Գլուխ 72
Եթե քո մեջ որևէ թերություն կամ թուլություն ես հայտնաբերում, պետք է անմիջապես ապավինես Ինձ՝ դրանից ազատվելու համար։ Մի՛ հապաղիր, այլապես Սուրբ Հոգու գործը քեզնից չափազանց հեռու կլինի, և շատ հետ կմնաս։ Գործը, որ հանձնարարել եմ քեզ, կարող է իրագործվել միայն հաճախակի մոտենալով, աղոթելով և Իմ ներկայությամբ հաղորդակցվելով։ Եթե չանես այս ամենը, ոչ մի արդյունքի չես հասնի, և ամեն ինչ իզուր արված կլինի։ Իմ գործն այսօր նույնը չէ, ինչ անցյալում. այն մարդկանց կյանքի մակարդակը, որոնց սիրում եմ, մեծապես տարբերվում է նախկինից։ Նրանք բոլորը հստակ հասկանում են Իմ խոսքերը, ինչպես նաև խորաթափանցորեն ընկալում են դրանք։ Սա ամենաակնհայտ կողմն է, որն առավելագույնս ի զորու է արտացոլելու Իմ գործի հրաշալիությունը։ Իմ գործի ընթացքն արագացել է, և այս գործը հաստատապես տարբերվում է նախկինից։ Մարդկանց համար դժվար է պատկերացնել դա և առավել ևս անհնար է ըմբռնել։ Այլևս ոչինչ առեղծված չէ ձեզ համար, այլ ամեն ինչ հայտնի և բացահայտ է դարձել։ Այն թափանցիկ է, արձակ և ավելին՝ լիովին ազատ է։ Նրանց, ում սիրում եմ, հաստատապես չի սահմանափակի որևէ մարդ, իրադարձություն կամ որևէ բան, ոչ էլ որևէ տարածություն կամ աշխարհագրություն։ Նրանք վեր կկանգնեն բոլոր միջավայրերի պարտադրած սահմանափակումներից և դուրս կգան մսեղիից։ Սա Իմ մեծ գործի ավարտն է։ Դրանից հետո այլևս ոչինչ չի լինի անելու. այն լիովին ավարտված կլինի։
Մեծ գործի ավարտը վերաբերում է բոլոր անդրանիկ որդիներին և բոլոր այն մարդկանց, որոնց սիրում եմ։ Այսուհետ որևէ մարդ, իրադարձություն կամ որևէ բան ձեզ չի սահմանափակի։ Դուք կշրջեք տիեզերքի տարբեր երկրներով՝ կտրել-անցնելով ողջ տիեզերքը և ամենուր թողնելով ձեր հետքերը։ Մի՛ կարծեք, թե սա հեռու ապագայում է․ սա մի բան է, որը կկատարվի շատ շուտով՝ հենց ձեր աչքի առաջ։ Այն, ինչ անում եմ, կլիազորվի ձեզ, և այն վայրերում, ուր ոտք եմ դնում, կլինեն ձեր հետքերը։ Ավելին՝ սա է մեր՝ ձեր և Իմ, միասին որպես թագավորներ իշխելու ճշմարիտ իմաստը։ Խորհե՞լ եք արդյոք, թե ինչու են Իմ շնորհած հայտնությունները գնալով ավելի հստակ ու ավելի ակնհայտ դառնում՝ առանց իսպառ թաքնված լինելու։ Ինչո՞ւ եմ Ես վկայել մինչև վերջ և այս բոլոր առեղծվածներն ու խոսքերն ասել ձեզ։ Պատճառը ոչ այլ ինչ է, քան վերոնշյալ գործը։ Սակայն ներկայումս ձեր գործի առաջընթացը չափազանց դանդաղ է։ Դուք ի վիճակի չեք համընթաց քայլելու Ինձ հետ, չեք կարողանում շատ լավ համագործակցել Ինձ հետ և առայժմ դեռ անկարող եք համապատասխանելու Իմ մտադրություններին։ Ես պետք է ավելի խստորեն մարզեմ ձեզ և արագացնեմ ձեզ ավարտուն դարձնելը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կարողանաք բավարարել Իմ սիրտը։
Ներկայումս ամենաակնհայտ բանն այն է, որ անդրանիկ որդիների խումբը վերջնականապես ձևավորվել է։ Բոլորն Իմ կողմից արժանի համարվեցին և նույնիսկ նախասահմանվել ու ընտրվել են Իմ կողմից՝ աշխարհի արարումից ի վեր։ Յուրաքանչյուրն առաջխաղացվել է Իմ իսկ ձեռքով։ Այստեղ որևէ մարդկային նկատառման տեղ չկա։ Դա քո վերահսկողությունից դուրս է։ Մի՛ հպարտացիր։ Այդ ամենն Իմ բարությունն ու ողորմությունն է։ Իմ տեսանկյունից՝ ամեն ինչ արդեն իրագործվել է։ Պարզապես ձեր աչքերը չափազանց մշուշոտ են, և նույնիսկ հիմա ի վիճակի չեք հստակ տեսնելու Իմ գործերի հրաշալիությունը։ Ձեզ համար կատարելապես պարզ ու լիովին հասկանալի չեն Իմ ամենակարողությունը, Իմ իմաստությունը, Իմ ամեն մի շարժումը կամ Իմ ամեն մի խոսքն ու գործը։ Այդ պատճառով հստակ եմ խոսում և մատնանշում իրողությունները։ Հանուն Իմ որդիների, Իմ սիրելիների՝ պատրաստ եմ վճարելու ամեն գին, տքնելու և ծախսվելու։ Ճանաչո՞ւմ ես Ինձ Իմ խոսքերի միջոցով։ Կարիք կա՞, որ Ես ավելի հստակ խոսեմ։ Այլևս սանձարձակ մի՛ եղիր, հաշվի՛ առ Իմ սիրտը։ Հիմա, երբ այսպիսի մեծ խորհուրդ է ձեզ ասվել, ի՞նչ ունեք ասելու։ Դեռևս դժգոհություն ունե՞ք։ Եթե գին չվճարեք և քրտնաջան չաշխատեք, ապա կարո՞ղ եք արդյոք արժանի լինել Իմ մանրակրկիտ մտադրություններին։
Մեր օրերում մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց։ Իմ հանդեպ սերը չի կարող առաջանալ նրանց մեջ, ում բարեհաճորեն չեմ նայում, նույնիսկ եթե նրանք ցանկանան դա։ Սակայն այն մարդիկ, որոնց նախասահմանել և ընտրել եմ, չեն կարողանա փախչել, թեև գուցե ցանկանան։ Ուր էլ որ գնան, նրանք չեն կարող խուսափել Իմ ձեռքից։ Այսպիսին է Իմ մեծափառությունը և առավել ևս Իմ դատաստանը։ Բոլոր մարդիկ պետք է զբաղվեն իրենց գործերով՝ Իմ ծրագրի և Իմ մտադրությունների համաձայն։ Այս օրվանից սկսած՝ բացարձակապես ամեն ինչ վերադառնում է Իմ ձեռքը և նրանց վերահսկողությունից դուրս է։ Ամեն ինչ վերահսկվում և ներդաշնակեցվում է Իմ կողմից։ Եթե մարդիկ թեկուզ փոքր-ինչ մասնակցություն ունենան, նրանց հեշտությամբ բաց չեմ թողնի։ Այսօրվանից սկսած` թույլ կտամ, որ բոլոր մարդիկ սկսեն ճանաչել Ինձ՝ միակ ճշմարիտ Աստծուն, Ով արարեց բոլոր բաները, Ով եկավ մարդկանց մեջ և մերժվեց ու զրպարտվեց նրանց կողմից և Ով վերահսկում ու կարգավորում է ամեն ինչն իր ամբողջության մեջ, Թագավորին, Ով ղեկավարում է թագավորությունը, հենց Իրեն Աստծուն, Ով իշխում է ողջ տիեզերքին, և առավել ևս Աստծուն, Ով վերահսկում է մարդկանց կյանքն ու մահը և ում ձեռքում է Հադեսի բանալին։ Թույլ կտամ, որ Ինձ ճանաչեն բոլոր մարդիկ (մեծահասակները և երեխաները, անկախ նրանից՝ հոգի ունեն, թե ոչ, և անկախ նրանից՝ հիմար են, թե հաշմանդամություն ունեն և այլն): Այս գործում Ես ոչ մեկի համար բացառություն չեմ անի։ Սա խստագույն գործ է, որը լավ եմ նախապատրաստել, և որն իրականացվում է այս պահից սկսած։ Այն, ինչ ասում եմ, կկատարվի։ Բա՛ց քո հոգևոր աչքերը, մի կո՛ղմ դիր քո անհատական պատկերացումները և գիտակցի՛ր, որ Ես եմ միակ ճշմարիտ Աստված, Ով իշխում է տիեզերքին։ Ոչ մեկից թաքնված չեմ և Իմ կառավարչական հրամանագրերն իրականացնում եմ բոլորի նկատմամբ։
Մի կո՛ղմ դիր քո սեփական բոլոր բաները։ Մի՞թե այն ամենը, որ ստանում ես Ինձնից, ավելի մեծ արժեք չունի և շատ ավելի նշանակալից չէ։ Մի՞թե դրանց և քո այդ անպետքությունների միջև երկնքի ու երկրի տարբերություն չկա։ Շտապի՛ր և դե՛ն նետիր այն ամենը, ինչն անօգուտ է։ Հենց հիմա է որոշվում՝ օրհնություններ կստանաս, թե պատուհասի կհանդիպես։ Սա վճռորոշ պահ է. նույնիսկ ամենաօրհասական պահն է։ Իսկապես ի վիճակի՞ ես տեսնելու սա։