Հաջողությունը կամ ձախողումը կախված է մարդու ընթացած ուղուց

Մարդկանց մեծամասնությունն Աստծուն հավատում է հանուն իր ապագա նշանակության վայրի կամ ժամանակավոր վայելքի։ Նրանք, ովքեր որևէ էտման չեն ենթարկվել, Աստծուն հավատում են, որպեսզի երկինք մտնեն և պարգևներ ստանան։ Նրանք Աստծուն չեն հավատում, որպեսզի կատարյալ դարձվեն կամ արարածի պարտավորությունը կատարեն։ Այսինքն՝ մարդկանց մեծամասնությունն Աստծուն չի հավատում, որպեսզի կատարի իր պարտականությունները կամ ավարտի իր պարտավորությունները։ Մարդիկ Աստծուն հազվադեպ են հավատում, որպեսզի իմաստալի կյանք արտահայտեն, և չկան այնպիսիք, ովքեր հավատում են, թե քանի որ մարդը ողջ է, պետք է սիրի Աստծուն, որովհետև դա կատարելապես բնական և արդարացված է, և մարդու բնական կոչումն է։ Այսպիսով, թեև տարբեր մարդիկ ձգտում են իրենց սեփական նպատակներին, նրանց ձգտման նպատակն ու դրա հիմքում ընկած դրդապատճառը նման են, և, ավելին, նրանց մեծ մասի համար երկրպագության առարկաները գրեթե նույնն են։ Վերջին մի քանի հազար տարվա ընթացքում բազմաթիվ հավատացյալներ են մահացել, և շատերը մահացել ու նորից են ծնվել։ Աստծուն մեկ կամ երկու հոգի չէ, որ ձգտում է, ոչ էլ նույնիսկ մեկ կամ երկու հազար հոգի, սակայն այս մարդկանց մեծամասնությունը ձգտում է հանուն սեփական հեռանկարների կամ ապագայի հրաշալի հույսերի։ Քրիստոսին նվիրվածները շատ քիչ են և հազվադեպ։ Այնուամենայնիվ, բազմաթիվ բարեպաշտ հավատացյալներ մահացել են՝ իրենց իսկ ցանցերում խճճված, և, ավելին, հաղթանակած մարդկանց թիվը չափազանց չնչին է։ Մինչ օրս մարդկանց ձախողման պատճառները կամ նրանց հաղթանակի գաղտնիքները դեռևս անհայտ են նրանց։ Նրանք, ովքեր համակված են Քրիստոսին ձգտելով, դեռ չեն արթնացել, և նրանք չեն բացահայտել այս խորհուրդների բուն արմատը, որովհետև պարզապես չգիտեն։ Թեև նրանք մանրակրկիտ ջանքեր են գործադրում իրենց ձգտման մեջ, նրանց ընթացած ուղին ձախողման ուղին է, որով ժամանակին քայլել են իրենց նախորդները, այլ ոչ թե հաջողության ուղին, որով քայլել են իրենցից առաջ եկածները։ Այսպիսով՝ անկախ նրանից, թե ինչպես են նրանք ձգտում, մի՞թե դեպի խավար տանող ուղիով չեն քայլում։ Մի՞թե նրանց ձեռք բերածը դառը պտուղ չէ։ Բավականին դժվար է կանխատեսել՝ արդյոք այն մարդիկ, որոնք ընդօրինակում են անցյալում հաջողության հասածներին, ի վերջո օրհնություններ կստանան, թե վայ։ Ուրեմն որքա՜ն ավելի վատ են հնարավորությունները նրանց համար, ովքեր ձգտում են՝ հետևելով ձախողվածների հետքերին։ Մի՞թե նրանք ձախողման է՛լ ավելի մեծ հավանականություն չունեն։ Ի՞նչ արժեք ունի նրանց ընթացած ուղին։ Մի՞թե նրանք իզուր չեն վատնում իրենց ջանքերը։ Անկախ նրանից՝ մարդիկ իրենց ձգտման մեջ հաջողում են, թե ձախողվում, կարճ ասած՝ դրա համար պատճառ կա, և այնպես չէ, որ նրանց ձեռքբերումն ու կորուստը որոշվում են ձգտելով այնպես, ինչպես իրենք են կամենում։

Աստծու հանդեպ մարդու հավատքի ամենահիմնարար պահանջն այն է, որ նա ազնիվ սիրտ ունենա և կարողանա լիարժեքորեն նվիրվել ու իսկապես հնազանդվել։ Մարդու համար ամենամեծ դժվարությունն իր ողջ կյանքը ճշմարիտ հավատքի դիմաց տալն է, որի շնորհիվ կարող է արժանանալ լիակատար ճշմարտությանը և կատարել իր` որպես արարածի պարտավորությունը։ Սա անիրագործելի է նրանց համար, ովքեր ձախողվել են, և առավել ևս անիրագործելի է նրանց համար, ովքեր չեն կարողանում գտնել Քրիստոսին։ Սա հենց այն պատճառով է, որ մարդը լավ չի կարողանում ամբողջովին նվիրվել Աստծուն, քանի որ պատրաստակամ չէ կատարելու իր պարտավորությունն Արարչի հանդեպ, քանի որ մարդը տեսել է ճշմարտությունը, սակայն խուսափում է դրանից և գնում է իր իսկ ուղով` քանի որ մարդը շարունակաբար ձգտում է՝ հետևելով նրանց ուղուն, ովքեր ձախողվել են, քանի որ մարդը մշտապես ապստամբում է Երկնքի դեմ, հետևաբար շարունակաբար ձախողվում և ընկնում է Սատանայի դավադրության ծուղակը և իր իսկ լարած թակարդը։ Քանի որ մարդը չի ճանաչում Քրիստոսին և հմուտ չէ ճշմարտությունը հասկանալու և փորձառելու մեջ, չափազանց պաշտում է Պողոսին և անսանձ փափագ ունի երկինք գնալու, քանզի մշտապես պահանջում է, որ Քրիստոսը ենթարկվի իրեն, և դրա վերաբերյալ հրամայում է Աստծուն, այդ իսկ պատճառով բոլոր նշանավոր անհատները և նրանք, ովքեր փորձառաբար ապրել են աշխարհի վայրիվերումները, դեռևս ի զորու չեն խուսափելու մահից և մեռնում են Աստծու պատժի ներքո։ Այդպիսի մարդկանց մասին կարող եմ ասել հետևյալը․ նրանք իրենց մահկանացուն կնքում են անբնական մահով։ Հետևանքը, որին նրանք հանդիպում են՝ նրանց մահը, առանց արդարացման չէ. և դրանից բացի՝ մի՞թե նրանց ձախողումն ավելի անհանդուրժելի չէ Երկնքի օրենքի համար։ Ճշմարտությունը գալիս է մարդկային աշխարհից, սակայն մարդկանց մեջ այն Քրիստոսի միջոցով է փոխանցվում։ Այն սերում է Քրիստոսից, այսինքն՝ հենց Աստծուց, և սա մի բան է, որին մարդն ունակ չէ։ Սակայն Քրիստոսը պարզապես ընծայում է ճշմարտությունը․ Նա չի եկել այստեղ որոշելու՝ արդյոք մարդը հաջողության կհասնի ճշմարտության իր ձգտման մեջ։ Հետևաբար, մարդը ճշմարտության առումով հաջողության կհասնի, թե ոչ, կախված է բացառապես իր սեփական ձգտումից։ Սա հարց է, որը երբեք որևէ առնչություն չի ունեցել Քրիստոսի հետ, այլ փոխարենը պայմանավորված է մարդու սեփական ձգտումով։ Մարդու նշանակության վայրը և նրա հաջողությունը կամ ձախողումը չի կարելի ամբողջովին Աստծու վրա դնել, որպեսզի Աստված Ինքը կրի դա, քանի որ սա Իրեն՝ Աստծուն, վերաբերող հարց չէ, այլ անմիջականորեն կապված է այն պարտավորության հետ, որը պետք է կատարեն արարածները։ Մարդկանց մեծամասնությունը որոշ գիտելիք ունի Պողոսի և Պետրոսի ձգտման ու նշանակության վայրի մասին, սակայն մարդիկ Պողոսի և Պետրոսի ելքից ավելի ոչինչ չգիտեն և անտեղյակ են թե՛ Պետրոսի հաջողության հետևում թաքնված գաղտնիքից, և թե՛ այն թերություններից, որոնք հանգեցրին Պողոսի ձախողմանը։ Եվ ուստի, եթե դուք բոլորովին անկարող եք տեսնել մինչև նրանց ձգտման խորին էությունը, ապա ձեզանից շատերի ձգտումը ձախողվելու է, և թեկուզ ձեզանից փոքրաթիվ մարդիկ հաջողության հասնեն, այդուհանդերձ, նրանք դարձյալ Պետրոսին հավասար չեն լինի։ Եթե քո ձգտման ուղին ճշմարիտ է, ապա դու հաջողության հույս ունես․ եթե ճշմարտության ձգտման մեջ քո ընթացած ուղին սխալ է, ապա հավիտյան անկարող կլինես հաջողության հասնել և կարժանանաս նույն ելքին, ինչ Պողոսը։

Պետրոսն այն մարդն էր, որ կատարյալ դարձվեց։ Միայն պատիժ և դատաստան փորձառելուց և այդպիսով մաքուր աստվածասեր սիրտ ձեռք բերելուց հետո նա լիովին կատարյալ դարձվեց. նրա ընթացած ուղին կատարյալ դարձվելու ուղին էր։ Այսինքն՝ հենց սկզբից Պետրոսի ընթացած ուղին ճիշտ ուղին էր, և Աստծուն հավատալու նրա դրդապատճառը ճիշտ դրդապատճառն էր, ուստի նա դարձավ կատարյալ դարձված մեկը. նա քայլեց մի նոր ուղով, որով մարդը նախկինում երբեք չէր քայլել։ Սակայն այն ուղին, որով Պողոսը սկզբից ի վեր քայլել էր, Քրիստոսին հակառակելու ուղին էր, և միայն այն պատճառով, որ Սուրբ Հոգին ցանկանում էր օգտագործել նրան և Իր գործի համար օգտվել նրա շնորհներից ու բոլոր արժանիքներից, նա մի քանի տասնամյակ աշխատեց Քրիստոսի համար։ Նա պարզապես մեկն էր, ով օգտագործվում էր Սուրբ Հոգու կողմից և չէր օգտագործվում այն պատճառով, որ Հիսուսը բարեհաճորեն էր նայում նրա մարդկայնությանը, այլ նրա շնորհների պատճառով։ Նա կարողացավ Հիսուսի համար աշխատել, որովհետև տապալվեց, այլ ոչ թե այն պատճառով, որ պատրաստակամ էր դա անելու։ Նա կարողացավ նման աշխատանք կատարել Սուրբ Հոգու լուսաբանման և ուղղորդման շնորհիվ, և նրա կատարած աշխատանքն ամենևին չէր ներկայացնում նրա ձգտումը կամ նրա մարդկայնությունը։ Պողոսի աշխատանքը ծառայի աշխատանք էր ներկայացնում, այլ կերպ ասած՝ նա առաքյալի աշխատանք էր կատարում։ Պետրոսը, սակայն, տարբեր էր. նա նույնպես որոշակի աշխատանք կատարեց. այն այնքան մեծ չէր, որքան Պողոսի աշխատանքը, բայց նա աշխատում էր՝ իր սեփական մուտքին ձգտելով, և նրա աշխատանքը տարբերվում էր Պողոսի աշխատանքից։ Պետրոսի աշխատանքն արարածի պարտավորության կատարումն էր։ Նա չէր աշխատում առաքյալի դերում, այլ աշխատում էր՝ ձգտելով առ Աստված սիրուն։ Պողոսի աշխատանքի ընթացքը նույնպես իր անձնական ձգտումն էր պարունակում. նրա ձգտումը լոկ ապագայի իր հույսերի և լավ նշանակության վայր ունենալու ցանկության համար էր։ Իր աշխատանքի ընթացքում նա ոչ զտում էր ընդունում, ոչ էլ էտում։ Նա հավատում էր, որ քանի դեռ իր կատարած աշխատանքը բավարարում էր Աստծու մտադրությունները, և այն ամենը, ինչ ինքն անում էր, հաճելի էր Աստծուն, ապա ի վերջո իրեն պարգև էր սպասում։ Նրա աշխատանքում չկային անձնական փորձառություններ. այն ամբողջովին հենց հանուն աշխատանքի էր և չէր իրականացվում փոփոխության ձգտման ընթացքում։ Նրա աշխատանքում ամեն ինչ գործարք էր, այն արարածի պարտավորություն կամ հնազանդություն չէր պարունակում։ Իր աշխատանքի ընթացքում Պողոսի հին խառնվածքի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Նրա աշխատանքը պարզապես ուրիշներին ծառայություն մատուցել էր և չէր կարող փոփոխություններ առաջացնել իր խառնվածքի մեջ։ Պողոսն իր աշխատանքն իրականացնում էր անմիջականորեն՝ առանց կատարյալ դարձվելու կամ էտվելու, և նրա դրդապատճառը պարգևն էր։ Պետրոսը տարբեր էր. նա մեկն էր, ով էտման և զտման էր ենթարկվել։ Պետրոսի աշխատանքի նպատակն ու դրդապատճառը հիմնովին տարբերվում էին Պողոսի աշխատանքի նպատակից ու դրդապատճառից։ Թեև Պետրոսը մեծ քանակությամբ աշխատանք չկատարեց, նրա խառնվածքը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվեց, և այն, ինչին նա ձգտում էր, ճշմարտությունն էր և իրական փոփոխությունը։ Նրա աշխատանքը չէր իրականացվում պարզապես հանուն բուն աշխատանքի։ Թեև Պողոսը շատ աշխատանք կատարեց, դա ամբողջությամբ Սուրբ Հոգու աշխատանքն էր, և թեև Պողոսը համագործակցում էր այդ աշխատանքում, այն նրա փորձառության արդյունքում չէր առաջացել։ Այն, որ Պետրոսն ավելի քիչ աշխատանք կատարեց, միայն այն պատճառով էր, որ Սուրբ Հոգին այդքան շատ աշխատանք չէր կատարում նրա վրա։ Նրանց աշխատանքի քանակը չէր որոշում՝ արդյոք նրանք կատարյալ դարձվեցին. մեկի ձգտումը պարգևներ ստանալու համար էր, իսկ մյուսինը՝ առ Աստված վերջնական սիրո հասնելու և որպես արարած իր պարտավորությունը կատարելու, որպեսզի կարողանար կյանքով սիրելի պատկեր արտահայտել՝ Աստծու մտադրությունները բավարարելու համար։ Արտաքուստ նրանք տարբեր էին, և նրանց էությունները նույնպես տարբեր էին։ Դու չես կարող որոշել, թե նրանցից ով կատարյալ դարձվեց՝ ելնելով նրանց կատարած աշխատանքի քանակից։ Պետրոսը ձգտում էր կյանքով արտահայտելու Աստծուն սիրողի պատկերը, լինելու մեկը, ով հնազանդվում էր Աստծուն, ով էտում էր ընդունում և ով կատարում էր իր պարտավորությունը՝ որպես արարած։ Նա ի վիճակի էր նվիրվելու Աստծուն, իրեն ամբողջությամբ հանձնելու Աստծու ձեռքը և հնազանդվելու Նրան մինչև մահ։ Նա ուներ այսպիսի վճռականություն, և նա նաև իրագործեց այն։ Սա է արմատն այն բանի, թե ինչու նրա ելքն ի վերջո տարբերվեց Պողոսի ելքից։ Այն աշխատանքը, որ Սուրբ Հոգին կատարեց Պետրոսի վրա, նրան կատարյալ դարձնելն էր, իսկ այն աշխատանքը, որ Սուրբ Հոգին կատարեց Պողոսի վրա, նրան օգտագործելն էր։ Պատճառն այն է, որ նրանց բնությունները և նրանց ձգտումների հիմքում ընկած հեռանկարները նույնը չէին։ Երկուսն էլ ունեին Սուրբ Հոգու աշխատանքը։ Պետրոսն այս աշխատանքը կիրառեց իր վրա և նաև տրամադրեց ուրիշներին. Մինչդեռ Պողոսը Սուրբ Հոգու աշխատանքն ամբողջությամբ տրամադրեց միայն ուրիշներին և ինքը ոչինչ չշահեց դրանից։ Այսպիսով՝ այն բանից հետո, երբ նա այդքան տարիներ փորձառել էր Սուրբ Հոգու աշխատանքը, Պողոսի մեջ փոփոխություններ գրեթե գոյություն չունեին։ Նա դեռևս մնում էր գրեթե իր բնական վիճակում, և նա դեռևս նախկին Պողոսն էր։ Պարզապես բազմաթիվ տարիների աշխատանքի դժվարությունը կրելուց հետո նա սովորել էր, թե ինչպես «աշխատել», և համբերատարություն էր սովորել, բայց նրա հին բնությունը՝ նրա խիստ մրցակցային և շահամոլ բնությունը, դեռևս մնում էր։ Այդքան տարիներ աշխատելուց հետո նա չէր ճանաչում իր ապականված խառնվածքը, ոչ էլ դեն էր նետել իր հին խառնվածքը, որը դեռևս հստակ տեսանելի էր նրա աշխատանքում։ Նա պարզապես ավելի շատ աշխատանքային փորձ ուներ, բայց միայն այդ չնչին փորձն անկարող էր փոխել նրան և չէր կարող փոփոխել գոյության վերաբերյալ նրա