Գլուխ 73
Իմ խոսքերն իրականանում են հենց որ Ես արտասանում եմ դրանք. երբեք չեն փոխվում և բացարձակապես ճշգրիտ են։ Հիշի՛ր սա։ Պետք է ուշադիր խորհրդածես յուրաքանչյուր բառի և արտահայտության մասին, որ դուրս է գալիս Իմ բերանից։ Եղի՛ր չափազանց զգույշ, որպեսզի վնաս չկրես և արժանանաս միայն Իմ դատաստանին, Իմ ցասմանն ու Իմ այրմանը։ Իմ գործն այժմ առաջ է ընթանում շատ արագ տեմպով, թեև այն մակերեսային չէ. այնքան նրբորեն է զտված, որ գործնականում անտեսանելի է անզեն աչքի համար և չի կարող ընկալվել մարդկային ձեռքերով։ Այն հատկապես բծախնդիր է։ Ես երբեք դատարկ խոսքեր չեմ արտահայտում. այն ամենը, ինչ Ես ասում եմ, ճշմարիտ է։ Պետք է հավատաս, որ Իմ յուրաքանչյուր խոսքն իսկական է և ճշգրիտ։ Ոչ մի դեպքում անփույթ մի՛ եղիր․ սա վճռորոշ պահ է։ Արդյոք օրհնություններ կստանաս, թե կհայտնվես աղետի մեջ, կորոշվի հենց այս պահին, և տարբերությունը երկնքի ու երկրի միջև եղած տարբերության պես է։ Թե արդյոք երկինք կգնաս, թե հանդերձյալ Հադես, լիովին Իմ վերահսկողության տակ է։ Հանդերձյալ Հադես գնացողները մղում են իրենց վերջին մահացու պայքարը, մինչդեռ երկինք գնացողները կրում են իրենց վերջին բաժին տառապանքն ու վերջին անգամ ծախսվում Ինձ համար։ Ապագայում այն ամենը, ինչ նրանք կանեն, կներառի վայելք և գովաբանություն՝ զերծ մարդկանց անհանգստացնող բոլոր մանրուքներից, (ամուսնություն, աշխատանք, անհանգստացնող հարստություն, կարգավիճակ և այլն)։ Սակայն, ինչ վերաբերում է հանդերձյալ Հադես գնացողներին, նրանց տառապանքը հավերժական է (սա վերաբերում է նրանց ոգիներին, հոգիներին և մարմիններին). նրանք երբեք չեն խուսափի Իմ ձեռքի պատժից։ Այս երկու կողմերն այնքան անհամատեղելի են, որքան կրակն ու ջուրը։ Դրանք բնավ չեն խառնվում իրար. նրանք, ովքեր պատուհաս են կրում, կշարունակեն պատուհաս կրել, մինչդեռ նրանք, ովքեր օրհնված են, կվայելեն իրենց սրտի ուզածի չափով։
Բոլոր իրադարձություններն ու բաները վերահսկվում են Իմ կողմից, էլ չասած, որ առավել ևս դուք՝ Իմ որդիներդ, Իմ սիրելիներդ, պատկանում եք Ինձ։ Դուք Իմ վեցհազարամյա տնօրինման ծրագրի բյուրեղացումն եք. Իմ գանձերն եք։ Բոլոր նրանք, ում Ես սիրում եմ, հաճելի են Իմ աչքերին, քանզի նրանք հայտնի են դարձնում Ինձ. բոլոր նրանց, ում Ես ատում եմ, զզվանք եմ զգում նրանցից՝ առանց անգամ նայելու նրանց, քանզի Սատանայի սերունդներն են և Սատանայից են։ Այսօր բոլոր մարդիկ պետք է քննեն իրենց. եթե քո մտադրությունները ճիշտ են, և անկեղծորեն սիրում ես Ինձ, ապա անշուշտ Ես կսիրեմ քեզ։ Պետք է անկեղծորեն սիրե՛ս և չխաբե՛ս Ինձ։ Ես այն Աստվածն եմ, որը զննում է մարդկանց սրտերի ամենախորքը։ Եթե քո մտադրությունները սխալ են, և սառն ես ու անհավատարիմ Իմ հանդեպ, ապա անպայման Իմ զզվանքին կարժանանաս. Ես ո՛չ ընտրել եմ քեզ, ո՛չ էլ նախասահմանել։ Պարզապես շարունակի՛ր սպասել, թե երբ ես գնալու դժոխք։ Այլ մարդիկ գուցե չկարողանան տեսնել այս ամենը, սակայն միայն դու և Ես՝ Աստվածս, որը դիտարկում է մարդկանց սրտերի ամենախորքը, գիտենք դրանք։ Դրանք բոլորը կբացահայտվեն որոշակի ժամանակ։ Անկեղծը կարիք չունի անհանգստանալու, իսկ անազնիվը՝ վախենալու։ Սա ամբողջովին Իմ իմաստուն կարգավորումների մի մասն է։
Առկա առաջադրանքը հրատապ է և ծանր, ու այն պահանջում է, որ մի վերջին անգամ ծախսվեք Ինձ համար, որպեսզի վերջնական գործն ավարտին հասցվի։ Իմ պահանջներն իրականում շատ խիստ չեն. Ինձ պարզապես պետք է, որ կարողանաք լավ համագործակցել Ինձ հետ, բավարարել Ինձ ամեն ինչում և հետևել այն առաջնորդությանը, որ Ես տալիս եմ քեզ ներսից։ Կույր մի՛ եղիր. ունեցի՛ր նպատակ և շոշափի՛ր Իմ մտադրությունները բոլոր տեսանկյուններից և ամեն ինչում։ Սա այն պատճառով է, որ Ես այլևս թաքնված Աստված չեմ ձեզ համար, և պետք է շատ հստակ լինեք այս հարցում, որպեսզի ընկալեք Իմ մտադրությունները։ Շատ կարճ ժամանակահատվածում ոչ միայն կհանդիպեք օտարերկրացիների, որոնք փնտրում են ճշմարիտ ճանապարհը, այլև, ինչն ավելի կարևոր է, պետք է ունենաք նրանց հովվելու կարողություն։ Դա Իմ հրատապ մտադրությունն է. ընդունելի չի լինի, եթե չկարողանաք թափանցել սրա մեջ։ Սակայն պետք է հավատաք Իմ ամենակարողությանը։ Քանի դեռ մարդը ճիշտ է, Ես անպայման կկրթեմ այդ մարդուն՝ լինելու լավ զինվոր։ Ամեն ինչ պատշաճ կերպով կարգավորվել է Իմ կողմից։ Պետք է ունենաք Ինձ համար տառապելու վճռականություն։ Սա առանցքային պահն է։ Բաց մի՛ թողեք այն։ Ես չեմ հիշի այն, ինչ արել եք անցյալում։ Պետք է հաճախ աղոթես և աղերսես Իմ առաջ. Ես բավարար շնորհ կընձեռեմ քեզ քո վայելքի և օգտագործման համար։ Շնորհն ու օրհնությունները նույնը չեն։ Այն, ինչ վայելում եք հենց հիմա, Իմ շնորհն է, և Իմ աչքերում այն հիշատակման արժանի չէ, մինչդեռ օրհնություններն այն են, ինչ անսահմանորեն կվայելեք ապագայում։ Դրանք օրհնություններ են, որոնք մարդկանց մտքով չեն անցել, և որոնք նրանք չեն կարող պատկերացնել։ Սա է պատճառը, որ Ես ասում եմ, որ օրհնված եք, և այս օրհնությունները մարդը չի վայելել արարչագործությունից ի վեր։
Ես արդեն ձեզ բացահայտել եմ Իմ ամեն ինչը։ Միայն հուսով եմ, որ կկարողանաք հաշվի առնել Իմ սիրտը, միշտ մտածել Իմ մասին և հաշվի առնել Ինձ բոլոր առումներով, և որ կարող եմ միշտ տեսնել ձեր ժպտացող դեմքերը։ Այսուհետ անդրանիկ որդիների կարգավիճակը ձեռք բերողները նրանք են, ովքեր պիտի թագավորեն Ինձ հետ։ Նրանց չպետք է սպառնա և ճնշի որևէ եղբայր, ոչ էլ պետք է խրատվեն կամ էտվեն Իմ կողմից, քանզի սա է այն սկզբունքը, որով Ես գործում եմ։ Անդրանիկ որդիների խմբում գտնվողներն այն մարդիկ են, որոնց արհամարհանքով են նայել, որոնց ուրիշները սպառնացել ու ճնշել են, և որոնք ճաշակել են մարդկային աշխարհի բոլոր ուրախություններն ու վշտերը։ (Նրանք նախապես էտվել և կոտրվել են Իմ կողմից և նաև նախապես ավարտուն են դարձվել)։ Այս մարդիկ արդեն Ինձ հետ նախապես վայելել են իրենց հասանելիք օրհնությունները։ Ես արդար եմ և երբեք կողմնակալություն չեմ ցուցաբերում որևէ մեկի հանդեպ։