Զգուշացում նրանց, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը
Նրանք, ովքեր մշտապես դուրս են թափում բացասականությունը եղբայրների և քույրերի միջև, Սատանայի ծառաներն են և եկեղեցին խաթարողները։ Նման մարդիկ մի օր պետք է վտարվեն և դուրս թողնվեն։ Եթե Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ մարդիկ չունեն աստվածավախ սրտեր, եթե չունեն Աստծուն ենթարկվող սրտեր, ապա ոչ միայն չեն կարողանա որևէ գործ անել Նրա համար, այլև, ընդհակառակը, կդառնան նրանք, ովքեր խանգարում են Նրա գործը և դիմադրում Նրան։ Աստծուն հավատալը, սակայն Նրան չենթարկվելն ու Նրանից չերկյուղելը, փոխարենը Նրան հակառակվելը հավատացյալի համար ամենամեծ անարգանքն է։ Եթե հավատացյալներն իրենց խոսքերում և վարքում նույնքան անզգույշ և անզուսպ են, որքան անհավատները, ապա նրանք նույնիսկ ավելի չարասեր են, քան անհավատները. նրանք նախատիպային չար դևեր են։ Նրանք, ովքեր իրենց թունավոր, չարամիտ խոսքերն են դուրս թափում եկեղեցում, և նրանք, ովքեր անհիմն ասեկոսեներ են տարածում, աններդաշնակություն են հրահրում և խառնախմբեր են կազմում եղբայրների և քույրերի շրջանում, նրանք պետք է վտարված լինեին եկեղեցուց։ Սակայն, քանզի այժմ Աստծու գործի մեկ այլ դարաշրջան է, այս մարդիկ սահմանափակված են, քանի որ նրանք անկասկած պետք է դուրս թողնվեն։ Բոլոր նրանք, ովքեր ապականված են Սատանայի կողմից, ունեն ապականված խառնվածքներ։ Այնուամենայնիվ, ոմանք ունեն սոսկ ապականված խառնվածքներ, մինչդեռ մյուսները տարբերվում են. նրանք ոչ միայն ունեն սատանայական ապականված խառնվածքներ, այլև նրանց էությունն է չափազանց չարամիտ։ Այս մարդկանց խոսքերն ու գործողությունները վեր են սատանայական ապականված խառնվածքների պարզ դրսևորումից. նրանք իրական դևեր և սատանաներ են։ Այն ամենը, ինչ նրանք անում են, Աստծու գործը խաթարելը և անհանգստացնելն է. այն ամենը, ինչ նրանք անում են, եղբայրների ու քույրերի կյանքի մուտքին խանգարելն է և եկեղեցու բնականոն կյանքը վնասելը։ Վաղ թե ուշ ոչխարի մորթով այս գայլերը կմաքրվեն. անողոք վերաբերմունք, մերժող մոտեցում պետք է որդեգրվի Սատանայի այս ծառաների նկատմամբ։ Միայն այս կերպ կարելի է լինել Աստծու կողմում, իսկ նրանք, ովքեր կձախողեն դա անել, Սատանայի հետ խրվում են կեղտի մեջ։ Աստծուն անկեղծորեն հավատացող մարդիկ միշտ ունեն Նրան իրենց սրտերում և մշտապես կրում են աստվածավախ, աստվածասեր սիրտ։ Նրանք, ովքեր հավատում են Աստծուն, պետք է զգուշորեն և խոհեմորեն գործեն, և նրանց բոլոր գործերը պետք է համապատասխանեն Աստծու պահանջներին և պետք է կարողանան գոհացնել Նրա սիրտը։ Նրանք չպետք է լինեն համառ, անեն այն ամենը, ինչ ցանկանում են. սա վայել չէ սրբային պարկեշտությանը։ Մարդը չպետք է վայրենություններ անի, պարծենա և խաբեություն գործի ամենուր՝ մինչդեռ ծածանելով Աստծու դրոշը. սա վարքագծի ամենաըմբոստ դրսևորումն է։ Ընտանիքներն ունեն իրենց կանոնները, և ազգերն ունեն իրենց օրենքները, և մի՞թե սա առավել ևս ճշմարիտ չէ նաև Աստծու տան համար։ Մի՞թե այն չունի է՛լ ավելի խիստ չափանիշներ։ Մի՞թե այն չունի է՛լ ավելի շատ կառավարչական հրամանագրեր։ Մարդն ազատ է անելու այն, ինչ ուզում է, սակայն Աստծու կառավարչական հրամանագրերը չեն կարող փոխվել ըստ ցանկության։ Աստված այն Աստված է, որ մարդուց վիրավորանք չի հանդուրժում. Նա Աստված է, ով տապալում է մարդուն։ Մի՞թե մարդն արդեն չգիտի սրա մասին։
Յուրաքանչյուր եկեղեցում կան մարդիկ, որոնք անհանգստություններ են առաջացնում եկեղեցում կամ խաթարում են Աստծու գործը։ Նրանք բոլորը սատանաներ են, ովքեր ծպտված մտել են Աստծու տուն։ Նման մարդիկ հատկապես լավ են դեր խաղալու մեջ. նրանք մեծ երկյուղածությամբ են գալիս Իմ առջև՝ ստորաքարշություն անելով, քոսոտ շների բուն պատկերը և իրենց «ողջ» ուժը ներդնելով սեփական նպատակներին հասնելու համար, սակայն եղբայրների և քույրերի առջև ցույց են տալիս իրենց տգեղ կողմը։ Երբ նրանք տեսնում են ճշմարտությունը կիրառող մարդկանց, հարձակվում են նրանց վրա և մի կողմ հրում նրանց․ երբ տեսնում են իրենցից ավելի հզոր մարդկանց, շողոքորթում են նրանց և շահում նրանց բարեհաճությունը։ Եկեղեցում նրանք քաոս են ստեղծում։ Կարելի է ասել, որ այս «տեղացի բռնարարները», այս «կամակատարները» գոյություն ունեն եկեղեցիների մեծ մասում։ Նրանք միասին գործում են գաղտնաբար՝ միմյանց աչքով անելով և գաղտնի ազդանշաններ ուղարկելով, և նրանցից ոչ մեկը չի կիրառում ճշմարտությունը։ Ամենամեծ թույնն ունեցողը «գլխավոր դևն» է, և ամենամեծ հեղինակությունն ունեցողն առաջնորդում է նրանց՝ բարձր պահելով նրանց դրոշը։ Այս մարդիկ քաոս են ստեղծում եկեղեցում՝ բացասականություն տարածելով, մահ արձակելով, անելով այն ամենը, ինչ ուզում են, ու ասելով այն ամենը, ինչ ուզում են, և ոչ ոք չի համարձակվում կանգնեցնել նրանց։ Նրանք լի են սատանայական խառնվածքներով։ Երբ նրանք նման անհանգստություն են առաջացնում, մահվան օդ է մտնում եկեղեցի։ Եկեղեցու ներսի այն մարդիկ, որոնք կիրառում են ճշմարտությունը, մերժվում են՝ չկարողանալով անել այն ամենը, ինչի ունակ են, մինչդեռ ովքեր անհանգստացնում են եկեղեցին և մահ են տարածում, ներսում անարգել գործում են, և, ավելին, մարդկանց մեծ մասը հետևում է նրանց։ Նման եկեղեցիներն ըստ էության իշխվում են Սատանայի կողմից, դևի՝ որպես նրանց թագավոր լինելու միջոցով։ Եթե նման եկեղեցիներում մարդիկ ոտքի չկանգնեն և չմերժեն գլխավոր դևերին, ապա վաղ թե ուշ նրանք նույնպես կկործանվեն։ Այսուհետ նման եկեղեցիների դեմ պետք է միջոցներ ձեռնարկվեն։ Եթե նրանք, ովքեր նույնիսկ փոքր-ինչ ընդունակ են կիրառելու ճշմարտությունը, չփնտրեն, ապա այդպիսի եկեղեցին կլուծարվի։ Եթե եկեղեցում չկա ճշմարտությունը կիրառելու պատրաստ մարդ, և չկա մեկը, ով կարող է հաստատուն կանգնել Աստծու հանդեպ իր վկայության մեջ, ապա նման եկեղեցին պետք է լիովին մեկուսացվի, և նրա կապերը մյուս եկեղեցիների հետ պետք է խզվեն։ Սա կոչվում է «մահվան թաղում». հենց սա էլ նշանակում է մերժել Սատանային։ Եթե եկեղեցում կան մի քանի տեղացի բռնարարներ, և նրանց հետևում են խորաթափանցությունից բացարձակապես զուրկ «փոքրիկ ճանճեր», և եթե այս եկեղեցու մարդիկ նույնիսկ ճշմարտությունը տեսնելուց հետո դեռևս անկարող են մերժելու այդ բռնարարների կապանքներն ու մանիպուլյացիաները, ապա այդ բոլոր տխմարները վերջիվերջո դուրս կթողնվեն։ Միգուցե այս փոքրիկ ճանճերը ոչ մի մեծ չարիք չեն գործել, բայց նրանք ավելի նենգ են, ավելի խորամանկ, և բոլոր նմանները դուրս կթողնվեն։ Բացարձակապես ոչ ոք չի՛ մնա։ Նրանք, ովքեր Սատանայից են, կվերադառնան Սատանայի մոտ, սակայն Աստծու ընտրյալներն անպայման կփնտրեն ճշմարտությունը. սա որոշված է նրանց բնությամբ։ Թող բոլոր նրանք, ովքեր հետևում են Սատանային, կորչեն։ Նման մարդկանց նկատմամբ խղճահարություն չի ցուցաբերվի։ Թող ճշմարտությունը փնտրողները ապահովված լինեն, և թող նրանք լիովին վայելեն Աստծու խոսքն իրենց սրտի չափով։ Աստված արդար է. Նա ոչ մեկի հանդեպ կողմնակալություն չի ցուցաբերի։ Եթե դու դև ես, ապա անկարող ես կիրառել ճշմարտությունը, բայց եթե փնտրում ես ճշմարտությունը, ապա վստահորեն Սատանային գերի չես դառնա։ Դրանում կասկած չկա։
Մարդիկ, որոնք չեն ձգտում առաջընթացի, միշտ ցանկանում են, որ ուրիշները լինեն նույնքան բացասական և ծույլ, որքան իրենք են։ Նրանք, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը, նախանձում են այն կիրառողներին և միշտ փորձում են մոլորեցնել նրանց, ովքեր շփոթված են ու զուրկ խորաթափանցությունից։ Այն բաները, որ այս մարդիկ դուրս են տալիս, կարող են հանգեցնել այն բանին, որ դեգրադացվես, անկում ապրես, ոչ բնականոն իրադրության մեջ ընկնես և խավարով լցվես։ Նրանք կարող են պատճառ դառնալ, որ հեռանաս Աստծուց և փայփայես մարմինդ ու ինքդ քեզ համար զիջումներ անես։ Մարդիկ, որոնք չեն սիրում ճշմարտությունը և միշտ ձևական են Աստծու նկատմամբ, զուրկ են ինքնագիտակցությունից, և նման մարդկանց խառնվածքը գայթակղում է ուրիշներին՝ մեղքեր գործելու և Աստծուն դիմադրելու։ Նրանք ո՛չ կիրառում են ճշմարտությունը, ո՛չ էլ թույլ են տալիս ուրիշներին կիրառել այն։ Նրանք մեղք են փայփայում և չեն ատում իրենց։ Նրանք չեն ճանաչում իրենք իրենց և խանգարում են ուրիշներին ճանաչել իրենց. նրանք նաև կանգնեցնում են ուրիշներին ճշմարտության ծարավ լինելուց։ Նրանց կողմից մոլորեցվածները չեն կարողանում տեսնել լույսը. նրանք խավարի մեջ են ընկնում, չեն ճանաչում իրենք իրենց, աղոտ կերպով են հասկանում ճշմարտությունը և ավելի ու ավելի են հեռանում Աստծուց։ Նրանք չեն կիրառում ճշմարտությունը և կանգնեցնում են ուրիշներին դա անելուց՝ իրենց առջև բերելով այս բոլոր բթամիտ մարդկանց։ Փոխանակ ասելու, որ հավատում են Աստծուն, ավելի լավ կլիներ ասել, որ հավատում են իրենց վաղեմի նախահայրերին, կամ որ նրանք հավատում են իրենց սրտերում ապրող կուռքերին։ Նրանք, ովքեր պնդում են, որ հետևում են Աստծուն, լավ կլիներ, որ բացեին իրենց աչքերը և ուշադիր քննեին, թե ում են հավատում. դու իսկապես հավատում ես Աստծու՞ն, թե՞ Սատանային։ Եթե գիտես, որ հավատում ես ոչ թե Աստծուն, այլ քո սեփական կուռքերին, ապա ավելի լավ կլիներ՝ քեզ հավատացյալ չներկայացնեիր։ Եթե իսկապես չգիտես, թե ում ես հավատում, ապա, կրկին, ավելի լավ կլիներ՝ քեզ հավատացյալ չանվանեիր։ Այդպես ասելը կլիներ սրբապղծությո՛ւն։ Ոչ ոք ձեզ չի ստիպում հավատալ Աստծուն։ Մի՛ ասեք, որ հավատում եք Ինձ. Ես հոգնել եմ նման խոսակցություններից և չեմ ուզում նորից լսել, որովհետև դուք հավատում եք ձեր սրտերում եղած կուռքերին և ձեր մեջ գտնվող տեղական կռվարարներին։ Նրանք, ովքեր գլուխները տարուբերում են ճշմարտությունը լսելիս, ովքեր գոհունակ ժպտում են մահվան խոսքեր լսելիս, նրանք բոլորը Սատանայի ծնունդներ են, և նրանք են, ովքեր դուրս կթողնվեն։ Եկեղեցում շատերը զուրկ են խորաթափանցությունից։ Երբ ինչ-որ մեկը փորձում է մոլորեցնել մյուսներին, նրանք հակառակը Սատանայի կողքին են կանգնում. նրանք նույնիսկ խիստ վիրավորված են զգում, երբ իրենց անվանում են Սատանայի ծառաներ։ Թեև մարդիկ կարող են ասել, որ խորաթափանցություն չունեն, նրանք միշտ անճշմարտության կողմն են անցնում, երբեք չեն անցնում ճշմարտության կողմը կարևոր պահին, երբեք ոտքի չեն կանգնում և չեն պայքարում ճշմարտության համար։ Մի՞թե նրանք իսկապես խորաթափանցություն չունեն։ Ինչո՞ւ են, հակառակը, Սատանայի կողմն անցնում։ Ինչո՞ւ նրանք երբեք չեն արտաբերում ոչ մի անաչառ և ողջամիտ խոսք՝ հանուն ճշմարտության։ Արդյո՞ք այս իրավիճակն իսկապես առաջացել է նրանց ակնթարթային շփոթմունքից։ Որքան քիչ է մարդկանց խորաթափանցությունը, այնքան քիչ են նրանք կարողանում կանգնել ճշմարտության կողքին։ Ի՞նչ է սա վկայում։ Մի՞թե սա չի վկայում, որ խորաթափանցություն չունեցող մարդիկ սիրում են մեղքը։ Մի՞թե սա չի վկայում, որ նրանք Սատանայի հավատարիմ ծնունդներն են։ Ինչո՞ւ են նրանք միշտ կարողանում կանգնել Սատանայի կողքին և խոսել նրա լեզվով։ Նրանց ամեն մի խոսքն ու գործը, նրանց դեմքի արտահայտությունները բավարար են ապացուցելու համար, որ նրանք ոչ թե ճշմարտությունը սիրող տեսակի են, այլ մարդիկ են, որոնք զզվում են ճշմարտությունից։ Այն, որ նրանք կարող են լինել Սատանայի կողմում, բավական է ապացուցելու համար, որ Սատանան իսկապես սիրում է այս աննշան դևերին, որոնք իրենց կյանքն անցկացնում են՝ պայքարելով հանուն Սատանայի։ Մի՞թե այս բոլոր փաստերը լիովին ակնհայտ չեն։ Եթե դու իսկապես մարդ ես, որ սիրում է ճշմարտությունը, ապա ինչո՞ւ ես անուշադրության մատնում նրանց, ովքեր կիրառում են ճշմարտությունը, և ինչո՞ւ ես մի աննշան հայացքից անմիջապես հետևում նրանց, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը։ Ի՞նչ խնդիր է սա։ Ինձ համար միևնույն է՝ խորաթափանցություն ունե՞ս, թե՞ ոչ։ Ինձ համար միևնույն է՝ որքան բարձր գին ես վճարել։ Ինձ համար միևնույն է՝ որքան մեծ են ուժերդ, և ինձ համար միևնույն է՝ տեղական կռվարար ես, թե՞ դրոշակակիր առաջնորդ։ Եթե ուժերդ մեծ են, դա միայն Սատանայի զորության շնորհիվ է։ Եթե քո հեղինակությունը մեծ է, դա միայն այն պատճառով է, որ քո շուրջը չափազանց շատ մարդիկ կան, որոնք չեն կիրառում ճշմարտությունը։ Եթե քեզ չեն վտարել, դրա պատճառն այն է, որ հիմա վտարման գործի ժամանակը չէ, ավելի շուտ՝ դուրս թողնելու գործի ժամն է։ Քեզ վտարելու համար հիմա պետք չէ շտապել։ Ես պարզապես սպասում եմ այն օրվան, երբ Ես կպատժեմ քեզ, երբ արդեն դուրս թողնված լինես։ Ով էլ որ չի կիրառում ճշմարտությունը, դո՛ւրս կթողնվի։
Աստծուն իսկապես հավատում են նրանք, ովքեր հոժարակամ են կիրառելու Աստծու խոսքը և հոժարակամ են կիրառելու ճշմարտությունը։ Նրանք, ովքեր իսկապես ունակ են հաստատուն կանգնելու Աստծու մասին իրենց վկայության մեջ, նաև պատրաստ են Նրա խոսքը կիրառելու և անկեղծորեն լինելու ճշմարտության կողմում։ Մարդիկ, ովքեր ներգրավված են խոտոր և անարդար գործողությունների մեջ, զուրկ են ճշմարտությունից և ամոթ են բերում Աստծու վրա։ Նրանք, ովքեր անհամաձայնություն են սերմանում եկեղեցում, Սատանայի ծառաներն են, նրանք Սատանայի մարմնացումն են։ Նման մարդիկ այնքան չարասիրտ են։ Նրանք, ովքեր խորաթափանցություն չունեն, բայց անկարող են կանգնել ճշմարտության կողքին, բոլորը մարդիկ են, որոնք չար մտադրություններ են տածում և արատավորում են ճշմարտությունը։ Նրանք Սատանայի ավելի նախատիպային ներկայացուցիչներն են։ Նրանք անուղղելի են և բնականաբար դուրս կթողնվեն։ Աստծու տունը թույլ չի տալիս մնալ նրանց, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը, ինչպես նաև թույլ չի տալիս մնալ նրանց, ովքեր դիտավորյալ քանդում են եկեղեցին։ Այնուամենայնիվ, հիմա ժամանակը չէ զբաղվելու վտարման գործով. նման մարդիկ պարզապես կբացահայտվեն և, ի վերջո, դուրս կթողնվեն։ Պետք չէ այլևս ապարդյուն ջանք թափել այս մարդկանց վրա. նրանք, ովքեր սատանաներ են, չեն կարող կանգնել ճշմարտության կողքին, մինչդեռ ճշմարտություն փնտրողները կարող են։ Ճշմարտությունը չկիրառող մարդիկ արժանի չեն լսելու ճշմարտության ճանապարհը և արժանի չեն վկայելու ճշմարտության մասին։ Ճշմարտությունը պարզապես նախատեսված չէ նրանց ականջների համար, ավելի ճիշտ՝ ուղղված է նրանց, ովքեր կիրառում են այն։ Նախքան յուրաքանչյուր մարդու ելքի բացահայտումը, նրանք, ովքեր անհանգստացնում են եկեղեցին և խաթարում են գործը, առայժմ նախ մի կողմ կդրվեն, և նրանց հետ գործ չեն ունենա։ Երբ աշխատանքն ավարտվի, այս մարդկանցից յուրաքանչյուրը կբացահայտվի, ապա դուրս կթողնվի։ Առայժմ, քանի դեռ ճշմարտությունը տրամադրվում է, նրանք անտեսված կլինեն։ Երբ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա մարդկությանը, մարդիկ կսկսեն դուրս թողնվել. դա կլինի այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ կդասակարգվեն՝ ըստ իրենց տեսակի։ Խորաթափանցություն չունեցողների մանր խորամանկությունները կհանգեցնեն չարի ձեռքով նրանց կործանմանը. կգայթակղվեն ու կշեղվեն նրանց կողմից՝ այլևս չվերադառնալով։ Եվ նրանք արժանի են նման վերաբերմունքի, որովհետև չեն սիրում ճշմարտությունը, որովհետև չեն կարողանում կանգնել ճշմարտության կողքին և որովհետև հետևում են չար մարդկանց, չար մարդկանց կողմն են անցնում և միավորվում են չար մարդկանց հետ՝ դիմակայելու Աստծուն։ Նրանք հիանալի գիտեն, որ այս չար մարդկանց բացահայտածը չարիք է, սակայն նրանք համարձակություն են տալիս իրենց և նրանց հետևելու համար մեջքով են կանգնում ճշմարտությանը։ Մի՞թե այս մարդիկ, որոնք չեն կիրառում ճշմարտությունը, բայց կատարում են կործանարար և նողկալի բաներ, բոլորը չարիք չեն գործում։ Թեև նրանց մեջ կան մարդիկ, որոնք գործում են որպես «թագավորներ», և նրանք, ովքեր հետևում են նրանց, մի՞թե Աստծուն դիմակայելու նրանց բնությունը նույնը չէ։ Ի՞նչ արդարացում կարող են ունենալ նրանք պնդելու համար, որ Աստված չի փրկում իրենց։ Ի՞նչ արդարացում կարող են ունենալ նրանք՝ պնդելու համար, որ Աստված արդար չէ։ Մի՞թե նրանց սեփական չարությունը չէ, որ կործանում է նրանց։ Մի՞թե նրանց սեփական ըմբոստությունը չէ, որ նրանց դժոխք է քաշում։ Ճշմարտությունը կիրառող մարդիկ, ի վերջո, կփրկվեն և կկատարելագործվեն ճշմարտության շնորհիվ։ Նրանք, ովքեր չեն կիրառում ճշմարտությունը, ի վերջո ոչնչացում կբերեն իրենց ճշմարտության պատճառով։ Սրանք են այն արդյունքները, որ սպասում են նրանց, ովքեր կիրառում են ճշմարտությունը, և ովքեր չեն կիրառում։ Ես խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր մտադիր չեն կիրառել ճշմարտությունը, որքան հնարավոր է շուտ հեռանալ եկեղեցուց՝ է՛լ ավելի շատ մեղքեր գործելուց խուսափելու համար։ Երբ ժամանակը գա, արդեն չափազանց ուշ կլինի զղջալու համար։ Մասնավորապես, նրանք, ովքեր խառնախմբեր են կազմում և պառակտում են ստեղծում, նաև եկեղեցու ներսի տեղական բռնարարները պետք է է՛լ ավելի շուտ հեռանան։ Նման մարդիկ, որոնք ունեն չար գայլերի բնություն, անկարող են փոխվել։ Ավելի լավ կլիներ, եթե նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում լքեին եկեղեցին՝ այլևս երբեք չխաթարելու իրենց եղբայրների և քույրերի բնականոն կյանքը և որպեսզի չպատժվեին Աստծու կողմից։ Ձեզանից նրանք, ովքեր պարզապես հետևում են ամբոխին, լավ կանեին, եթե օգտվեին այս հնարավորությունից և ինքնաքննեին։ Կհեռանա՞ք եկեղեցուց այս չար մարդկանց հետ, թե՞ կմնաք և հնազանդորեն կհետևեք։ Դուք պետք է լրջորեն կշռադատեք այս հարցը։ Ես ձեզ ընտրելու այս ևս մեկ հնարավորությունն էլ եմ տալիս և սպասում եմ ձեր պատասխանին։