացարձակապես չպետք է անեն։ Երբ Աստված գործում է նորմալ և գործնական մարդկայնության մեջ, այն, ինչ Նա անում է, մարդու գործը չէ, այլ Աստծու գործը։ Սակայն մարդիկ չեն տեսնում Նրա գործի էությունը․ նրանք միշտ միայն տեսնում են Նրա մարդկայնության արտաքին պատյանը։ Նրանք չեն տեսել այսպիսի մեծ գործ, սակայն փոխարենը տեսել են Նրա սովորական և նորմալ մարդկայնությունը և չեն հրաժարվի դրանից։ Ինչպե՞ս կարելի է սա անվանել Աստծուն հնազանդվել։ Երկնքի Աստված այժմ «վերածվել է» երկրի Աստծու, իսկ երկրի Աստված այժմ երկնքի Աստված է։ Կարևոր չէ՝ արդյոք Նրանց արտաքինները նույնն են, և կարևոր չէ նաև, թե կոնկրետ ինչպես են Նրանք գործում։ Ի վերջո Նա, ով անում է Աստծու իսկ գործը, հենց Աստված Ինքն է։ Պետք է հնազանդվես՝ ուզես, թե չուզես․ այս հարցում ընտրություն չունես։ Աստված պետք է լինի մարդկանց հնազանդեցնողը, և մարդիկ պետք է բացարձակապես հնազանդվեն Աստծուն՝ առանց ձևականության անգամ ամենաչնչին նշույլի։
Մարդկանց այն խումբը, որին մարմնացած Աստված ցանկանում է ձեռք բերել այսօր, նրանք են, ովքեր Նրա մտադրությունների համաձայն են։ Մարդիկ միայն պետք է հնազանդվեն Նրա գործին և դադարեն մշտապես մտահոգվել երկնքի Աստծու ցանկություններով, դադարեն ապրել անորոշության մեջ և դադարեն դժվարություններ ստեղծել մսեղի Աստծու համար։ Նրան հնազանդվելու ունակները նրանք են, ովքեր անվերապահորեն լսում են Նրա խոսքերը և ենթարկվում Նրա կարգավորումներին։ Այսպիսի մարդիկ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, թե իրականում ինչպիսին կարող է լինել երկնային Աստված կամ ինչպիսի գործ է երկնային Աստված ներկայում կատարում մարդու վրա․ նրանք ամբողջովին իրենց սրտերը նվիրում են երկրային Աստծուն և իրենց ամբողջ էությունը դնում Նրա առաջ։ Նրանք երբեք չեն մտածում իրենց սեփական անվտանգության մասին և երբեք բծախնդրություն չեն ցուցաբերում մսեղի Աստծու բնականոնության և գործնականության նկատմամբ։ Նրանք, ովքեր հնազանդվում են մսեղի Աստծուն, կարող են կատարելագործվել Նրա կողմից։ Նրանք, ովքեր հավատում են երկնային Աստծուն, ոչինչ չեն շահի։ Դա պայմանավորված է նրանով, որ ոչ թե երկնային Աստված, այլ երկրային Աստված է, որ մարդկանց խոստումներ ու օրհնություններ է պարգևում։ Մարդիկ չպետք է միշտ մեծարեն երկնային Աստծուն՝ Նրան պատվելով որպես մեծագույն, իսկ երկրային Աստծուն դիտելով որպես պարզապես սովորական մարդ․ դա անարդար է։ Նրանց երկնային աստված մեծ է ու հրաշալի՝ զարմանահրաշ իմաստությամբ, սակայն նա ընդհանրապես գոյություն չունի։ Երկրային Աստված շատ սովորական է և աննշան, բայց նաև՝ շատ բնականոն։ Նա չունի արտասովոր միտք և չի կատարում երկիրը ցնցող գործեր․ Նա պարզապես աշխատում և խոսում է շատ նորմալ ու գործնական կերպով և չի խոսում որոտի միջից ու չի կանչում քամի ու անձրև։ Սակայն Նա իսկապես երկնային Աստծու մարմնացումն է և իսկապես մարդկանց մեջ ապրող Աստված է։ Մարդիկ չպետք է համարեն որպես Աստված այն մեկին, որին կարողանում են հասկանալ, և որը համապատասխանում է իրենց սեփական երևակայություններին, կամ պատվեն որպես մեծագույն Աստված, մինչդեռ այն մեկին, ում չեն կարող ընդունել և բացարձակապես չեն կարող պատկերացնել, դիտեն որպես ցածր։ Այս ամենը գալիս է մարդկանց ըմբոստությունից․ այս ամենը մարդկության՝ Աստծուն դիմադրելու աղբյուրն է։