Գլուխ 71

Ինձ լիովին ձեր առաջ բացահայտել եմ, բայց ինչո՞ւ չեք կարողանում ձեր ամբողջ սրտով ու մտքով մտորել Իմ խոսքերի շուրջ։ Ինչո՞ւ եք Իմ խոսքերն անպիտան համարում։ Մի՞թե Իմ ասածը սխալ է։ Իմ խոսքերը դիպչե՞լ են ձեր խոցելի տեղերին։ Դուք շարունակաբար հապաղում և երկմտում եք։ Ինչո՞ւ եք այս կերպ վարվում։ Մի՞թե Ես պարզ չեմ խոսել։ Բազմիցս ասել եմ, որ Իմ խոսքերի շուրջ պետք է ուշադիր մտորել, և որ պետք է ուշադիր հետևեք դրանց։ Ձեր մեջ կա՞ն ենթարկվող և հնազանդվող զավակներ։ Մի՞թե Իմ խոսքերն իզուր են եղել։ Մի՞թե դրանք բացարձակապես ոչ մի արդյունք չեն տվել։ Որքանո՞վ ես համապատասխանում Իմ մտադրություններին։ Եթե նույնիսկ մի պահ առանց Իմ խոսքի ընթանաս, ապա ցոփ ու անզուսպ կդառնաս։ Եթե Ես պարզ չեմ ասում, թե ինչպես պետք է գործել և խոսել, մի՞թե հոգու խորքում որևէ գաղափար չես ունենա։ Ասեմ քեզ։ Կորուստներ կրողը նա է, ով ենթարկվող չէ, չի հնազանդվում և գլուխը կորցրած է հավատում։ Մարդիկ, ովքեր ուշադրություն չեն դարձնում Իմ ասածին և չեն կարողանում ըմբռնել մանրամասները, չեն կարողանա ընկալել Իմ մտադրությունները, ոչ էլ կկարողանան ծառայել Ինձ։ Այդպիսի մարդիկ կէտվեն Իմ կողմից և կբախվեն Իմ դատաստանին։ Նրանք, ովքեր չեն կարողանում ըմբռնել մանրամասները, չափազանց հանդուգն են, ինչպես նաև կանխամտածված անխոհեմ․ ուստի Ես ատում եմ այդպիսի մարդկանց և նրանց հանդեպ բարեհոգի չեմ գտնվի։ Ես նրանց նկատմամբ ողորմություն չեմ ցուցաբերի․ նրանց միայն Իմ մեծափառությունն ու դատաստանը ցույց կտամ։ Այդ ժամանակ տեսնենք՝ արդյոք դեռ կհամարձակվես խաբել Ինձ։ Ես այն Աստվածն եմ, որ զննում է մարդկային սրտի ամենածածուկ խորքերը։ Այս միտքը պետք է ակնհայտ լինի բոլորի համար․ այլապես մարդիկ պարզապես անլուրջ ձևով կանեն իրենց գործը, իսկ Ինձ հետ ձևականորեն գործ կունենան։ Դա է պատճառը, որ որոշ մարդիկ ակամայից տապալվում են Իմ կողմից։ Ես ասել եմ, որ ոչ ոքի հանդեպ անարդար չեմ վարվի, Ես սխալ բան չեմ անում, և Իմ բոլոր արարքները կատարվում են Իմ ձեռքի իմաստուն կարգադրությամբ։

Իմ դատաստանն իջել է բոլոր այն մարդկանց վրա, որոնք անկեղծորեն չեն սիրում Ինձ։ Հենց այս ժամանակ են բացահայտվելու նրանք, ում Ես նախասահմանել ու ընտրել եմ, ինչպես նաև նրանք, ում Ես դուրս կթողնեմ։ Նրանք բոլորը կբացահայտվեն մեկ առ մեկ, և ոչինչ ծածուկ չի մնա։ Բոլոր մարդիկ, իրադարձությունները և իրողությունները հաստատված են և գոյություն ունեն՝ Իմ խոսքերը կատարելու համար, և բոլորը ջանում են իրականացնել Իմ բերանից արտաբերված խոսքերը։ Տիեզերքը և երկրի եզերքները միայն Իմ կողմից են հսկվում։ Ես պետք է տապալեմ ցանկացածի, ով կհամարձակվի չենթարկվել Իմ խոսքերին կամ կհրաժարվի Իմ գործերը կատարելուց՝ պատճառ դառնալով, որ այդ անձը հանդերձյալ Հադես ընկնի և դադարի գոյություն ունենալ։ Իմ բոլոր խոսքերը պիտանի և տեղին են, նաև լիովին զերծ են անմաքրությունից։ Մի՞թե կարող է ձեր խոսելաձևը նմանվել Իմին։ Դուք այնքան երկարախոս եք․ ձեր ասածի մեջ իմաստ չկա, և պարզ չեք արտահայտվում. դեռ կարծում եք, թե ինչ-որ բաներ եք ձեռք բերել և որ գրեթե ընդունելի եք։ Ասեմ քեզ։ Որքան ավելի ինքնագոհ են մարդիկ, այնքան ավելի հեռու են Իմ չափանիշներին համապատասխանելուց։ Նրանք հաշվի չեն առնում Իմ մտադրությունները և խաբում են Ինձ ու անարգում են Իմ անունը ամենախիստ կերպով։ Ինչպիսի՜ անամոթ։ Չեք էլ տեսնում, թե ինքներդ ինչ հասակ ունեք։ Որքա՜ն հիմար ու տգետ եք։

Իմ խոսքերը մշտապես և բոլոր առումներով մատնանշում են խնդիրներ։ Մի՞թե հնարավոր է՝ դեռ չես ըմբռնում։ Մի՞թե դեռ չես հասկանում։ Մի՞թե քո մտադրությունն Ինձ հիասթափեցնելն է։ Քաջությո՛ւն առ և համարձակությո՛ւն հավաքիր։ Ինձ սիրող որևէ մեկի հանդեպ անարդար չեմ վարվում։ Ես զննում եմ մարդու սրտի ամենածածուկ խորքերը և գիտեմ այն ամենը, ինչ կա բոլոր մարդկանց սրտերում։ Այս ամենը մեկ առ մեկ բացահայտվելու է, և նրանց բոլորին Ես եմ զննելու։ Ես երբեք չեմ անտեսի Ինձ անկեղծորեն սիրող որևէ մեկին․ նրանք բոլորն օրհնություն ստացողներ են և այն անդրանիկ որդիների խումբն են, որոնց Ես նախասահմանել եմ թագավորներ լինելու համար։ Ինչ վերաբերում է Ինձ անկեղծորեն չսիրողներին, նրանք իրենց իսկ խորամանկությունների թիրախներ են և կբախվեն պատուհասի․ սա նույնպես նախասահմանվել է Իմ կողմից։ Մի՛ անհանգստացեք․ Ես նրանց կբացահայտեմ մեկ առ մեկ։ Այս գործը Ես վաղուց եմ նախապատրաստել և արդեն սկսել եմ կատարել։ Ամենը կատարվում է կազմակերպված ձևով․ բոլորովին քաոսային չէ։ Ես արդեն որոշել եմ՝ ով պետք է ընտրվի և ով՝ դուրս թողնվի։ Մեկ առ մեկ կբացահայտվեն, որ տեսնեք։ Ներկայումս կտեսնեք Իմ ձեռքի գործը։ Բոլորը կտեսնեն, որ Իմ արդարությունը և Իմ մեծափառությունը թույլ չեն տալիս վիրավորանք կամ դիմակայություն որևէ մեկի կողմից, և ով էլ որ վիրավորի, խստորեն կպատժվի։

Ես եմ այն Միակը, որ մշտապես դիտարկում է բոլորի սրտի ամենածածուկ խորքերը։ Կարծիք մի՛ կազմեք Իմ մասին՝ միայն արտաքուստ դատելով։ Կո՜ւյր մարդիկ։ Դուք չեք լսում այն խոսքերը, որոնք Ես այդքան պարզ եմ ասել, և պարզապես չեք հավատում Ինձ՝ հենց Ինքը կատարյալ Աստծուն։ Ես, անշուշտ, չեմ հանդուրժի որևէ մեկի, որ համարձակվում է կեղծավորությամբ համոզել Ինձ կամ ինչ-որ բան թաքցնել Ինձնից։

Հիշո՞ւմ ես Իմ արտահայտումներից յուրաքանչյուրը։ «Ինձ տեսնելը նույնն է, ինչ հավիտյանս հավիտենից ամեն մի թաքնված խորհուրդ տեսնելը»։ Այս խոսքի շուրջ խորհե՞լ ես մանրակրկիտ։ Ես Աստված եմ, և Իմ խորհուրդները ցուցադրվել են ձեզ։ Մի՞թե չեք տեսել դրանք։ Ինչո՞ւ Ինձ ուշադրություն չեք դարձնում։ Եվ ինչո՞ւ ես այդքան պաշտում քո մտքում եղած այն մշուշոտ աստծուն։ Ինչպե՞ս կարող էի Ես՝ միակ ճշմարիտ Աստված, ինչ-որ սխալ բան անել։ Հասկացե՛ք սա։ Համոզվա՛ծ եղեք դրանում։ Իմ ամեն խոսք և արարք, Իմ ամեն գործ և քայլ, Իմ ժպտալը, Իմ ուտելը, Իմ հագնվելը, Իմ ամեն ինչը կատարվում է Ինքը Աստծու կողմից։ Դուք Ինձ կշռադատել եք. մի՞թե կարող էր հնարավոր լինել, որ արդեն տեսած լինեիք Աստծուն մինչև Իմ գալը։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ ես միշտ մտավոր համեմատություններ անում Իմ և քո աստծու միջև։ Դրանք բոլորը մարդկային պատկերացումներ են։ Իմ արարքներն ու գործելակերպերը քո պատկերացումներին չեն համապատասխանում, այնպես չէ՞։ Ես ոչ ոքի թույլ չեմ տալիս կարծիք արտահայտել՝ արդյոք Իմ արարքներն ու գործելակերպերը ճիշտ են, թե ոչ։ Ես եմ միակ ճշմարիտ Աստված, և սա անփոփոխ, անվիճելի ճշմարտություն է։ Ձեր իսկ խորամանկություններին զոհ մի՛ գնացեք։ Իմ խոսքերը բացարձակ պարզությամբ մատնանշել են սա։ Իմ մեջ մարդկային ոչ մի հատկանիշ չկա. Ես ամբողջությամբ Ինքը Աստված եմ՝ ձեր առաջ լիովին բացահայտված, առանց որևէ ծածուկ բանի։

Նախորդը.  Գլուխ 70

Հաջորդը.  Գլուխ 72

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger