Սուրբ Հոգու գործը և Սատանայի գործը
Ինչպե՞ս է մարդն ընկալում հոգու մանրամասները։ Ինչպե՞ս է Սուրբ Հոգին գործում մարդու մեջ։ Ինչպե՞ս է Սատանան գործում մարդու մեջ։ Ինչպե՞ս են չար ոգիները գործում մարդու մեջ։ Որո՞նք են դրսևորումները։ Երբ քեզ որևէ բան է պատահում՝ արդյոք դա Սուրբ Հոգո՞ւց է գալիս, և արդյոք դու պետք է ենթարկվե՞ս դրան, թե՞ ըմբոստանաս դրա դեմ։ Մարդկանց իրական կիրառման մեջ շատ բան է բխում մարդկային կամքից, որը մարդիկ միշտ կարծում են, թե Սուրբ Հոգուց է գալիս։ Որոշ բաներ գալիս են չար ոգիներից, սակայն մարդիկ դեռ միշտ կարծում են, թե դրանք Սուրբ Հոգուց են, երբեմն Սուրբ Հոգին ներսից առաջնորդում է մարդկանց, բայց մարդիկ վախենում են, թե նման առաջնորդությունը Սատանայից է գալիս և չեն համարձակվում ենթարկվել, մինչդեռ իրականում այդ առաջնորդումը Սուրբ Հոգու լուսավորությունն է։ Հետևաբար, եթե մարդը զանազանություն չի կիրառում, ի վիճակի չի լինի իսկապես փորձառաբար ապրելու այն փաստացի բաները, որոնց միջով անցնում է. եթե մարդն իր փորձառության մեջ զանազանություն չի կիրառում, ի վիճակի չի լինի կյանք ձեռք բերելու։ Ինչպե՞ս է գործում Սուրբ Հոգին։ Ինչպե՞ս են գործում չար ոգիները։ Ի՞նչն է բխում մարդու կամքից։ Եվ ի՞նչն է ծնվում Սուրբ Հոգու առաջնորդումից ու լուսավորությունից։ Եթե դու ըմբռնես մարդու մեջ Սուրբ Հոգու գործի օրինաչափությունները, ապա քո առօրյա կյանքում և իրական փորձառություններում ի վիճակի կլինես ավելացնելու քո գիտելիքն ու զանազանություն ձեռք բերելու․ դու կհասնես Աստծուն ճանաչելուն, ի վիճակի կլինես ըմբռնելու և զանազանելու Սատանային․ դու չես շփոթվի քո հնազանդվելու կամ ձգտման մեջ և կդառնաս մեկը, ում մտքերը հստակ են, ով ենթարկվում է Սուրբ Հոգու գործին։
Սուրբ Հոգու գործը դրական կողմից ուղղորդում և լուսավորություն ապահովելն է։ Այն մարդկանց բացասական չի դարձնի։ Այն մխիթարություն է բերում նրանց, հավատք ու վճռականություն է տալիս և հնարավորություն ընձեռում նրանց՝ ձգտելու, որ Աստված կատարյալ դարձնի իրենց։ Երբ Սուրբ Հոգին գործում է, մարդիկ ի վիճակի են դրական կողմից մուտք գործելու․ նրանք պասիվ կամ հարկադրված չեն, այլ գործում են սեփական նախաձեռնությամբ։ Երբ Սուրբ Հոգին գործում է, մարդիկ ուրախ և պատրաստակամ են, հոժարակամ են ենթարկվելու և երջանկությամբ խոնարհվելու։ Եթե նույնիսկ ներքուստ ցավ են ապրում ու տկար են, նրանք համագործակցելու վճռականություն ունեն, նրանք ուրախությամբ են տառապում, ի վիճակի են հնազանդվելու և զերծ են մարդկային կամքի, զերծ են մտածելակերպի ներգործությունից, և առավել ևս զերծ են մարդկային սպասումներից ու դրդապատճառներից։ Երբ մարդիկ փորձառաբար ապրում են Սուրբ Հոգու գործը, նրանք հատկապես մաքուր են ներքուստ։ Նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգու գործը, կյանքով արտահայտում են իրենց սերն Աստծու և եղբայրների ու քույրերի հանդեպ․ նրանք սիրում են այն բաները, որոնք հաճելի են Աստծուն և գարշում այն բաներից, որոնցից գարշում է Աստված։ Նրանք, ում հուզում է Սուրբ Հոգու գործը, ունեն բնականոն մարդկայնություն, սովորաբար ձգտում են ճշմարտությանը և օժտված են մարդկայնությամբ։ Երբ Սուրբ Հոգին գործում է մարդկանց ներսում, նրանց վիճակը գնալով լավանում է, և նրանց մարդկայնությունը գնալով ավելի բնականոն է դառնում ու, թեև նրանց համագործակցությունը կարող է մասամբ հիմար լինել, նրանց դրդապատճառները ճիշտ են, նրանք մուտք են գործում դրական կողմից, նրանք չեն փորձում խաթարումներ առաջացնել և որևէ վատ մտադրություն չեն տածում։ Սուրբ Հոգու գործը բնականոն և գործնական է. Սուրբ Հոգին գործում է մարդու մեջ՝ ըստ բնականոն մարդկանց կյանքի օրինակների, և Նա ներքուստ լուսավորություն է բերում և ուղղորդում է մարդկանց՝ ըստ բնականոն մարդկանց փաստացի ձգտման։ Երբ Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ, Նա ուղղորդում և լուսավորություն է բերում նրանց՝ ըստ բնականոն մարդկանց կարիքների։ Նա մատակարարում է նրանց՝ ըստ նրանց կարիքների և դրական կողմից ուղղորդում ու լուսավորություն է բերում նրանց՝ ըստ նրա, թե ինչ չունեն և ըստ նրանց պակասությունների։ Սուրբ Հոգու գործն իրական կյանքում մարդկանց լուսավորություն բերելն ու առաջնորդելն է․ միայն այն դեպքում, երբ նրանք իրենց փաստացի կյանքում փորձառաբար ապրեն Աստծու խոսքերը, նրանք կկարողանան տեսնել Սուրբ Հոգու գործը։ Եթե առօրյա կյանքում մարդիկ դրական վիճակում են և ունեն բնականոն հոգևոր կյանք, ապա ունեն նաև Սուրբ Հոգու գործը։ Նման վիճակում նրանք հավատք ունեն, երբ ուտում և խմում են Աստծու խոսքերը, նրանք ոգեշնչված են, երբ աղոթում են, և նրանք բացասական չեն, երբ բախվում են որևէ բանի․ դրա ներսում նրանք ի վիճակի են տեսնելու այն դասերը, որոնք Աստված պահանջում է, որ իրենք սովորեն, նրանք բացասական կամ թույլ չեն, և թեև իրական դժվարություններ ունեն, հոժարակամ են ենթարկվելու Աստծու բոլոր կարգավորումներին։
Ի՞նչ արդյունքների է հասնում Սուրբ Հոգու գործը։ Գուցե դու հիմար ես կամ գուցե զուրկ ես զանազանությունից, բայց բավական է միայն, որ Սուրբ Հոգին գործի, և քո մեջ հավատ կառաջանա, դու միշտ կզգաս, որ չես կարող բավականաչափ սիրել Աստծուն և հոժարակամ կլինես համագործակցելու։ Անկախ նրանից՝ որքան մեծ են առջևում եղած դժվարությունները, դու դեռ հոժարակամ կլինես համագործակցելու։ Երբ քեզ բաներ պատահեն և քեզ համար պարզ չէ՝ արդյոք դրանք Աստծուց են գալիս, թե Սատանայից, դու կկարողանաս սպասել, և դու ո՛չ բացասական տրամադրված