Աշխատանքը և մուտքը (2)

Ձեր աշխատանքը և մուտքը բավականին աղքատիկ են. մարդը կարևորություն չի տալիս նրան, թե ինչպես պետք է աշխատի, իսկ կյանքի մուտքի հարցում է՛լ ավելի անփույթ է։ Մարդը դրանք չի համարում դասեր, որոնք պետք է ստանա. հետևաբար՝ ձեր փորձառության մեջ գրեթե այն ամենը, ինչ տեսնում եք, դատարկ պատրանքներ են։ Աշխատանքի առումով ձեզնից շատ բան չի պահանջվում, բայց որպես մեկը, ով պետք է կատարելագործվի Աստծու կողմից, դուք պետք է սերտեք ձեր դասերն Աստծու համար աշխատելու վերաբերյալ, որպեսզի շուտով կարողանաք համապատասխանել Աստծու մտադրություններին։ Դարերի ընթացքում նրանք, ովքեր գործ են կատարել, կոչվել են աշխատողներ կամ առաքյալներ. սրանք բառեր են, որոնք վերաբերում են Աստծու կողմից օգտագործվող փոքրաթիվ մարդկանց։ Սակայն աշխատանքը, որի մասին Ես այսօր խոսում եմ, չի վերաբերում բացառապես աշխատողներին կամ առաքյալներին, այլ ավելի շուտ ուղղված է բոլոր նրանց, ովքեր պետք է կատարելագործվեն Աստծու կողմից։ Գուցե կան շատերը, ովքեր քիչ են հետաքրքրված սրանով, սակայն, հանուն մուտքի՝ լավագույնը կլինի խոսել այս հարցի վերաբերյալ ճշմարտության մասին։

Ինչ վերաբերում է աշխատանքին, մարդը կարծում է, որ աշխատել նշանակում է այսուայնկողմ վազել Աստծու համար, քարոզել ամենուրեք և ծախսվել հանուն Նրա։ Թեև այս համոզմունքը ճիշտ է, այն չափազանց միակողմանի է. այն, ինչ Աստված պահանջում է մարդուց, լոկ Նրա համար այսուայնկողմ վազելը չէ, այլ ավելի շուտ՝ հոգու մեջ սպասավորությունն ու ապահովումը։ Շատ եղբայրներ ու քույրեր, անգամ այսքան տարիների փորձառությունից հետո, երբեք չեն մտածել Աստծու համար աշխատելու մասին, որովհետև մարդու պատկերացրած աշխատանքն անհամատեղելի է Աստծու պահանջածի հետ։ Հետևաբար՝ մարդը որևէ հետաքրքրություն չունի աշխատանքի հարցում, և հենց սա է պատճառը, որ մարդու մուտքը նույնպես բավականին միակողմանի է։ Դուք բոլորդ պետք է սկսեք ձեր մուտքն Աստծու համար աշխատելով, որպեսզի կարողանաք ավելի լավ անցնել փորձառության յուրաքանչյուր ասպեկտի միջով։ Սա է այն, ինչի մեջ դուք պետք է մտնեք։ Աշխատանքը վերաբերում է ոչ թե Աստծու համար այսուայնկողմ վազելուն, այլ նրան, թե արդյոք մարդու կյանքը և այն, ինչ մարդը կյանքով արտահայտում է, ի վիճակի են հաճեցնել Աստծուն։ Աշխատանքը վերաբերում է նրան, որ մարդիկ օգտագործում են իրենց հավատարմությունն առ Աստված և Աստծու մասին իրենց իմացությունը՝ Աստծուն վկայելու և մարդուն սպասավորելու համար։ Սա մարդու պատասխանատվությունն է, և սա է այն, ինչ բոլոր մարդիկ պետք է հասկանան։ Կարելի է ասել, որ ձեր մուտքը ձեր աշխատանքն է, և որ դուք ձգտում եք մտնել Աստծու համար աշխատելու ընթացքում։ Աստծու գործը փորձառաբար ապրելը չի նշանակում լոկ իմանալ, թե ինչպես ուտել և խմել Նրա խոսքը. ավելի կարևոր է իմանալ, թե ինչպես վկայել Աստծուն, ի վիճակի լինել ծառայելու Աստծուն, ինչպես նաև սպասավորելու և ապահովելու մարդուն։ Սա աշխատանք է, և սա նաև ձեր մուտքն է։ Սա է այն, ինչ յուրաքանչյուր անձ պետք է իրագործի։ Կան շատերը, ովքեր կենտրոնանում են միայն Աստծու համար այսուայնկողմ վազելու և ամենուրեք քարոզելու վրա, սակայն անտեսում են իրենց անհատական փորձառությունը և աչքաթող են անում իրենց հոգևոր կյանքի մուտքը։ Հենց սա է հանգեցրել նրան, որ Աստծուն ծառայողները դառնան Աստծուն հակառակվողներ։ Այս մարդիկ, ովքեր այս բոլոր տարիներին ծառայել են Աստծուն և սպասավորել մարդուն, աշխատելն ու քարոզելը պարզապես համարել են մուտք, և ոչ ոք իր անհատական հոգևոր փորձառությունը չի դիտարկել որպես կարևոր մուտք։ Փոխարենը՝ նրանք Սուրբ Հոգու գործից ստացած լուսավորումը դիտարկել են որպես կապիտալ՝ ուրիշներին ուսուցանելու համար։ Քարոզելիս նրանք մեծ հոգս են կրում և ստանում են Սուրբ Հոգու գործը, և դրա միջոցով նրանք արձակում են Սուրբ Հոգու ձայնը։ Այդ ժամանակ նրանք, ովքեր աշխատում են, լցվում են ինքնագոհությամբ, ասես Սուրբ Հոգու գործը դարձել է իրենց անհատական հոգևոր փորձառությունը, նրանք կարծում են, թե իրենց ասած բոլոր խոսքերն իրենց իսկ էությունն են, բայց հետո դարձյալ թվում է, թե իրենց սեփական փորձառությունն այնքան պարզ չէ, որքան իրենք նկարագրել են։ Ավելին՝ նախքան խոսելը նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ են ասելու, բայց երբ Սուրբ Հոգին գործում է նրանց ներսում, նրանց խոսքերը հորդում են անվերջանալի հոսքով։ Երբ դու մեկ անգամ այսպիսի կերպով քարոզում ես, զգում ես, որ քո իրական հասակն այնքան էլ փոքր չէ, որքան կարծում էիր, և երբ քեզ վրա Սուրբ Հոգու գործելու մի քանի այսպիսի դեպք է լինում, դու այնուհետև որոշում ես, որ արդեն հասակ ունես, և սխալմամբ հավատում ես, որ Սուրբ Հոգու գործը քո սեփական մուտքն ու քո սեփական էությունն է։ Երբ դու անընդհատ այս կերպ ես փորձառաբար ապրում, թուլանում ես քո սեփական մուտքի հարցում, աննկատելիորեն ընկնում ծուլության մեջ և դադարում որևէ կարևորություն տալ քո անհատական մուտքին։ Այս պատճառով, երբ դու սպասավորում ես ուրիշներին, պետք է հստակ տարբերակես քո հասակի և Սուրբ Հոգու գործի միջև։ Սա կարող է ավելի դյուրացնել քո մուտքը և ավելի շատ օգուտ բերել քո փորձառությանը։ Երբ մարդը Սուրբ Հոգու գործը համարում է իր անհատական փորձառությունը, դա դառնում է ապականության աղբյուր։ Ահա թե ինչու եմ Ես ասում ՝ ինչ պարտականություն էլ որ կատարեք, դուք պետք է ձեր մուտքը համարեք կենսական դաս։

Մարդն աշխատում է Աստծու մտադրությունները բավարարելու համար, բոլոր նրանց, ովքեր համապատասխանում են Աստծու մտադրություններին, Նրա առաջ բերելու, մարդուն առ Աստված բերելու և մարդուն Սուրբ Հոգու գործն ու Աստծու առաջնորդությունը ներկայացնելու համար՝ դրանով իսկ կատարելագործելով Աստծու գործի պտուղները։ Հետևաբար՝ հրամայական է, որ դուք հիմնովին հստակ պատկերացում ունենաք գործի էության մասին։ Յուրաքանչյուր անձ, ով օգտագործվում է Աստծու կողմից, արժանի է աշխատելու Աստծու համար, այսինքն՝ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի օգտագործվելու Սուրբ Հոգու կողմից։ Սակայն կա մի բան, որը դուք պետք է գիտակցեք. երբ մարդն անում է Աստծու կողմից հանձնարարված գործը, մարդուն հնարավորություն է տրվում օգտագործվելու Աստծու կողմից, բայց այն, ինչ ասվում և իմացվում է մարդու կողմից, ամբողջովին մարդու հասակը չէ։ Այն ամենը, ինչ դուք կարող եք անել, ձեր աշխատանքի ընթացքում ձեր իսկ պակասությունները լավագույնս ճանաչելն է և Սուրբ Հոգուց ավելի շատ լուսավորում ստանալը։ Այս կերպ, դուք հնարավորություն կունենաք ավելի լավ մուտք գործելու ձեր աշխատանքի ընթացքում։ Եթե մարդն Աստծուց եկող առաջնորդությունը դիտարկի որպես իր սեփական մուտք և որպես մի բան, որն ի բնե հատուկ է իրեն, ապա մարդու հասակի աճի ներուժ չի լինի։ Մարդկանց լուսավորումը Սուրբ Հոգուց տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրանք բնականոն վիճակում են։ Այդպիսի պահերին մարդիկ հաճախ իրենց ստացած լուսավորությունը շփոթում են իրենց իսկ իրական հասակի հետ, որովհետև այն ձևը, որով Սուրբ Հոգին լուսավորում է, բացառիկ բնականոն է, և Նա օգտագործում է այն, ինչ ներհատուկ է մարդուն։ Երբ մարդիկ աշխատեն և խոսեն կամ երբ նրանք աղոթեն և բարեպաշտ լինեն, ճշմարտությունը հանկարծակի պարզ կդառնա նրանց։ Իրականում, սակայն, այն, ինչ մարդը տեսնում է, ընդամենը լուսավորում է Սուրբ Հոգու կողմից (բնականաբար, այս լուսավորումը կապված է մարդու համագործակցության հետ) և չի ներկայացնում մարդու իրական հասակը։ Փորձառության մի ժամանակաշրջանից հետո, որի ընթացքում մարդը բախվում է որոշ դժվարությունների և փորձությունների, մարդու իրական հասակը բացահայտվում է նման հանգամանքներում։ Միայն այդ ժամանակ մարդը կբացահայտի, որ իր հասակն այնքան էլ մեծ չէ, և նրա եսասեր ցանկությունները, անձնական նկատառումները, ագահությունը և նման այլ բաներ ի հայտ կգան։ Նման փորձառությունների մի քանի փուլերից հետո միայն բազմաթիվ մարդիկ, ովքեր արթուն են իրենց հոգիներում, կգիտակցեն, որ այն, ինչ նրանք փորձառաբար ապրել էին անցյալում, իրենց անհատական իրականությունը չէր, այլ ակնթարթային լուսավորում Սուրբ Հոգուց, և որ մարդն ընդամենը ստացել էր այդ լույսը։ Երբ Սուրբ Հոգին լուսավորում է մարդուն՝ հասկանալու ճշմարտությունը, դա հաճախ լինում է պարզ ու հստակ կերպով՝ առանց բացատրելու, թե ինչպես են բաներն առաջացել կամ ուր են գնում։ Այսինքն՝ մարդու դժվարություններն այս հայտնության մեջ ներառելու փոխարեն Նա ուղղակիորեն բացահայտում է ճշմարտությունը։ Երբ մարդը դժվարությունների է հանդիպում մուտք գործելու ընթացքում և ապա ներառում է Սուրբ Հոգու լուսավորումը, դա դառնում է մարդու գործնական փորձառությունը։ Օրինակ՝ մի չամուսնացած քույր այսպես խոսեց հաղորդակցության ժամանակ. «Մենք փառք ու հարստություն չենք փնտրում կամ տենչում ամուսնու և կնոջ միջև սիրո երջանկությունը. մենք միայն ձգտում ենք մաքուր և միամիտ սիրտ նվիրել Աստծուն»։ Նա շարունակեց՝ ասելով. «Երբ մարդիկ ամուսնանում են, շատ բան կա, որ պաշարում է նրանց, և նրանց աստվածասեր սիրտն այլևս անկեղծ չէ։ Նրանց սրտերը միշտ զբաղված են իրենց ընտանիքով և իրենց կողակցով, և ուստի նրանց ներաշխարհը շատ ավելի է բարդանում...»։ Երբ նա խոսում էր, ասես իր բերանից դուրս էր գալիս այն, ինչ ինքը մտածում էր իր սրտում. նրա խոսքերը խորն էին և զորեղ, ասես նրա ասած ամեն ինչ գալիս էր իր սրտի ամենախորքից, և ասես իր բուռն ցանկությունն էր ամբողջովին նվիրվել Աստծուն, և իր հույսն էր, որ իր պես եղբայրներն ու քույրերը կկիսեին նույն վճռականությունը։ Կարելի է ասել, որ քո վճռականությունն ու այս պահին հուզված լինելու զգացումն ամբողջովին գալիս են Սուրբ Հոգու գործից։ Երբ Աստծու գործի եղանակը փոխվի, դու նույնպես մի քանի տարով մեծացած կլինես. դու տեսնում ես, որ քո բոլոր դասընկերներն ու ընկերները, ովքեր քո տարիքին են, ամուսնացել են, կամ լսում ես, որ երբ այսինչն ամուսնացավ, նրա կողակիցը նրան տարավ քաղաքում ապրելու, և նա այնտեղ աշխատանք գտավ։ Երբ դու տեսնես նրան, կսկսես նախանձ զգալ՝ տեսնելով, թե ինչ հմայք ու կեցվածք ունի նա ոտքից գլուխ, և թե ինչպես, երբ նա խոսում է քեզ հետ, ունի կոսմոպոլիտ հակումներ, և նրա մեջ այլևս գեղջուկի անտաշության ոչ մի նշույլ չկա։ Սա տեսնելը քո մեջ զգացմունքներ է արթնացնում։ Դու, որ ողջ ընթացքում ծախսվել ես Աստծու համար, չունես ընտանիք կամ կարիերա, և դու ենթարկվել ես խոր էտի. դու որոշ ժամանակ առաջ թևակոխեցիր միջին տարիք, և քո երիտասարդությունը վաղուց լուռ անցել-գնացել է, ասես դու երազի մեջ լինեիր։ Հիմա, այսքան ճանապարհ անցնելով մինչև այսօր, դու չգիտես, թե որտեղ հանգրվանես։ Այս պահին դու հայտնվում ես մտքերի հորձանուտում, ասես կորցրել ես բանականությունդ։ Լիովին մենակ և չկարողանալով քնել՝ երկար գիշերվա ընթացքում արթուն պառկած, մինչ կգիտակցես՝ սկսում ես մտածել քո վճռականության և Աստծուն տված քո հանդիսավոր երդումների մասին և ողբում ես. «Ինչո՞ւ եմ ես, այնուամենայնիվ, ընկել այսպիսի ողորմելի վիճակի մեջ»։ Աննկատ, դու լուռ արցունքներ ես թափում և սրտաճմլիկ ցավ ես զգում։ Աստծու առաջ գալով աղոթելու՝ դու հիշում ես, թե այն օրերին, երբ դու Աստծու հետ էիր, որքան մտերմորեն և անբաժանելիորեն մոտ էիք դուք։ Տեսարան առ տեսարան հառնում են քո աչքերի առաջ, և այն երդումը, որ տվեցիր այդ օրը, կրկին հնչում է քո ականջներում. «Մի՞թե Աստված իմ միակ մտերիմը չէ»։ Այդ ժամանակ դու արդեն հեծկլտում ես. «Աստվա՛ծ։ Սիրելի՛ Աստված։ Ես արդեն ամբողջությամբ Քեզ եմ տվել իմ սիրտը։ Ես կամենում եմ հավիտյանս Քեզ նշանված լինել, և ես անշեղորեն կսիրեմ Քեզ իմ ամբողջ կյանքում...»։ Միայն այն ժամանակ, երբ դու պայքարում ես այդ ուժգին տառապանքի մեջ, իսկապես զգում ես, թե որքան սիրելի է Աստված, և միայն այդ ժամանակ ես հստակ գիտակցում. ես վաղուց իմ ամեն ինչը տվել եմ Աստծուն։ Այսպիսի հարված կրելուց հետո դու շատ ավելի ես հասունանում այս հարցի առնչությամբ և տեսնում, որ Սուրբ Հոգու գործն այն ժամանակ այն չէր, որ դու ունեիր։ Այս կետից հետո քո փորձառություններում դու այլևս չես կաշկանդվի մուտքի այս ասպեկտում. կարծես թե քո հին վերքերի սպիները մեծապես նպաստել են քո մուտքին։ Երբ դու հանդիպես այսպիսի իրավիճակի, անմիջապես կհիշես այն օրը քո թափած արցունքները, ասես բաժանումից հետո վերամիավորվել ես Աստծու հետ, և դու մշտական վախի մեջ կլինես, որ Աստծու հետ քո հարաբերությունները կարող են կրկին խզվել, և քո ու Աստծու միջև զգացմունքային կապը (բնականոն հարաբերությունը) կարող է վնասվել։ Սա քո աշխատանքն է և քո մուտքը։ Հետևաբար՝ Սուրբ Հոգու գործն ստանալուն զուգահեռ, դուք պետք է է՛լ ավելի մեծ կարևորություն տաք ձեր մուտքին՝ ճշգրտորեն տեսնելով, թե որն է Սուրբ Հոգու գործը և որն է ձեր մուտքը, ինչպես նաև Սուրբ Հոգու գործը ներառելով ձեր մուտքի մեջ, որպեսզի դուք կարողանաք ավելի շատ ստանալ Սուրբ Հոգու կատարելագործումը, և որպեսզի Սուրբ Հոգու գործի էությունը ներգործվի ձեր մեջ։ Սուրբ Հոգու գործի ձեր փորձառության ընթացքում դուք կճանաչեք Սուրբ Հոգուն, ինչպես նաև ձեզ, և ավելին՝ ով գիտի, թե քանի ուժգին տառապանքի նոպաների մեջ դուք կզարգացնեք բնականոն հարաբերություն Աստծու հետ, և ձեր ու Աստծու միջև հարաբերությունն օրեցօր ավելի կմտերմանա։ Անթիվ էտման և զտման դեպքերից հետո դուք ճշմարիտ սեր կզարգացնեք առ Աստված։ Ահա թե ինչու դուք պետք է գիտակցեք, որ տառապանքից, հարվածներից և նեղություններից չպետք է վախենալ. սարսափելին այն է, որ ունենաք միայն Սուրբ Հոգու գործը, բայց ոչ ձեր մուտքը։ Երբ գա այն օրը, երբ Աստծու գործն ավարտվի, դուք իզուր աշխատած կլինեք. չնայած դուք փորձառաբար ապրեցիք Աստծու գործը, դուք ճանաչած չեք լինի Սուրբ Հոգուն կամ ունեցած չեք լինի ձեր սեփական մուտքը։ Լուսավորումը, որ Սուրբ Հոգին կատարում է մարդու մեջ, մարդու կիրքը պահպանելու համար չէ, այլ մարդու մուտքի համար ճանապարհ բացելու, ինչպես նաև թույլ տալու, որ մարդը ճանաչի Սուրբ Հոգուն և այս կետից զարգացնի առ Աստված երկյուղի ու պաշտամունքի սիրտ։

Նախորդը.  Աստծուն չճանաչող բոլոր մարդիկ Աստծուն դիմադրող մարդիկ են

Հաջորդը.  Աստծու գործի տեսությունը (1)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger