Ի՞նչ դիրքորոշում ունես Տասներեք թղթերի վերաբերյալ
Աստվածաշնչի Նոր Կտակարանը պարունակում է Պողոսի տասներեք թղթերը։ Իր գործը կատարելիս Պողոսն այս տասներեք նամակները գրեց Հիսուս Քրիստոսին հավատացող եկեղեցիներին։ Այսինքն՝ Հիսուսի՝ երկինք համբարձվելուց հետո Պողոսը ոգեշնչվեց և գրեց այս նամակները։ Նրա նամակները Տեր Հիսուսի մահվանից հետո Նրա հարության և երկինք համբարձվելու վկայություններն են, և դրանք նաև քարոզում են ապաշխարության ու խաչը կրելու ճանապարհը։ Իհարկե, այս ճանապարհը և այս վկայությունները նախատեսված էին ուսուցանելու այն ժամանակվա Հրեաստանի տարբեր վայրերում գտնվող եղբայրներին և քույրերին, քանի որ այն ժամանակ Պողոսը Տեր Հիսուսի ծառան էր, և նա ոգեշնչվել էր՝ Տեր Հիսուսի համար վկայություն կրելու։ Սուրբ Հոգու գործի յուրաքանչյուր ժամանակաշրջանում տարբեր մարդիկ են ոգեշնչվում՝ կատարելու Նրա տարբեր գործերը, այսինքն՝ անելու առաքյալների գործը, որպեսզի շարունակեն այն գործը, որն Աստված Ինքն ավարտում է։ Եթե Սուրբ Հոգին դա անմիջականորեն աներ, և ոչ մի մարդ չոգեշնչվեր, ապա գործն իրականացնելը դժվար կլիներ։ Այսպիսով, Պողոսը դարձավ այն մարդը, որը տապալվեց Դամասկոսի ճանապարհին, և որն այնուհետև ոգեշնչվեց՝ Տեր Հիսուսի համար վկայություն կրելու։ Նա առաքյալ էր՝ Հիսուսի տասներկու աշակերտներից զատ։ Ավետարանը քարոզելուց բացի, նա նաև ստանձնեց տարբեր վայրերի եկեղեցիների հովվության գործը, ինչը ներառում էր եկեղեցիների եղբայրների և քույրերի մասին հոգ տանելը, այլ կերպ ասած՝ եղբայրներին և քույրերին Տիրոջ մեջ առաջնորդելը։ Պողոսի վկայությունը Տեր Հիսուսի հարության և երկինք համբարձվելու փաստը հայտնի դարձնելն էր, ինչպես նաև մարդկանց ուսուցանելը՝ ապաշխարելու, խոստովանելու և խաչի ճանապարհով քայլելու։ Նա Հիսուս Քրիստոսի այն ժամանակվա վկաներից մեկն էր։
Պողոսի տասներեք թղթերն ընտրվեցին Աստվածաշնչում կիրառության համար։ Նա գրեց բոլոր տասներեքը՝ հասցեագրված տարբեր վայրերում գտնվող մարդկանց տարբեր վիճակներին։ Նա Սուրբ Հոգուց մղված գրեց դրանք և ամենուր ուսուցանում էր եղբայրներին ու քույրերին առաքյալի դիրքից (Տեր Հիսուսի ծառայի տեսանկյունից)։ Այսպիսով, Պողոսի նամակները չէին բխում մարգարեություններից կամ անմիջապես տեսիլքներից, այլ նա գրեց դրանք իր ստանձնած գործի բերումով։ Այս նամակները տարօրինակ չեն, ոչ էլ մարգարեությունների պես դժվարըմբռնելի են։ Այս խոսքերը պարզապես թղթեր են, և դրանք ո՛չ մարգարեություններ են, ո՛չ էլ խորհուրդներ, դրանք միայն սովորական ուսուցողական խոսքեր են։ Թեև դրանց խոսքերից շատերը կարող են մարդկանց համար դժվարընկալելի կամ դժվարհասկանալի լինել, դրանք առաջացել են միայն Պողոսի սեփական հասկացողությունից և Սուրբ Հոգու լուսաբանումից։ Պողոսն ընդամենը առաքյալ էր. նա Տեր Հիսուսի կողմից օգտագործվող ծառա էր, ոչ թե մարգարե։ Տարբեր վայրերով շրջելիս նա նամակներ էր գրում եկեղեցիների եղբայրներին և քույրերին կամ, երբ հիվանդ էր, գրում էր այն եկեղեցիներին, որոնք հատկապես իր մտքում էին, բայց ուր չէր կարող գնալ։ Ուստի, նրա նամակները պահվեցին մարդկանց կողմից և հետագայում հավաքվեցին, համակարգվեցին և դասավորվեցին Աստվածաշնչի Չորս Ավետարաններից հետո հետագա սերունդների կողմից։ Իհարկե, նրանք ընտրեցին և կազմեցին նրա գրած բոլոր լավագույն նամակների ժողովածուն։ Այս թղթերն օգտակար էին եկեղեցիների եղբայրների և քույրերի կյանքի համար և առանձնահատուկ հռչակ էին վայելում նրա ժամանակներում։ Երբ Պողոսը գրում էր դրանք, նրա նպատակը հոգևոր աշխատություն գրելը չէր, որը թույլ կտար իր եղբայրներին և քույրերին գտնել կիրարկման ճանապարհ, ոչ էլ հոգևոր կենսագրություն՝ արտահայտելու իր սեփական փորձառությունները. նա մտադիր չէր գիրք գրել հեղինակ դառնալու համար։ Պարզապես նամակներ էր գրում Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցու իր եղբայրներին և քույրերին։ Պողոսն ուսուցանում էր իր եղբայրներին և քույրերին՝ որպես ծառա իր դիրքից և պատմում էր նրանց իր հոգսի, Տեր Հիսուսի մտադրությունների և այն մասին, թե ինչ հանձնարարություններ էր Նա տվել մարդկանց ապագայի համար։ Սա էր այն գործը, որը Պողոսը կատարում էր։ Նրա խոսքերը բավական խրատական էին բոլոր ապագա եղբայրների և քույրերի փորձառության համար, և ճշմարտությունները, որոնց մասին նա հաղորդակցվել էր այս բազմաթիվ նամակներում, այն էին, ինչ Շնորհքի դարաշրջանի մարդիկ պետք է կիրարկեին։ Այսպիսով, այս նամակները դասավորվեցին Նոր Կտակարանում հետագա սերունդների կողմից։ Անկախ նրանից, թե ի վերջո ինչպիսին եղավ Պողոսի ելքը, նա մեկն էր, որն օգտագործվեց իր ժամանակներում և որն աջակցում էր իր եղբայրներին ու քույրերին եկեղեցիներում։ Նրա ելքը որոշվեց նրա բուն էությամբ, ինչպես նաև նրանով, որ նա ի սկզբանե տապալվել էր։ Նա ի վիճակի էր ասելու այդ խոսքերն այն ժամանակ, քանի որ ուներ Սուրբ Հոգու գործը, և հենց այս գործի պատճառով էր, որ Պողոսը հոգս էր կրում եկեղեցիների համար։ Այսպիսով, նա ի վիճակի էր հոգալու իր եղբայրների և քույրերի համար։ Սակայն որոշակի հատուկ հանգամանքների պատճառով Պողոսն ի վիճակի չէր անձամբ գնալու եկեղեցիներ՝ աշխատելու, ուստի, նա նամակներ գրեց նրանց՝ հորդորելու Տիրոջ մեջ գտնվող իր եղբայրներին և քույրերին։ Սկզբում Պողոսը հալածում էր Տեր Հիսուսի աշակերտներին, բայց Հիսուսի՝ երկինք համբարձվելուց հետո, այսինքն՝ այն բանից հետո, երբ «լույսը» շողաց Պողոսի վրա, նա դադարեց հալածել Տեր Հիսուսի աշակերտներին և այլևս չէր հալածում այն սրբերին, որոնք ավետարան էին քարոզում հանուն Տիրոջ ճանապարհի։ Այն բանից հետո, երբ Պողոսը տեսավ, որ Հիսուսը հայտնվեց իրեն՝ որպես պայծառ լույս, նա ընդունեց Տիրոջ հանձնարարությունը։ Նա մեկն էր, որին Սուրբ Հոգին օգտագործում էր ավետարանը քարոզելու համար։
Այն ժամանակ Պողոսի գործը պարզապես իր եղբայրներին և քույրերին աջակցելն ու հոգալն էր։ Նա նման չէր որոշ մարդկանց, որոնք ցանկանում էին կարիերա կերտել կամ գրական գործեր գրել, այլ ելքեր հորինել կամ Աստվածաշնչից զատ այլ ուղիներ փնտրել, որոնցով կառաջնորդեին եկեղեցիների մարդկանց, որպեսզի նրանք բոլորը կարողանային նոր մուտք ունենալ։ Պողոսն օգտագործվող մեկն էր. անելով այն, ինչ անում էր՝ նա պարզապես կատարում էր իր պարտականությունը։ Եթե նա հոգս չկրեր եկեղեցիների համար, ապա կհամարվեր, որ անտեսել է իր պարտականությունը։ Եթե եկեղեցում որևէ խանգարող իրադարձություն պատահեր կամ դավաճանության միջադեպ լիներ, որը կհանգեցներ այնտեղի մարդկանց անբնականոն վիճակին, ապա կհամարվեր, որ նա պատշաճ կերպով չի կատարել իր գործը։ Եթե աշխատողը հոգս է կրում եկեղեցու հանդեպ և, հետևաբար, գործում է իր ողջ կարողությամբ, ապա դա ապացուցում է, որ այդ անձը չափանիշին համապատասխանող աշխատող է՝ չափանիշին համապատասխանող մարդ, որն օգտագործվում է։ Եթե մարդը հոգս չի զգում եկեղեցու համար և իր գործում ոչ մի արդյունքի չի հասնում, իսկ նրա առաջնորդած մարդկանց մեծ մասը թույլ է կամ նույնիսկ ընկնում է, ապա նման աշխատողը չի կատարել իր պարտավորությունը։ Պողոսը ևս բացառություն չէր սրանից։ Ուստի, նա պետք է հոգ տաներ եկեղեցիների մասին և հաճախակի նամակներ գրեր իր եղբայրներին և քույրերին։ Այս կերպ նա ի վիճակի էր հոգալու եկեղեցիների և հոգ տանելու իր եղբայրների ու քույրերի մասին. միայն այս կերպ եկեղեցիները կարող էին ապահովում և հովվություն ստանալ նրանից։ Նրա գրած նամակների խոսքերը շատ խորն էին, բայց դրանք գրվել էին իր եղբայրներին և քույրերին՝ Սուրբ Հոգու լուսաբանումը ստանալու պայմաններում, և նա իր անձնական փորձառություններն ու զգացած հոգսը միահյուսել էր իր գրվածքներին։ Պողոսը պարզապես Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդ էր, և նրա նամակների բովանդակությունն ամբողջությամբ համեմված էր նրա անձնական փորձառություններով։ Նրա կատարած գործը պարզապես ներկայացնում է առաքյալի գործ, ոչ թե անմիջականորեն Սուրբ Հոգու կողմից կատարվող գործ, և այն նաև տարբերվում է Քրիստոսի գործից։ Պողոսը պարզապես կատարում էր իր պարտավորությունը, ինչի պատճառով էլ նա Տիրոջ մեջ գտնվող իր եղբայրներին և քույրերին տալիս էր իր հոգսը, ինչպես նաև իր անձնական փորձառություններն ու ներըմբռնումները։ Պողոսը պարզապես իրականացնում էր այն գործը, որն Աստված հանձնարարել էր իրեն՝ տրամադրելով իր անձնական ներըմբռնումներն ու հասկացողությունը. սա հաստատապես անմիջականորեն Իր՝ Աստծու կողմից կատարվող գործի օրինակ չէր։ Այսպիսով, Պողոսի գործը խառնված էր մարդկային փորձառության և եկեղեցու գործի վերաբերյալ մարդկային տեսակետների ու հասկացողությունների հետ։ Սակայն այս մարդկային տեսակետներն ու հասկացողությունները չեն կարող համարվել չար ոգիների գործ կամ միս ու արյան գործ. դրանք կարող են համարվել միայն մարդու գիտելիքն ու փորձառությունները Սուրբ Հոգու լուսաբանման ներքո։ Սրանով Ես նկատի ունեմ, որ Պողոսի նամակները երկնքից գրքեր չեն։ Դրանք սուրբ չեն և բնավ չեն ասվել կամ արտահայտվել Սուրբ Հոգու կողմից. դրանք պարզապես եկեղեցու հանդեպ Պողոսի հոգսի արտահայտությունն են։ Այս ամենն ասելու Իմ նպատակն այն է, որ դուք հասկանաք Աստծու գործի և մարդու գործի միջև եղած տարբերությունը. Աստծու գործը ներկայացնում է Իրեն՝ Աստծուն, մինչդեռ մարդու գործը ներկայացնում է մարդու պարտավորությունն ու փորձառությունները։ Մարդ չպետք է Աստծու բնականոն գործը համարի մարդու մտադրություններ, իսկ Նրա գերբնական գործը՝ Աստծու մտադրություններ, առավել ևս չպետք է մարդու վեհ քարոզչությունը համարի Աստծու արտահայտումներ կամ երկնքից գրքեր։ Բոլոր նման տեսակետներն բարոյական չափանիշներից դուրս կլինեին։ Շատ մարդիկ, լսելով, թե ինչպես եմ Ես մանրամասն վերլուծում Պողոսի տասներեք թղթերը, կարծում են, որ Պողոսի նամակները չպետք է կարդալ, և որ Պողոսը սարսափելի մեղավոր մարդ էր։ Կան նույնիսկ շատ մարդիկ, որոնք կարծում են՝ Իմ խոսքերն անսիրտ են, որ Պողոսի թղթերի վերաբերյալ Իմ գնահատականը ճշգրիտ չէ, և որ այդ նամակները չեն կարող համարվել մարդու փորձառությունների ու հոգսերի արտահայտություններ։ Նրանք կարծում են, որ դրանք փոխարենը պետք է համարվեն Աստծու խոսքեր, որ նույնքան կարևոր են, որքան Հովհաննեսի Հայտնության գիրքը, և որ չեն կարող կրճատվել կամ ավելացվել, առավել ևս՝ անփութորեն բացատրվել։ Մի՞թե սրանք բոլորը մարդկանց սխալ պնդումները չեն։ Մի՞թե դա լիովին այն փաստի պատճառով չէ, որ մարդիկ ողջամտություն չունեն։ Պողոսի նամակներն իսկապես մեծ օգուտ են տալիս մարդկանց, և դրանք արդեն 2000 տարվա պատմություն ունեն։ Սակայն մինչ օրս դեռ կան շատ մարդիկ, որոնք չեն կարողանում ըմբռնել, թե ինչ էր նա ասում այն ժամանակ։ Մարդիկ Պողոսի նամակներն ընկալում են՝ որպես ողջ քրիստոնեության մեծագույն գլուխգործոցներ, և որ ոչ ոք չի կարող վերծանել դրանք, և ոչ ոք չի կարող լիովին հասկանալ դրանք։ Իրականում այս նամակները պարզապես նման են հոգևոր անձի կենսագրության և չեն կարող համեմատվել Հիսուսի խոսքերի կամ Հովհաննեսի տեսած մեծ տեսիլքների հետ։ Ի հակադրություն սրա՝ այն, ինչ տեսավ Հովհաննեսը, երկնքից մեծ տեսիլքներ էին՝ Աստծու սեփական գործի մարգարեություններ, որոնք անհասանելի էին մարդուն, մինչդեռ Պողոսի նամակները պարզապես մարդու տեսածի ու փորձառաբար ապրածի պատմություններն են։ Դրանք այն են, ինչին մարդն ունակ է, և ո՛չ մարգարեություններ են, ո՛չ տեսիլքներ. դրանք պարզապես նամակներ են, որոնք ուղարկվել են տարբեր վայրեր։ Սակայն այն ժամանակվա մարդկանց համար Պողոսն աշխատող էր, և նրա խոսքերը, հետևաբար, արժեք ունեին, քանի որ նա մեկն էր, որն ընդունել էր իրեն հանձնարարվածը։ Հետևաբար, նրա նամակներն օգտակար էին բոլոր նրանց համար, որոնք ձգտում էին Քրիստոսին։ Թեև այդ խոսքերն անձամբ չէին ասվել Հիսուսի կողմից, դրանք, այնուամենայնիվ, էական էին իրենց ժամանակի համար։ Այսպիսով, Պողոսից հետո եկած մարդիկ դասավորեցին նրա նամակներն Աստվածաշնչում՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով, որ դրանք փոխանցվեն մինչ օրս։ Դուք հասկանո՞ւմ եք Իմ միտքը։ Ես պարզապես տալիս եմ ձեզ այս նամակների ճշգրիտ բացատրությունը և մանրամասն վերլուծում եմ դրանք՝ չհերքելով մարդկանց համար դրանց օգուտը կամ դրանց արժեքը՝ որպես հղումներ։ Եթե Իմ խոսքերը կարդալուց հետո դուք ոչ միայն մերժեք Պողոսի նամակները, այլև որոշեք, որ դրանք հերետիկոսություն են կամ անարժեք, ապա կարելի է միայն ասել, որ ձեր ըմբռնելու կարողությունը չափազանց թույլ է, ինչպես և ձեր ներըմբռնումներն ու իրողությունները դատելու կարողությունը. հաստատապես չի կարելի ասել, որ Իմ խոսքերը չափազանց միակողմանի են։ Հիմա հասկանո՞ւմ եք։ Կարևոր տարրերը, որոնք դուք պետք է ըմբռնեք, այն ժամանակվա Պողոսի գործի իրական իրավիճակն է և այն նախապատմությունը, որի ներքո գրվել են նրա նամակները։ Եթե դուք ճիշտ տեսակետ ունենաք այս հանգամանքների վերաբերյալ, ապա նաև ճիշտ տեսակետ կունենաք Պողոսի թղթերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, երբ դու ըմբռնես այդ նամակների էությունը, քո գնահատականն Աստվածաշնչի վերաբերյալ ճիշտ կլինի, և այդ ժամանակ կհասկանաս, թե ինչու են հետագա սերունդների մարդիկ այսքան տարիներ այդքան պաշտել Պողոսի թղթերը, ինչպես նաև, թե ինչու նույնիսկ կան շատ մարդիկ, որոնք վերաբերվում են նրան՝ որպես Աստծու։ Մի՞թե դուք էլ այդպես չէիք մտածի, եթե չհասկանայիք։
Նա, որ Ինքը Աստված չէ, չի կարող ներկայացնել Իրեն՝ Աստծուն։ Պողոսի գործը կարող է համարվել միայն մարդկային ներըմբռնման և Սուրբ Հոգու լուսաբանման մի մասը։ Պողոսն այս խոսքերը գրել է՝ օգտագործելով մարդկային ներըմբռնումը՝ Սուրբ Հոգու լուսաբանմամբ։ Սա հազվադեպ երևույթ չէ։ Ուստի, անխուսափելի էր, որ նրա խոսքերը միահյուսված լինեին որոշ մարդկային փորձառություններով, և նա հետագայում օգտագործեց իր անձնական փորձառությունները՝ այն ժամանակ իր եղբայրների և քույրերին ապահովելու և նրանց աջակցելու համար։ Նրա գրած նամակները չեն կարող դասակարգվել՝ որպես կյանքի ուսումնասիրություն, ոչ էլ կարող են դասակարգվել՝ որպես կենսագրություններ կամ ուղերձ, առավել ևս դրանք եկեղեցու կողմից կիրարկվող ճշմարտություններ կամ եկեղեցու կառավարչական հրամանագրեր չէին։ Որպես հոգս կրող մեկը՝ Սուրբ Հոգու կողմից գործի նշանակված անձ, սա մի բան է, որ նրանք պարզապես պետք է անեն։ Եթե Սուրբ Հոգին բարձրացնում է մարդկանց և նրանց հոգս է տալիս, բայց նրանք չեն կարողանում ստանձնել եկեղեցու գործը և լավ տնօրինել դրա գործերը կամ գոհացուցիչ կերպով լուծել դրա բոլոր խնդիրները, ապա դա ապացուցում է, որ այդ մարդիկ չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ուստի, առաքյալի համար իր գործի ընթացքում նամակներ գրել կարողանալը շատ խորհրդավոր բան չէր։ Սա նրանց գործի մի մասն էր. նրանք պարտավոր էին դա անել։ Նամակներ գրելու նրանց նպատակը կյանքի ուսումնասիրություն կամ հոգևոր կենսագրություն գրելը չէր, և դա հաստատապես սրբերի համար այլ ճանապարհ բացելու համար չէր։ Փոխարենը, նրանք դա անում էին իրենց սեփական գործառույթը կատարելու և Աստծուն հավատարիմ ծառա լինելու համար, որպեսզի կարողանային հաշիվ տալ Աստծուն՝ ավարտելով այն առաջադրանքները, որոնք Նա հանձնարարել էր իրենց։ Նրանք պետք է պատասխանատվություն կրեին իրենց և իրենց գործում գտնվող եղբայրների ու քույրերի համար, պետք է լավ կատարեին իրենց գործը և սրտին մոտ պահեին եկեղեցու գործերը. այս ամենը նրանց գործի մի մասն էր։
Եթե դուք հասկացողություն եք ձեռք բերել Պողոսի նամակների վերաբերյալ, ապա նաև ճիշտ հասկացողություն և գնահատական կունենաք թե՛ Պետրոսի, թե՛ Հովհաննեսի թղթերի վերաբերյալ։ Դուք այլևս երբեք չեք դիտի այս նամակները՝ որպես երկնքից իջած կամ սուրբ ու անխախտելի գրքեր, առավել ևս Պողոսին չեք համարի Աստված։ Ի վերջո Աստծու գործը տարբերվում է մարդու գործից, ուստի, ինչպե՞ս կարող են Նրա արտահայտությունները նույնը լինել, ինչ մարդու արտահայտությունները։ Աստված ունի Իր սեփական յուրահատուկ բնույթը, մինչդեռ մարդն ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի։ Աստծու բնույթն արտահայտվում է Նրա գործում, մինչդեռ մարդու պարտավորությունն արտահայտվում է մարդու փորձառություններում և դրսևորվում մարդու ձգտումներում։ Ուստի, կատարված գործի միջոցով ակնհայտ է դառնում՝ արդյոք ինչ-որ բանն Աստծո՞ւ արտահայտությունն է, թե՞ մարդունը։ Կարիք չկա, որ Աստված Ինքը բացատրի դա, ոչ էլ պահանջվում է, որ մարդը ջանա վկայել, առավել ևս կարիք չկա, որ Աստված Ինքը ճնշի որևէ մարդու։ Այս ամենը գալիս է՝ որպես բնական դրսևորում. դա ո՛չ պարտադրված է, ո՛չ էլ մի բան, որին մարդը կարող է միջամտել։ Մարդու պարտավորությունը կարելի է ճանաչել նրա փորձառությունների միջոցով, և դա չի պահանջում, որ նա որևէ հավելյալ փորձառական գործ կատարի։ Մարդու ողջ էությունը կարող է բացահայտվել, երբ նա կատարում է իր պարտավորությունը, մինչդեռ Աստված կարող է արտահայտել Իր ներհատուկ բնույթն Իր գործը կատարելիս։ Եթե դա մարդու գործն է, ապա այն չի կարող կոծկվել։ Եթե դա Աստծու գործն է, ապա առավել ևս անհնար է, որ Աստծու բնույթը թաքցվի որևէ մեկի կողմից, առավել ևս՝ վերահսկվի մարդու կողմից։ Ոչ մի մարդ չի կարող համարվել Աստված, առավել ևս նրա գործն ու խոսքերը չեն կարող դիտվել որպես սուրբ կամ համարվել անփոփոխ։ Աստված կարող է համարվել մարդ, քանի որ Նա մարմին հագավ, բայց Նրա գործը չի կարող համարվել մարդու գործ կամ մարդու պարտավորություն։ Ավելին, Աստծու արտահայտումներն ու Պողոսի նամակները չեն կարող նույնացվել, ոչ էլ Աստծու դատաստանն ու պատիժը և մարդու ուսուցողական խոսքերը կարող են հավասարապես դիտարկվել։ Ուստի, կան սկզբունքներ, որոնք տարբերակում են Աստծու գործը մարդու գործից։ Դրանք տարբերակվում են ըստ իրենց էությունների, ոչ թե գործի շրջանակի կամ դրա ժամանակավոր արդյունավետության։ Այս հարցում մարդկանց մեծ մասը սկզբունքային սխալներ է թույլ տալիս։ Դա այն պատճառով է, որ մարդը նայում է արտաքինին, որին նա կարող է հասնել, մինչդեռ Աստված նայում է էությանը, որը չի կարող դիտարկվել մարդկության ֆիզիկական աչքերով։ Եթե դու Աստծու խոսքերն ու գործը համարում ես սովորական մարդու պարտավորություն, և մարդու լայնամասշտաբ գործը դիտարկում ես՝ որպես մարմին հագած Աստծու գործ, այլ ոչ թե մարդու կողմից կատարվող պարտավորություն, ապա մի՞թե սկզբունքորեն չես սխալվում։ Մարդու նամակներն ու կենսագրությունները կարող են հեշտությամբ գրվել, բայց միայն Սուրբ Հոգու գործի հիմքի վրա։ Սակայն Աստծու արտահայտումներն ու գործը չեն կարող հեշտությամբ իրագործվել մարդու կողմից կամ ձեռք բերվել մարդկային իմաստության և մտածողության միջոցով, առավել ևս մարդիկ չեն կարող հանգամանորեն բացատրել դրանք ուսումնասիրելուց հետո։ Եթե սկզբունքային այս հարցերը ձեր մեջ որևէ արձագանք չեն առաջացնում, դա ապացուցում է, որ ձեր հավատը շատ ճշմարիտ կամ մանրակրկիտ չէ։ Կարելի է միայն ասել, որ ձեր հավատը լի է անորոշությամբ և թե՛ խառնաշփոթ է, թե՛ անսկզբունքային։ Առանց անգամ հասկանալու Աստծու և մարդու ամենահիմնական էական հարցերը՝ մի՞թե այս տեսակ հավատն ամենից զուրկը չէ ընկալունակությունից։ Ինչպե՞ս կարող էր Պողոսը լինել ողջ պատմության ընթացքում օգտագործված միակ մարդը։ Ինչպե՞ս կարող էր նա լինել միակը, որը երբևէ գործ է արել եկեղեցու համար։ Ինչպե՞ս կարող էր նա լինել միակը, որը գրել է եկեղեցիներին նրանց աջակցելու համար։ Անկախ այս մարդկանց գործի մասշտաբից կամ ազդեցությունից կամ նրանց գործի արդյունքներից՝ մի՞թե այսպիսի գործի սկզբունքներն ու էությունը բոլորը նման չեն։ Մի՞թե այս մարդկանց գործը լիովին չի տարբերվում Աստծու գործից։ Թեև Աստծու գործի յուրաքանչյուր փուլի միջև կան հստակ տարբերություններ, և թեև Նրա գործի մեթոդներից շատերը լիովին նույնը չեն, մի՞թե դրանք բոլորը չունեն միայն մեկ էություն և աղբյուր։ Հետևաբար, եթե մարդը հիմա դեռ անորոշ է այս հարցերի վերաբերյալ, ապա նա չափազանց զուրկ է ողջամտությունից։ Եթե այս խոսքերը կարդալուց հետո մարդը դեռ ասում է, որ Պողոսի նամակները սուրբ և անխախտելի են և տարբերվում են որևէ հոգևոր անձի կենսագրություններից, ապա այս մարդու ողջամտությունը չափազանց աննորմալ է, և նման մարդն անկասկած վարդապետական փորձագետ է, որը լիովին զուրկ է ողջամտությունից։ Նույնիսկ եթե դու պաշտում ես Պողոսին, չես կարող օգտագործել քո ջերմ զգացմունքները նրա հանդեպ՝ փաստերի ճշմարտությունը խեղաթյուրելու կամ ճշմարտության գոյությունը հերքելու համար։ Ավելին, այն, ինչ Ես ասել եմ, ոչ մի կերպ կրակի չի տալիս Պողոսի ողջ գործն ու նամակները կամ լիովին հերքում դրանց արժեքը՝ որպես հղումներ։ Անկախ ամեն ինչից՝ այս խոսքերն ասելու Իմ մտադրությունն այն է, որ դուք պատշաճ հասկացողություն և ողջամիտ գնահատական ձեռք բերեք բոլոր հարցերի և մարդկանց վերաբերյալ. միայն սա է բնականոն ողջամտությունը. միայն սրանով պետք է զինվեն ճշմարտությանը տիրապետող արդար մարդիկ։