կլինես, ո՛չ էլ անփույթ։ Սա Սուրբ Հոգու բնականոն գործն է։ Երբ Սուրբ Հոգին գործում է քո ներսում, դու դեռ կբախվես իրական դժվարությունների՝ երբեմն դու կարտասվես, և երբեմն կլինեն բաներ, որոնք անկարող կլինես հաղթահարել, այս ամենը պարզապես Սուրբ Հոգու բնականոն գործի մի փուլն է։ Թեև դու չես կարողանա հաղթահարել այդ բաները և թեև այն ժամանակ թույլ կլինես ու կգանգատվես, դրանից հետո դու դեռ ի վիճակի կլինես սիրելու Աստծուն՝ հավատքով համակված լինելով։ Քո բացասականությունը չի խանգարի քեզ ունենալու բնականոն փորձառություններ, և անկախ նրանից, թե ինչ են ասում ուրիշները, և ինչպես են ուրիշները հարձակվում քեզ վրա, միևնույն է, ի վիճակի կլինես սիրելու Աստծուն։ Աղոթելիս միշտ կզգաս, որ անցյալում շատ պարտական էիր Աստծուն և կվճռես բավարարել Աստծուն և ապստամբել մսեղիի դեմ, երբ կրկին բախվես նման բաների։ Այս մղումը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգու գործը քո ներսում է։ Սա Սուրբ Հոգու գործի բնականոն վիճակն է։
Ո՞րն է Սատանայից եկող գործը։ Սատանայից եկող գործի մեջ մարդկանց ներսում տեսիլքները մշուշոտ են՝ մարդիկ զուրկ են բնականոն մարդկայնությունից, նրանց գործողությունների դրդապատճառները սխալ են, և թեև նրանք ցանկանում են սիրել Աստծուն, նրանց ներսում միշտ մեղադրանքներ կան և այս մեղադրանքներն ու մտքերը մշտական անհանգստություն են առաջացնում նրանց ներսում՝ կաշկանդելով նրանց կյանքի աճը և ետ պահելով նրանց Աստծու առջև բնականոն իրադրության մեջ լինելուց։ Սա նշանակում է, որ հենց որ Սատանայի գործը մարդկանց ներսում է լինում, նրանց սրտերը չեն կարող խաղաղ լինել Աստծու առաջ։ Նրանք չգիտեն ինչ անել իրենց հետ. երբ տեսնում են, որ մարդիկ հավաքվում են միասին, ուզում են փախչել, և նրանք ի վիճակի չեն փակելու իրենց աչքերը, երբ մյուսներն աղոթում են։ Չար ոգիների գործը քայքայում է մարդու և Աստծու միջև եղած բնականոն հարաբերությունը և խաթարում է մարդկանց նախկին տեսիլքները կամ կյանքի մուտքի նրանց նախկին ճանապարհը։ Իրենց սրտերում նրանք երբեք չեն կարող մոտենալ Աստծուն, նրանք մշտապես անհանգստացվում և կաշկանդվում են ինչ-որ բանից և նրանց սրտերը չեն կարողանում խաղաղություն գտնել։ Նրանք մնում են առանց Աստծուն սիրելու ուժի, իսկ նրանց հոգիները խորտակվում են։ Այսպիսին են Սատանայի գործի դրսևորումները։ Սատանայի գործի դրսևորումներն են՝ անկարող լինել կանգնել քո դիրքում և հաստատուն կանգնել քո վկայության մեջ՝ պատճառ դառնալով, որ սխալ մարդ դառնաս Աստծու առջև և մարդ, որը հավատարմություն չունի Աստծու հանդեպ։ Երբ Սատանան անհանգստացնում է քեզ, դու կորցնում ես քո ներսում եղած սերն ու հավատարմությունն Աստծու հանդեպ, զրկվում ես Աստծու հետ բնականոն հարաբերությունից, դու չես ձգտում ճշմարտությանը կամ քո իսկ բարելավմանը՝ դու նահանջում ես և բացասական դառնում, տրվում ես քո քմահաճույքներին, ազատություն ես տալիս մեղքի տարածմանը և չես ատում մեղքը։ Ավելին՝ դա պատճառ է դառնում, որ անառակ դառնաս, պատճառ է դառնում, որ Աստծու հուզումը վերանա քո ներսից և պատճառ դառնում, որ տրտնջաս Աստծուց ու հակադրվես Նրան՝ մղելով քեզ կասկածի տակ դնելու Աստծուն. նույնիսկ վտանգ կա, որ դու կլքես Աստծուն։ Այս ամենը գալիս է Սատանայից։
Երբ քո առօրյա կյանքում քեզ որևէ բան է պատահում, ինչպե՞ս պետք է զանազանես՝ արդյոք դա գալիս է Սուրբ Հոգու, թե Սատանայի գործից։ Երբ մարդկանց իրադրությունները բնականոն են, նրանց հոգևոր կյանքը և նրանց կյանքը մսեղիով բնականոն են, և նրանց ողջամտությունը բնականոն է և կարգավորված։ Երբ նրանք այս վիճակում են, այն, ինչ նրանք փորձառաբար ապրում և ճանաչում են իրենց ներսում, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ գալիս է Սուրբ Հոգու հուզումից։ (Ներըմբռնումներ ունենալը կամ որոշակի մակերեսային գիտելիք ձեռք բերելը, երբ նրանք ուտում և խմում են Աստծու խոսքերը, կամ հավատարիմ լինելը որոշակի հարցերում, կամ Աստծուն սիրելու ուժ ունենալը որոշ բաներում. այս ամենը գալիս է Սուրբ Հոգուց։) Սուրբ Հոգու գործը մարդու մեջ հատկապես բնականոն է. մարդն անկարող է զգալ այն, և թվում է, թե այն գալիս է հենց մարդու միջոցով, թեև իրականում դա Սուրբ Հոգու գործն է։ Առօրյա կյանքում Սուրբ Հոգին յուրաքանչյուրի մեջ գործ է անում, որը կարող է մեծ կամ փոքր լինել, և պարզապես այս գործի չափն է, որ տարբերվում է։ Որոշ մարդիկ լավ որակ ունեն, և նրանք արագ են ըմբռնում բաները, և Սուրբ Հոգին առանձնահատուկ լուսավորություն է մատակարարում նրանց ներսում։ Միևնույն ժամանակ, որոշ մարդիկ ցածր որակ ունեն, և նրանցից ավելի շատ ժամանակ է պահանջվում բաներն ըմբռնելու համար, բայց Սուրբ Հոգին հուզում է նրանց ներսում, և նրանք նույնպես ի վիճակի են դառնում հավատարիմ լինելու Աստծուն։ Սուրբ Հոգին գործում է բոլոր նրանց մեջ, ովքեր ձգտում են Աստծուն։ Երբ առօրյա կյանքում մարդիկ չեն հակադրվում կամ ապստամբում Աստծու դեմ, չեն անում բաներ, որոնք խաթարում են Աստծու տնօրինումը և չեն անհանգստացնում Աստծու գործը, ապա նրանցից յուրաքանչյուրի մեջ փոքրիշատե գործում է Աստծու Հոգին՝ Նա հուզում է նրանց, լուսավորություն է բերում նրանց, հավատ է տալիս նրանց, ուժ է տալիս նրանց և մղում է նրանց մտնել դրական կերպով՝ չլինելով ծույլ կամ չտենչալով մարմնի վայելքները, հոժարակամ լինելով կիրառելու ճշմարտությունը և փափագելով Աստծու խոսքերը։ Այս ամենը Սուրբ Հոգուց եկող գործն է։
Երբ մարդկանց վիճակները բնականոն չեն, նրանք լքվում են Սուրբ Հոգուց։ Նրանց սրտերի ներսում առկա գանգատները, նրանց սխալ մտադրությունները, նրանց ծուլությունը, նրանց տարվածությունն իրենց մսեղիով և ճշմարտությանը դավաճանելու նրանց ցանկությունը՝ բոլորը գալիս են Սատանայից։ Երբ մարդկանց վիճակը բնականոն չէ, երբ նրանք խավար են ներսում և կորցրել են իրենց բնականոն ողջամտությունը, լքված են եղել Սուրբ Հոգուց և անկարող են զգալ Աստծուն իրենց ներսում, սա այն է, երբ Սատանան է գործում նրանց մեջ։ Եթե մարդիկ միշտ ուժ են ունենում իրենց ներսում և միշտ սիրում են Աստծուն, ապա, ընդհանուր առմամբ, երբ նրանց բաներ են պատահում, դրանք գալիս են Սուրբ Հոգուց, և ում էլ որ նրանք հանդիպեն, հանդիպումն Աստծու կարգավորումների արդյունքն է։ Սա նշանակում է, որ երբ դու բնականոն վիճակում ես, երբ դու Սուրբ Հոգու մեծ գործի մեջ ես, ապա անհնար է, որ Սատանան ստիպի քեզ տատանվել։ Սրա հիման վրա կարելի է ասել, որ ամեն ինչ գալիս է Սուրբ Հոգուց, և թեև դու կարող ես ունենալ սխալ մտքեր, ի վիճակի ես ապստամբելու դրանց դեմ և չես հետևում դրանց։ Այս ամենը գալիս է Սուրբ Հոգու գործից։ Ո՞ր իրավիճակներում է Սատանան միջամտում։ Սատանան հեշտությամբ է գործում քո ներսում, երբ քո վիճակը բնականոն չէ, երբ Աստված չի հուզել քեզ, և դու առանց Աստծու գործի ես, երբ դու չոր ու ամայացած ես ներսում, երբ աղոթում ես Աստծուն, բայց ոչինչ չես ըմբռնում, և երբ ուտում և խմում ես Աստծու խոսքերը, բայց լուսավորություն չես ստանում կամ լուսավորվում։ Այլ կերպ ասած՝ երբ դու լքվել ես Սուրբ Հոգուց և չես կարողանում զգալ Աստծուն, ապա քեզ շատ բաներ են պատահում, որոնք գալիս են Սատանայի գայթակղությունից։ Քանի դեռ գործում է Սուրբ Հոգին, Սատանան նույնպես անդադար գործում է։ Սուրբ Հոգին հուզում է մարդուն ներքուստ, մինչդեռ միևնույն ժամանակ Սատանան անհանգստություն է առաջացնում մարդու ներսում։ Սակայն Սուրբ Հոգու գործն առաջատար դիրք է գրավում, և այն մարդիկ, որոնց իրադրությունները բնականոն են, կարող են հաղթահարել սա. սա Սուրբ Հոգու գործի հաղթանակն է Սատանայի գործի նկատմամբ։ Մինչ Սուրբ Հոգին գործում է, ապականված խառնվածքները դեռ գոյություն ունեն մարդկանց ներսում. սակայն Սուրբ Հոգու գործի ընթացքում մարդկանց համար հեշտ է հայտնաբերել և ճանաչել իրենց ապստամբությունը, դրդապատճառներն ու խառնուրդները։ Միայն այդ ժամանակ են մարդիկ զգում զղջում և հոժարակամ դառնում ապաշխարելու։ Այսպիսով՝ նրանք Աստծու գործի շրջանակում աստիճանաբար ձերբազատվում են ըմբոստությունից և ապականված խառնվածքներից։ Սուրբ Հոգու գործը հատկապես բնականոն է. մինչ Նա գործում է մարդկանց մեջ, նրանք դեռ ունենում են խնդիրներ, նրանք դեռ արտասվում են, նրանք դեռ տառապում են, նրանք դեռ թույլ են, և դեռ շատ բաներ անհասկանալի են նրանց։ Սակայն երբ նրանք այս վիճակներում են, ի վիճակի են հետ պահելու իրենց նահանջելուց և դեռ կարող են սիրել Աստծուն, և թեև նրանք արտասվում ու վշտացած են, նրանք դեռ ի վիճակի են գովաբանելու Աստծուն։ Սուրբ Հոգու գործը հատկապես բնականոն է՝ ոչ թե անգամ դույզն-ինչ գերբնական։ Մարդկանց մեծ մասը հավատում է, որ հենց որ Սուրբ Հոգին սկսում է գործել, մարդկանց վիճակում փոփոխություններ են տեղի ունենում, և այն բաները, որոնք նրանց բուն էությունն են, դեն են նետվում։ Նման հասկացողությունը խեղաթյուրված է։ Երբ Սուրբ Հոգին գործում է մարդու ներսում, մարդու բացասական բաները դեռ այնտեղ են, և նրա հասակը մնում է նույնը, բայց նա ձեռք է բերում Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսավորումը և ուստի ժամանակի մեծ մասը դրական վիճակում է լինում, նրա ներսի իրադրությունները դառնում են բնականոն, և նա ավելի արագ է փոխվում։ Մարդկանց իրական փորձառություններում նրանք հիմնականում փորձառաբար ապրում են կա՛մ Սուրբ Հոգու, կա՛մ Սատանայի գործը, և եթե նրանք անկարող են ընկալելու այս վիճակները և դրանց զանազանությունը չունեն, ապա գործնական փորձառությունների մեջ մտնելը բացառված է, էլ չենք խոսում խառնվածքի փոփոխությունների մասին։ Այսպիսով՝ Աստծու գործը փորձառաբար ապրելու բանալին նման բաների էությունը տեսնելու ունակությունն է. այս կերպ նրանց համար ավելի հեշտ կլինի փորձառաբար ապրել այն։
Սուրբ Հոգու գործը մարդկանց դարձնում է դրական և նպատակասլաց, մինչդեռ Սատանայի գործը մղում է նրանց դառնալու բացասական և նահանջելու, ըմբոստանալու Աստծու դեմ և ընդդիմանալու Նրան, կորցնելու հավատքը Նրա հանդեպ և իրենց պարտավորությունը կատարելիս թույլ դառնալու։ Ամեն բան, որ բխում է Սուրբ Հոգու լուսավորությունից, միանգամայն բնական է. այն քեզ չի պարտադրվում. եթե հնազանդվես դրան, ապա խաղաղություն կունենաս. եթե ոչ, դրանից հետո հանդիմանված կզգաս։ Եթե դա Սուրբ Հոգու լուսավորությունն է, դու անհանգիստ կամ կաշկանդված չես զգա քեզ քո արած որևէ բանում. դու ազատ կարձակվես, գործողություններումդ կլինի կիրառման ճանապարհ, և կլինես անկաշկանդ ու ի վիճակի կլինես գործելու Աստծու մտադրությունների համաձայն։ Սատանայի գործը քեզ անհանգստություն է պատճառում շատ բաներում. այն քեզ դարձնում է աղոթել չցանկացող, չափազանց ծույլ՝ Աստծու խոսքերը ուտելու և խմելու համար, և զրկում է եկեղեցական կյանքով ապրելու ցանկությունից, ու օտարում է հոգևոր կյանքից։ Սուրբ Հոգու գործը չի միջամտում քո առօրյա կյանքին և չի միջամտում քո բնականոն հոգևոր կյանքին։ Դու անկարող ես զանազանել շատ բաներ հենց դրանց տեղի ունենալու պահին, սակայն մի քանի օր անց սիրտդ դառնում է ավելի պայծառ, իսկ միտքդ՝ ավելի հստակ։ Սկսում ես որոշակի ընկալում ունենալ հոգու բաների մասին և կամաց-կամաց կարող ես զանազանել՝ արդյոք միտքը եկել է Աստծո՞ւց, թե՞ Սատանայից։ Որոշ բաներ հստակորեն պատճառ են դառնում, որ դու հակադրվես Աստծուն և ապստամբես Աստծու դեմ կամ խանգարում են կիրառել Աստծու խոսքերը. այս բոլոր բաները գալիս են Սատանայից։ Որոշ բաներ ակնհայտ չեն, և չես կարող զանազանել դրանք տվյալ պահին՝ դրանից հետո կարող ես տեսնել դրանց դրսևորումները և ապա զանազանում կիրառել։ Եթե կարողանաս հստակ զանազանել, թե որ բաներն են գալիս Սատանայից և որոնք են ուղղորդվում Սուրբ Հոգուց, ապա հեշտությամբ չես մոլորվի քո փորձառություններում։ Երբեմն իրադրությունդ լավը չէ և միտք ունես, որը հանում է քեզ քո բացասական վիճակից։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ երբ վիճակդ անբարենպաստ է, քո որոշ մտքեր դեռ կարող են գալ Սուրբ Հոգուց։ Այնպես չէ, որ երբ դու բացասական ես, քո բոլոր մտքերն ուղարկված են Սատանայի կողմից. եթե դա ճիշտ լիներ, ապա ե՞րբ կկարողանայիր անցում կատարել դրական վիճակին։ Երբ որոշ ժամանակ բացասական ես եղել, Սուրբ Հոգին քեզ հնարավորություն է տալիս կատարյալ դարձվելու. Նա հուզում է քեզ՝ պատճառ դառնալով, որ դուրս գաս քո բացասական վիճակից, և դու մտնում ես բնականոն վիճակ։
Իմանալով, թե ինչ է Սուրբ Հոգու գործը և ինչ է Սատանայի գործը՝ դու կարող ես դրանք համեմատել քո սեփական վիճակի հետ՝ քո փորձառությունների ժամանակ, և քո սեփական փորձառությունների հետ. այս կերպ քո փորձառություններում սկզբունքի վերաբերյալ ավելի շատ ճշմարտություններ կլինեն։ Հասկանալով սկզբունքի մասին այս ճշմարտությունները՝ դու կկարողանաս ընկալել քո փաստացի վիճակը, կկարողանաս զանազանել մարդկանց ու իրադարձությունները, և ստիպված չես լինի այդքան մեծ ջանքեր գործադրել Սուրբ Հոգու գործը ձեռք բերելու համար։ Իհարկե, սա կախված է նրանից, թե արդյոք դրդապատճառներդ ճի՞շտ են, և արդյոք պատրաստակա՞մ ես փնտրելու և կիրառելու։ Սկզբունքներին վերաբերող այսպիսի լեզուն մի բան է, որը դու պետք է ունենաս քո փորձառություններում։ Առանց դրա՝ փորձառություններդ լի կլինեն Սատանայի անհանգստությամբ և հիմար գիտելիքով։ Եթե չհասկանաս, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին, ապա չես հասկանա, թե ինչպես աղոթել Աստծուն կամ ինչպես պետք է մտնել, և եթե չգիտես, թե ինչպես է Սատանան գործում մարդկանց մոլորեցնելու և անհանգստացնելու համար, ապա չգիտես՝ ինչպես մերժել Սատանային և հաստատուն կանգնել քո վկայության մեջ։ Այն, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին և ինչպես է վարվում Սատանան, բաներ են, որոնք մարդիկ պետք է հասկանան, և դրանք բաներ են, որոնք մարդիկ պետք է փորձառաբար ապրեն Աստծու հանդեպ հավատի մեջ։