Գործ և մուտք (3)

Աստված շատ բան է հանձնարարել մարդկանց և անթիվ ձեւերով խոսել նրանց մուտքի մասին։ Սակայն, քանի որ մարդկանց որակը զգալիորեն ցածր է, Աստծու խոսքերից շատերը չեն արմատավորվել։ Այս ցածր որակն ունի տարբեր պատճառներ՝ մարդկային մտքի ու բարոյականության ապականությունն ու պատշաճ դաստիարակության պակաս, ֆեոդալական սնահավատություններ, որոնք լրջորեն տիրել են մարդու սիրտը, այլասերված ու անկումային ապրելակերպեր, որոնք բազմաթիվ արատներ են սերմանել մարդու սրտի ամենախոր անկյուններում, մշակութային գրագիտության մակերեսային ընկալում, ընդ որում՝ մարդկանց գրեթե իննսունութ տոկոսը զուրկ է մշակութային գրագիտության կրթությունից, և ավելին՝ շատ քչերն են ստանում ավելի բարձր մակարդակի մշակութային կրթություն։ Ուստի մարդիկ, ըստ էության, գաղափար չունեն, թե ինչ է Հոգին կամ ինչ է Աստված, այլ ունեն միայն աստծու աղոտ ու անորոշ պատկեր, որը ձեռք է բերվել ֆեոդալական սնահավատություններից։ Հազարավոր տարիների «ազգային ոգու» կողմից մարդու սրտի խորքում թողնված կործանարար ազդեցություններն ու ֆեոդալական մտածողությունը կաշկանդել ու շղթայել են մարդկանց՝ զրկելով նրանց ազատության նշույլից անգամ, թողնելով առանց ձգտման կամ հաստատակամության և առանց առաջադիմելու ցանկության, փոխարենը ստիպելով նրանց մնալ բացասական ու հետադիմական, ամրացած ստրկամտության մեջ և այլն։ Այս օբյեկտիվ գործոններն անջնջելի, կեղտոտ ու տգեղ երանգ են հաղորդել մարդկության գաղափարական հայացքներին, ձգտումներին, բարոյականությանը և խառնվածքին։ Թվում է, թե մարդիկ ապրում են ահաբեկչության խավար աշխարհում, և նրանց մեջ ոչ ոք չի մտածում դա վերանցելու կամ իդեալական աշխարհ տեղափոխվելու մասին. փոխարենը՝ իրենց օրերն անցկացնում են իրենց բաժին ընկած ճակատագրի հանդեպ բավարարվածության զգացումով՝ երեխաներ ծնելով ու մեծացնելով, ջանալով, քրտինք թափելով, իրենց աշխատանքն անելով և երազելով հարմարավետ ու երջանիկ ընտանիքի, ամուսնական սիրո, ծնողամեծար զավակների, ծերության տարիների ուրախության և իրենց կյանքը խաղաղությամբ ապրելու մասին․․․ Տասնամյակներ, հազարամյակներ, տասնյակ հազարավոր տարիներ շարունակ մարդիկ այսպես վատնում են իրենց ժամանակը, և ոչ ոք չի ստեղծել մարդկային կյանքերից ամենահիասքանչը՝ տարված լինելով միայն փոխադարձ սպանդով, համբավի ու շահի մրցավազքով և միմյանց դեմ դավեր նյութելով այս խավար աշխարհում։ Ո՞վ է երբևէ փնտրել Աստծու մտադրությունները։ Արդյո՞ք որևէ մեկը երբևէ ուշադրություն դարձրել է Աստծու գործին։ Մարդկանց բոլոր այն մասերը, որոնք գրավված են խավարի ազդեցությամբ, վաղուց դարձել են մարդկային բնություն, ուստի՝ բավականին դժվար է իրականացնել Աստծու գործը, և մարդիկ է՛լ ավելի քիչ սիրտ ունեն՝ ուշադրություն դարձնելու այն ամենին, ինչ Աստված հանձնարարել է իրենց այսօր։ Ամեն դեպքում հավատում եմ, որ մարդիկ դեմ չեն լինի Իմ՝ այս խոսքերն արտաբերելուն, քանի որ այն, ինչի մասին խոսում եմ, հազարավոր տարիների պատմություն է։ Պատմության մասին խոսելը նշանակում է փաստեր և, ավելին, խայտառակություններ, որոնք ակնհայտ են բոլորին, ուստի ի՞նչ իմաստ ունի ասել այն, ինչը հակասում է փաստերին։ Բայց նաև հավատում եմ, որ ողջամտություն ունեցող մարդիկ, տեսնելով այս խոսքերը, կարթնանան և կձգտեն առաջընթացի։ Աստված նաև հույս ունի, որ մարդիկ կարող են ապրել ու աշխատել խաղաղության և բավարարվածության մեջ։ Սակայն Աստծու մտադրությունն է, որ մարդիկ կարողանան սիրել Աստծուն, և որ ողջ մարդկությունը կարողանա մտնել հանգստի մեջ։ Ավելին՝ ողջ երկրի լցվելն Աստծու փառքով Աստծու մեծ ցանկությունն է։ Պարզապես ամոթալի է, որ մարդիկ մնում են մոռացության մեջ ընկղմված և չարթնացած, Սատանայի կողմից այնպես ապականված, որ այսօր այլևս չունեն մարդկային նմանություն։ Ուստի մարդկային միտքը, բարոյականությունը և կրթությունը կազմում են կարևոր օղակ, իսկ մշակութային գրագիտության ուսուցումը կազմում է երկրորդ օղակը՝ մարդկանց մշակութային որակն ավելի բարձրացնելու և նրանց մտավոր հայացքները փոխելու համար։

Իրականում՝ մարդկության հանդեպ Աստծու պահանջներն այնքան էլ բարձր չեն, բայց քանի որ մարդկանց որակի և Աստծու պահանջած չափանիշի միջև եղած անդունդն այնքան մեծ է, շատերը պարզապես բարձրացնում են գլուխները և նայում Աստծու պահանջների ուղղությամբ, սակայն չունեն դրանք կատարելու կարողություն։ Մարդկանց բնածին օժտվածությունը՝ ծնվելուց հետո ձեռք բերվածի հետ միասին, չափազանց քիչ է Աստծու պահանջները բավարարելու համար։ Բայց պարզապես այս կետը գիտակցելը հաստատուն լուծում չէ։ Հեռու կանգնած ջուրը ծարավ չի հագեցնում։ Նույնիսկ եթե մարդիկ գիտակցում են, որ իրենք փոշուց էլ ցածր են, եթե չունեն Աստծու սիրտը բավարարելու վճռականություն, առավել ևս չունեն Աստծու պահանջները բավարարելու առաջադեմ ճանապարհ, ապա ի՞նչ արժեք ունի այդպիսի գիտելիքը։ Մի՞թե դա նման չէ մաղով ջուր կրելուն՝ լիովին ապարդյուն։ Իմ ասածի բուն էությունը վերաբերում է մուտքին. դա է գլխավոր թեման։

Մարդու մուտքի ընթացքում կյանքը միշտ ձանձրալի է՝ լի հոգևոր կյանքի միապաղաղ տարրերով, ինչպիսիք են աղոթելը, Աստծու խոսքերն ուտելն ու խմելը կամ հավաքույթների հաճախելը։ Ուստի մարդիկ միշտ զգում են, որ Աստծուն հավատալը մեծ հաճույք չի բերում։ Նման հոգևոր գործունեությունները միշտ իրականացվում են մարդկության սկզբնական սատանայական ապականված խառնվածքի հիման վրա։ Թեև մարդիկ երբեմն կարող են ստանալ Սուրբ Հոգու լուսաբանումը, նրանց սկզբնական մտածողությունը, խառնվածքը, ապրելակերպն ու սովորությունները դեռևս արմատավորված են ներսում, ուստի նրանց ներհատուկ բնությունը մնում է անփոփոխ։ Սնահավատ գործունեությունները, որոնց մեջ մարդիկ ներգրավվում են, այն բաներն են, որոնք Աստված ամենաշատն է ատում, սակայն շատերը դեռ ի վիճակի չեն հրաժարվելու դրանցից՝ կարծելով, թե այս սնահավատ գործունեություններն Աստծու կողմից են սահմանված, և նույնիսկ այսօր դեռ լիովին չեն ազատվել դրանցից։ Այնպիսի բաներ, ինչպիսիք են երիտասարդների կողմից հարսանեկան խնջույքների և հարսնացուի օժիտի նախապատրաստությունները, դրամական նվերները, խնջույքները և նմանատիպ եղանակները, որոնցով նշվում են ուրախալի առիթները, հնագույն ասույթները, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ, մահացածների և նրանց հուղարկավորությունների համար անցկացվող բոլոր անիմաստ սնահավատ գործունեությունները. սրանք է՛լ ավելի գարշելի են Աստծուն։ Նույնիսկ երկրպագության օրը (ինչպես նաև հանգստության օրը, որը պահում է կրոնավոր աշխարհը) գարշելի է Նրան, իսկ մարդկանց միջև սոցիալական հարաբերություններն ու աշխարհիկ շփումներն առավել ևս արհամարհանքով մերժվում են Աստծու կողմից։ Նույնիսկ Գարնանային Փառատոնը և Սուրբ Ծնունդը, որոնք հայտնի են բոլորին, սահմանված չեն Աստծու կողմից, էլ չասած այս տոնական օրերի խաղալիքների ու զարդարանքների մասին, ինչպիսիք են երկտողերը, ճայթռուկները, լապտերները, Սուրբ Հաղորդությունը, Սուրբ Ծննդյան նվերներն ու տոնակատարությունները. մի՞թե դրանք կուռքեր չեն մարդկանց մտքում։ Հանգստության օրը հացի բեկանումը և գինի բաժանելը և նուրբ քաթանն է՛լ ավելի ընդգծված կուռքեր են։ Չինաստանում տարածված բոլոր ավանդական տոնական օրերը, ինչպիսիք են Վիշապի գլխի բարձրացման օրը, Վիշապանավերի տոնը, Աշնանամիջի տոնը, Լաբա տոնը և Նոր տարվա օրը և կրոնավոր աշխարհի տոները, ինչպիսիք են Զատիկը, Մկրտության օրը և Սուրբ Ծնունդը, այս բոլոր չարդարացված տոները հնարվել և հնագույն ժամանակներից մինչև այսօր փոխանցվել են բազմաթիվ մարդկանց կողմից։ Մարդկության հարուստ երևակայությունն ու հնարամիտ մտահղացումն են թույլ տվել դրանց փոխանցվել մինչև մեր օրերը։ Դրանք անթերի են թվում, բայց իրականում հնարքներ են, որոնցով Սատանան խաբում է մարդկությանը։ Որքան մի վայր լի է սատանաներով և որքան հնացած ու հետամնաց է այդ վայրը, այնքան ավելի խորն են արմատավորված դրա ֆեոդալական սովորույթները։ Այս բաներն ամուր կապկպում են մարդկանց՝ բացարձակապես տեղ չթողնելով շարժվելու համար։ Կրոնավոր աշխարհի տոներից շատերը կարծես մեծ ինքնատիպություն են դրսևորում և կամուրջ են ստեղծում դեպի Աստծու գործը, բայց իրականում դրանք այն անտեսանելի կապանքներն են, որոնցով Սատանան կաշկանդում է մարդկանց՝ թույլ չտալով ճանաչել Աստծուն. դրանք բոլորը Սատանայի դավերն են։ Իրականում՝ երբ Աստծու գործի մի փուլն ավարտվում է, Նա արդեն իսկ ոչնչացնում է այդ ժամանակի գործիքներն ու ոճը՝ առանց որևէ հետք թողնելու։ Սակայն «ջերմեռանդ հավատացյալները» շարունակում են երկրպագել այդ շոշափելի նյութական առարկաները. մինչդեռ ականջի ետեւ են գցում այն, ինչ Աստված ունի՝ չուսումնասիրելով դա, և թվում է, թե լի են Աստծու հանդեպ սիրով, մինչդեռ իրականում վաղուց տնից վռնդել են Նրան և Սատանային դրել սեղանին՝ երկրպագելու համար։ Հիսուսի դիմանկարները, Խաչը, Մարիամը, Հիսուսի Մկրտությունը և Խորհրդավոր ընթրիքը. մարդիկ երկրպագում են սրանք որպես «Երկնքի Տիրոջ»՝ միաժամանակ անընդհատ բացականչելով՝ «Տե՛ր, երկնավոր Հայր»։ Մի՞թե սա կատակ չէ։ Մինչ օրս մարդկության մեջ փոխանցված բազմաթիվ նմանատիպ ասույթներ ու գործելակերպեր գարշելի են եղել Աստծուն. դրանք լրջորեն խոչընդոտում են Աստծու առջևում եղած ճանապարհը և, առավել ևս, հսկայական վնասներ են հասցնում մարդկության մուտքին։ Մի կողմ թողնելով այն, թե Սատանան ինչ աստիճանի է ապականել մարդկությանը, մարդիկ լեփ-լեցուն են այնպիսի բաներով, ինչպիսիք են Ուիթնես Լիի օրենքը, Լոուրենսի փորձառությունները, Վոթչման Նիի ուսումնասիրությունները և Պողոսի գործը։ Աստծու համար պարզապես ոչ մի ճանապարհ չկա աշխատելու մարդկանց վրա, որովհետև նրանք իրենց ներսում չափազանց շատ անհատապաշտություն, օրենքներ, կանոններ, կանոնակարգեր, համակարգեր և նմանատիպ բաներ ունեն. դրանք, ի լրումն մարդկանց ֆեոդալական սնահավատությունների երանգի, գերեվարել և կլանել են մարդկությանը։ Կարծես մարդկանց մտքերը լինեն մի հետաքրքիր գունավոր ֆիլմ, որը հեքիաթ է՝ ամպեր հեծնող ֆանտաստիկ էակներով, այնքան երևակայական, որ ապշեցնում են մարդկանց՝ շշմեցնելով ու պապանձեցնելով։ Ճշմարիտն ասած՝ այն գործը, որն Աստված գալիս է անելու այսօր, հիմնականում մարդկային սնահավատությունների երանգը վերացնելն ու ցրելն է և նրանց մտավոր հայացքները լիովին վերափոխելը։ Աստծու գործը մինչև այսօր չի պահպանվել մարդկության կողմից սերնդեսերունդ փոխանցված ժառանգության պատճառով. դա մի գործ է, որը նախաձեռնվել է անձամբՆրա կողմից և ավարտվում է Նրա կողմից՝ առանց որևէ մեծ հոգևոր մարդու ժառանգությանը հաջորդելու կամ մեկ այլ դարաշրջանում Աստծու կողմից արված ներկայացուցչական բնույթի որևէ գործ ժառանգելու անհրաժեշտության։ Մարդիկ սրանց համար անհանգստանալու կարիք չունեն։ Աստված այսօր ունի խոսելու և գործելու յուրահատուկ ոճ, ուստի ինչո՞ւ պետք է մարդիկ անհանգստանան այս բաների համար։ Եթե մարդիկ քայլեն այսօրվա ուղիով ներկայիս հոսքի մեջ՝ միաժամանակ շարունակելով իրենց «նախնիների» ժառանգությունը, չեն հասնի իրենց նշանակության վայրին։ Աստված խորը հակակրանք է զգում մարդկային վարքագծի այս կոնկրետ ձևի հանդեպ, ճիշտ այնպես, ինչպես գարշում է մարդկային աշխարհի տարիներից, ամիսներից ու օրերից։