հայացքը կամ նրա ձգտման նշանակությունը։ Թեև նա երկար տարիներ աշխատեց Քրիստոսի համար և այլևս երբեք չհալածեց Տեր Հիսուսին, նրա սրտում Աստծու մասին նրա ճանաչողության մեջ ոչ մի փոփոխություն չկար։ Սա նշանակում է, որ նա չէր աշխատում Աստծուն նվիրվելու համար, այլ, ավելի շուտ, հարկադրված էր հանուն իր ապագա նշանակության վայրի աշխատել։ Քանզի սկզբում նա հալածում էր Քրիստոսին և չէր հնազանդվում Քրիստոսին. նա ներքուստ ապստամբ էր, ով դիտավորյալ կերպով հակառակում էր Քրիստոսին, և մեկը, ով ճանաչողություն չուներ Սուրբ Հոգու աշխատանքի մասին։ Երբ նրա աշխատանքը գրեթե ավարտված էր, նա դեռևս չէր ճանաչել Սուրբ Հոգու աշխատանքը և պարզապես գործում էր իր կամքով՝ համաձայն իր սեփական խառնվածքի՝ առանց նվազագույն ուշադրություն դարձնելու Սուրբ Հոգու մտադրություններին։ Եվ այսպես՝ նրա բնությունը թշնամանքի մեջ էր Քրիստոսի հետ և չէր հնազանդվում ճշմարտությանը։ Նման մեկը, ում լքել էր Սուրբ Հոգու աշխատանքը, ով չէր ճանաչել Սուրբ Հոգու աշխատանքը, և ով նաև հակառակում էր Քրիստոսին, ինչպե՞ս կարող էր փրկվել։ Արդյոք մարդը կարող է փրկվել, թե ոչ, կախված չէ նրանից, թե որքան աշխատանք է նա կատարում, կամ որքան է նվիրաբերում, այլ փոխարենը որոշվում է նրանով, թե արդյոք նա ճանաչում է Սուրբ Հոգու աշխատանքը, արդյոք կարող է ճշմարտությունը կիրարկել, և արդյոք նրա ձգտման հիմքում ընկած հեռանկարը ճշմարտության համաձայն է։

Թեև Պետրոսը Հիսուսին հետևելիս իսկապես բնական բացահայտումներ ուներ, բնությամբ նա հենց սկզբից մեկն էր, ով պատրաստ էր հնազանդվելու Սուրբ Հոգուն և ձգտելու Քրիստոսին։ Սուրբ Հոգուն նրա հնազանդությունը մաքուր էր. նա չէր ձգտում համբավի և շահի, այլ նպատակաուղղված կերպով հնազանդվում էր ճշմարտությանը։ Թեև Պետրոսը երեք անգամ ուրացավ Քրիստոսին, և թեև նա փորձեց Տեր Հիսուսին, մարդկային նման չնչին թուլությունը ոչ մի կապ չուներ նրա բնության հետ, այն չազդեց նրա ապագա ձգտման վրա և չի կարող բավարար չափով ապացուցել, որ նրա փորձելը հակաքրիստոսի արարք էր։ Բնականոն մարդկային թուլությունը մի բան է, որը հատուկ է աշխարհի բոլոր մարդկանց. մի՞թե դու պահանջում ես, որ Պետրոսն այլ լինի։ Մի՞թե մարդիկ որոշակի տեսակետներ չունեն Պետրոսի վերաբերյալ այն պատճառով, որ նա մի քանի հիմար արարք է գործել։ Եվ մի՞թե մարդիկ այդքան չեն պաշտում Պողոսին նրա կատարած աշխատանքի ծավալի և նրա գրած թղթերի քանակի պատճառով։ Ինչպե՞ս կարող է մարդն ունակ լինել թափանցելու մարդու բուն էության մեջ։ Անկասկած, նրանք, ովքեր իսկապես ողջամտություն ունեն, կարող են թափանցել նման չնչին բանի մեջ, այնպես չէ՞։ Թեև Պետրոսի բազմաթիվ տարիների ցավոտ փորձառությունները գրի չեն առնվել Աստվածաշնչում, դա չի ապացուցում, որ Պետրոսը չի ունեցել իրական փորձառություններ, կամ որ Պետրոսը կատարյալ չի դարձվել։ Ինչպե՞ս կարող է մարդը լիովին խորամուխ լինել Աստծու գործի մեջ։ Աստվածաշնչի գրառումներն անձամբ Հիսուսի կողմից չեն ընտրվել, այլ կազմվել են հետագա սերունդների կողմից։ Քանի որ այդպես է, մի՞թե այն ամենը, ինչ գրի է առնվել Աստվածաշնչում, չի ընտրվել մարդու գաղափարների համաձայն։ Ավելին՝ Պետրոսի և Պողոսի ելքերը հստակորեն նշված չեն թղթերում, ուստի մարդը դատում է Պետրոսին և Պողոսին՝ համաձայն իր սեփական ընկալումների և համաձայն իր սեփական նախասիրությունների։ Եվ քանի որ Պողոսն այդքան շատ աշխատանք կատարեց, քանի որ նրա «ներդրումներն» այդքան մեծ էին, նա շահեց զանգվածների վստահությունը։ Մի՞թե մարդը չի կենտրոնանում միայն արտաքին բաների վրա։ Ինչպե՞ս կարող է մարդն ունակ լինել թափանցելու մարդու բուն էության մեջ։ Էլ չասած, հաշվի առնելով, որ Պողոսը հազարավոր տարիներ երկրպագության առարկա է եղել, ո՞վ կհամարձակվեր թեթևամտորեն ժխտել նրա աշխատանքը։ Պետրոսը պարզապես ձկնորս էր, ուստի ինչպե՞ս կարող էր նրա ներդրումն այնքան մեծ լինել, որքան Պողոսինը։ Նրանց կատարած ներդրումների առումով՝ Պողոսը պետք է Պետրոսից առաջ պարգևատրվեր, և նա պետք է լիներ այն մեկը, ով ավելի լավ կարող էր արժանանալ Աստծու հավանությանը։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Պողոսի հանդեպ Իր վերաբերմունքում Աստված պարզապես օգտվեց նրա շնորհներից՝ նրան աշխատանք հանձնարարելու համար, մինչդեռ Աստված Պետրոսին կատարյալ դարձրեց։ Ամենևին այնպես չէ, որ Տեր Հիսուսը հենց սկզբից էր ծրագրեր կազմել Պետրոսի և Պողոսի համար. ավելի շուտ, նրանք կատարյալ դարձվեցին կամ աշխատանքի դրվեցին՝ համաձայն իրենց ներհատուկ բնությունների։ Եվ այսպես՝ այն, ինչ մարդիկ տեսնում են, պարզապես մարդու արտաքին ներդրումներն են, մինչդեռ այն, ինչ Աստված է տեսնում, մարդու բուն էությունն է, ինչպես նաև այն ուղին, որին մարդը ձգտում է սկզբից ի վեր, և մարդու ձգտման հիմքում ընկած դրդապատճառը։ Մարդիկ մարդուն չափում են՝ իրենց սեփական պատկերացումների և իրենց սեփական ընկալումների համաձայն, սակայն մարդու վերջնական ելքը չի որոշվում՝ այդ մարդու արտաքին հատկանիշների համաձայն։ Եվ այսպես՝ Ես ասում եմ, որ եթե այն ուղին, որը դու բռնում ես սկզբից ի վեր, հաջողության ուղին է, և քո ձգտման հիմքում ընկած հեռանկարը ճիշտ է հենց սկզբից, ապա դու նման ես Պետրոսին. եթե այն ուղին, որով դու քայլում ես, ձախողման ուղին է, ապա ինչ գին էլ վճարես, քո ելքը դեռևս նույնը կլինի, ինչ Պողոսինը։ Ինչ էլ որ լինի, քո նշանակության վայրը, և արդյոք դու հաջողում ես, թե ձախողվում, երկուսն էլ որոշվում են նրանով, թե արդյոք այն ուղին, որին դու ձգտում ես, ճիշտ է, թե ոչ, այլ ոչ թե քո գործադրած ջանքերով կամ քո վճարած գնով։ Պետրոսի և Պողոսի էությունները և այն նպատակները, որոնց նրանք ձգտում էին, տարբեր էին. մարդն անկարող է բացահայտել այս բաները, և միայն Աստված կարող է դրանք ամբողջությամբ իմանալ։ Քանզի այն, ինչ Աստված տեսնում է, մարդու բուն էությունն է, մինչդեռ մարդը ոչինչ չգիտի իր սեփական էության մասին։ Մարդն անկարող է տեսնել մարդու ներսի էությունը կամ նրա իրական հասակը, և ուստի, անկարող է բացահայտել Պողոսի և Պետրոսի ձախողման ու հաջողության պատճառները։ Պատճառը, թե ինչու է մարդկանց մեծամասնությունը պաշտում Պողոսին և ոչ թե Պետրոսին, այն է, որ Պողոսն օգտագործվում էր հանրային աշխատանքի համար, և մարդն ի վիճակի է ընկալելու այս աշխատանքը, ուստի մարդիկ ընդունում են Պողոսի «նվաճումները»։ Մինչդեռ Պետրոսի փորձառություններն անտեսանելի են մարդու համար, և այն, ինչին նա ձգտում էր, անհասանելի է մարդուն, ուստի մարդը Պետրոսի հանդեպ հետաքրքրություն չունի։

Պետրոսը էտում և զտում փորձառելու միջոցով կատարյալ դարձվեց։ Նա ասաց. «Ես պետք է ամեն ժամանակ բավարարեմ Աստծու մտադրությունները։ Այն ամենում, ինչ ես անում եմ, միայն Աստծու մտադրությունները բավարարելն եմ փնտրում, և նույնիսկ եթե ես պատժվեմ կամ դատվեմ, միևնույն է, պատրաստակամ եմ դա անելու»։ Պետրոսն իր ամեն ինչը տվեց Աստծուն, և նրա աշխատանքը, խոսքերը և ողջ կյանքն ամբողջովին հանուն Աստծուն սիրելու էին։ Նա մեկն էր, ով սրբացման էր ձգտում, և որքան շատ էր փորձառում, այնքան ավելի մեծ էր նրա սրտի խորքում իր սերն առ Աստված։ Մինչդեռ Պողոսը միայն արտաքին աշխատանք էր կատարում, և թեև նա նույնպես քրտնաջան աշխատում էր, նրա ջանքերը հանուն իր աշխատանքը պատշաճ կերպով կատարելու էին և այդպիսով պարգև ստանալու։ Եթե նա իմանար, որ ոչ մի պարգև չի ստանալու, կթողներ իր աշխատանքը։ Պետրոսին հուզում էր ճշմարիտ սերն իր սրտի ներսում, և այն, ինչ գործնական էր ու կարող էր իրագործվել։ Նրան չէր հուզում՝ արդյոք ինքը պարգև կստանա, այլ, թե արդյոք իր խառնվածքը կարող է փոխվել։ Պողոսին հուզում էր իր աշխատանքի մեջ ավելի շատ ջանք դնելը, նրան հուզում էին արտաքին աշխատանքն ու իր գործադրած ջանքերը, և այն վարդապետությունները, որոնք դուրս էին բնականոն մարդկանց փորձառության շրջանակից։ Նրան բոլորովին չէին հուզում իր էության խորքի փոփոխությունները, ոչ էլ ճշմարիտ սերն առ Աստված։ Պետրոսի փորձառությունները ճշմարիտ սիրո և Աստծու մասին ճշմարիտ ճանաչողության հասնելու համար էին։ Նրա փորձառություններն Աստծու հետ ավելի մտերիմ փոխհարաբերություն ձեռք բերելու և գործնական կյանքով արտահայտում ունենալու համար էին։ Պողոսի աշխատանքն արվում էր, որովհետև Հիսուսն էր դա նրան հանձնարարել. նա դա անում էր՝ ստանալու համար այն բաները, որոնց ինքը տենչում էր, սակայն դրանք կապ չունեին իր և Աստծու մասին իր ճանաչողության հետ։ Նրա աշխատանքը բացառապես պատժից և դատաստանից խուսափելու համար էր։ Պետրոսը ձգտում էր մաքուր սիրո, իսկ Պողոսը ձգտում էր արդարության պսակին։ Պետրոսը Սուրբ Հոգու աշխատանքի բազմաթիվ տարիներ փորձառաբար ապրեց և ուներ Քրիստոսի մասին գործնական ճանաչողություն, ինչպես նաև իր մասին խոր ճանաչողություն։ Եվ այսպես, նրա սերն առ Աստված մաքուր էր։ Բազմաթիվ տարիների զտումը բարձրացրել էր Հիսուսի և կյանքի մասին նրա ճանաչողությունը, և նրա սերն անվերապահ սեր էր, այն նախաձեռնող սեր էր, և նա ոչինչ չէր խնդրում դրա դիմաց, ոչ էլ որևէ օգուտ ստանալու հույս ուներ։ Պողոսը բազմաթիվ տարիներ աշխատեց, սակայն նա Քրիստոսի մասին մեծ ճանաչողություն չուներ, և իր մասին նրա ճանաչողությունը նույնպես ողորմելիորեն փոքր էր։ Նա պարզապես սեր չուներ Քրիստոսի հանդեպ, և նրա աշխատանքն ու նրա մրցավազքը վերջնական դափնին ստանալու համար էին։ Այն, ինչին նա ձգտում էր, լավագույն պսակն էր, ոչ թե ամենամաքուր սերը։ Նա ձգտում էր ոչ թե ակտիվ, այլ պասիվ կերպով. նա չէր կատարում իր պարտավորությունը, այլ հարկադրված էր իր ձգտման մեջ՝ Սուրբ Հոգու աշխատանքի կողմից բռնվելուց հետո։ Եվ այսպես՝ նրա ձգտումը չի ապացուցում, որ նա արարած էր, որը համապատասխանում էր չափանիշին. Պետրոսն էր այն արարածը, որը համապատասխանում էր չափանիշին և կատարում էր իր պարտավորությունը։ Մարդը կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր ներդրում են ունենում Աստծու համար, պետք է պարգև ստանան, և որ որքան մեծ է ներդրումը, այնքան ավելի բնական և ճիշտ է, որ նրանք հաճելի լինեն Աստծուն։ Մարդու տեսակետի էությունը գործարքային է, և նա ակտիվորեն չի փնտրում որպես արարած իր պարտավորությունը կատարելը։ Աստծու համար, որքան ավելի շատ են մարդիկ ձգտում առ Աստված ճշմարիտ սիրո և առ Աստված լիակատար հնազանդության, ինչը նշանակում է փնտրել որպես արարած իրենց պարտավորությունը կատարելը, այնքան ավելի շատ են նրանք ի վիճակի արժանանալու Աստծու հավանությանը։ Աստծու տեսակետն այն է, որ մարդուց պահանջի վերականգնել իր սկզբնական պարտավորությունն ու կարգավիճակը։ Մարդն արարած է, ուստի չպետք է գերազանցի իրեն՝ որևէ պահանջ ներկայացնելով Աստծուն, և չպետք է անի ավելին, քան իր պարտավորությունը որպես արարած կատարելը։ Պողոսի և Պետրոսի նշանակության վայրերը չափվեցին համաձայն նրա, թե արդյոք նրանք կարող էին կատարել իրենց պարտավորությունը որպես արարածներ, այլ ոչ թե համաձայն իրենց ներդրման մեծության. նրանց նշանակության վայրերը որոշվեցին համաձայն նրա, ինչին իրենք սկզբից ի վեր ձգտում էին, այլ ոչ թե համաձայն նրա, թե որքան աշխատանք կատարեցին, կամ համաձայն այլ մարդկանց կողմից նրանց գնահատականի։ Եվ այսպես՝ որպես արարած իր պարտավորությունն ակտիվորեն կատարել փնտրելը հաջողության ուղին է. առ Աստված ճշմարիտ սիրո ձգտելու ուղին ամենաճիշտ ուղին է. սեփական հին խառնվածքի մեջ փոփոխությունների և առ Աստված մաքուր սիրո ձգտելը հաջողության ուղին է։ Հաջողության այդպիսի ուղին սկզբնական պարտավորության, ինչպես նաև արարածի սկզբնական տեսքի վերականգնման ուղին է։ Դա վերականգնման ուղին է, և դա նաև Աստծու ողջ գործի նպատակն է՝ սկզբից մինչև վերջ։ Եթե մարդու ձգտումը պղծված է անձնական չափազանցված պահանջներով և անխոհեմ տենչանքներով, և արդյունքը, որին հասնում է, մարդու խառնվածքի մեջ փոփոխությունները չեն, ապա դա հակասում է վերականգնման գործին։ Դա անկասկած Սուրբ Հոգու կողմից կատարված աշխատանք չէ, և ուստի ապացուցում է, որ նման տեսակի ձգտումը հավանության չի արժանանում Աստծու կողմից։ Ի՞նչ նշանակություն ունի այն ձգտումը, որը հավանության չի արժանանում Աստծու կողմից։

Պողոսի կատարած աշխատանքը ցուցադրվեց մարդու առջև, բայց թե որքան մաքուր էր նրա սերն առ Աստված, և որքան էր նա իր սրտի խորքում սիրում Աստծուն, այս բաները մարդը չի կարող տեսնել։ Մարդը կարող է տեսնել միայն նրա կատարած աշխատանքը, որից մարդը գիտի, որ նրան, անկասկած, Սուրբ Հոգին էր օգտագործում, և ուստի մարդը կարծում է, որ Պողոսն ավելի լավն էր, քան Պետրոսը, որ նրա աշխատանքն ավելի մեծ էր, քանզի նա ի վիճակի էր մատակարարելու եկեղեցիներին։ Պետրոսը նայում էր միայն իր անձնական փորձառություններին, և իր ոչ մշտական աշխատանքի ընթացքում ընդամենը մի քանի մարդու ձեռք բերեց, և նրանից մնացել է միայն մի քանի քիչ հայտնի թուղթ։ Բայց ո՞վ գիտի՝ որքան մեծ էր նրա սրտի խորքում իր սերն առ Աստված։ Օրեցօր Պողոսն աշխատում էր Աստծու համար. քանի դեռ անելու աշխատանք կար, նա անում էր։ Նա զգում էր, որ այսկերպ ի վիճակի կլինի ձեռք բերելու պսակը և կարող է բավարարել Աստծուն, սակայն իր աշխատանքն անելիս նա չէր փնտրում ուղիներ՝ ինքն իրեն փոխելու համար։ Պետրոսի կյանքում ցանկացած բան, որը չէր բավարարում Աստծու մտադրությունները, նրան անհանգստություն էր պատճառում։ Եթե նա չէր բավարարում Աստծու մտադրությունները, ապա զղջում էր և հարմար ուղի փնտրում, որով կկարողանար ձգտել Աստծու սիրտը բավարարելուն։ Իր կյանքի նույնիսկ ամենափոքր և ամենաաննշան հարցերում նա դեռևս իրենից պահանջում էր բավարարել Աստծու մտադրությունները։ Նա պակաս պահանջկոտ չէր, երբ խոսքը վերաբերում էր իր հին խառնվածքին՝ միշտ խիստ լինելով իր հանդեպ պահանջներում, որպեսզի ավելի խորանա ճշմարտության մեջ։ Պողոսը միայն մակերեսային հեղինակության և կարգավիճակի էր ձգտում։ Նա փնտրում էր իրեն մարդու առջև ցուցադրելը և չէր փնտրում կյանքի մուտքի մեջ որևէ ավելի խոր առաջընթաց գրանցելը։ Այն, ինչ նա առաջնահերթ էր համարում, վարդապետությունն էր, ոչ թե իրականությունը։ Որոշ մարդիկ ասում են. «Պողոսն այդքան շատ աշխատանք կատարեց Աստծու համար, ինչո՞ւ Աստված չհիշեց նրան։ Պետրոսն ընդամենը մի քիչ աշխատանք կատարեց Աստծու համար և մեծ ներդրում չունեցավ եկեղեցիների համար, ուստի ինչո՞ւ նա կատարյալ դարձվեց»։ Պետրոսն Աստծուն սիրում էր որոշակի աստիճանի, ինչն այն էր, ինչ Աստված ցանկանում էր. միայն այսպիսի մարդիկ վկայություն ունեն։ Իսկ ի՞նչ կասեք Պողոսի մասին։ Ի՞նչ աստիճանի էր Պողոսը սիրում Աստծուն։ Գիտե՞ս։ Ինչի՞ համար էր արվում Պողոսի աշխատանքը։ Եվ ինչի՞ համար էր արվում Պետրոսի աշխատանքը։ Պետրոսը շատ աշխատանք չկատարեց, բայց գիտե՞ս, թե ինչ կար նրա սրտի խորքում։ Պողոսի աշխատանքը վերաբերում էր եկեղեցիներին մատակարարելուն և եկեղեցիներին աջակցելուն։ Այն, ինչ Պետրոսը փորձառաբար ապրեց, փոփոխություններն էին իր կյանքի բնույթի մեջ. նա փորձառաբար ապրեց սերն առ Աստված։ Հիմա, երբ դու գիտես նրանց էությունների տարբերությունները, դու կարող ես տեսնել, թե ով, ի վերջո, ճշմարտապես հավատաց Աստծուն, և ով ճշմարտապես չհավատաց Աստծուն։ Նրանցից մեկը ճշմարտապես սիրում էր Աստծուն, իսկ մյուսը ճշմարտապես չէր սիրում Աստծուն. մեկը ենթարկվեց փոփոխությունների իր խառնվածքի մեջ, իսկ մյուսը՝ ոչ. մեկը ծառայում էր խոնարհաբար, և մարդիկ հեշտությամբ չէին նկատում նրան, իսկ մյուսին մարդիկ պաշտում էին, և նա մեծ հեղինակություն ուներ. մեկը ձգտում էր սրբացման, իսկ մյուսը՝ ոչ, և թեև նա անմաքուր չէր, մաքուր սեր չուներ. մեկն ուներ ճշմարիտ մարդկայնություն, իսկ մյուսը՝ ոչ. մեկն ուներ արարածի ողջամտություն, իսկ մյուսը՝ ոչ։ Այսպիսին են Պողոսի և Պետրոսի էությունների տարբերությունները։ Այն ուղին, որով Պետրոսը քայլեց, հաջողության ուղին էր, որը բնականոն մարդկայնության վերականգնման և արարածի պարտավորության վերականգնման հասնելու ուղին էր։ Պետրոսը ներկայացնում է բոլոր նրանց, ովքեր հաջողակ են։ Պողոսի ընթացած ուղին ձախողման ուղին էր, և նա ներկայացնում է բոլոր նրանց, ովքեր միայն մակերեսորեն են հնազանդվում և ծախսվում, և իսկական աստվածասեր սիրտ չունեն։ Պողոսը ներկայացնում է բոլոր նրանց, ովքեր չունեն ճշմարտությունը։ Առ Աստված իր հավատքի մեջ Պետրոսը փնտրում էր Աստծուն ամեն ինչում բավարարելը և փնտրում էր այն ամենին հնազանդվելը, ինչ գալիս էր Աստծուց։ Նա ի վիճակի էր ընդունելու պատիժ և դատաստան, ինչպես նաև զտում, նեղություն և կյանքի զրկանքներ՝ ոչ մի տրտունջ չարտաբերելով։ Սրանցից ոչ մեկը չէր կարող փոխել նրա աստվածասեր սիրտը։ Մի՞թե սա առ Աստված վերջնական սերը չէր։ Մի՞թե սա արարածի պարտավորության կատարումը չէր։ Լինի դա պատժի, դատաստանի, թե նեղության մեջ, դու ի վիճակի ես հասնելու հնազանդության մինչև մահ, և սա այն է, ինչին պետք է հասնի արարածը, սա է առ Աստված սիրո մաքրությունը։ Եթե մարդը կարող է հասնել այսքանին, ապա նա չափանիշին համապատասխանող արարած է, և չկա ոչինչ, որն ավելի լավ է բավարարում Արարչի մտադրությունները։ Պատկերացրու, որ դու ի վիճակի ես աշխատելու Աստծու համար, սակայն չես հնազանդվում Աստծուն և անկարող ես ճշմարտապես սիրել Աստծուն։ Այսկերպ դու ոչ միայն կատարած չես լինի արարածի պարտավորությունը, այլև կդատապարտվես Աստծու կողմից, քանզի մեկն ես, ով չունի ճշմարտությունը, ով անկարող է հնազանդվել Աստծուն, և ով ապստամբում է Աստծու դեմ։ Դու առաջնահերթ ես համարում միայն Աստծու համար աշխատելը, այլ ոչ թե ճշմարտությունը կիրարկելը կամ ինքդ քեզ ճանաչելը. դու չես հասկանում կամ ճանաչում Արարչին, դու չես հնազանդվում կամ սիրում Արարչին, և դու մեկն ես, ով ի բնե ապստամբ է Աստծու դեմ։ Հենց սրանք են պատճառները, որ Արարիչը չի սիրում նման մարդկանց։

Որոշ մարդիկ ասում են. «Պողոսը հսկայական աշխատանք կատարեց, և նա մեծ հոգսեր ստանձնեց եկեղեցիների համար և այնքան շատ օգուտ տվեց նրանց։ Պողոսի տասներեք թղթերը պահպանեցին Շնորհքի դարաշրջանի 2000 տարիները և զիջում են միայն Չորս Ավետարաններին։ Ո՞վ կարող է համեմատվել նրա հետ։ Ոչ ոք չի կարող վերծանել Հովհաննեսի Հայտնությունը, մինչդեռ Պողոսի թղթերը կյանք են մատակարարում, և նրա կատարած աշխատանքն օգտակար էր եկեղեցիներին։ Ուրիշ ո՞վ կարող էր նման բաների հասնել։ Եվ ի՞նչ աշխատանք կատարեց Պետրոսը»։ Երբ մարդը չափում է ուրիշներին, նա դա համաձայն նրանց ներդրման է անում։ Երբ Աստված է չափում մարդուն, Նա դա անում է համաձայն մարդու բնության։ Կյանքի ձգտողների մեջ Պողոսը մեկն էր, ով չէր ճանաչում իր բուն էությունը։ Նա ամենևին խոնարհ կամ հնազանդվող չէր և բացարձակապես ոչ մի ճանաչողություն չուներ իր էության մասին, որը հակառակում էր Աստծուն։ Եվ այսպես՝ նա մեկն էր, ով չէր ունեցել մանրամասն փորձառություններ, և մեկն էր, ով չէր կիրարկում ճշմարտությունը։ Պետրոսը տարբեր էր։ Նա ճանաչողություն ուներ իր թերությունների, թուլությունների և որպես արարած իր ապականված խառնվածքի մասին, ուստի նա ուներ կիրարկման ուղի, որի միջոցով կարող էր փոխել իր խառնվածքը. նա այն մարդկանցից չէր, որոնք միայն վարդապետություն ունեին, բայց չունեին իրականություն։ Նրանք, ովքեր փոխվում են, նոր մարդիկ են, որոնք փրկվել են, նրանք այն մարդիկ են, որոնք համապատասխանում են չափանիշին և ձգտում են ճշմարտությանը։ Մարդիկ, որոնք չեն փոխվում, նրանք են, ովքեր մնում են իրենց բնական վիճակում և մնում են նույն հին մարդիկ. նրանք այն մարդիկ են, որոնք չեն փրկվել, այսինքն՝ նրանք, ովքեր արհամարհանքով մերժվում են Աստծու կողմից։ Աստված չի հիշի նրանց, որքան էլ նրանց աշխատանքը մեծ լինի։ Երբ դու սա համեմատում ես քո սեփական ձգտման հետ, թե արդյոք դու ի վերջո նույն տեսակի մարդն ես, ինչ Պետրոսը կամ Պողոսը, պետք է ինքնին ակնհայտ լինի։ Եթե քո ձգտման մեջ դեռևս չկա ճշմարտություն, և եթե նույնիսկ այսօր դու դեռևս նույնքան ամբարտավան և մեծամիտ ես, որքան Պողոսը, և դեռևս նույնքան պոռոտախոս ես, որքան նա, ապա դու անկասկած այլասերված ես, ով ձախողվում է։ Եթե դու ձգտում ես նույն կերպ, ինչ Պետրոսը՝ ձգտելով կիրարկումների և ճշմարիտ փոփոխությունների, չլինելով ամբարտավան կամ կամակոր և փոխարենը փնտրելով կատարել քո պարտավորությունը, ապա դու կլինես արարած, որը կարող է հասնել հաղթանակի։ Պողոսը չէր ճանաչում իր սեփական էությունը կամ ապականությունը, առավել ևս նա չէր ճանաչում իր սեփական ապստամբությունը։ Նա երբեք չհիշատակեց Քրիստոսի հանդեպ իր նողկալի հակառակության մասին, ոչ էլ չափազանց լի էր զղջումով։ Նա միայն հակիրճ բացատրություն տվեց և իր սրտի խորքում ամբողջովին չհանձնվեց Աստծուն։ Թեև նա ընկավ գետնին Դամասկոսի ճանապարհին, նա իրեն իր սրտի խորքից չքննեց։ Նա բավարարվում էր միայն աշխատանքը շարունակելով և ինքն իրեն ճանաչելը և իր հին խառնվածքը փոխելը ամենակարևոր հարցերը չէր համարում։ Նա բավարարվում էր միայն ճշմարտությունը խոսելով, ուրիշներին որպես իր սեփական խղճի համար սպեղանի մատակարարելով, և Հիսուսի աշակերտներին այլևս չհալածելով՝ ինքն իրեն մխիթարելու և իր անցյալի մեղքերի համար իրեն ներելու նպատակով։ Այն նպատակը, որին նա ձգտում էր, ոչ այլ ինչ էր, քան ապագա պսակ և անցողիկ աշխատանք, այն նպատակը, որին նա ձգտում էր, առատ շնորհն էր։ Նա չէր ձգտում բավարար ճշմարտության, ոչ էլ ձգտում էր ավելի խորանալու այն ճշմարտության մեջ, որը նախկինում չէր հասկացել։ Ուստի կարելի է ասել, որ նրա ճանաչողությունն իր մասին կեղծ էր, և նա պատիժ կամ դատաստան չընդունեց։ Այն, որ նա ի վիճակի էր աշխատելու, չի նշանակում, թե նա իր սեփական բնության կամ էության մասին ճանաչողություն ուներ. նրա ուշադրությունը միայն արտաքին կիրարկումների վրա էր։ Ավելին՝ այն, ինչին նա ձգտում էր, փոփոխությունը չէր, այլ ճանաչողությունը։ Նրա աշխատանքն ամբողջովին Դամասկոսի ճանապարհին Հիսուսի հայտնվելու արդյունքն էր։ Դա մի բան չէր, որ նա ի սկզբանե վճռել էր անել, ոչ էլ նա աշխատանք էր կատարում իր հին խառնվածքի էտումն ընդունելուց հետո։ Ինչպես էլ որ նա աշխատեր, նրա հին խառնվածքը չփոխվեց, ուստի նրա աշխատանքը չքավեց իր անցյալի մեղքերը, այլ պարզապես որոշակի դեր խաղաց ժամանակի եկեղեցիների շրջանում։ Նման մեկի համար, ում հին խառնվածքը չփոխվեց, այսինքն՝ ով փրկություն չստացավ, և առավել ևս զուրկ էր ճշմարտությունից, նա բացարձակապես անկարող էր դառնալ Տեր Հիսուսի ընդունածներից մեկը։ Նա Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրով և երկյուղով լցված մեկը չէր, ոչ էլ մեկն էր, ով հմուտ էր ճշմարտությունը փնտրելու մեջ, առավել ևս՝ ով փնտրում էր մարմնացման խորհուրդը։ Նա պարզապես սոփեստության մեջ հմուտ մեկն էր և մեկը, ով չէր հանձնվի որևէ մեկին, ով ավելի բարձր էր իրենից կամ ով ուներ ճշմարտությունը։ Նա նախանձում էր այն մարդկանց կամ ճշմարտություններին, որոնք հակառակ էին իրեն կամ թշնամական էին իր հանդեպ՝ նախընտրելով այն ուսյալ մարդկանց, որոնք մեծ հեղինակություն էին ներկայացնում և խոր գիտելիքներ ունեին։ Նա չէր սիրում շփվել աղքատ մարդկանց հետ, որոնք փնտրում էին ճշմարիտ ճանապարհը և ոչինչ չէին սիրում՝ բացի ճշմարտությունից՝ փոխարենը նախընտրելով կրոնական կազմակերպությունների ավագ գործիչներին, որոնք խոսում էին միայն վարդապետություններից և առատ գիտելիքներ ունեին։ Նա սեր չուներ Սուրբ Հոգու նոր աշխատանքի հանդեպ և չէր հետաքրքրվում Սուրբ Հոգու նոր աշխատանքի շարժումով։ Փոխարենը նա նախընտրում էր այն կանոններն ու վարդապետությունները, որոնք ավելի բարձր էին, քան ընդհանուր ճշմարտությունները։ Իր բնածին բուն էությամբ և այն ամենով, ինչին ձգտում էր, նա արժանի չէ կոչվելու քրիստոնյա, ով ձգտում էր ճշմարտությանը, առավել ևս՝ հավատարիմ ծառա Աստծու տանը, քանզի նրա կեղծավորությունը չափազանց շատ էր, և նրա ապստամբությունը՝ չափազանց մեծ։ Թեև նա հայտնի է որպես Տեր Հիսուսի ծառա, ամենևին պիտանի չէր երկնքի թագավորության դարպասով մտնելու համար, քանզի նրա արարքները սկզբից մինչև վերջ չեն կարող արդար կոչվել։ Նրան կարելի է միայն դիտարկել որպես մեկի, ով կեղծավոր էր և անարդարություն էր գործում, սակայն ով նաև աշխատում էր Քրիստոսի համար։ Թեև նրան չի կարելի չար կոչել, նրան կարելի է համապատասխանաբար կոչել մարդ, որն անարդարություն էր գործում։ Նա շատ աշխատանք կատարեց, սակայն նրան չպետք է դատել իր կատարած աշխատանքի քանակով, այլ միայն դրա որակով և էությամբ։ Միայն այսկերպ է հնարավոր հասնել այս հարցի հիմքին։ Նա միշտ հավատում էր. «Ես ի վիճակի եմ աշխատելու, ես ավելի լավն եմ, քան մարդկանց մեծամասնությունը. ես տիրոջ հոգսը հաշվի եմ առնում այնպես, ինչպես ոչ ոք, և ոչ ոք այնքան խոր չի զղջում, որքան ես, քանզի մեծ լույսը շողաց իմ վրա, և ես տեսել եմ մեծ լույսը, ուստի իմ զղջումն ավելի խոր է, քան որևէ մեկինը»։ Այն ժամանակ նա իր սրտում սա էր մտածում։ Իր աշխատանքի վերջում Պողոսն ասաց. «Ես մղեցի պատերազմը, ավարտեցի իմ ընթացքը, և ինձ սպասում է արդարության պսակը»։ Նրա պատերազմը, աշխատանքը և ընթացքն ամբողջովին հանուն արդարության պսակի էին, և նա ակտիվորեն առաջ չէր շարժվում։ Թեև նա անփույթ չէր իր աշխատանքում, կարելի է ասել, որ նրա աշխատանքն արվում էր միայն իր սխալները քավելու, իր խղճի մեղադրանքները քավելու համար։ Նա միայն հույս ուներ որքան հնարավոր է շուտ ավարտելու իր աշխատանքը, ավարտելու իր ընթացքը և ավարտելու իր պատերազմը, որպեսզի կարողանար ավելի շուտ ստանալ իր փափագած արդարության պսակը։ Այն, ինչ նա փափագում էր, ոչ թե Տեր Հիսուսին իր փորձառություններով և ճշմարիտ ճանաչողությամբ հանդիպելն էր, այլ իր աշխատանքը որքան հնարավոր է շուտ ավարտելը, որպեսզի, երբ հանդիպեր Տեր Հիսուսին, ստանար այն պարգևները, որոնք իր աշխատանքն իր համար վաստակել էր։ Նա իր աշխատանքն օգտագործում էր ինքն իրեն մխիթարելու համար, և որպես գործարքի մի տեսակ՝ հույս ունենալով ապագայում այն փոխանակել պսակի հետ։ Այն, ինչին նա ձգտում էր, ոչ թե ճշմարտությունն էր կամ Աստված, այլ միայն պսակը։ Ինչպե՞ս կարող է նման ձգտումը համապատասխանել չափանիշին։ Նրա դրդապատճառը, նրա աշխատանքը, նրա վճարած գինը և այն ամենը, ինչ նա զոհաբերեց. նրա հրաշալի երևակայությունները տարածվում էին այդ ամենի մեջ, և նա ամբողջությամբ իր սեփական ցանկությունների համաձայն էր աշխատում։ Նրա ողջ աշխատանքում չկար նվազագույն իսկ պատրաստակամություն իր վճարած գնի մեջ. նա պարզապես գործարքային կերպով էր դա անում։ Նրա զոհաբերությունները չէին արվում հոժարակամորեն՝ հանուն իր պարտավորության, այլ արվում էին հոժարակամորեն՝ գործարք կատարելու իր նպատակին հասնելու համար։ Արդյո՞ք նման զոհաբերությունները որևէ արժեք ունեն։ Ո՞վ հավանություն կտար նրա անմաքուր զոհաբերություններին։ Ո՞վ որևէ հետաքրքրություն ունի նման զոհաբերությունների հանդեպ։ Նրա աշխատանքը լի էր ապագայի երազանքներով, լի էր հրաշալի ծրագրերով և չէր պարունակում ոչ մի ուղի, որով կարելի էր փոխել մարդկային խառնվածքը։ Նա լի էր կեղծ բարեգործությամբ. նրա աշխատանքը կյանք չէր մատակարարում, այլ արհեստական քաղաքավարություն էր. այն գործարքային էր։ Ինչպե՞ս կարող է նման աշխատանքը մարդուն իր սկզբնական պարտավորությունը վերականգնելու ուղով տանել։

Այն ամենը, ինչին Պետրոսը ձգտում էր, համապատասխանում էր Աստծու մտադրություններին։ Նա ձգտում էր բավարարելու Աստծու մտադրությունները և նույնիսկ եթե ստիպված լիներ դժվարություն և նեղություն կրել, դեռևս պատրաստակամ էր բավարարելու Աստծու մտադրությունները։ Սա Աստծուն հավատացողի ամենամեծ ձգտումն է։ Այն, ինչին Պողոսը ձգտում էր, պղծված էր իր սեփական մսեղիով, իր սեփական պատկերացումներով և իր սեփական դավերով ու նախագծերով։ Նա ամենևին չափանիշին համապատասխանող արարած չէր. նա մեկը չէր, ով փնտրում էր Աստծու մտադրությունները բավարարելը։ Պետրոսը ձգտում էր իրեն Աստծու կարգավորումների ողորմածությանը հանձնելու, և թեև նրա կատարած աշխատանքը մեծ չէր, նրա ձգտման հիմքում ընկած դրդապատճառը և նրա ընթացած ուղին ճիշտ էին. Այսինքն, թեև նա ի վիճակի չէր ձեռք բերելու շատ մարդկանց, նա ի վիճակի էր ձգտելու ճշմարտության ճանապարհին։ Այս պատճառով կարելի է ասել, որ նա արարած էր, որը համապատասխանում էր չափանիշին։ Այսօր, նույնիսկ եթե դու աշխատող չես, պետք է ի վիճակի լինես կատարելու արարածի պարտավորությունը և ձգտես ամեն ինչ Աստծու կարգավորումների ողորմածությանը հանձնելու։ Դու պետք է ի վիճակի լինես հնազանդվելու այն ամենին, ինչ Աստված ասում է, և փորձառաբար ապրելու ամեն տեսակ նեղություններ և զտում, և թեև դու թույլ ես, քո սրտում դեռևս պետք է ի վիճակի լինես սիրելու Աստծուն։ Նրանք, ովքեր պարտականություն են ստանձնում իրենց սեփական կյանքի համար, պատրաստ են արարածի պարտավորությունը կատարելու, և նման մարդկանց ձգտման հիմքում ընկած հեռանկարը ճիշտ է։ Սրանք այն մարդիկ են, որոնց կարիքն Աստված ունի։ Եթե դու շատ աշխատանք ես կատարել, և ուրիշներն առաջնորդություն են ստացել քեզնից, բայց դու ինքդ չես փոխվել և ոչ մի վկայություն չես կրել, կամ ոչ մի ճշմարիտ փորձառություն չես ունեցել, այնպես որ քո կյանքի վերջում դեռևս քո արածներից ոչ մեկը վկայություն չի կրում, ապա արդյո՞ք մեկն ես, ով ենթարկվել է փոփոխության։ Արդյո՞ք մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը։ Այն ժամանակ Սուրբ Հոգին օգտագործում էր քեզ, բայց երբ Նա օգտագործում էր քեզ, Նա օգտագործում էր քո այն մասը, որը կարող էր օգտագործվել աշխատելու համար, և Նա չէր օգտագործում քո այն մասը, որը չէր կարող օգտագործվել։ Եթե դու ձգտեիր փոփոխությունների, օգտագործվելու գործընթացում աստիճանաբար կատարյալ կդարձվեիր։ Սակայն Սուրբ Հոգին լիովին պատասխանատու չէ նրա համար՝ արդյոք ի վերջո ձեռք ես բերվում, թե ոչ. դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչպես է ընթանում քո ձգտումը։ Եթե քո անձնական խառնվածքի մեջ փոփոխություններ չկան, ապա դա այն պատճառով է, որ քո ձգտման հիմքում ընկած հեռանկարը սխալ է։ Եթե քեզ ոչ մի պարգև չի տրվում, դա քո սեփական խնդիրն է, քանզի դու ինքդ չես կիրարկել ճշմարտությունը և անկարող ես բավարարել Աստծու մտադրությունները։ Եվ այսպես՝ ոչինչ ավելի մեծ կարևորություն չունի, քան քո անձնական փորձառությունները, և ոչինչ ավելի վճռորոշ չէ, քան քո անձնական մուտքը։ Որոշ մարդիկ ի վերջո կասեն. «Ես այնքան շատ աշխատանք եմ կատարել Քեզ համար, և նույնիսկ եթե ոչնչի չեմ հասել, ես դժվարություն եմ կրել։ Չե՞ս կարող պարզապես թույլ տալ ինձ մտնել երկինք՝ ուտելու կյանքի պտուղը»։ Դու պետք է իմանաս, թե ինչպիսի մարդկանց եմ Ես ցանկանում. անմաքուրներին չի թույլատրվում մտնել թագավորություն, անմաքուրներին չի թույլատրվում պղծել սուրբ հողը։ Թեև դու գուցե շատ աշխատանք ես կատարել և աշխատել ես բազմաթիվ տարիներ, ի վերջո դու դեռևս ողբալիորեն անմաքուր ես, և Երկնքի օրենքի համար անտանելի է, որ ցանկանում ես մտնել Իմ թագավորություն։ Աշխարհի արարումից մինչև այսօր Ես երբեք Ինձ շողոքորթողներին Իմ թագավորություն նման հեշտ մուտք չեմ առաջարկել։ Սա երկնային կանոն է, և ոչ ոք չի կարող խախտել այն։ Դու պետք է ձգտես կյանքի։ Այսօր նրանք, ովքեր կատարյալ կդարձվեն, նույն տեսակն են, ինչ Պետրոսը. նրանք այն մարդիկ են, որոնք ձգտում են փոփոխությունների իրենց սեփական խառնվածքի մեջ, և որոնք պատրաստ են վկայություն կրելու Աստծու համար և կատարելու իրենց պարտավորությունը որպես արարած։ Միայն այսպիսի մարդիկ կատարյալ կդարձվեն։ Եթե դու միայն պարգևներ ես ակնկալում և չես ձգտում փոխելու քո սեփական կյանքի բնույթը, ապա քո բոլոր ջանքերն իզուր կլինեն. սա անփոփոխ ճշմարտություն է։

Պետրոսի և Պողոսի էությունների տարբերությունից պետք է հասկանաս, որ բոլոր նրանք, ովքեր չեն ձգտում կյանքի, իզուր են ջանք թափում։ Աստծուն հավատալիս և Աստծուն հետևելիս դու պետք է ունենաս աստվածասեր սիրտ, պետք է հրաժարվես քո ապականված խառնվածքից, պետք է ձգտես Աստծու մտադրությունների բավարարմանը և պետք է կատարես արարածի պարտավորությունը։ Քանի որ դու հավատում և հետևում ես Աստծուն, պետք է ամեն ինչ ընծայես Նրան և չպետք է անձնական ընտրություններ կամ պահանջներ կատարես և պետք է հասնես Աստծու մտադրությունների բավարարմանը։ Քանի որ դու մարդ արարած ես, պետք է հնազանդվես Տիրոջը, ով ստեղծեց քեզ, քանզի դու ի բնե անկարող ես վերահսկել ինքդ քեզ և չունես քո սեփական ճակատագիրը վերահսկելու բնածին կարողություն։ Քանի որ Աստծուն հավատացող մարդ ես, պետք է սրբացման և փոփոխության ձգտես։ Քանի որ արարած ես, պետք է հավատարիմ մնաս քո պարտավորությանը և պահպանես քո տեղը և չպետք է գերազանցես քո պարտավորությունը։ Սա նրա համար չէ, որ զսպի քեզ կամ ճնշի քեզ վարդապետության միջոցով, այլ փոխարենն այն ուղին է, որով դու կարող ես կատարել քո պարտավորությունը և դրան կարող են հասնել և պետք է հասնեն բոլոր նրանք, ովքեր արդարություն են գործում։ Եթե դու համեմատես Պետրոսի և Պողոսի էությունները, կիմանաս, թե ինչպես պետք է ձգտես։ Պետրոսի և Պողոսի ընթացած ուղիներից մեկը կատարյալ դարձվելու ուղին է, իսկ մյուսը՝ դուրս թողնվելու ուղին. Պետրոսը և Պողոսը ներկայացնում են երկու տարբեր ուղիներ։ Թեև յուրաքանչյուրն ընդունեց Սուրբ Հոգու աշխատանքը, և յուրաքանչյուրը ստացավ Սուրբ Հոգու լուսաբանումը և լուսավորումը, և յուրաքանչյուրն ընդունեց այն, ինչ իրենց հանձնարարել էր Տեր Հիսուսը, նրանցից յուրաքանչյուրի բերած պտուղը նույնը չէր. մեկը ճշմարտապես պտուղ բերեց, իսկ մյուսը՝ ոչ։ Նրանց էություններից, նրանց կատարած աշխատանքից, նրանց արտաքուստ արտահայտածից և նրանց վերջնական ելքերից դու պետք է հասկանաս, թե որ ուղին պետք է բռնես, որ ուղով պետք է ընտրես քայլել։ Նրանք քայլեցին երկու հստակորեն տարբեր ուղիներով։ Պողոսը և Պետրոսը յուրաքանչյուր ուղու կատարյալ նմուշներն էին, ուստի հենց սկզբից նրանք ներկայացվեցին որպես օրինակներ։ Որո՞նք են Պողոսի փորձառությունների հիմնական կետերը, և ինչո՞ւ նա չհասավ դրան։ Որո՞նք են Պետրոսի փորձառությունների հիմնական կետերը, և ինչպե՞ս նա փորձառաբար ապրեց կատարյալ դարձվելը։ Եթե դու համեմատես այն, ինչ նրանցից յուրաքանչյուրն առաջնահերթ էր համարում, ապա կիմանաս, թե Աստված կոնկրետ ինչպիսի մարդու է ցանկանում, որոնք են Աստծու մտադրությունները, որն է Աստծու բնույթը, ինչպիսի մարդն ի վերջո կատարյալ կդարձվի, և նաև ինչպիսի մարդը կատարյալ չի դարձվի. դու կիմանաս, թե որն է նրանց խառնվածքը, ովքեր կատարյալ կդարձվեն, և որն է նրանց խառնվածքը, ովքեր կատարյալ չեն դարձվի. էության այս հարցերը կարելի է տեսնել Պետրոսի և Պողոսի փորձառություններում։ Աստված ստեղծեց բոլոր բաները, ուստի Նա այնպես է անում, որ ողջ արարչագործությունը գա Իր տիրակալության տակ և հնազանդվի Իր տիրակալությանը. Նա կիշխի բոլոր բաների վրա, այնպես որ բոլոր բաներն Իր ձեռքերում են։ Աստծու ողջ արարչագործությունը՝ ներառյալ կենդանիները, բույսերը, մարդկությունը, լեռներն ու գետերը և լճերը՝ բոլորը պետք է գան Նրա տիրակալության տակ։ Բոլոր բաները երկնքում և գետնի վրա պետք է գան Նրա տիրակալության տակ։ Նրանք ոչ մի ընտրություն չեն կարող ունենալ և բոլորը պետք է հնազանդվեն Նրա ներդաշնակեցումներին։ Սա Աստված է սահմանել, և սա Աստծու իշխանությունն է։ Աստված իշխում է ամեն ինչի վրա և այնպես է անում, որ բոլոր բաները կարգավորված և դասակարգված լինեն, ընդ որում, յուրաքանչյուրը դասավորված է ըստ իր տեսակի, և յուրաքանչյուրն այն տեղում է, որին պատկանում է՝ համաձայն Աստծու ցանկությունների։ Ոչ մի բան չի կարող գերազանցել Աստծուն, որքան էլ մեծ լինի, բոլոր բաները ծառայում են Աստծու ստեղծված մարդկությանը, և ոչ մի բան չի համարձակվում ապստամբել Աստծու դեմ կամ որևէ պահանջ ներկայացնել Աստծուն։ Հետևաբար մարդը՝ որպես արարած, նույնպես պետք է կատարի մարդու պարտավորությունը։ Անկախ նրանից, թե արդյոք նա բոլոր բաների տերն է կամ տնտեսը, որքան էլ բարձր լինի մարդու կարգավիճակը բոլոր բաների մեջ, նա դեռևս չնչին մարդկային էակ է Աստծու տիրակալության տակ. նա ոչ այլ ինչ է, քան չնչին մարդկային էակ, արարած, և նա երբեք չի լինի Աստծուց վեր։ Որպես արարած՝ մարդը պետք է փնտրի Արարչին ճանաչելը և արարածի պարտավորությունը կատարելը, և, ամենակարևորը, փնտրի Աստծուն սիրելը՝ առանց ընդհանրապես այլ ընտրություններ կատարելու, քանզի Աստված արժանի է մարդու սիրուն։ Նրանք, ովքեր ձգտում են սիրելու Աստծուն, չպետք է ձգտեն որևէ անձնական օգուտի կամ անձնական հույսերի. սա ձգտելու ամենաճիշտ ճանապարհն է։ Եթե այն, ինչին ձգտում ես, ճշմարտությունն է, և ինչ կիրարկում ես, ճշմարտությունն է, և եթե այն, ինչին հասնում ես, քո խառնվածքի փոփոխությունն է, ապա այն ուղին, որով քայլում ես, ճիշտ է։ Եթե այն, ինչին ձգտում ես, մսեղիի օրհնություններն են, և այն, ինչ կիրարկում ես, քո սեփական պատկերացումների ճշմարտությունն է, և եթե քո խառնվածքի մեջ ընդհանրապես ոչ մի փոփոխություն չկա, և դու ամենևին հնազանդվող չես Աստծուն մսեղիում, և դեռևս ապրում ես մշուշի մեջ, ապա այն, ինչին ձգտում ես, անկասկած քեզ դժոխք կտանի, քանզի այն ուղին, որով քայլում ես, ձախողման ուղին է։ Արդյոք դու կատարյալ կդարձվես, թե դուրս կթողնվես, կախված է քո սեփական ձգտումից, ինչը նաև նշանակում է, որ հաջողությունը կամ ձախողումը կախված է մարդու ընթացած ուղուց։

Նախորդը.  Ի՞նչ դիրքորոշում ունես Տասներեք թղթերի վերաբերյալ

Հաջորդը.  Աստծու գործը և մարդու գործը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger