Գլուխ 96
Կհանդիմանեմ Ինձնից ծնված յուրաքանչյուրին, ով դեռ չի ճանաչում Ինձ՝ բացահայտելու համար Իմ ողջ ցասումը, Իմ մեծ զորությունը և Իմ լիակատար իմաստությունը։ Իմ մեջ ամեն ինչ արդար է, և բացարձակապես չկա ոչ մի անարդարություն, ոչ մի նենգություն և ոչ մի խոտորում. ով խոտոր է ու նենգ, անշուշտ դժոխքի որդի է՝ ծնված Հադեսում։ Իմ մեջ ամեն ինչ բաց է։ Ես խոսում եմ, և կատարվում է։ Հրամայում եմ, և հաստատվում է։ Ոչ ոք չի կարող փոխել կամ ընդօրինակել այս բաները, որովհետև Ես Ինքս եմ միակ Աստվածը։ Գալիքի մեջ յուրաքանչյուր ոք, ով Իմ կողմից նախասահմանված և ընտրված անդրանիկ որդիների խմբում է, կբացահայտվի մեկ առ մեկ, իսկ բոլոր նրանք, ովքեր անդրանիկ որդիների խմբում չեն, դրանով իսկ դուրս կթողնվի Իմ կողմից։ Այսպես եմ անում և ավարտին հասցնում Իմ գործը։ Հենց հիմա բացահայտում եմ որոշ մարդկանց միայն նրա համար, որպեսզի Իմ անդրանիկ որդիները տեսնեն Իմ սքանչելի գործերը, բայց հետագայում այսպես չեմ գործի։ Ավելի շուտ՝ կառաջնորդվեմ ընդհանուր իրավիճակով փոխարենը թույլ տալու, որ նրանք մեկ առ մեկ ցույց տան իրենց իրական դեմքը (որովհետև դևերը հիմնականում բոլորը նույնն են, և բավական է ընտրել միայն մի քանիսին՝ որպես օրինակ ծառայելու համար)։ Բոլոր նրանք, ովքեր Իմ անդրանիկ որդիներն են, այդքանը գիտեն իրենց սրտերում, և կարիք չկա, որ մանրամասն բացատրեմ դա (որովհետև սահմանված ժամանակին նրանք անշուշտ կբացահայտվեն մեկը մյուսի ետևից)։
Իմ խոսքը պահելն Իմ բնույթն է, և Իմ մեջ ոչինչ թաքնված կամ քողարկված չէ։ Կասեմ ձեզ այն ամենը, ինչ պետք է հասկանաք, և բացարձակապես չեմ ասի ձեզ ոչ մի բան, որը չպետք է իմանաք, որպեսզի չլինի թե անկարող դառնաք հաստատուն կանգնել։ Չեմ կարող կառչել մանր բաներից և դրանով իսկ կորցնել կարևոր բաները. իսկապես չարժի։ Հավատացե՛ք, որ Ես Ամենակարող Աստվածն եմ, և այն ժամանակ ամեն ինչ կկատարվի, և ամեն ինչ կդառնա հեշտ ու հաճելի։ Այսպես եմ անում գործերը։ Ով հավատում է, նրան թույլ եմ տալիս տեսնել, իսկ ով չի հավատում, թույլ չեմ տալիս իմանալ և երբեք թույլ չեմ տալիս հասկանալ։ Իմ մեջ չկա մսեղավոր զգացմունք կամ ողորմություն, և անկախ այն բանից, թե ով է վիրավորում Իմ պատիժը, անշուշտ կսպանեմ նրանց՝ առանց ձեռքս կանգնեցնելու, և բոլորի հետ կվարվեմ նույն կերպ։ Ես նույնն եմ բոլորի հանդեպ. անձնական զգացմունքներ չունեմ և անշուշտ չեմ գործում մսեղավոր զգացմունքներով։ Ինչպե՞ս կարող են մարդիկ սրա միջոցով չտեսնել Իմ արդարությունն ու մեծափառությունը։ Սա է Իմ իմաստությունը և Իմ բնույթը, որը ոչ ոք չի կարող փոխել, և ոչ ոք չի կարող լիովին ճանաչել։ Իմ ձեռքերը միշտ ղեկավարում են ամեն ինչ՝ ամեն ժամանակ, և միշտ այնպես եմ կարգավորում ամեն ինչ, որ Իմ առաջին իսկ կանչով ծառայություն մատուցեն Ինձ։ Բազմաթիվ մարդիկ Ինձ համար ծառայություն են մատուցում՝ Իմ տնօրինման ծրագիրն իրագործելու համար, բայց ի վերջո տեսնում են օրհնությունները, սակայն չեն կարողանում վայելել դրանք. որքա՜ն ցավալի է։ Բայց ոչ ոք չի կարող փոխել Իմ սիրտը։ Սա Իմ կառավարչական հրամանագիրն է (երբ հիշատակվում են կառավարչական հրամանագրեր, դրանք վերաբերում են մի բանի, որը ոչ ոք չի կարող փոխել, ուստի, երբ ապագայում խոսեմ, եթե մի բան որոշել եմ, ապա դա անկասկած Իմ կառավարչական հրամանագիրն է։ Հիշե՛ք։ Մի՛ խախտեք սա, որպեսզի վնաս չկրեք), նաև Իմ տնօրինման ծրագրի մի մասն է։ Դա Իմ սեփական գործն է, ոչ թե մի բան, որը ցանկացած մարդ կարող է անել։ Ես պետք է անեմ սա. պետք է կարգավորեմ սա, ինչը բավական է ցույց տալու Իմ ամենակարողությունը և դրսևորելու Իմ ցասումը։
Մարդկանց մեծ մասը դեռ չգիտի և հստակ պատկերացում չունի Իմ մարդկայնության մասին։ Մի քանի անգամ ասել եմ դա, բայց դեռ մշուշոտ պատկերացում ունեք և շատ բան չեք հասկանում։ Բայց սա Իմ գործն է, և հիմա՝ այս ժամանակ, ով գիտի՝ գիտի, իսկ ով չգիտի՝ չեմ հարկադրում։ Կարող է միայն այսպես լինել։ Պարզորեն խոսել եմ այդ մասին և հետագայում էլ չեմ խոսի դրա մասին (որովհետև չափազանց շատ եմ ասել և շատ հստակ եմ խոսել։ Նա, ով ճանաչում է Ինձ, անշուշտ ունի Սուրբ Հոգու գործը և անկասկած Իմ անդրանիկ որդիներից մեկն է։ Նա, ով չի ճանաչում Ինձ, հաստատապես այդպիսին չէ՝ ապացուցելով, որ արդեն իրենից ետ եմ վերցրել Իմ Հոգին)։ Բայց ի վերջո այնպես կանեմ, որ բոլորը ճանաչեն Ինձ՝ լիովին ճանաչեն Ինձ, թե՛ Իմ մարդկայնության, թե՛ Իմ աստվածայնության մեջ։ Սրանք են Իմ գործի քայլերը, և պետք է այսպես գործեմ։ Սա նույնպես Իմ կառավարչական հրամանագիրն է։ Բոլորը պետք է Ինձ կոչեն միակ ճշմարիտ Աստված և անդադար փառաբանեն ու ցնծագին ողջունեն Ինձ։
Իմ տնօրինման ծրագիրն արդեն լիովին ավարտվել է, և ամեն ինչ վաղուց իրագործվել է։ Մարդկային աչքին թվում է, թե Իմ գործի մեծ մասը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն պատշաճ կերպով կարգավորել եմ այն, և մնում է միայն դրա ավարտն ըստ Իմ քայլերի՝ ամեն անգամ մեկ առաջադրանք (սա նրա համար է, որ աշխարհի արարչագործությունից առաջ նախասահմանել եմ, թե ով է ի վիճակի հաստատուն կանգնելու փորձության ժամանակ, ով չի կարող ընտրվել ու նախասահմանվել Իմ կողմից և ով չի կարող կիսել Իմ տառապանքը։ Նրանց, ովքեր կարող են կիսել Իմ տառապանքը, այսինքն՝ ովքեր նախասահմանված և ընտրված են Իմ կողմից, անշուշտ կպահեմ և դրանով իսկ թույլ կտամ վերանցել ամեն ինչ)։ Իմ սրտում հստակ գիտեմ, թե ով ինչ դերում է։ Քաջատեղյակ եմ, թե ով է ծառայություն մատուցում Ինձ, ով է անդրանիկ որդի և ով է Իմ որդիների ու Իմ ժողովրդի շարքում։ Գիտեմ սա Իմ հինգ մատի պես։ Ում մասին անցյալում ասել եմ, որ անդրանիկ որդի է, հիմա էլ անդրանիկ որդի է, իսկ ում մասին անցյալում ասել եմ, որ անդրանիկ որդի չէ, հիմա էլ անդրանիկ որդի չէ։ Ինչ էլ որ անում եմ, չեմ զղջում և հեշտությամբ չեմ փոխում դա։ Ի նկատի ունեմ այն, ինչ ասում եմ (Իմ մեջ ոչինչ թեթևամիտ չէ), և դա երբեք չի փոխվում։ Նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ, միշտ ծառայություն են մատուցում Ինձ։ Նրանք Իմ անասուններն են, Իմ ձիերն են (բայց այս մարդիկ երբեք հոգևոր հասկացողություն չեն ունենում. երբ օգտագործում եմ նրանց, պիտանի են, բայց երբ չեմ օգտագործում, սպանում եմ նրանց։ Երբ խոսում եմ անասունների և ձիերի մասին, նկատի ունեմ նրանց, ովքեր զուրկ են հոգևոր հասկացողությունից, ովքեր չեն ճանաչում Ինձ և չեն հնազանդվում Ինձ, և նույնիսկ եթե հնազանդ են ու ենթարկվող և պարզ ու ազնիվ, նրանք միևնույն է տիպիկ անասուններ ու ձիեր են)։ Հիմա մարդկանց մեծ մասն Իմ առաջ սանձարձակ է ու անզուսպ՝ անկարգ խոսելով ու ծիծաղելով, անհարգալից վարվելով. նրանք տեսնում են միայն Իմ մարդկայնությունը, այլ ոչ թե Իմ աստվածայնությունը։ Իմ մարդկայնության մեջ այս վարքագիծը կարող է անցնել, և Ես կարող եմ ստիպել Ինձ ներել նրանց, բայց Իմ աստվածայնության մեջ դա այդքան էլ հեշտ չէ։ Ապագայում կորոշեմ, որ գործել ես հայհոյության մեղքը։ Այլ կերպ ասած, թեև մեկը գուցե հանցանք գործի Իմ մարդկայնության դեմ, բայցչի կարող հանցանք գործել Իմ աստվածայնության դեմ, և ով հակառակվում է Ինձ նույնիսկ ամենաչնչին կերպով, անմիջապես կդատեմ՝ առանց որևէ հապաղման։ Մի՛ կարծիր, թե քանի որ երկար տարիներ շփվել ես այս անձի հետ, որը Ես եմ, և մտերմացել ես Ինձ հետ, կարող ես անմտորեն խոսել ու գործել։ Ինձ իսկապես չի հետաքրքրում։ Անկախ այն բանից, թե ով է դա, նրա հետ կվարվեմ արդարությամբ։ Սա է Իմ արդարությունը։
Իմ խորհուրդները մարդկանց բացահայտվում են օրեցօր, և դրանք օրեցօր ավելի հստակ են դառնում՝ հետևելով հայտնության փուլերին, ինչը բավական է ցույց տալու Իմ գործի տեմպը։ Սա Իմ իմաստությունն է (դա ուղղակիորեն չեմ ասում։ Ես լուսավորություն եմ բերում Իմ անդրանիկ որդիներին և կուրացնում մեծ կարմիր վիշապի սերունդներին)։ Այսօր առավել ևս կբացահայտեմ Իմ խորհուրդը ձեզ՝ Իմ Որդու միջոցով։ Բաներ, որոնք աներևակայելի են մարդկանց համար, այսօր կբացահայտեմ ձեզ, որպեսզի հիմնովին իմանաք և հստակ հասկացողություն ունենաք։ Ավելին՝ այս խորհուրդը գոյություն ունի Իմ անդրանիկ որդիներից դուրս յուրաքանչյուրի մեջ, բայց ոչ ոք չի կարող հասկանալ այն։ Թեև այն յուրաքանչյուր մարդու ներսում է, ոչ ոք չի կարող ճանաչել այն։ Ի՞նչ եմ ասում։ Այս ժամանակահատվածում Իմ գործի և Իմ արտահայտումների մեջ հաճախ հիշատակում եմ մեծ կարմիր վիշապին, Սատանային, դևերին և հրեշտակապետին։ Ի՞նչ են դրանք։ Որո՞նք են դրանց փոխհարաբերությունները։ Ի՞նչ է դրսևորվում դրանց մեջ։ Մեծ կարմիր վիշապի դրսևորումներն են՝ դիմադրություն Իմ հանդեպ, Իմ խոսքերի իմաստների հասկացողության ու ըմբռնման պակաս, Իմ հանդեպ հաճախակի հալածանք և խորամանկություններ գործի դնելու փորձեր՝ Իմ տնօրինումը խաթարելու համար։ Սատանան դրսևորվում է հետևյալ կերպ՝ Ինձ հետ իշխանության համար պայքարելով, Իմ ընտրյալ ժողովրդին տիրել ցանկանալով և բացասական խոսքեր տարածելով՝ Իմ ժողովրդին մոլորեցնելու համար։ Դևերի (նրանք, ովքեր չեն ընդունում Իմ անունը, ովքեր չեն հավատում, բոլորը դևեր են) դրսևորումները հետևյալն են՝ մսեղիի հաճույքները տենչալը, չար կրքերով տարվելը, Սատանայի կապանքների մեջ ապրելը, ոմանց՝ Ինձ դիմադրելը, իսկ ոմանց՝ Ինձ աջակցելը (բայց չապացուցելով, որ Իմ սիրելի որդիներն են)։ Հրեշտակապետի դրսևորումները հետևյալն են՝ լկտիաբար խոսելը, անաստված լինելը, մարդկանց խրատելու համար հաճախ Իմ տոնն ընդունելը, միայն արտաքուստ Ինձ ընդօրինակելու վրա կենտրոնանալը, ուտելն այն, ինչ Ես եմ ուտում, և օգտագործելն այն, ինչ Ես եմ օգտագործում կարճ ասած՝ Ինձ հետ հավասար դիրքում լինել ցանկանալը, հավակնոտ լինելը, բայց Իմ որակը չունենալը և Իմ կյանքը չունենալը, և թափթփուկ լինելը։ Սատանան, դևերը և հրեշտակապետը բոլորը մեծ կարմիր վիշապի տիպիկ դրսեւորումներ են. ուստի նրանք, ովքեր նախասահմանված և ընտրված չեն Իմ կողմից, բոլորը մեծ կարմիր վիշապի սերունդներն են։ Սա միանշանակ այդպես է։ Սրանք բոլորն Իմ թշնամիներն են։ (Սակայն Սատանայի խառնաշփոթները բացառվում են։ Եթե քո բնությունն Իմ որակն է, ապա ոչ ոք չի կարող փոխել դա։ Քանի որ հիմա դեռ ապրում ես մսեղիում, երբեմն կբախվես Սատանայի գայթակղությանը՝ սա անխուսափելի է, բայց միշտ պետք է զգույշ լինես)։ Ուստի, դեն կնետեմ մեծ կարմիր վիշապի ողջ սերունդն՝ Իմ անդրանիկ որդիներից դուրս։ Նրանց բնությունը երբեք չի կարող փոխվել. դա Սատանայի որակն է։ Նրանք դևեր են դրսևորում, և հրեշտակապետին են կյանքով արտահայտում։ Սա լիովին ճշմարիտ է։ Մեծ կարմիր վիշապը, որի մասին խոսում եմ, մեծ կարմիր վիշապ չէ, այլ ավելի շուտ՝ Ինձ հակառակվող չար ոգին է, որի համար «մեծ կարմիր վիշապը» հոմանիշ է։ Ուստի, բոլոր հոգիները, բացի Սուրբ Հոգուց, չար հոգիներ են, և կարելի է նաև ասել, որ մեծ կարմիր վիշապի սերունդն են։ Սա պետք է պարզից էլ պարզ լինի բոլորին։