Մարդկային խառնվածքը փոխելու լավագույն ճանապարհը մարդկանց սրտերի ամենախորքերում այն մասերը շտկելն է, որոնք խորապես թունավորվել են՝ թույլ տալով մարդկանց սկսել իրենց մտածողությունն ու բարոյականությունը փոխելուց։ Նախևառաջ՝ մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ այս բոլոր կրոնական ծեսերը, կրոնական գործունեությունները, տարիներն ու ամիսները և տոներն ատելի են Աստծուն։ Պետք է ազատվեն ֆեոդալական մտածողության այս կապանքներից և արմատախիլ անեն սնահավատության հանդեպ իրենց խորապես արմատավորված հակվածության ամեն մի հետք։ Այս ամենը ներառված է մարդկության մուտքի մեջ։ Պետք է հասկանաք, թե ինչու է Աստված մարդկությանը դուրս բերում սովորույթներից, և դարձյալ, թե ինչու է մարդկությանը հեռացնում կանոնակարգերից։ Սա այն դարպասն է, որով մտնելու եք, և թեև սրանք ոչ մի կապ չունեն ձեր հոգևոր փորձառության հետ, բայց ամենամեծ խոչընդոտներն են, որոնք արգելափակում են ձեր մուտքը, խոչընդոտում են ձեզ՝ ճանաչելու Աստծուն։ Դրանք կազմում են մի ցանց, որը ծուղակն է գցում մարդկանց։ Շատերը չափազանց շատ են կարդում Աստվածաշունչը և նույնիսկ կարող են անգիր արտասանել բազմաթիվ հատվածներ Աստվածաշնչից։ Այսօր իրենց մուտքի մեջ մարդիկ անգիտակցաբար օգտագործում են Աստվածաշունչը՝ Աստծու գործը չափելու համար, կարծես Աստծու գործի այս փուլի հիմքն Աստվածաշունչն է, և դրա աղբյուրն Աստվածաշունչն է։ Երբ Աստծու գործը համահունչ է Աստվածաշնչին, մարդիկ եռանդուն կերպով աջակցում են Աստծու գործին և Նրան վերաբերվում են նորահայտ ակնածանքով. երբ Աստծու գործը հակասում է Աստվածաշնչին, մարդիկ քրտնելու աստիճան տագնապում են՝ փնտրելով դրանում Աստծու գործի հիմքը։ Եթե Աստծու գործը չի հիշատակվում Աստվածաշնչում, մարդիկ անտեսում են Աստծուն։ Կարելի է ասել, որ որքանով խոսքը վերաբերում է Աստծու այսօրվա գործին, շատերն այն ընդունում են զգուշորեն և շրջահայացությամբ, դրան ընտրողական հնազանդություն են ցուցաբերում և անտարբեր են այն ճանաչելու հանդեպ։ Իսկ ինչ վերաբերում է անցյալի բաներին, կառչում են մի կեսից և թողնում մյուսը։ Մի՞թե սա կարելի է մուտք կոչել։ Պահում են ուրիշների գրքերը և ամեն ժամանակ դրանց վերաբերվում են որպես գանձերի. դրանք համարում են թագավորության դարպասի ոսկե բանալին և պարզապես ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում այն բանի հանդեպ, ինչ Աստված պահանջում է իրենցից այսօր։ Ավելին՝ բազում «խելացի փորձագետներ» ձախ ձեռքում բռնում են Աստծու խոսքերը, իսկ աջում՝ ուրիշների «գլուխգործոցները», կարծես ուզում են գտնել Աստծու այսօրվա խոսքերի հիմքն այս գլուխգործոցներում, որպեսզի լիովին ապացուցեն, որ Աստծու խոսքերը ճիշտ են, և նույնիսկ ուրիշներին բացատրում են Աստծու խոսքերը՝ դրանք միացնելով գլուխգործոցներին, կարծես թե աշխատանք են կատարում։ Ճշմարիտն ասած՝ մարդկության մեջ կան բազմաթիվ «գիտաշխատողներ», որոնք հաշվի չեն առնում այսօրվա նորագույն գիտական նվաճումները, գիտական նվաճումներ, որոնք նախադեպը չունեն (այսինքն՝ Աստծու գործը, Աստծու խոսքերը և կյանքի մուտքի ուղին), ուստի մարդիկ բոլորը «ինքնաբավ» են. աջ ու ձախ «քարոզում են»՝ հենվելով իրենց ճարտար լեզուների վրա և ի ցույց դնելով «Աստծու բարի անունը»։ Մինչդեռ նրանց սեփական մուտքը վտանգի տակ է, և կարծես այնքան հեռու են Աստծու պահանջներից, որքան արարչագործությունն է հեռու այս պահից։ Մի՞թե հեշտ է կատարել Աստծու գործը։ Թվում է, թե մարդիկ արդեն որոշել են իրենց կեսը թողնել երեկվան, իսկ կեսը բերել այսօրվան, կեսը հանձնել Սատանային, իսկ կեսը ներկայացնել Աստծուն, կարծես սա է իրենց խիղճը հանգստացնելու և որոշակի մխիթարություն զգալու ճանապարհը։ Մարդկանց ներաշխարհն այնքան նենգ է, որ վախենում են կորցնել ոչ միայն վաղվա օրը, այլև երեկվանը՝ խորապես վախենալով և՛ Սատանային վիրավորելուց և՛ հանցանք գործելուց այսօրվա Աստծու դեմ, ով կարծես թե կա և այնուամենայնիվ չկա։ Քանի որ մարդիկ սարսափելի կերպով ձախողվել են իրենց գաղափարական և բարոյական մշակմամ հարցում, բացառիկ կերպով զուրկ են զանազանությունից և պարզապես չեն կարող ասել՝ արդյոք այսօրվա գործն Աստծունն է, թե ոչ։ Գուցե պատճառն այն է, որ մարդկանց ֆեոդալական սնահավատ մտածողությունն այնքան խորն է, որ վաղուց սնահավատությունն ու ճշմարտությունը, Աստծուն և կուռքերին նույն կարգի մեջ են դասել՝ չջանալով տարբերակել այս բաները, և կարծես ի վիճակի չեն հստակ տարբերակելու՝ չնայած ուղեղները լարելուն։ Ահա թե ինչու մարդիկ կանգ են առել իրենց ճանապարհին և այլևս առաջ չեն շարժվում։ Այս բոլոր խնդիրներն առաջանում են մարդկանց ճիշտ գաղափարական կրթության պակասից, ինչը մեծ դժվարություններ է ստեղծում նրանց մուտքի համար։ Արդյունքում՝ մարդիկ երբեք հետաքրքրություն չեն տածում ճշմարիտ Աստծու գործի հանդեպ, այլ համառորեն կառչում են[1] մարդու գործից (ինչպես օրինակ նրանց, ում մեծ են համարում), կարծես թե դրոշմված են դրանով։ Մի՞թե սրանք այն նորագույն թեմաները չեն, որոնց մեջ մարդկությունը պետք է մտնի։

Ծանոթություն

1. «Համառորեն կառչել»-ն օգտագործվում է ծաղրական իմաստով։ Այս արտահայտությունը հուշում է, որ մարդիկ համառ են և անդրդվելի՝ կառչելով հնացած բաներից և չցանկանալով բաց թողնել դրանք։

Նախորդը.  Գործ և մուտք (2)

Հաջորդը.  Գործ և մուտք (5)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger